«Գրական թերթը» 90 տարեկան է: Տարածության ու ժամանակի մեջ 90 տարին ընդամենը ակնթարթ է, սակայն թերթի անցած բեղուն ու արգասավոր կենսագրության համար՝ պատկառելի տարիք: Ասել է թե՝ մի ամբողջ կյանք: Հայ գրականության մեծերը բոլոր ժամանակներում սիրով ու ջերմությամբ են փայփայել իրենց սիրելի թերթը, որը անխախտ ու հուսալի կամուրջ է եղել գրողի և ընթերցողի միջև: Այդ կամուրջով տաղանդավոր տասնյակ գրողներ են անցել, որոնց ստեղծագործությունները խմորվել ու հունցվել են թերթի էջերում, որոնց համար թերթը գրական վարպետության իսկական դպրոց է եղել: Երբ փորձում ես բացել ու վերծանել անցած 90 տարիների գրական կյանքը, թերթն ավելի է ամբողջանում ու հառնում, ավելի զգալի է դառնում այն ջերմությունը, որով շրջապատված է եղել հայ գրողը:
Տասնամյակներ առաջ, երբ հարուստ ու բազմաշերտ էր Հայաստանի գրական մամուլը, «Գրական թերթը», այնուամենայնիվ, շարունակում էր մնալ հայոց գրական մտքի պաշտոնական միակ խոսնակը: Այսօր, նոր աշխարհակարգի պայմաններում, երբ ամենուր դժվարացել է հրատարակչական գործը, շատ հրատարակություններ, ցավոք, չեն դիմանում նյութատեխնիկական հարաճուն ճգնաժամին: Հասարակական միտքն այսօր նոր խոսքի կարիք ունի, քանի որ ամենուր փոխվել է արժեհամակարգը, զանգվածային շատ լրատվամիջոցներ, ցավոք, չեն անդրադառնում գրողի խոսքին: Եվ չնայած այդ ամենին, «Գրական թերթը» դարձյալ շարունակում է իր արժանապատիվ երթը՝ ընթերցողին տեղ հասցնելով ժամանակակից գրական զարգացումները, խմորումները, մտահոգությունները՝ մնալով հայ գրական մտքի անաչառ երաշխավորը:
Դեռ անցյալ դարի 80-ականներից ինձ ևս բախտ է վիճակվել խոհերս, մտորումներս, հույզերս, մտահոգություններս հաղորդել թերթի ընթերցողներին: «Գրական թերթում» բազմիցս տպագրվել են բանաստեղծություններս, էսսեներս, ակնարկներս, թարգմանություններս, զրույցներս անվանի գրողների հետ, գրականագիտական հոդվածներս, որոնք անցած գրական ճանապարհիս անհերքելի վավերագրերն են ու թանկ են ինձ համար: Հաճախ, երբ խորհում եմ, թե որ հրապարակումն է առավել հարազատ ու սրտամոտ, երկմտանքով պարուրված դժվարանում եմ պատասխան գտնել, որովհետև ինչի մասին էլ գրել եմ, շաղախված է եղել սիրով ու ջերմությամբ: Եվ, սակայն, ուզում եմ առանձնացնել թերթի՝ 2019-ի մարտյան համարներից մեկում տպագրված «Սերբական անձնագիր» էսսեն, որն իր մեջ համամարդկային արժեքներ է խտացնում, որում հստակ տեսանելի են մարդկային հոգու շռայլությունը, լավագույն ու բացառիկ շերտերը, էսսե, որում մարդը հառնում է իր լուսավոր ու ջինջ կերպարով: Ստեղծագործության հերոսը իսկական նվիրյալ է, իսկական հայորդի: Նա լուռ, առանց բարձրաձայնելու, իր կյանքով ու գործով ընդվզում է քարսիրտ աշխարհի անարդարության դեմ՝ բարության և մարդասիրության սերմեր սփռելով ու դրանցով ջերմացնելով մարդկանց սրտերի անհաղորդ սառույցը: Դա ինձ հարազատ ստեղծագործություն է, որը գրել եմ անափ նվիրումով՝ դրանով փորձելով ամոքել խաթարված ու խռովահույզ շատ մարդկանց հոգիները:
Աներկբա պիտի ասել, որ «Գրական թերթը» հայոց գրական ընտանիքի թերևս լավագույն ձեռքբերումն է, որը, չնայած իր պատկառելի տարիքին, շարունակում է մնալ երիտասարդ ու եռանդուն՝ իր շուրջը համախմբելով շնորհալի շատ գրողների: Նրա դռները բաց են ազնիվ ու անշահախնդիր բոլոր գրողների առջև, ում համար թանկ են Հայաստանը, հայոց լեզուն, հայ գրական խոսքը և կորցրած պատմական հայրենիքը վերագտնելու անմեռ երազը: Թերթը շարունակում է հավատարիմ մնալ վաղուց հաստատված ավանդույթներին, որոնցով գրողների բազում սերունդներ կյանքի են կոչել իրենց ազգանվեր մտահղացումներն ու ստեղծագործությունները:
Ուրեմն՝ բարի ու հավերժական երթ մեր սիրելի «Գրական թերթին»: