Պոեզիա կա՝ համ ունի, հոտ, գույների բազմազանություն, բառերի կենդանի խաղ, պոեզիա կա՝ կերպարվեստ է դառնում, կենդանի ապրում, ընթերցողին նույն տողին երկար պահելու համառ սպասում:
Այսպիսին է սարոյանական պոեզիան: Հումքը բնապատկերն է՝ հովիկի ու զեփյուռի ծաղկաշիթերը, շնկշնկացող քամին, մատուռից ընկած մամռածածկ քարը, ճերմակ ու կարմիր շերեփուկները, Մեծ արջի համաստեղությունից ճամփա բռնած աստղի քոթոթը, երկնքից կախված բարալիկ շողը…
Քնարական հերոսն ինքն է ու իր հոգին սիրախեղդ կարոտի զգացումներով պարուրած՝ գեղագիտական իդեալը, որն ընդգծում է կերպարի բնույթը, որին նկարագրելու, ապրած զգացումները վերարտադրելու, մտացածին հույզն ու հույսը կերպավորելու համար հեղինակը հավաքել ու իր անհանգ, երբեմն՝ չափի բերված տողերի պատերը թրծել, կարծրացրել է պարզ ու հասարակ բառերին գեղարվեստական հետաքրքիր պատկերների շաղախ խառնելով։
…իմ գետի ափին խնձորօղի եմ խմում բառերի։//…մի խաթունիկ է ընկնում երկնքից ուղիղ քո ծոցը։//…դիցական աղունիկներից ընտրում եմ նրան, ով ստվեր ունի՝ նոր ոսկեջրած։// …ես բացակայում եմ խուճապի խուճուճ մացառուտներից։// …ի դեպ, եկ հենվեմ քո կամուկացին ու գինուն պատմեմ քո թնդությունից։
Այս ու նմանատիպ արտահայտություններն ու պատկերները նշված շարքի սպիտակ բանաստեղծությունները ներկում են որդան կարմիրի, երկնքի լուսապսակ լաջվարդի, ալետատան արտերի ոսկեփայլ դեղինով, ու բառերն ընթերցողի սրտում սկսում են խլրտալ միջնադարյան մանրանկարչության պատկերային խաղ ստեղծելով։
Ինչպես ժողովրդական բանահյուսության մի շարք ստեղծագործություններում, Սարոյանի «Ի դեպ…» շարքում ևս նկատելի է տաղաչափական համակարգերի համաշեշտ ոտանավորի տեսակը, որտեղ հարևան տողերում վանկերի քանակը նույնը չէ, նույնիսկ այդ թիվը կարող է պարբերաբար փոխվել (օրինակ՝ 5-10, 5-8)։ Տաղաչափական այս հնարը հեղինակին տալիս է առավել մեծ ազատություն ու հնար՝ կարճ վանկաշարերի միջոցով ասելիքը խտացնել երկու, երեք, չորս և ավելի տողերի ամբողջականությամբ հյուսված բանաստեղծություններում։
Ո՛չ մահն է սազում//Եվ ո՛չ էլ՝ կյանքը։//Ա՛յ, եթե վերջին բաժակից հետո//Շնչեմ ձեր սիրտը։
***
Ի դեպ,//Յոթ տակառ օղի կխմեմ//Քո բառից անշո՛ւշտ։//Թե քիչ է՝ ասա՛…
Երևույթի այս կամ այն հատկանիշն առավել պատկերավոր ներկայացնելու համար հեղինակը կատարել է հետաքրքիր համեմատություններ։
Տարբեր հատկանիշների հիման վրա սերը համադրել է վայելուչ գինու, սիրեցյալի խնդությունով տարված երկինքը՝ թռվռուն երեխայի, խոտերին իջած հոպոպին՝ սիրեցյալի այցի, երգի ակունքները՝ չսպառվող ծույլ հայելիների, կորցրած սիրուն՝ կիրակի օրվա աստղափոշու հետ…
Ի դեպ,//Քեզ ասեմ`//Քո մերկությունը//Վարդին կսազեր,//Ինչպես որ ցողն է//Սազում խոտերին…
***
Ի դեպ,//Չուզեցի քեզ տարրալուծել//Թռչունների մեջ.//Մնա իմ սրտում`//Որպես ոսկեկուտ հիշատակարան…
Սարոյանը լեզվի անսահման հնարավորությունների հմուտ գործածումով, խոսքի իմաստային այս կամ այն երանգն ընդգծելու նպատակով՝ երբեմն դիմում է հռետորական հարցմանը՝ հարցի հետ միաժամանակ ընթերցողի առջև բացելով արդեն իսկ սպասելի պատասխանը։
Ի դեպ,//Կգնամ իմ գետին այցի//Ու կհարցնեմ`//Իմ սերն ի՞նչ եղավ//Էն հեռու տեղում.
Հո չի՞ մոռացել//Իմ սրտի տեղը…
***
Ի դեպ,//Ասացե՛ք, ո՞վ էր, որ էսօր՝//Աղոթարանի մշուշաժամին,//Մեկին էր կանչում//Հեռու տեղերից…
***
Ի դեպ,//Էս կողմով ձիեր չե՞ն անցել.//Նրանք պիտի որ//Կարմիր սուրային…
Այսօր հայացք գցելով ժամանակակից գրականության տարբեր ժանրերին՝ ակնառու և տեսանելի է դառնում գեղարվեստական խոսքի սեղմությունը՝ բառի ու ժամանակի խնայողությունը: Անգամ արձակի տարբեր ձևերում նկատելի չեն երկարաշունչ նկարագրությունները, խորքային բացատրությունները, մանրամասնորեն ներկայացվող ծանոթագրությունները: Դրանց բացահայտումները թողնվում է ընթերցողների վառ ու քննախույզ երևակայությանը, ինչը, ըստ իս, ավելի հետաքրքիր, լարված մտային ու զգացական դաշտ է ստեղծում հենց իրենց՝ ընթերցողների համար:
Ռուս գրաքննադատ Վոլոշինը հետաքրքիր դիտարկում է արել. «Որքան քիչ են բառերը, այնքան ուժեղ է արտահայտությունը, որքան քիչ են գծերը, այնքան արտահայտիչ է գծանկարը»: (Մեջբերումը՝ Հ. Հարությունյան «Գեղարվեստական խոսք»)
Այս առումով, սարոյանական պոեզիայի մեջ ևս նկատելի սեղմությունը պարզության ու խորհրդավորության մի ուրույն դիմագիծ է ստեղծում՝ բառերի երևակայական ճախրը հասցնելով միջնադարյան քնարերգության ավանդների համակցումով ստեղծված պոետական բնականությանը: