«Գրական թերթը» (2022 թ., մարտի 25) սրտանց շնորհավորել է վաստակավոր ու արժանապատիվ գրականագետ, իմ երկարամյա ընկեր Վազգեն Գաբրիելյանի 85-ամյակը։ Սիրելի՛ Վազգեն, վերջապես, մի քանի ամիս ուշացումով, վազեցիր ու հասար իմ տարիքին։ Թերթը ջերմ շնորհավորանքների հարևանությամբ տպագրել է նաև թաքնված գրողի, բնականաբար, եթե համեստորեն թաքնվել է, շատ-շատերին անհայտ արձակագիր ընկերս, ինձ համար էլ անակնկալ «Ոտաբոբիկ զինվորը և ցնդած ծերուկը» երկար վերնագրով կարճ պատմվածքը։ Թեև հեռու է իմ գրական ոճից, սակայն կուզեի դա հորինած լինեի ես։
Հիանալի պատում է, կառուցիկ ու ժամանակակից, այնքան մարդկային, որ կարդալիս մտերմանում ես հերոսներին ու քեզ զգում առավել մարդ։ Նրանք ես եմ, ես՝ նրանք։ Պատմվածքում մանեկենի ու կենդանի մարդու զուգահեռը ստեղծագործական գյուտ է։ Հեղինակ ու հերոսների լեզուն ու երկխոսությունները՝ որքան պարզ, այնքան էլ գրական։ Պատմվածքի մանավանդ ավարտը՝ անհավատալի իրականություն. «…Երբ բռնել էի նրա մերկ ոտքը (մանեկեն զինվորի – Ն.Ա.), մի պահ ինձ թվաց, որ այն տաք է, և երակը տրոփում է…»։ Ամբողջ պատմվածքն է արյան տրոփանքներ տալիս։
Սիրելի՛ Վազգեն, բարի հասար ինձ, քո և էլի մի քանիսի ներկայության շնորհիվ ես միայնակ չեմ։