Տարիներ շարունակ «Գրական թերթում» տպագրված հրապարակումներիցս որևէ մեկը՝ որպես ամենահիշարժան, դժվարանում եմ առանձնացնել. յուրաքանչյուր հրապարակում ոչ միայն գրական ընթացքիս կենսագրության մաս է, այլև համեստ գիր 90-ամյա թերթի տարեգրության համապատասխան էջերում:
Հիշատակման արժանի եմ համարում 03.02.2020 թ. «ԳԹ»-ում հրապարակված «ԱՆԱՄՈԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇԱՀԱՇԱՐԺ ԳՈՐԾՈՆ» հոդվածը, որն այս պահին էլ իր բովանդակությամբ, բարձրացրած հարցերով ու խնդիրներով արդիական է: Երբ լույս տեսավ հոդվածը, ժամանակավորապես Ֆրանսիայում գտնվող լուսահոգի գրականագետ Ալեքսանդր Թոփչյանն առաջիններից մեկն էր, որ էլեկտրոնային նամակով արժևորեց այն: Տեղին եմ համարում հանրայնացնել երջանկահիշատակ մտավորականի նամակը և թյուրըմբռնումներից զերծ մնալու համար այն մեջբերել ամբողջությամբ. «Բարև Ձեզ, Հակոբ, նախ շնորհակալություն հայտնեմ, որ այդպես արագ անդրադարձել եք իմ խնդրանքին և ուղարկել Ձեր էլ. հասցեն: Եվ հետո՝ իմ հիացմունքը ԱՆԱՄՈԹՈՒԹՅԱՆ ընթերցումից: Կենսական մի խնդիր, որի մասին խոսում են ծածուկ, կիսաձայն և հետո այդ իսկ անձինք կատարում անամոթության հերթական արարքը: Միակ բանը, որ, թերևս, պակասում էր Ձեր հոդվածին, այն էր, որ մինչև վերջ չկորցնելով Ձեր հույսը բանականության և խղճի առկայության հանդեպ, զսպվածությունը չեք կորցրել, այսպես ասած, մի վերջին հնարավորությունը տալով լպիրշությամբ հափրացած խառնամբոխին փոքր-ինչ զսպելու իրենց մոլեգնող պիտեկանտրոպությունը… Ինչը, սակայն, հրաշալի գիտեք, որ տեղի չի ունենա, բայց Ձեր ազնվությունը թույլ չի տալիս իրերը վերջնականապես իրենց անունով կոչելու… Ձեր հոդվածը բարձր գնահատելուս պատճառը նաև այն էր, որ նշված երևույթների մասին խոսել եմ նաև ես, դեռևս անկախությունից առաջ և անմիջապես հետո: Ապացույց իմ վերջին երկու գրքերը՝ «Ժամանակների միջև», 2014 թ., 700 էջանոց հոդվածների ժողովածու և «Չարիքի զավակները», 2019 թ., մոտ 400 էջանոց պատմվածքների ժողովածու, որոնք սիրով կնվիրեմ Ձեզ մի երկու ամիս անց, ապրիլին, երբ վերադառնամ Երևան: Իսկ մինչ այդ, եթե շատ հետաքրքրի Ձեզ, կարող եք վերցնել ՀԳՄ գրադարանից կամ երկրորդ գիրքը՝ Հեղինեից, երկրորդ հարկում: Ես նրա մոտ 9 օրինակ թողել եմ, Պետական մրցանակի համար, որն, ինչպես երևում է, երկարաձգվում է անորոշ ժամանակով: Դուք նրա մոտից վերցրեք, իսկ ես վերադարձիս պես կընծայագրեմ: Լավագույն ցանկություններով՝ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ, 08 փետրվարի 2020 թ.»:
Այսուհետ ևս բարու լույսով օծված էջեր եմ մաղթում «ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԻՆ» ու խոսքս ավարտում վերոնշյալ հոդվածիս վերջին տողերով. «Այսօրվա մշակույթում շատ են խորքային խոցերը, որոնք ծածկված են անամոթության վարագույրներով: Սպասենք. չէ՞ որ վարագույրները մի օր բացվում են, ու տեսնենք՝ հերթական հեղափոխությունը վերջապես ե՞րբ կհասնի մշակույթի վարագույրներին»: