Երբ փորձում ես 90-տարիների հեռավորությունից, որպես գրող և թերթի բարեկամ, մի հայացք գցել նրա անցած ճանապարհին, մի ներքին հպարտություն ես զգում, որ քո սիրելի թերթը, որպես գրողի և մշակույթի մարդկանց անդավաճան խոսափոխ ու զինակից, իր անփոխարինելի դերն է ունեցել մեր կյանքի բոլոր էտապներում մշակութային ազգի լավագույն ավանդույթները պահպանելու և շարունակելու գործում։
Անգնահատելի է նրա դերը հայ գրողներին, մտավորականներին իր շուրջը համախմբելու, նրանց խոսքն ու մտահոգությունները հասարակության լայն շրջաններին հասցնելու, ազգային գրական միտքը արժևորելու և գնահատելու առումով։
Թերթի ամեն համարի լույս աշխարհ գալուն ես նույն անհամբերությամբ եմ սպասում, ինչպես աշակերտական տարիներից սկսած՝ «Պիոներ կանչ» և ապա «Գարուն» ամսագրի լույսընծայմանը, որտեղ տպագրվել են իմ բանաստեղծական առաջին թոթովանքները, արժանացել բազմաթիվ խրախուսանքների ու մրցանակների։
Անկախության երանելի իրողությունը մեզ չտրվեց նաև առանց լուրջ կորուստների։ Ցավալի էր, որ անկախացման այս կարևոր էտապում որոշ չինովնիկների անհեռատես քաղաքականության և «թեթև ձեռքով» անսպասելիորեն փակվեցին «Կանչ», «Ծիծեռնակ» և «Աղբյուր» պարբերականները, ֆինանսական ծանր իրավիճակներում հայտնվեցին ստեղծագործական միությունները, ինչպես նաև «Գրական թերթը», որն իր ընթացքը շարունակում է առանձին էնտուզիաստների նվիրվածության ու ջանքերի շնորհիվ։ Եվ դա այն դեպքում, երբ հասարակական կյանքում առանձնապես չի արժևորվում գրողի, արվեստագետների դերն ու նրանց խոսքի ուժը։ Նույնիսկ այս նեղ պայմաններում թերթը շարունակում է գրողներին, մտավորականությանը հասցնել երջանկության, հոգու տվայտանքների առանձին պատառիկներ։ Կուզեի այսօր հիշել դրանցից մեկը։ Երկու տարի առաջ թերթում տպագրվեց իմ «Սիրո և կարոտի նվագներ» բանաստեղծությունների շարքը, որը նվիրված էր վաղամեռիկ կնոջս՝ իմ համակուրսեցու հիշատակին։ Հուզմունքից քար կտրեցի, երբ կարդացի, որ նշված խորագրին թերթի խմբագիրն ավելացրել էր «Սուսիկին» բառը։ Թերթի այդ էջը իմ մյուս համակուրսեցին, Վանաձորի մանկավարժական համալսարանի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թերեզ Շահվերդյանը դրել էր իր ֆեյսբուքյան էջում։ Զարմանալիորեն այդ շարքը աներևակայելի արձագանք գտավ նաև Արցախում և Սփյուռքում։ Մեր հայրենակիցները և համակուրսեցիները ինչպիսի շնորհակալական խոսքեր էին ուղղել թերթին և Թերեզա Շահվերդյանին։ Կուզենայի մեր պետական այրերին հորդորել «Գրական թերթին» չնայել որպես միայն լրատվամիջոցի, այլ՝ մշակութային արժեքի, որտեղ շարունակում են ապրել մեր գրական մեծերը, արժանի արվեստագետներն ու մտավորականները։
Սիրելի՛ թերթ, շնորհավոր ծնունդդ։ Մենք հավատում ենք քո ապագային և հուսով ենք, որ «նաև քո ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»։
Կորյուն Առաքելյան
