ԴԱԴՅԱՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ / ­Գա­գիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հեր­թա­կան ուղ­ևո­րութ­յու­նից նոր էի վե­րա­դար­ձել: Երկ­րից բա­ցա­կա­յութ­յանս ըն­թաց­քում, ըստ ա­մե­նայ­նի, շատ բան էր փոխ­վել: Այդ ի­մաս­տով ա­մեն բան ինձ հե­տաքրք­րում էր՝ առ­կա քա­ղա­քա­կան ու­ժե­րի դա­սա­վո­րութ­յուն, ժո­ղովր­դի սո­ցիա­լա­կան վի­ճակ, տնտե­սութ­յուն, կրթա­կան բա­րե­փո­խում­ներ, մշա­կու­թա­յին նո­րութ­յուն­ներ… Մի խոս­քով, ես կա­մե­նում էի ա­րագ հար­մար­վել ազ­գա­յին գո­յա­բա­նութ­յան նո­րօր­յա ռիթ­մին: Ինձ ա­ռա­ջի­նը հան­դի­պած վա­ղե­մի բա­րե­կամս, ո­րը մշտա­պես քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի կի­զա­կե­տում էր ե­ղել, հիաս­թա­փութ­յամբ ա­սաց, որ ա­ռանձ­նա­պես ո­չինչ էլ չի փոխ­վել, և­ ա­մեն ինչ գրե­թե նույնն է մնա­ցել: Ան­կեղծ ա­սած, դա ինձ շատ զար­մաց­րեց, և տա­րա­կու­սած ա­սա­ցի. «Եղ­բա՛յր իմ, բայց հա­մա­ցանցն այլ բան է վկա­յում…»:
Մեր զրույ­ցը շա­րու­նակ­վեց մո­տա­կա սրճա­րան­նե­րից մե­կում: Վա­ղե­մի բա­րե­կամս, մեկ գա­վաթ սուր­ճի հետ, հնա­րա­վո­րինս հա­կիրճ ներ­կա­յաց­րեց երկ­րում ողջ կա­տար­վածն ու առ­կա ի­րա­վի­ճա­կը: Հե­տո կտրուկ ընդ­հա­տեց ա­սե­լիքն ու հապշ­տապ ան­ցավ մեկ այլ թե­մա­յի: Երբ դեռ ա­ռա­ջա­բանն էր ներ­կա­յաց­նում, ինձ թվաց, թե նա փոր­ձում է պար­զել իմ քա­ղա­քա­կան հա­յացք­ներն ու կողմ­նո­րո­շումս ընդ­հան­րա­պես: Այդ պա­հին ես ընդ­հա­տե­ցի նրան և­ ու­ղիղ աչ­քե­րի մեջ նա­յե­լով՝ ա­սա­ցի.
– Լ­սի՛ր, եղ­բա՛յր իմ, ես և դու միմ­յանց լավ ենք ճա­նա­չում, այն­պես չէ՞: Գու­ցե հարկ չկա՞ ինձ նման «միա­միտ» մար­դուն քննել՝ նոր ու նո­րա­գույն հե­քիաթ­ներ պատ­մե­լով:
Ն­րա աչ­քե­րում ափ­սո­սանք նշմար­վեց, հե­տո հետ քաշ­վեց ու կտրուկ ընդ­հա­տեց իր պատ­մութ­յու­նը: Այ­նու­հետ ծխա­խոտ վա­ռեց ու մե­ղա­վո­րի պես ա­սաց.
– Չէ՛, դու ինձ լավ չհաս­կա­ցար, եղ­բա՛յր: Ես խնդրում եմ փոքր-ինչ համ­բե­րա­տար լի­նես ու լսես ինձ: Չ­կար­ծես, թե ես քեզ, այս­պես ա­սած, «օ­դում կախ­ված» լու­րեր եմ հրամց­նում: Այն, ինչ պատ­մե­լու եմ՝ ե­ղե­լութ­յուն է, գու­ցե փոքր-ինչ զար­մա­նա­լի ու տա­րօ­րի­նակ: Կար­ծում եմ՝ այն քեզ պետք է որ կհե­տաքրք­րի: Խնդ­րում եմ, լսիր մինչև վերջ: Են­թադ­րութ­յուն­ներ, դա­տո­ղութ­յուն­ներ, հետ­ևութ­յուն­ներ կա­նես միայն վեր­ջում, լա՞վ: Մի բան էլ խնդրեմ՝ ինձ սուտ ու կեղծ լու­րեր տա­րա­ծող մարդ կամ բան­սար­կու չհա­մա­րես: Այն, ինչ պատ­մե­լու եմ, իմ և հան­րա­ճա­նաչ մե­կի հետ է կապ­ված:
Իբրև հա­մե­րաշ­խութ­յան նշան՝ մենք ժպտա­ցինք միմ­յանց, ու նա փոքր-ինչ հու­զախ­ռով շա­րու­նա­կեց կի­սատ թո­ղած պատ­մութ­յու­նը:
– Ու­րեմն՝ այս­պես: Ես եր­կար ժա­մա­նակ ան­գործ ու ա­ռանց աշ­խա­տան­քի մնա­ցի,- շա­րու­նա­կեց նա,-ոչ ոք չէր կա­մե­նում ան­գամ ինձ լսել, ուր մնաց՝ աշ­խա­տանք ա­ռա­ջար­կել: Ռա­ֆա­յել Դադ­յա­նին հի­շո՞ւմ ես, գու­ցե նույ­նիսկ շփվել ես նրա հետ, նաև՝ հա­մա­գոր­ծակ­ցել…
– Դադ­յա՜ն, Դադ­յա՜ն… դու նկա­տի ու­նես եր­բեմ­նի մեր քա­ղա­քա­պե­տի՞ն,- հարց­րե­ցի ես:
– Ա­յո՛, հենց նրան:
– Ի­հար­կե, հի­շում եմ: Սա­կայն, ան­կեղծ ա­սած, վեր­ջին ժա­մա­նակ­ներս նրա մա­սին ոչ մի տե­ղե­կութ­յուն չու­նեմ: Ա­մոթ չլի­նի հարց­նե­լը, նա դեռ ո՞ղջ է:
– Նա ի­հար­կե ողջ է, բայց ողջ է այն­քան, որ­քան պետք է մե­ռած չլի­նե­լու հա­մար,- ա­սաց բա­րե­կամս ու խո­րա­մանկ ժպի­տը դեմ­քին՝ կրկին դա­դար ա­ռավ:
– Այ­սինքն, ի վեր­ջո, նա ո՞ղջ է, թե՞ մե­ռած:
– Շա­րու­նա­կեմ, շու­տով ինքդ կհաս­կա­նաս ողջ է, թե մե­ռած: Դու պի­տի հի­շես նաև, որ Դադ­յա­նը դեռ քսան տա­րի ա­ռաջ ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տվեց ու հե­ռա­ցավ քա­ղա­քա­կան, վար­չա­կան ակ­տիվ գոր­ծու­նեութ­յու­նից:
– Ա­յո՛, այդ էլ չեմ մո­ռա­ցել: Բայց գի­տես հի­շում եմ նաև ո­մանց, ով­քեր ար­ցունքն աչ­քե­րին ճա­նա­պարհ էին դնում ի­րենց «կուռ­քին»,- ա­սա­ցի ես՝ բազ­մա­ն­շա­նակ նա­յե­լով զրու­ցակ­ցիս դեմ­քին:
– Հեգ­նում ես, հա՞: Ճիշտ է, այդ ժա­մա­նակ, ան­շուշտ, ես նրա յու­րա­յինն էի, բայց բնավ ո­չինչ չեմ ա­րել հօ­գուտ Դադ­յա­նի: Ոչ էլ ար­ցունք եմ թա­փել, հա­վա­տա՛: Ու­րեմն՝ այս­պես, Դադ­յանն իր պաշ­տո­նա­թո­ղութ­յու­նից ա­ռաջ, նոր իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ կա­րո­ղա­ցել էր գոր­ծարք կնքել: Նա պա­հան­ջել էր, որ իր ըն­տա­նի­քին հար­մա­րա­վետ մի ա­ռանձ­նա­տուն հատ­կաց­վի կամ նո­րը կա­ռու­ցե­լու մի­ջոց­ներ հատ­կաց­վի:
– Ես այդ ա­ռանձ­նա­տան տեղն էլ լավ գի­տեմ, իսկ գոր­ծար­քի մա­սին, կնե­րես, տեղ­յակ չեմ ե­ղել:
– Եր­կար քննար­կում­նե­րից հե­տո, ի վեր­ջո, «նո­րե­րը» հա­մա­ձայ­նել էին և քա­ղա­քի՝ քո ի­մա­ցած գե­ղա­տե­սիլ վայ­րում կա­ռու­ցել մեզ հայտ­նի այդ ա­ռանձ­նա­տու­նը: Ե­թե նկա­տել ես, գրե­թե ամ­բող­ջութ­յամբ սև տու­ֆից է կա­ռուց­ված: Չե՞ս գտնում, որ այդ կա­ռույցն ընդ­հա­նուր լանդ­շաֆ­տից մի տե­սակ կտրված է և հի­շեց­նում է քրեա­կան մե­կու­սա­րան կամ ինչ-որ մե­նաս­տան:
– Ճիշտ ես, ի­րոք նման է մե­կու­սա­րա­նի: Նաև ինչ-որ վա­նող բան կա այդ շի­նութ­յան և դ­րա հա­մա­տա­րած գոր­շութ­յան մեջ:
– Դե, լսի՛ր, շա­րու­նա­կեմ,- ա­սաց զրու­ցա­կիցս,- որ­քան էլ պաշ­տո­նա­թող, Դադ­յա­նը մինչ օրս էլ չի դա­դա­րել քա­ղա­քա­կա­նութ­յամբ զբաղ­վել: Նա դեռևս պատ­րաս­տա­կա­մո­րեն ան­դա­մակ­ցում է իր իսկ հիմ­նած կու­սակ­ցութ­յանն ու ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում ներ­կա­յիս քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձին՝ ի­հար­կե հիմ­նա­կա­նում ան­լե­գալ ձևով:
– Հի­շում եմ, պաշ­տո­նա­թող լի­նե­լուց հե­տո նա կար­ծեմ եր­կու ան­գամ փոր­ձեց վե­րա­դառ­նալ գործ­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն, սա­կայն այդ­պես էլ չհա­ջո­ղեց: Մի դեպ­քում՝ ընտ­րութ­յուն­նե­րում ան­փա­ռու­նակ պար­տութ­յուն կրեց, մյուս դեպ­քում՝ էքս­ցես­ներ հրահրե­լով, կրկին ան­հե­տա­ցավ քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից:
– Ճի՛շտ ես, սա­կայն, հա­մոզ­ված ե­ղիր, որ նա եր­բեք չի դա­դա­րել մի­ջա­մտել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին:
– Մի՞­թե այդ մարդն անց­յա­լից դա­սեր չի քա­ղել: Հա­վա­նա­բար մա­մու­լը, լրատ­վա­մի­ջոց­նե­րը ա­վե­լորդ են հա­մա­րում լրջո­րեն անդ­րա­դառ­նալ ծե­րու­կի նեոազ­գայ­նա­կան բար­բա­ջանք­նե­րին:
– Այ­սօր շա­տե­րին թվում է, թե Ռա­ֆա­յել Դադ­յանն իր քա­ղա­քա­կան կյան­քը վա­ղուց է ա­վար­տել ու գետ­նի տակն ան­ցել… Մինչ­դեռ, բո­լո­րո­վին էլ այդ­պես չէ: Ն­րա պաշ­տո­նա­թո­ղութ­յու­նից հե­տո, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ես մնա­ցի իր կող­քին և ս­տանձ­նե­ցի նրա անձ­նա­կան գրա­սեն­յա­կի կա­ռա­վար­չի պաշ­տո­նը: Հինգ տա­րի շա­րու­նակ, ա­ռա­վոտ­յան ժա­մը ու­թից մինչև ե­րե­կո­յան ժա­մը տա­սը՝ բան­տարկ­յա­լի պես փակ­ված էի այդ գրո­ղի տա­րած զնդա­նում: Դադ­յանն օր­նի­բուն տանն էր, իր աշ­խա­տա­սեն­յա­կում: Նա շա­րու­նակ կար­դում, գրում, եր­բեմն էլ հե­ռա­խո­սով խո­սում էր ո­մանց հետ: Ա­ռանձ­նա­տու­նը նա հազ­վա­դեպ էր լքում: Եվ այդ մա­սին թե՛ տան ան­դամ­նե­րը, թե՛ կու­սա­կից­ներն ան­մի­ջա­պես տե­ղե­կա­նում էին և փոր­ձում ինչ-որ կերպ ծա­ռա­յել նրան: Դառ­նա­լով նրա գոր­ծե­րի կա­ռա­վա­րի­չը՝ ես շատ բան տե­սա ու հաս­կա­ցա: Կա­րո­ղա­ցա մո­տի­կից ճա­նա­չել այդ ժուժ­կալ մար­դու նիս­տու­կա­ցը, նո­րա­հայտ բնա­վո­րութ­յան գծերն ու ան­թա­քույց ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մուն­քը կյան­քի ու մարդ­կանց հան­դեպ: Այդ ա­մե­նը գե­րա­զան­ցեց իմ սպա­սե­լիք­նե­րը: Դադ­յանն արթ­նա­նում էր ա­ռա­վոտ վաղ՝ դեռ լու­սու­մու­թին: Ինքն իր ձեռ­քով սուրճ էր ե­փում, նստում գրա­սե­ղա­նի ա­ռաջ, վա­ռում ֆրան­սիա­կան ծխա­մոր­ճին ամ­րաց­ված գլա­նակն ու մտքե­րի մեջ խո­րա­սուզ­ված՝ ծխում ու ծխում: Հա­վա­նա­բար այդ պա­հե­րին նա քննում, ծան­րու­թեթև էր ա­նում իր ապ­րած կյանքն ու ան­ցած քա­ղա­քա­կան-վար­չա­կան ան­հարթ ճա­նա­պար­հը… Ա­մեն ան­գամ, երբ ոտք էի դնում Դադ­յա­նի ա­ռանձ­նա­տուն, ինձ պա­շա­րում էր մի ծանր ու ճնշող զգա­ցում: Ա­կա­մա մտա­ծում էի. «Կ­կա­րո­ղա­նա՞մ արդ­յոք այս ան­գամ էլ դուրս պրծնել այդ անհ­րա­պույր ու վա­նող ա­ռանձ­նատ­նից, կկա­րո­ղա­նա՞մ կրկին կյանք վե­րա­դառ­նալ՝ հա­րա­զատ­նե­րիս, ըն­կեր­նե­րիս մոտ, թե՞ շունչս կփչեմ, կմնամ այդ ա­ռանձ­նա­տա­նը»: Մուտ­քի հսկա­յա­կան եր­կաթ­յա դռան ճռինչն ու դրա շրխկոցն ինձ վերջ­նա­կա­նա­պես ան­ջա­տում էին, զա­տում ա­րար աշ­խար­հից: Ես լավ էի ծա­ռա­յում թե՛ նրան, թե՛ նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին: Աշ­խա­տում էի ջա­նադ­րա­բար, կա­տա­րում նրա բո­լոր հանձ­նա­րա­րա­կան­ներն ու կար­գադ­րութ­յուն­նե­րը: Կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում հասց­րել էի տի­րա­պե­տել ա­ռանձ­նա­տան բո­լոր գրված ու չգրված օ­րենք­նե­րին, քո­ղարկ­ված գաղտ­նիք­նե­րին: Միայն բա­ցա­ռութ­յուն էր ա­ռա­ջին հար­կի մի­ջանց­քի ծայ­րում՝ նկու­ղի սան­դուղք­նե­րի վեր­ևում ե­ղած փայտ­յա նախ­շա­զարդ դու­ռը: Այն կաղ­նու փայ­տից պատ­րաստ­ված մի հնաոճ ու գե­ղե­ցիկ դուռ էր: Միայն այդ դուռն ու դրա­նով բաց­վող սեն­յակն էին մնա­ցել ա­նի­մա­նա­լի, խորհր­դա­վոր մի գաղտ­նիք: Օր­վա ըն­թաց­քում չէիր տես­նի գեթ մե­կին, ով կգնար դե­պի այդ դու­ռը, կբա­ցեր այն: Հա­վա­նա­բար եր­բեք չէր էլ բաց­վում կամ բաց­վում էր դեպ­քից դեպք և մեկ մար­դու ձեռ­քով:
Դադ­յա­նի աշ­խա­տա­սեն­յա­կը գտնվում էր երկ­րորդ հար­կի ըն­դար­ձակ մի­ջանց­քի ծայ­րում, աջ անկ­յու­նում, ո­րի պա­տու­հան­նե­րը բաց­վում էին շեն­քի ետ­նա­մա­սի փոք­րիկ այ­գու կող­մը: Աշ­խա­տա­սեն­յա­կի հսկա­յա­կան գրա­սե­ղա­նը մշտա­պես ծան­րա­բեռն­ված էր զա­նա­զան գրքե­րով, թղթա­պա­նակ­նե­րով ու գրառ­ված թղթե­րով: Բա­ցի գրքե­րը, ինչ ա­սես, որ չկար այդ սե­ղա­նին, իսկ թի­կուն­քում եր­կար ե­ռա­հարկ գրա­պա­հա­րան­ներն էին, ո­րոն­ցում խնամ­քով շար­ված էին գե­ղար­վես­տա­կան ու փի­լի­սո­փա­յա­կան գրքե­րի հա­տոր­յակ­ներ: Սե­ղա­նի ձախ անկ­յու­նում մշտա­պես դրված էր շքեղ պղնձա­ձույլ կազ­մով հնա­գույն Աստ­վա­ծա­շուն­չը, աջ կող­մում՝ հե­ռա­խո­սի ստեղ­նա­շա­րե­րով ա­պա­րա­տը: Որ­քան էլ ա­մեն ինչ պարզ էր ու տե­սա­նե­լի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ե­կածս օր­վա­նից եր­կու ի­րո­ղութ­յուն ինձ հան­գիստ չէր տա­լիս: Մե­կը՝ Դադ­յա­նի (հատ­կա­պես ե­րե­կո­յան, ուշ ժա­մե­րին) չգի­տես ո՞ւմ հետ խո­սակ­ցութ­յուն­ներն էին (երբ այդ ըն­թաց­քում ա­ռանձ­նա­տա­նը հյու­րեր ան­գամ չկա­յին, իսկ տա­նե­ցի­նե­րից ոչ ոք նրան չէր այ­ցե­լում): Երկ­րորդն այն էր, որ նա հան­կարծ ա­ռանձ­նա­տա­նը կոր­չում, ան­հե­տա­նում էր: Ա­յո՛, ա­յո՛, ա­նէա­նում էր: Որ­քան էլ ես հա­մոզ­ված էի, որ տանն է, այ­նո­ւա­մե­նայ­նիվ ոչ մի տեղ նրան գտնել հնա­րա­վոր չէր: Նա պար­զա­պես ցնդում էր, ան­հե­տա­նում, ու վերջ: Ես ո­րո­շե­ցի հե­տա­մուտ լի­նել և, ինչ գնով էլ լի­նի, պար­զել այդ գաղտ­նիք­նե­րը: Մի ե­րե­կո, երբ Դադ­յա­նը դեռ հյու­րա­սեն­յա­կում ընթ­րում էր, ես անն­կատ մտա աշ­խա­տա­սեն­յակ ու թաքն­վե­ցի դռան մոտ տե­ղադր­ված անկ­յու­նաձև գրա­պա­հա­րա­նի հետ­ևում: Քիչ անց, նա լու­ռու­մունջ ներս մտավ, տե­ղա­վոր­վեց իր թիկ­նա­թո­ռին, վա­ռեց ծխա­խոտն ու խո­րա­սուզ­ված սկսեց կար­դալ: Լ­սե­լի էր միայն ժա­մա­նակ առ ժա­մա­նակ գրքի թերթ­վող է­ջե­րի շրշյու­նը: Նա մի պահ բարձ­րաց­րեց գլու­խը, նա­յեց պա­տու­հա­նի կող­մը, ա­պա հա­յաց­քը պտտեց­րեց սեն­յա­կով մեկ ու հա­ռեց ա­ռաս­տա­ղին: Հե­տո աջ ձեռ­քը դրեց գրքի բաց­ված է­ջին ու սկսեց ինքն ի­րեն խո­սել: «Լ­սի՛ր, լսի՛ր…» ա­սե­լով՝ նա դի­մում էր ինչ-որ մե­կին կամ ա­վե­լի ճիշտ՝ ո­մանց, հե­տո ինքն էլ պա­տաս­խա­նում: Եր­բեմն նաև ա­նուն­ներ էր ար­տա­բե­րում, ո­գե­կո­չում դրանց տե­րե­րին: Իսկ ա­մե­նա­կար­ևո­րը՝ շու­տով նրա լե­զուն ու խոս­քը դար­ձան ան­հաս­կա­նա­լի, ա­նըմբռ­նե­լի: Դա մի տա­րօ­րի­նակ լե­զու էր: Հն­չում էր կարճ բա­ռա­կա­պակ­ցութ­յուն­նե­րով և ք­մա­յին սուր շեշ­տադ­րութ­յամբ: Տ­ևա­կան ժա­մա­նակ նա խո­սում էր ինձ ան­ծա­նոթ այդ տա­րօ­րի­նակ լեզ­վով: Ըն­կա­լե­ցի ո­րոշ հայտ­նի ա­նուն­ներ միայն: Ինչ­պես. «Օ՜, Կ­յու­րո՜ս, Օ՜, Տիգ­րա՜ն, Ա­լեք­սա՜նդր փա­ռա­հեղ…»: Ա­կա­մա մտքովս ան­ցավ. «Չ­լի­նի գո­յութ­յուն ու­նի նաև ժա­մա­նա­կա­յին ու տա­րա­ծա­կան մի ան­հայտ լե­զու, ո­րով հնա­րա­վոր է շփվել մե­ռած տի­րա­կալ­նե­րի հետ»: Ա­վաղ դեպ­քերն այն­պի­սի ըն­թացք ունեցան, որ չհասց­րե­ցի վերջ­նա­կա­նա­պես պար­զել նման լեզ­վի գո­յութ­յան ա­ռեղծ­վա­ծը: Ինձ անսպա­սե­լիո­րեն ա­զա­տե­ցին աշ­խա­տան­քից: Սա­կայն մինչ այդ գո­նե ինձ հա­ջող­վեց, եր­կար ու տևա­կան «հե­տա­խու­զա­կան» աշ­խա­տան­քի շնոր­հիվ, պար­զել մյուս՝ Դադ­յա­նի ան­հե­տաց­ման ա­ռեղծ­վա­ծը: Այդ օ­րը ա­ռանձ­նա­տա­նը հազ­վա­դեպ պա­տա­հող խնջույք կար, և ստիպ­ված էի մինչ ուշ գի­շեր ներ­կա գտնվել: Ար­դեն կես­գի­շե­րին մոտ էր, երբ հյու­րե­րը հրա­ժեշտ տվե­ցին ու հե­ռա­ցան: Ես նկա­տե­ցի, որ Դադ­յա­նը վեր­ջին հյու­րին ճա­նա­պար­հե­լուց հե­տո ոչ թե բարձ­րա­ցավ իր ննջա­րան կամ աշ­խա­տա­սեն­յակ, այլ ուղղ­վեց դե­պի ներք­նա­հար­կի խորհր­դա­վոր դու­ռը: Մի­ջանց­քի եր­կու պա­տե­րի անկ­յու­նում մեխ­վե­ցի ու լուռ հետ­ևում էի: Նա մո­տե­ցավ դռա­նը, շրջվեց, ետ նա­յեց, գի­շե­րազ­գես­տի գրպա­նից հա­նեց բա­նա­լին, ա­նաղ­մուկ բա­ցեց դուռն ու ներս սա­հեց: Ան­ցավ հինգ րո­պե, ևս՝ տա­սը, իսկ նա չկար ու չկար: Ո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ լսե­լի չէր ներ­սից: Երբ զգա­ցի, որ նա շատ է ու­շա­նում, ես թա­թե­րի վրա, մո­տե­ցա դռա­նը: Այն կող­պած չէր: Թեթ­ևա­կի հրե­ցի, և դուռն ա­նաղ­մուկ բաց­վեց: Զ­գու­շութ­յամբ ներս սո­ղոս­կե­ցի:
Իմ առջև բաց­վեց մի զար­մա­նա­լի տե­սա­րան: Դա ցածր ա­ռաս­տա­ղով ըն­դար­ձակ սեն­յակ էր: Աջ ու ձախ պա­տե­րին զու­գա­հե­ռա­բար վառ­վող նեո­նա­յին լամ­պեր կա­յին: Սեն­յա­կի հենց կենտ­րո­նում տե­ղադր­ված էր ոչ շատ բարձր, սե­ղան հի­շեց­նող մի մար­մար­յա հար­թակ, վրան՝ ե­գիպ­տա­կան փա­րա­վոն­նե­րի սար­կո­ֆագ հի­շեց­նող մի արկղ… դա­գաղ: Դա­գա­ղի եր­կու ծայ­րե­րին կա­յին նաև ոս­կե­զօծ զույգ է­լեկտ­րա­կան աշ­տա­նակ­ներ: Մի պահ տե­ղում քա­րա­ցա, մո­ռա­ցա, թե որ­տեղ եմ: Հե­տո զգու­շութ­յամբ մո­տե­ցա այդ սար­կո­ֆակ-դա­գա­ղին ու վեր ձգվե­լով՝ ներս նա­յե­ցի… Ա՜յ քեզ բան, դա­գա­ղի մեջ՝ ձեռ­քե­րը կրծքին խա­չած, պառ­կած էր մե­կը: Երբ ա­վե­լի ու­շա­դիր նա­յե­ցի՝ զար­հու­րե­ցի: Այն­տեղ պառ­կած էր ին­քը՝ Դադ­յա­նը: Թուքս չո­րա­ցավ: Ոտ­քերս դո­ղում էին: Չէի հաս­կա­նում՝ դա ի­րա­կա­նութ­յո՞ւն է, թե՞ ե­րա­զում եմ: Ակն­թար­թո­րեն շրջվե­ցի և­ այն է՝ ու­զում էի ծլկել, երբ թի­կուն­քիցս լսե­ցի Դադ­յա­նի բամբ ձայ­նը. «­Հը՜, մե՛ր տղա, շա՞տ վա­խե­ցար…»: Կանգ ա­ռա, շրջվե­ցի ու նա­յե­ցի սար­կո­ֆա­գի կող­մը: Այդ պա­հին Դադ­յա­նը ար­մունկ­նե­րով հեն­վեց դա­գա­ղի կո­ղե­րին, բարձ­րա­ցավ ու տե­ղում նստեց: Հե­տո զգու­շութ­յամբ մի ոտ­քը ցած կա­խեց ու տնքա­լով դուրս ե­կավ այն­տե­ղից: Նա կանգ­նել էր մար­մար­յա հար­թա­կի մոտ ու մե­ռե­լա­յին սառ­նութ­յամբ նա­յում էր ինձ: Վեր­ջա­պես կո­կոր­դը մաք­րեց ու խռպոտ ձայ­նով ա­սաց. «Լ­սի՛ր, դո՛ւ, հմո՛ւտ խու­զար­կու, ես այս երկ­րում վա­ղուց եմ ապ­րում, իսկ այս տա­նը՝ մի կարճ ժա­մա­նակ: Այս ա­ռանձ­նա­տունն ինձ ան­չափ հո­գե­հա­րա­զատ է դար­ձել, հաս­կա­նո՞ւմ ես, այն ինձ շատ է դուր գա­լիս: Ես չեմ կա­մե­նում, որ ին­ձա­նից հե­տո այս­տեղ ու­րիշ­ներն ապ­րեն: Ես ու­զում եմ հենց այս­տեղ՝ իմ այս նվի­րա­կան ա­ռանձ­նա­տա­նը հա­վի­տե­նա­նալ: Պա՞րզ է: Սա իմ դամ­բա­րա­նը պի­տի լի­նի, հաս­կա­ցա՞ր։- Հե­տո ա­վե­լաց­րեց՝ հի­շի՛ր, դու այս­տեղ երբ­ևէ չե՛ս ե­ղել, ո­չինչ չե՛ս տե­սել, չե՛ս լսել: Ոչ ոք չպե՛տք է ի­մա­նա սրա մա­սին, հաս­կա­ցա՞ր,- դարձ­յալ հարց­րեց նա:- Հե­տո, երբ ժա­մա­նակ անց­նի, դու և քո նման­ներն իմ մա­սին ա­վե­լին կու­զե­նան ի­մա­նալ: Հե­տո բո­լորդ կի­մա­նաք ողջ ճշմար­տութ­յունն այս երկ­րի և­ իմ ապ­րած ժա­մա­նա­կի մա­սին: Ի վեր­ջո, կի­մա­նաք նաև, թե ես՝ իբրև ձեր ազ­գի ֆե­նո­մեն, որ­տեղ եմ հանգ­չում: Հաս­կա­ցա՞ր… Այժմ դուրս ա­րի այս­տե­ղից ու կո­րի՛ր աչ­քիցս: Նաև ա­սեմ՝ իմ քա­ղա­քա­կան փորձն ու հմտութ­յուն­նե­րը միայն դո՛ւ, դո՛ւ կա­րող ես օգ­տա­գոր­ծել ու շա­րու­նա­կել կի­սատ գործս: Միայն թե փոր­ձիր ինքդ քեզ վե­րաի­մաս­տա­վո­րել և գտ­նել քո, միայն քեզ տրված կյան­քի ճա­նա­պար­հը… Հա՛, չմո­ռա­նամ ա­սել՝ դո՛ւ այ­սօր­վա­նից ա­զատ­ված ես աշ­խա­տան­քից»:
Ա­ռանց ետ նա­յե­լու, ա­ռանց մի բառ ան­գամ ար­տա­բե­րե­լու, հապշ­տապ դուրս թռա դամ­բա­րա­նից, սան­դուղք­նե­րով բարձ­րա­ցա, բա­ցե­ցի մուտ­քի եր­կաթ­յա դուռն ու դուրս նետ­վե­ցի:
Գի­շե­րա­յին զով քա­մին ինձ փոք­րի­շա­տե սթա­փեց­րեց, և­ ես զգա­ցի կյան­քի, ապ­րե­լու ողջ քաղց­րութ­յու­նը: Իսկ իմ դի­մաց հսկա­յա­կան քա­ղաքն էր՝ իր վառվ­ռուն գո­վազդ­նե­րով, բա­զում լու­սար­ձակ­նե­րով ու չգի­տես թե ուր շա­րու­նակ շտա­պող, ան­տեղ­յակ ու ան­գետ մարդ­կան­ցով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։