Խնձորը, մի փոքրիկ, անմեղ խնձորը, ուզում եք ասել՝ մա՞րդ կարող է սպանել:
Բայց սպանեց…
Որդին՝ հարազատ որդին, ուզում եք ասել՝ մի փոքրիկ խնձորով մորը դաժան մահվան դո՞ւռը հասցրեց…
Բայց հասցրեց:
Որովհետև այս որդու մտքերը կամ, որ նույնն է՝ նրա մեջ կուտակված չար ու մութ ուժերը այդ փոքրիկ խնձորի մեջ էին խուժել ուղիղ մեկ րոպեով: Խնձորը հայտնվել էր որդու մազմզոտ՝ ժանգոտ երկաթներից, ցրտերից ու արևներից սևացած, ժանգի քերծած վերքերի՝ կողք կողքի, իրար մեջ խճողված, ծակծկված, կոշտացած սպիներով թաթի մեջ: Ուզում էր բերանը տանել թթվաշ խնձորը, երբ հայացքը կենտրոնացավ հեռուստացույցի էկրանին: Հայրենիքի, պետականության կորստի մասին ռուս լրագրողին գուժկան, ողբասաց, դատապարտող հարցազրույց էր տալիս դեռ վերջերս իշխանության եղած, հիմա՝ ընդդիմադիր առաջնորդը: Կարծես պատերազմում պարտվել էին բոլոր հայերը՝ բացի իրենից: Չէր էլ ենթադրում, որ հույսի, լույսի շող չթողնող իրենից արտահոսող այս լավան լցվում է փոքրիկ, կանաչ խնձորի մեջ և շեղվելով ընդդիմադիր ճշմարտախոսից՝ դիպուկահարի գնդակի ճշգրտությամբ դիպչելու է վաղուց սայլակին գամված ծեր Պայծառի ոտքի ճիշտ այն հատվածին, որից սկսված մահից այլևս պրծում չեղավ:
Անդամալույծ մոր կողքին՝ մի կաթիլ ջուր տալու պատրվակով, բայց իրականում այս ցրտին ժանգոտ խողովակներ, արմատուրաներ պոկելու-հանձնելու ցանկություն իսպառ չունեցող ու արդեն կես շիշ օղի կոնծած որդին չնայեց անգամ հարվածի ցավից սուր ճիչ արձակած մոր կողմը: Շարունակեց իր ցասումն ու հայհոյանքը տեղալ բայղուշ ընդդիմադիրի վրա. «Ի՞նչ ես հաչում, ուրեմն տղես, պատերազմի բեկորները մարմնի մեջ, ուրեմն հիմա՝ էս պահիս, իզո՞ւր է սահմանում դիրքեր պահում, ա՛յ տականք, երեք օր է չի զանգել: Ես քո…»:
Աչքերը խոլորեց շուրջը, թե՝ էլ ի՞նչ կա ձեռքի տակ, հարվածի էդ բայղուշին, երբ մշուշված աչքերից մեկը (մյուսը շատ էր հարբած) տեսավ մորը՝ գլուխը կրծքին հակած, աչքերը այսուայն կողմ, ձեռքը անկենդան կախված…
Շփեց աչքերը, բայց էլի պարզ չէր տեսնում: Օրորվեց դեպի մայրը, բռնեց, ուռած շրթունքով հպվեց, զգաց անկենդան ձեռքը… Սառը ջրից ուշքի եկավ: Բացվեց նախ մեկ, հետո մյուս աչքի մշուշը… Ուշքի բերեց մորը. «Մա՛, քեզ ի՞նչ եղավ… Մա՛…»:
Շտապ օգնության բժիշկն ուզում էր հասկանալ, թե ի՞նչ հարված է ստացել այս կաշի-ոսկոր պառավ, անդամալույծ կինը, որ քիչ է մնացել սրունքոսկրը ջարդվի… Չէր հավատացել, թե ձեռքից ջրի շիշն է ընկել պարզապես…
Ոչ ոք չէր հավատում, բայց չէին ուզում չհավատալ… Բացի ջրի շշից, ուրիշ մեղավոր չէին ուզում գտնել որդու ալկաշ ընկերները… Հարևանները վաղուց էին հասկացել, բայց բարձրաձայն չէին ասում, որ մահը Պայծառի փրկությունն է լինելու… Իսկ ինքը, թեև կողմ չէր այսպես ապրելուն, բայց դեմ էլ չէր թեկուզ այսպես ապրելուն… «Երրորդ ծոռնիկիս էլ տեսնեմ, նոր մեռնեմ»… Տեսավ երրորդ ծոռնիկին էլ, չորրորդին էլ, փա՜ռք Տիրոջը… «Աղջկաս, ա՜խ, աղջկաս էլ մի անգամ տեսնեմ, գրկեմ ու մեռնեմ»… Տեսավ, բայց գրկեց միայն սրտով. Հոլանդիայից Հայաստան հասնող վայբերի պատկերը գրկելը սրտով էլ հեշտ բան չէ… Պատերա՜զմը, ա՜խ, էս դաժան պատերազմը վերջանար, մենք հաղթեինք, Վարդանս ողջառողջ վերադառնար, ու նոր մեռնեի»…
Պատերազմը վերջացավ, Վարդանը ողջ, բայց վիրավոր վերադարձավ, քչից- շատից բուժվեց: Ազդրի մեջ բուն դրած բեկորներից երկուսին անհնար էր դիպչել…
Պայծառին հիվանդանոցի ընդունարան հրող հսկա, թավ բեղավոր աժդահան ասում էր. «Կամանդի՛ր, համբերի՛, հեսա կապ կտան, քեզ կտանեմ ռենտգեն»:
Քանդման ենթակա իրենց շենքի բոլոր ալկաշները «կամանդիր» իր հարս Նորային են ասում, վախենում են նրա շշպռոցներից, քիչ է մնում պատվի առնեն, երբ նա է անցնում: Պայծառը մտքում տաքուկ ժպտաց սանիտարի սրախոսության վրա… Հի՛, հի՛, ժամ առ ժամ չորացող ոտներով իր նման պառավին «կամանդի՜ր»… Լա՜վ էր…
Երեք տարի տնից դուրս չեկած ծեր Պայծառը, մոռացած, թե ինչու է այստեղ, հետաքրքրությամբ շուրջն էր նայում: Տեսավ ցավից մղկտացող երկու զինվոր տղաներին, մեկի ոտքը չկար, մյուսի՝ ձեռքը: Հիշեց իր ցավը, նայեց ոտքին… Ժամերի ընթացքում ոչ թե վաղուց շարքից դուրս եկած, այլ մինչև խնձորի հզոր հարվածը՝ առողջ ոտքը փտած կոճղի գույն էր ստացել: Գույները տարածվում էին դեպի վեր, դեպի վար… Զինվոր երկու տղաների հայացքը մի պահ հանդիպեց իր «վա՜շ, վի՜շ» անող հայացքին, կարո՞ղ է օգնություն են սպասում իրենից, թե՞ կարծում են՝ իրենց օգնության կարիքն ունի: Ինքը բացի «վաշ-վի՜շ»-ից, ոչինչ չի կարող անել, բալե՛ք ջան, զինվորնե՛ր ջան, իր թոռն էլ հիմա սահմանին է, դիրքերում, պատերազմը էս է…
Զինվոր տղաները, տնքոցները կտրած, իր՝ պառավ կնոջ բաց ոտքին էին նայում սարսափով: Ինքն էլ նայեց… Չոր կոճղ սրունքի վրա գույները աչքիդ առաջ փոխվում, խտանում էին, բարձրացել էին վեր՝ դեպի ծունկը, իջել վար՝ դեպի կոճը… «Չի ցավում, բալե՛ք ջան, դուք ձե՛զ նայեք, ես ցավի դիմացող եմ»:
Իսկ շուրջը ամեն ինչ ասես նորություն էր այս հին աշխարհում…
Նույն բեղավոր հսկան սայլակով ներս հրեց սերիալից շատ ծանոթ դերասանուհուն, իսկ երբ մոտեցավ զինվորներից մեկին՝ ասելով. «Գնացինք ռենտգեն, կամանդի՛ր, կապը տվին», երկու զինվորների հայացքը նախ սառեց, հետո երկուսի կրծքից միաժամանակ մի ճիչ թռավ. «Էս… դո՞ւ ես… էս, էս, էս, էս… դու ո՞ղջ ես, պարո՜ն կապիտան»: «Ա՛յ տականք, ուրեմն դու չե՞ս սատկել, ուրեմն վիրավորո՞ւմ էլ չես ստացել, ուրեմն ոտքերիդ վրա կանգնած ես, քայլում ես»… Հսկա սանիտարը ուշադրություն չդարձրեց դեռ տեղացող լուտանքներին, քշեց, դուրս տարավ սայլակը՝ ասելով. «Հանգի՜ստ, կամանդի՛ր, գնում ենք ռենտգեն, արդեն կապը տվել են»:
Ընդունարանում մնացած զինվորը դեռ գոռում էր կարմրատակած.
– Քո կապիտան ասոողիիիի…
– Ի՞նչ կապիտան,- փորձեց հանգստացնել զարմացած բուժքույրը:- Սա մեր ֆելդշերն էր: Պատերազմից առաջ խելքը գլխին մարդ էր: Գնաց-եկավ, մի քիչ խելքը տյու-տյու է, բոլորին «կամանդիր» է ասում: «Կամանդի՛ր, լիֆտը չի աշխատում», «կամանդի՛ր»՝ էս, «կամանդի՛ր»՝ էն, ինձ էլ է «կամանդիր» ասում: Բժիշկներին էլ օգնում է: Ասում են քանի՜, քանի զինվորի կյանք է փրկել:
– Բայց ուսադրի վրա չորս հատ աստղ կար,- իրենն է պնդում զինվորը, առողջ ձեռքով իր ուսին չորս հատ վերացական աստղ է նկարում:- Մեզ՝ քսանվեց հոգով տարավ ինքն էլ չգիտի՝ ուր, թողեց, վարորդի հետ փախավ: Վարորդը մարդ էր, ետ եկավ, երբ քսանվեցից էս երկուսս էինք մնացել կիսամեռ: Անունն էլ չիմացանք, չասեց:
– Ասում են՝ վառվելուց հազիվ են փրկել: Վառված տեղերը հիմա էլ կան: Կարող է զոհված կապիտանի շորն են հագցրել… ստիպված… – տարակուսում, փորձում է տրամաբանել բուժքույրը…
Պայծառը այս վեճից գրեթե բան չհասկացավ, հայիլ-մայիլ սերիալի դերասանուհուն էր նայում: Հիմա արդեն դերասանուհու ամուսինն էր փնթփնթում.
– Հասա՞ր նպատակիդ… Հասա՞ր… Հազար ասի՝ գարնանը կներկեմ էդ անտեր տանիքը:
Կինը մեղավոր նայում էր մի կողմի վրա կախված իր ոտքին…
«Էս ինչքա՞ն է էս խեղճի ոտքը կախված մնալու»:
Ա՛յ քեզ բան… Մի պահ, երեք տարվա մեջ ընդամենը մի պահ դուրս է եկել քանդման ենթակա իր տնից, հազար ու մի շատ մեծ ու շատ փոքր պրոբլեմներ ունեցող ընտանիքից, ու ըհը՛, տեսնում է սիրած սերիալի չսիրած կերպարին… Ինչքա՜ն է ինքը զայրացել էս լաչառի արածների վրա… Չէ՛, չի անիծել, քանի որ Տերը թույլ չի տալիս անիծել, բայց որ անիծեր, կասեր՝ թող սա անպայման կրի իր պատիժը… Ու, ըհը՛, խնդրեմ, դեմ դիմաց նստած են ինքն իր, նա՝ իր սայլակում… Նա՞ է, գուցե նա չի… չէ՛, նա է, ձայնն էլ է ծանոթ: Ամուսնուն մեղմ, շա՜տ քնքուշ հարցնում է.
– Ե՞րբ ես ինձ տուն տանելու:
– Համբերի, Հա՛ս ջան, տեսնենք ի՞նչ են ասում, ռենտգեն կանեն, կգնանք, էն մնացածն էլ կներկես…
Ձեռ է առնում, հի՛, հի՛… Մե՜ղք է, տեսնես ինչի՞ է խելքին փչել տանիք բարձրանալ:
Դերասանուհին սսկվել է, հիմա անթարթ ու սարսափած իր՝ պառավի ոտքին է նայում. «Էս ի՞նչ է եղել քեզ, ա՛յ տատիկ»,- հարցնում է նրա շփոթահար հայացքը:
«Հե՛չ, բալե՛ս, ջրի շիշն է ընկել ոտքիս, կանցնի»: Արդեն լրիվ հավատում է ոստիկանների համար հորինած իր ստին:
«Կանցնի՞»,- պատասխանում են դերասանուհու տագնապած աչքերը:
«Ասում ես՝ չի՞ անցնի: Ոչինչ, բալե՛ս, ես պառավ եմ, դիմանամ՝ դիմանամ, չդիմանամ՝ չդիմանամ: Բա քե՞զ ինչ է եղել»:
Դերասանուհին փորձեց աջ ձեռքը բարձրացնել, չբարձրացավ, հասկացրեց, որ աջ ձեռքը չի աշխատում, առողջ ձեռքով ցույց տվեց կախված ոտքը… «Իմ խելքից է, էս մարդը մեղք չունի»: Քնքշանքով նայում է ամուսնուն, առողջ ձեռքով ուսի վրա գտնում է ամուսնու ձեռքը, բռնում է պինդ:
«Բա դու էդ օրն ընկնելու կի՞ն էիր: Բոլորը քեզնից վախենում էին»:
«Էդ ես չէի, դերս էր էդպիսին»… Նայում է սիրուց հալչող ամուսնուն, որ պատրաստակամ կառչել է սայլակի բռնակից:
«Էլի կխաղա՞ս էդ դերը»…
Հարսը՝ Նորան եկավ: Որդին ամոթից չի երևում կամ էլ արդեն կոնծել, մի տեղ վեր է ընկել… Էս շվարածությունը Նորայից չի: Մեր տիկինը ամեն ինչ բոլորից լավ գիտի: Տեսնես ի՞նչ է ասել բժիշկը: Իմանա էլ, չի ասի… Էդ ե՞րբ են մի բան մարդավարի բացատրում: Իրեն բանի տեղ դնո՞ղն ով է… Ենթադրելով, կասկածելով, կիսատ-պռատ վերլուծելով մինչև ո՞ւր կհասնես: Էդպես էլ չհասկացանք՝ մի պուճուր խնձորն ի՞նչ էր, որ էսքան գործ բացեց: «Կարո՞ղ է… չէ՛, չէ՛, բայց կարող է ուզո՞ւմ էր, իմ հարազատ որդին ուզում էր սպանել ինձ… Հոգնել եք ինձնից: Հա՛, ո՞ւմ եմ պետք: Բայց ի՞նչ նեղություն եմ տալիս. մի պուտ ջուր, մի կտոր ճաշ մարդ դրսի աղքատին էլ կտա, մի քանի հատ պամպերս… Հարցնում եմ: Չհարցնե՞մ՝ ո՞ւր ես գնում, ե՞րբ ես գալու, ինչի՞ ուշացար, որտեղի՞ց ես գալիս… Վարդա՞ն, տատդ եմ, չիմանա՞մ՝ դիրքեր ես գնում, երբ ես իջնելու… Տվի՞ն պատերազմում վիրավորվածին հասնող փողդ վերջապես… Չիմանա՞մ՝ Հոլանդիայից տիկին հարսիս հետ վայբերով խոսող աղջիկս ինչ ասաց, ո՞նց են տնով, տեղով… Ախչի՛ ջան, հեռախոսը տո՛ւր, մի երկու բառ էլ ես խոսեմ… Մտածում եմ չէ՞»: «Քո մտածելուց օգուտ չկա,- ասում է տիկին Նորան,- ավելի լավ է՝ չմտածես»: «Ախչի՛ ջան, մարդ եմ վերջապես, ո՞նց չմտածեմ: Ա՛յ հիմա չմտածե՞մ, թե ինչի ես էդպես շշկռվել, ֆուրիայի պես քշում ես միջանցքներով… գոնե գիտե՞ս՝ ո՞ւր ենք գնում»:
Ի՞նչ ասի հարսը: Ո՛նց ասի, որ ասել են՝ «Իսկույն տանում ենք վիրահատարան, պետք է անդամահատենք, վիճակը վատից էլ վատ է»: Ասենք թե անդամահատեցիք, մեկ է՝ էդ ոտքից սկեսուրիս ոչ մի օգուտ չկա… Բայց ասում եք՝ պետպատվեր չունենք, ասում եք՝ «Գնացե՛ք, էս ձեր իշխանությունների՛ց բողոքեք, հանել են պետպատվերը»: Է, հիմա ի՞նչ անի էս հարբեցող, փալաս ամուսին ունեցող, մարդ կոչվող խեղճ կինը: Տղաներից Նորոն Սիբիրում է, մինչև պայմանագրի ժամկետը չլրանա, գործատուն նույնիսկ ետդարձի գումարը չի տա: Մյուսը՝ պատերազմի մասնակից, վիրավոր ոտքով ամիսը մի քանի անգամ դիրքեր բարձրացող զինվորական: Ասել է. «Տատիս եթե բան եղավ, ինձ չասե՛ք, չեմ դիմանա»:
Առանց Պայծառի հարցին պատասխանելու՝ հարսը քշում է սայլակը դեպի դուռը: «Գնում ենք տուն»: Էլի կատաղած է, չի նայում շուրջը, քշո՜ւմ է…
Չհասցրեց հարսին մասնակից դարձնել իր հուզմունքին, որ սերիալի դերասանուհին հենց իր կողքին էր: Էստեղ իրենց ետևից հասավ հսկա բեղավորը, հարսի ձեռքից առավ սայլակը. «Կամանդի՛ր, բա ես ինչի՞ համար եմ էստեղ»:
Վարդանը եկել է սահմանից, հարձակվել է հոր վրա. «Էս էի՞ր ուզում: Տատիս մի բան եղավ՝ էլ չեմ խնայելու, ես զինվորական մարդ եմ, հեսա միլիցիան կգա…»:
«Ասա՛, ասե՛ք, թող ինձ բերդ տանեն»:
«Չեն էլ հավատա, որ էս պուճուր խնձորով մարդ ես սպանել»…
«Չեմ սպանել, հեսա կգա տուն, կլավանա»:
Պառավ Պայծառի հաջորդ օրերի ուրախությունը, մինչև մահը, «կամանդիրն» էր, այսինքն՝ բոլորին «կամանդիր» ասող հսկան: Բժիշկը նրան ամեն օր ուղարկում էր Պայծառի վերքը մշակելու: Փողից հրաժարվում էր, տաքսու փողը կա՛մ գրպանն էին խցկում, կա՛մ ճանապարհելիս տալիս էին վարորդին: Հիմա Պայծառն ու նա իրար ուրախ-ուրախ «կամանդիր» էին ասում: Կամանդիրը մկրատով կտրեց-հեռացրեց մեռած մաշկը… «Չե՞ս վախենում»,- հարցնում էր Պայծառը՝ ցավին իր դիմանալը մեծ քաջություն համարող Կամանդիրին: «Ես միայն անօդաչուի դզզոցից եմ վախենում, կամանդի՛ր ջան»,- լինում էր պատասխանը: Խոստանում էր՝ երկու շաբաթից կբուժի վերքը: Էս ի՜նչ մարդ է, Տե՛ր իմ, էս որտեղի՞ց ուղարկեցիր էս բեղավոր հրեշտակին…
Իմացավ, որ պատրաստվում էին ոտքը կտրել: Երեք հարյուր հազար դրամ ո՞վ էր տվել իրենց, էս ի՞նչ են խոսում… Ուրեմն, եթե փող չունենք, մեռնի՞ մարդը… «Հա՛, ձեր իշխանություններին ասեք»: Աստված չանի, էս ամեն ինչը պատմության դասագիրք ընկնի, մեր հաջորդ սերունդներն իմանան, որ էսպիսի անմարդկային ժամանակներ է ապրել մեր ազգը: Սովետի ժամանակ ո՞վ ռիսկ ուներ չբուժելու թեկուզ բոմժին: Դե, հա՛, բոմժին շատ բանի տեղ չէին դնի, բայց չէին ասի՝ «Գնա փողը բե՛ր, ոտքդ կտրենք»:
Կամանդիրը երեք շաբաթում չորացող կոճղ ոտքից մաքրեց բոլոր այլևայլ գույները. վերքը գրեթե փակվում էր, երբ սկսեց փուչիկի պես ուռչել մյուս՝ վաղուց անօգուտ իր համար կախված ոտքը: Կամանդիրը հեռախոսով նկարում, ցույց էր տալիս բժշկին: Բժիշկը ասել էր. «Երկար չի ապրի»:
Էդպես էլ եղավ, շատ չապրեց: Հարսը թաքուն կանաչ, փոքրիկ խնձորը սահեցրեց դագաղի մեջ: Վերևից Պայծառը զարմացավ, թե ինչո՞ւ իր հոգեհանգստի օրը սգո սրահում կալանավորեցին-տարան իր հրեշտակ Կամանդիրին:
Չիմացավ, թե ոնց թոռնիկը մի անգամ էլ պրծավ ստույգ մահից: Ընկերը նրան մեջքին առած, սողեսող բերեց-հասցրեց բուժկետ: Փա՜ռք Աստծո, գերի չընկավ: Չտեսավ, թե իր հարբեցող որդին ոնց կախվելու անհաջող փորձ արեց: Պահանջել էր, որ իրեն էլ բաժին հանեն մորը միանվագ հասնող վերջին թոշակից, որ գնա խմի, մոռանա սրտի կսկիծը, չէին տվել… Բայց Պայծառի հոգին փառավորվեց, երբ իր շիրմի շուրջը բետոնապատելիս որդին ամենաշատը աշխատեց. եզի ուժ ունի… Իր բաժին մի պտղունց խունկը լցրեց խնկամանին: Ուրեմն, էնքան էլ իզուր չէր էս ամեն ինչը…
Երբ սուգի օրերն անցել էին, ու արդեն միացնում էին հեռուստացույցը, նույն ընդդիմադիր առաջնորդը, նոր ոգևորությամբ, վայնասուն-ողբասացությամբ, պատկերավորման առավել ազդեցիկ միջոցներով խոսում էր իր պետականության կորսված ապագայի մասին… Դեռ լավ է՝ ասում էր «մեր պետականություն»… Է, հա՛, դա երևի ձեր պետականությունն է, որ վաղուց չկա… Իսկ մերը… մերը… Մենք էլ մի բան չդառանք, իհարկե… Բա՜յց…
Հարբեցող որդին, որ ալկաշ ընկերների հետ արդեն խմել էր շշի կեսը, նայում էր շուրջը, որ մի բան գտնի, տա էս, էս, էս բայղուշ ընդդիմադիրի գլխին, բայց ձեռքի տակ բան չէր ընկնում՝ բացի օղու կիսատ շշից… Արագ կլկլոցով կուլ տվեց շշի պարունակությունն ու շիշը… ուղի՜ղ բայղուշի գլխին… Շիշը ջարդուխուրդ եղավ, փշուրները ցրվեցին Նորայի մաքրած հատակին: Ալկաշ ընկերները Նորայի ահից փախան…
Հեռուստացույցը շարունակում էր աշխատել՝ հարբեցող որդուն զարմանք պատճառելով: Ընդդիմադիր առաջնորդը արդեն չկար… Հայտնվել էր աստղաբան տիկինը, ասում էր… ի՞նչ էր ասում… «Հայ ժողովրդի նմանը աշխարհում չկա: Նա ահավոր վտանգների մեջ գտնվող աշխարհի համար հոգևոր ուսուցիչ է լինելու այս տարում… Մեր երկրի գլխին սև ամպեր կախված չեն… Սև ամպեր կախված են մեր ժողովրդի հանդեպ ու մեր ժողովրդի մեջ անազնիվ ապրողների գլխին… Օտարը թող ախորժակ չպահի, թե մեզ պարտության է մատնելու… Նրա ախորժակին քացախ»…
Այս բառերի հետ կարծես հարբեցող որդու ձեռքից մեկը բռնեց, տարավ դեպի ավելն ու դույլը… Նա մաքրեց հատակը փշուրներից, հարմարվեց բազմոցին, փորձեց հավաքվել ու ավելի ուշադիր լսել աստղաբանին…