ԱՅԲ
1893 թվականին՝ կաթողիկոսական ընտրության ժամանակ, Արփիար Ակնունին Ակնի ազգային-եկեղեցական ժողովի պատվիրակն էր։ Էջմիածնի Մայր տաճարում Խրիմյան Հայրիկին միաձայն Գրիգոր Լուսավորչի գահին բազմեցնելուց հետո պատգամավորները ագապի՝ սիրո ճաշի էին նստել վեհարանի սեղանատանը։ Բոլորն էլ փառավորված էին, աշխարհով մեկ սփռված հայկական համայնքների պատվիրակները՝ կուսակրոն հոգևորականներն ու աշխարհականները, որ միշտ ներքին անհաշտություն, երկպառակություն ունեին, միակամ ու միասնական սիրով հայոց հայրապետ էին ընտրել։ Ընթրիքը նոր էր վերջացել, դռների մեջ Գևորգյան ճեմարանի մի սան հայտնվեց։ Նա վտիտ կազմվածք, ընչացքից հազիվ կզակը իջնող, դեմքը շրջանակող նորածիլ մորուք, խոհուն ճակատ ուներ։ Մեղմ ժպտում էր, բայց աչքերի խորքում թաքնված թախիծ կար։ Ճեմարանականը պատգամավորներին դիմելով՝ վեհերոտ հարցրեց.
– Ներեցեք, ձեր մեջ ակնցի կա՞։
– Ես եմ,- ձայնեց Ակնունին տեղից։
Ճեմարանականը մոտեցավ կոճղաթոռին ու հազիվ լսելի, կարծես մեղք էր խոստովանում, խոհեմ ու խոնարհ ասաց.
– Գիտե՞ք, ես արմատներով ցղնեցի, ծննդով կուտինացի եմ։ Հայկական ժողովրդական երգեր շատ եմ սիրում, հավաքում ու ներդաշնակում եմ։ Ցավոք, ինձ դեռ ոչ մի հայրեն չի հաջողվել նշանագրել, քանի որ միայն դուք՝ ակնցիներդ եք հայրեն երգում։ Կարո՞ղ եմ Ձեզ իմ ննջախուցը հրավիրել, խնդրել, որ հայրեն կատարեք։ Ես սիրով կունկնդրեմ ու, եթե թույլ տաք, կնոթագրեմ։
Ինքը` Ակնունին, դպրոցական արձակուրդներին Ակնի ամառոցներում սաների հետ հայրեն հավաքել, գրառել էր, բայց չասաց, պատշաճ չհամարեց։ Հետևեց ճեմարանականին։ Նրա խցում մի նեղլիկ սեղան կար, անկյունում՝ երկաթե մահճակալ, սնարին՝ 7-րդ դարի կաթողիկոսական աթոռի գահակալ Կոմիտաս Աղցեցու դիմապատկերը։ Ճեմարանականը նկատեց հյուրի հայացքը, նորից խոնարհ ժպտաց։ Ամեն անգամ խոսելիս նա գլուխը հակում, խոնարհ ժպտում էր։
– Իմ սիրելի կաթողիկոսն է,- ասաց,- հայոց առաջին Վեհափառն է, որ բանաստեղծ, երաժիշտ, շարականագիր է եղել։ Եթե ես երբևէ կուսակրոն ձեռնադրվեմ, ուխտել եմ՝ նրա անունը պիտի կրեմ։
Տիար Արփիարն այդ պահին անդրադարձավ, որ զրուցակիցը սարկավագ է, հարկ համարեց զգուշացնել.
– Բայց նկատի՛ ունեցեք՝ մեր Ակնայ հայրեններուն մեծ մասը սիրային բովանդակություն ունի։
– Գիտեմ,- թուղթ-մատիտը ձեռքն առավ սարկավագը,- իմ հայրենի գողթան երգերն էլ։
Ակնունին ոչ այնքան երգեց, որքան արտասանեց այն հայրենը, որն ամեն օր լսում էր Արեգի թաղի ոստայնանկներից, բայց որն, իհարկե, տնանկության հետ ոչ մի առնչություն չուներ.
– Երթա՜մ, թուխ ամպիկ լինիմ,
Գամ ցայթեմ քու երդիկքդ ի վրայ։
Ցածնա՜մ, ցօղիկ մը տամ,
Քու ճերմակ կրծոցդ ի վրայ…
– Էլի՛,- առանց գլուխը թղթից բարձրացնելու՝ թախանձեց ճեմարանականը,- մի՛ գեղեցկավորեք, երգեք այնպես, ինչպես լսել եք։
– Հոգեկս ես, հոգեկս ուզես,
Չէ՛ չըսիմ, հանիմ տամ ի քեզ։
Վախիմ թէ աչերս ուզես,
Ալ ինչո՞վ հայիմ ի քեզ։
Տիար Արփիարը լռեց ու թղթին շրջվելով՝ նկատեց, որ սարկավագը ոչ միայն հասցնում է խոսքերը գրի առնել, այլև ձայնագրում է։ Հին հայկական նշանագրերով։ Իսկ իրենք Ակնում կարծում էին, թե խազագրության առեղծվածն անլուծելի է։
– Էլի՛, էլի՛, խնդրում եմ…
Այդ օրը՝ մինչև վերակացուի, ապա նաև գիշերապահի՝ ճրագները հանգցնելու հրահանգը, տիար Արփիարը յոթանասունից ավելի Ակնա հայրեն երգեց հոգևոր սանի համար…
Ակն վերադառնալուց հետո նա ամառոցներում գրառած հայրենները առանձին տետրում ամփոփելը չէր վերջացրել (խոստացել էր՝ պիտի ճեմարանականին ուղարկեր), Խրիմյան Հայրիկը հատուկ հորդորակով Էջմիածին հրավիրեց։ Տետրը հետը չվերցրեց, մտածեց, որ Վեհին վրդովեցրել են Ակնա հայրենների ճերմակ ստինքներով, թուխ պտուկներով մանկուհիները, մինչև իսկ ուզում էր չգնալ, բայց Ամենայն հայոց հայրապետի հրավերը մերժելն անպատշաճ էր։
Մայր տաճարի դարպասների մոտ առաջինը նրան ընդառաջ ելավ ճեմարանականը։ Ըստ երևույթին արդեն ձեռնադրվել էր՝ վարդապետի սքեմով, խնամված մորուքով էր։ Միայն աչքերն էին նույնը մնացել։
Նա «Շար Ակնայ ժողովրդական երգերի» խորագրով մի գրքույկ մեկնեց Արփիարին։
– Ես Ձեր կատարած հայրեններից վաթսունութը ներդաշնակեցի ու հրատարակեցի,- շառագունեց,- առաջին օրինակը իմ ու Ձեր կողմից ընծայագրով Վեհին եմ նվիրել։
Պարզվեց՝ Խրիմյան Հայրիկը հենց դրա համար էլ կանչել էր։
– Ակնցիները,- տիար Արփիարի աջհամբույրն ընդունելուց հետո օթոց հրավիրեց,- երջանիկ են, որ Ձեզ պես բանահավաք ունեն։ Կարդացի, հիացա, ու սիրտս խռովվեց։ Պատկերացնում եմ, հավանաբար Դուք էլ եք պատկերացնում, թե Հայաստանի ամեն շենում, ամառոցում որքան այսպիսի մարգարիտներ են անհետ կորչում։
Նա Արփիարին հրավիրել էր, որ ճեմարանի դասախոս դառնա, սաներին ազգային բանահավաքության վարժեցնի։ Որ հետո, երբ նրանք հոգևորական ձեռնադրվեն, Հայաստանի տարբեր թեմերը ծառայության մեկնեն, նաև հայրենանվեր այդ գործով զբաղվեն։
Առաջարկն անակնկալ էր. Արփիարը մտովի փորձեց, չկարողացավ իրեն Խնկաձորի ծիածանաթույր շառաչից, կկոցների շկփկոցից, անգամ համաքաղաքացիների՝ Անի՞ն, թե՞ Վանը ապագա Հայաստանի մայրաքաղաքը դարձնելու մշտական մտմտուքից հեռու պատկերացնել. բայց և քաշվեց հայրապետին մերժել՝ մտածելու ժամանակ խնդրեց։
Խրիմյան Հայրիկը հասկացավ նրան։
– Ես էլ եմ Վասպուրականը կարոտում,- բարեհոգ ժպտաց, – ու հավատա՛, որ մեր Վանա լիճը ձեր Եփրատի չափ գեղեցիկ է։ Բայց Արարատյան դաշտավայրն ուրիշ է։ Մեր գրեթե բոլոր սրբությունները՝ Մասիսները, Գրիգոր Լուսավորչի Էջմիածնա տաճարը, Մեսրոպի մասունքները, մայր Արաքսը, Արագածը, բոլորը, բոլորը այստեղ են։
Մի շաբաթ Էջմիածնում մնալուց հետո, համենայնդեպս, տիար Արփիարը հրաժարվելու համարձակություն ունեցավ, Ակն վերադարձավ։ Այդքան հազիվ դիմացավ կարոտին…
ԲԵՆ
Դուք ինձ հետ ոչ մի անգամ Ակն չեկաք, Ժամու աղբյուրից ջուր չխմեցիք: Սրբուհի մեծ մայրս մինչև մահը պնդում էր, թե Նոր տարվա գիշերը ով առաջինն է Ժամու աղբյուրից կուժը լցնում, աղբյուրը ջրի հետ ոսկի է տեղում:
Նա այնքան հավատացած է եղել նախախնամական ավանդությանը, որ ամեն Նոր տարվա գիշեր, Սուրբ Նարեկա եկեղեցու զանգերը ղողանջելուն պես, միջանցք է ելել, կուժը վերցրել, աղբյուր է փութացել: Չի նկատել, որ Գրիգոր պապս եկեղեցու զանգերը չղողանջած է միջանցք ելել, տատիս դատարկ կուժը բռով ոսկեդրամ լցրել:
Սրբուհի տատս գնում է աղբյուր, լիքը կժով վերադառնում, պաղ ջուր է հրամցնում Նոր տարին շնորհավորելու եկած թաղեցիներին՝ Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի ապուպապին, ու նրանց փարչերի մեջ, իրոք, ջրի հետ ոսկեդրամ է լցվում, զնգում:
Նրանցից ամենաերջանիկն ո՞վ է եղել: Իհարկե, Գրիգոր պապս: Նա ձևացնում է, թե չի նկատում շուրջն ինչ է կատարվում, թթի օղի է խմում, բեղի տակ ժպտում: Գրիգոր պապս մեծագույն երջանկությունը մարդկանց երջանկացնելն է համարում:
– Հե՜յ գիդի օրեր,- հետագայում ինձ հանդիպելիս փաթաթվում, լալիս ու ծիծաղում էին ծեր ակնցիները:
ԳԻՄ
Ամբողջ Ակնում հայտնի կրթական ու գրական մշակ, միանգամայն հրապարակագիր ու հոգաբարձու տիար Արփիար Ակնունին դարձյալ մտահոգ էր: Աշխարհագրության դասերին նա Նարեկյան վարժարանի քարեպատով մեկ ծավալում էր պաստեղի պես հարթ քարտեզն ու որքան էլ համոզիչ բացատրում էր, սաները չէին պատկերացնում, որ երկրագունդը տափակ չէ, կլոր է: Չէին էլ հավատում:
Ճարահատ տիար Արփիարը խնդրեց Գրիգոր Զոհրապի պապի պապին՝ ակնցի մեծատուն Խաչատուր ամիրային, ու նա իր միջոցներով Եվրոպայից աշխարհագունդ բերել տվեց, վարժարանին նվիրեց: Առաջին գնդաձև քարտեզը Ակնում: Երբ նվիրատվությունը տեղ էր հասել, աշակերտների զարմանքն ու հիացմունքը հարուցել, տիար Արփիարը Խաչատուր ամիրային վարժարան էր հրավիրել ու երախտիքն ա՛յդ կերպ գոնե արտահայտելու համար ամենաուշիմ սանին կանչել, հրահանգել էր.
– Ցուցո՛ւր Միջերկրական ծովը:
Սանը, բարերարի ինքնապարծ հայացքի ներքո աշխարհագունդը պտտել, ցույց էր տվել:
– Հիմա Հիմալաեան լեռները:
– Բարիզը…
– Պերլինը…
– Պոլիսը…
Ամիրան իր ընծայով զմայլվել, կորովամիտ սանին խրախուսել էր.
– Ապրի՛ս, մա՛նչս, Ակնն ալ ցուցուր, լմնցուր:
Սանը տատամսել, վարժապետին էր նայել, տիար Արփիարը ճարահատ միջամտել էր.
– Աշխարհագունդին վրայ Ակնը չկայ, ամիրա՛յ:
– Չկա՞յ,- սրդողել, ապա զայրացել էր գերունևոր ակնցին,- ծօ, ես թքեր եմ այդ տեսակ քարտեսին վրայ, մե՛ղք տուած դրամիս:
Ու աշխարհագունդը հնարողին անիծելով՝ վարժարանից դուրս էր եկել:
ԴԱ
Հին ու Նոր Կտակարանների ավետարանագիրներն այդպես էլ չտեսան, չիմացան, որ այդ տարի Եփրատը ոչ թե դրախտից, դժոխքից էր սկիզբ առնում, օրեր շարունակ արյան ճապաղիքների հետ մարդկային մարմիններ, մարմինների մասնատված անդամներ՝ գանգեր, բումբեր, երանքներ էր բերում: Ակնի վերին հոսանքում երեք հարյուր հայկական գյուղ կար, Եփրատը, որքան էլ ապրիլյան ձնհալից հորդացած լիներ, այդքան դիակ բերել չէր կարողանում, ո՞ւր տաներ-հասցներ՝ չէր կողմնորոշվում: Գետափի Իզօղլի թուրքական գյուղի ձկնորսներն արագաշարժ էին դարձել՝ տկալաստերով նավարկում էին արնոտ կոհակներում, իրենց կեռ, կարթանման ձողերով անձրուկի, կեփաղի փոխարեն մարդկային մարմիններ էին որսում: Երբ տկալաստը լցվում էր, վերադառնում էին ափ, դիակները դիզում էին, այրում: Հետո այդ նույն՝ կարթանման ձողերով մոխիրը խառնշտում, ակնցիների կուլ տված կամ երաստանում, ցայլքում թաքցրած ոսկիններն էին որոնում: Երբեմն գտնում էին ու մեկը մյուսի ձեռքից խլելու համար կարթանման ձողերն իրար փոր էին խրում:
ԵՉ
Առաջին անգամ երբ շարժակառքը իմ բնօրրանը՝ Ակն մտավ, տեսա Եփրատը, Խնկաձորը, Սիամանթոյենց Վերի թաղը, Զոհրապենց Վարի թաղը, Մեծարենցենց Բինկյանը, չէի ուզում, բայց արցունքներն իրենք իրենց հոսում էին այտերովս:
Ջահել կառավարը սրտաշարժվեց.
– Ինչի՞ ես լալիս, բարեկա՛մ,- ասաց,- արի տանեմ մեր տուն, ինչքան ուզում ես ապրի, էս դրախտը վայելի:
– Ես մե՛ր տունն եմ ուզում,- ասացի:
Շշմած ետ շրջվեց.
– Ինչի, էստեղ հայե՞ր են ապրել:
