Սիրելի՛ Անահիտ.
Քո նոր՝ «Երազ իմ երկիր հայրենի» հայրենախոս խորագրով գիրքն ընթերցեցի հպարտության զգացումով, քանզի ստեղծագործական ճանապարհիդ առաջին «կանգառների» ծնունդ «Պատմվածքներ» և «Խաղալիքների անվերջանալի հեքիաթ» ժողովածուները (2004-2008 թթ.) ինձ այնքան էին ոգևորել, որ սիրով երաշխավորել էի քեզ՝ ընդունվելու ՀԳՄ շարքերը: Եվ հիմա, տարիներ անց ինչպե՞ս չհպարտանամ, որ դու արդեն անվանի (չեմ վարանում այդպես բնորոշել) բանաստեղծուհի ես, արձակագիր, հրապարակախոս, բազմաթիվ խաղարկային ու վավերագրական կինոնկարների, սցենարների, թատերախաղերի հեղինակ: Այսպես բազմազան է նաև քո ստեղծագործությունների ժանրային նկարագիրը՝ բանաստեղծություն, պատմվածք, վիպակ, վեպ, պիես, հրապարակախոսական հոդված…
Այս նույն «տեսականիով» ես հիմնականում ներկայացել ընթերցողներին, իսկ Արցախյան ազատամարտին նվիրված քո «Անահիտի աղբյուրը» վավերագրական պատմավեպը, իմ կարծիքով, եզակի երևույթ է ժամանակակից հայ արձակում՝ և՛ ժանրային, և՛ թեմատիկ առումներով: Նույնը կարող եմ հաստատագրել «Սիրո կեռմաններ» ժողովածուի (հետաքրքիր երևույթ մեր արձակում), հայկական կինոյի պատմության և հանրահայտ կինոգործիչների մասին քո գրքերի օրինակով: Նաև մամուլում պարբերաբար հրապարակվող հոդվածները՝ մերօրյա տագնապների, ազգային հուզող խնդիրների թեժ արձագանքներով: Մի խոսքով, իմ թանկագի՛ն հայրենակցուհի, քո կյանքն ու ստեղծագործական արարումները համահունչ են «Երազ իմ երկիր հայրենի» տեսլականին, որով էլ խորագրել ես գիրքը, և այդ առիթով գնահատանքի խոսք ասելու ցանկությունը զսպել չկարողացա:
Ի սկզբանե ասեմ, որ ամբողջ ժողովածուն «շնչում է» (եթե կարելի է այդպես բնորոշել) մայր հայրենիքի ճակատագրի հանդեպ սիրո, կարոտի, ցավի, տագնապի, ի վերջո՝ հուսո ու հավատի զգացումներով: Նրանում ներառված բազմաժանր (բանաստեղծություն, պատմվածք, պիես, վիպակ) բոլոր ստեղծագործությունների հիմնաթեման հենց «Երազ իմ երկիր հայրենին» է, ավելի ճիշտ և մասնավորապես՝ Արցախյան ազատամարտում անարգ թշնամու դեմ մեր ժողովրդի մղած պայքարը, նրա հերոս զավակների նահատակության բանաստեղծական խնկարկումները: Եվ այս նամակի սկզբում նշած «հայրենախոս» ներհուն բառն էլ իրապես խորհրդանշում է գրքի ոգեղեն տարերքը՝ նշված ժանրերի «տեսքով»՝ բոլորն էլ հյուսված հայրենաշունչ ոգով: Ի դեպ, հատկապես բանաստեղծություններում քո մեջ «արթնացել է» ստեղծագործական նախասիրությանը բնորոշ հրապարակախոսական կիրքը, և դու բարձրահունչ (այս բառի դրական իմաստով) «նոտաներով» ես արձագանքում երևույթներին ու իրադարձություններին:
Գնահատանքի իմ խոսքին մեծապես օգնում է ժողովածուի անոտացիան, որ արդեն իսկ հուշում է, թե նրանում ներառվել են «գրվածքներ հայոց հողում տեղի ունեցած պատերազմների, մարդկային ճակատագրերի և հայրենիքի մասին: Կենտրոնում արհավիրքի միջով անցած մարդն ու զինվորն են, ազգն ու երկիրը, որոնք պետք է իրենց մեջ ուժ գտնեն ապրելու, վերակերտվելու և հաղթելու»:
Իսկ հիմա, քո առաջնորդությամբ կմտնեմ գրքիդ ներաշխարհը և էջ առ էջ «անցնելով»՝ ամենից առաջ պիտի հաստատագրեմ, որ բանաստեղծությունների շարքի յուրաքանչյուր խոհերգ կամ ձոներգ սրտի ցավով և ալեկոծ զգացումներով հյուսված խնկարկումներ են Հայաշխարհի փառավոր անցյալի, նրա նորօրյա տագնապների, Արցախյան ազատամարտի հերոս նահատակների հանդեպ՝ ազգի վերածնության հուսո ու հավատի խնկարկումներ: Ահա այսպես.
Հենց այսպես ենք մենք գոյատևել, կռվել չարի դեմ,//Այսօր էլ նորից զենքի կոչով են տղերքը ելել,//որ մենք ազգովի պայքարենք համառ, կռիվ տանք կենաց//ու պաշտպան կանգնենք հողին, օջախին, տանը հայրենյաց:
Ու նաև՝
Պետք է պայքարենք, պետք է պայքարենք//ու մեր կյանքը մենք նորից կառուցենք:
Նույն հայրենախոս զգացումների ծնունդ է քո «Անձնազոհություն», «Դավիթը», «Ընտրություն», «Զինվորականի երազ» պատումաշարը, «Բարի գալուստ դժոխք» թատերախաղ-պիեսը, որոնց հերոսները նույնպես Հայոց ազատամարտի մասնակիցներ են, ովքեր խիզախորեն մարտնչել են անարգ թշնամու դեմ՝ հավատով, որ «պետք է համախմբվենք, միաբան լինենք, և մեզ հաղթող չկա»: Ու զինվորի խոստովանություն՝ «Ընկերներիս կորցրի, հայրենիքս կորցնել չեմ ուզում»:
Եվ նույն այս ցավագին զգացումներով գրել ես մի վիպակ՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»՝ ժողովրդական ասույթի հանգույն, նույնն է թե՝ ուրիշի վրա հույսդ առանձնապես մի՛ դիր (տվյալ դեպքում՝ ռուս խաղաղապահների), այլ ինքդ (հայ զինվոր) վճռիր քո ճակատագիրը, հող հայրենիի ճակատագիրը…
Անահի՛տ, իմ լա՛վ բարեկամուհի, փորձեցի քո ստեղծագործական ճանապարհի և նոր գրքի մասին գնահատանքի իմ խոսքն ասել այս նամակով, գրականագետի խղճի մտոք, որքան հնարավոր է արդարացի ու ճիշտ դիտարկումներ անել քո գրականության վերաբերյալ: Թվում է, իմ խոսքն էլ բարձրահունչ երանգ ունեցավ, բայց ճշմարտություն է, որ մեր նորօրյա պոեզիայի, արձակի և դրամատուրգիայի մայրուղում վստահորեն իր տեղն է հաստատել մի տաղանդավոր գրող՝ ծնունդով ապարանցի Անահիտ Ժորայի Թադևոսյանը՝ Անահիտ ԱՐՓԵՆ գրական անվամբ:
Քո ստեղծագործական ճանապարհին
կրկին հանդիպելու սպասումով՝ Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ