Ստեփանակերտի «Ոգի-Նաիրի» հրատարակչությունը՝ «Գեղart» հանդեսի մատենաշարով, հրատարակել է հերթական՝ Կոնֆուցիոսի «Զրույցներ» գիրքը: «Զրույցները» դարերի ընթացքում բազմաթիվ մեկնաբանությունների են արժանացել ամենատարբեր հետազոտողների կողմից, որոնց շարքում Չինաստանում արդի կոնֆուցիագիտության հեղինակավոր անուններից է Յան Բոձյուն, և նրա աշխատասիրությամբ կազմված սույն գիրքը թերևս ամենանշանակալիցն է նմանօրինակ ուսումնասիրություններից: «Զրույցները» առաջին անգամ հնարավորություն են տվել մեր ընթերցողներին առնչվելու Կոնֆուցիոսին՝ նրա բնագիր խոսքի և օրինակելի փոխադրությանը՝ հայերեն վերարտադրությամբ: Ինչպես նախաբանում գրում է թարգմանիչ Պավել Ճաղարյանը. «Կոնֆուցիոսի իմաստությունը դյուրըմբռնելի է, առօրեական, երբեմն` նույնիսկ կենցաղային, սակայն այդ ողջ պարզության մեջ անհնար է չնկատել նրա գաղափարների անկրկնելի վիթխարիությունը: Դրանք չունեն դաոսականությանը բնորոշ խենթությունն ու գերբնականությունը, բուդդայականության ապազգայնությունն ու ապաշխարհիկությունը, օրինակների կտրականությունն ու օգտապաշտությունը: Նրա «Զրույցները» ըմբռնելի են բոլորի համար, թեև այդ ակնառու պարզության մեջ թաքնված է ծեսերի, ավանդույթների տարատեսակ ակնարկների խորությունը: Պատահական չէ, որ չինացիները Կոնֆուցիոսին անվանում են «ուսուցչի կատարելատիպ տասը հազար սերունդների համար»: Անշուշտ, «Զրույցների» թարգմանությունը, մասնավորապես պայմանավորված տեքստի բնագրային մասի խրթինությամբ, մի շարք բարդություններ է ենթադրել: Գրական չինարենը՝ վենյանը, որով գրառված է բնագիրը, բարդ ու լակոնիկ լեզու է, ինչը դժվարացնում է հայերեն լեզվամտածողության կրողի համար տեքստի ըմբռնումը: «Սակայն հաշվի առնելով,- նույն նախաբանում նշում է Ճաղարյանը,- որ բնագրային մասի թարգմանությանը հաջորդում է դրա՝ չինարենով փոխադրության թարգմանությունը, այսինքն՝ այսպես թե այնպես ներկայացվում է առավել հասկանալի տարբերակ, որոշեցի մշտապես հավատարիմ մնալ բնագրին: Բոձյուի փոխադրությունները թարգմանելիս հակված էի տեքստն առավել ըմբռնելի դարձնել, ուստի՝ ինձ թույլ եմ տվել աննշան շեղումներ, որոնք, սակայն, իմաստային բովանդակության վրա բացարձակապես չեն ազդել: Ի մասնավորի՝ գրեթե բոլոր գաղափարագրերի մեկնություններում ավելացրել եմ տվյալ գաղափարագրերի նշանակության մի քանի տարբերակներ, որոնք Յան Բոձյուի փոխադրության մեջ բացակայում են: Տվյալ մոտեցման իմաստը, կարծում եմ, միանգամայն տրամաբանական է, քանի որ Բոձյուի աշխատությունը նախատեսված է չին ընթերցողի համար, ուստի՝ հայերեն թարգմանության մեջ զուտ չինարենով գաղափարագիր հրամցնելը՝ առանց նշանակության տարբերակների ներկայացման, աշխատանքը թերի կդարձներ: Որոշ դեպքերում մեկնությունների մեջ ավելացրել եմ որոշակի տեղեկատվություն՝ դրանք առավել ըմբռնելի դարձնելու նպատակով, հատկապես՝ ծիսակարգերին և պատմական անցքերին վերաբերող հատվածներում, որոնք, սակայն, եզակի բնույթ են կրել և որպես կանոն՝ սահմանափակվել են մեկ նախադասությամբ»:
ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՏԱՐԵԼԱՏԻՊ 10 ՀԱԶԱՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
