Այս տարին սկսվեց ու ավարտվում է հետզհետե ամրացող համոզմունքով, որ հանրային ա՛յս գիտակցությամբ ու ա՛յս բարոյականությամբ մենք իսկական պետություն ունենալու արժանի չե՛նք։ Չէ՛, սրա-նրա կցորդ, սրա-նրա՝ հանուն շահի հանձնվող «ֆորպոստ», սրա-նրա շվաքում «յոլա գնացող տարածք» լինել կարող ենք, բայց քանի դեռ վախենում ենք հայելու մեջ ինքներս մեզ նայել, քանի դեռ ճշմարիտ Խոսքը խլացնող աղմուկի ականջահաճո ստի փափուկ բամբակը գերադասում ենք իսկական Խոսքի՝ վերքերը հատող նշտարից, պետություն ունենալու արժանի չենք։
Մեր վախկոտությունն ու սուտը, ծուլությունն ու թուլակամությունը երևակվեց այս պարտությունն անտեր թողնելու ժամանակ, օտար ոտքերի տակ գցելիս։
Պարտությունը ոսկյա դրամի նման երկու երես ունի, դրա մյուս երեսին հաղթանակն է, բայց դա տեսնելու համար աչքերդ բաց ու մաքուր Խոսքի հանդեպ ականջդ սուր պիտի լինի, իսկ քանի դեռ վախենում ենք օտար ոտքերի տակից վերցնել ու տեր կանգնել մեր պարտությանը, քանի դեռ այս պարտությունն ավելի շատ տեր չունի, քան նախորդ հաղթանակը, պետություն ունենալու արժանի չենք։
Վախն ու սուտը նույնարմատ երկվորյակ եղբայրներ են, նաև՝ մեկմեկու ծնող են, ու եթե վախկոտ չլինեինք, ինքներս մեզ չէինք ստի և կխոստովանեինք, որ այս տարի մեր լուսաբացները մեռած են ծնվել, քանզի մեռնելուց վախենալով՝ վախեցել ենք նաև գժվել, կատաղել, սիրել, որ հիշողություն չունեցող այն կովին ենք նմանվում, որը «…հանգիստ արածում է, իսկ հորթին երեկ են մորթել», որ գյադաների ժամանակներն այդպես էլ չեն գնալու, քանի դեռ հարգի է լավ վճարված խոսքը, իսկ ճշմարիտ Խոսքն անտեր է, պարտության նման, քանի դեռ երկիրն ինքն իրենից փախչում է՝ իրենից վանելով Խոսքի Վարպետ իր զավակներին դուրս է մղում, ազատվում է՝ ասես վախենալով, չգնահատելով…
Ճշմարիտ Խոսքի մեր բաժին բեռը կարող էինք թեթևացրած լինել, եթե յուրացնելու քաջություն ունենայինք, եթե մեզ համար լուսավոր ապագա դուրս գալու ուղեգորգ դարձնեինք, իսկ երբ խլանում ու կուրանում ենք, այն դառնում է բեռ, որը մեր թիկունքում ժապավենի պես պիտի ոլորվի, վեր բարձրանա, բարձվի մեր ուսերին…
Ես տեր եմ իմ պարտությանը, պատրաստ եմ պատասխան տալ չնչին իսկ ստի համար, ու մաքուր մի բան ստեղծելու իմ քայլն արել եմ՝ փորձելով ստեղծել մաքուր Խոսք հնչեցնելու նոր հարթակ՝ «ԱրմաԳիր»-ը, որն առնվազն ինձ համար բաժանարար գիծ է նախկին «Մենք»-ի և գալիք «Մենք»-ի միջև։
Մենակ չէի կարողանալու, ու փառք Աստծո, մենակ չմնացի, իմ մտերիմ ընկերների ուսն ինձ նեցուկ եղավ, քաղաքիս երիտասարդ ու պատվախնդիր ղեկավարի ուսը մեզ նեցուկ եղավ, և «ԱրմաԳիր»-ը ծնվեց, և տնկված առաջին սոսին խնամվում է…