ԱՍՏԾՈՒ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԼԻՆԵՍ, ՀԱՅԱՍՏԱ՛ՆՍ / Կա­րի­նե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

2020 թվա­կա­նը խարսխ­վել-մնա­ցել է կո­կոր­դումս, ոչ մի կերպ կուլ չի գնում: Ի­հար­կե, կյան­քը կա­մա-ա­կա­մա շա­րու­նակ­վում է, ես էլ ապ­րում եմ՝ կա­մա-ա­կա­մա: Բայց անշր­ջե­լի մի շրջա­դարձ փո­խել է ծա­նոթ ա­կոս-հու­նը, ու ես ստիպ­ված եմ այս նոր-ան­ծա­նո­թին հար­մար­վել:
Ար­ցախ­յան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին գրե­թե ա­մեն գի­շեր սար­սափ-ե­րազ­ներ էի տես­նում: Ար­տա­ռո­ցը դա չէր. ես քնիս մեջ վե­րահս­կում, կար­գա­վո­րում էի դրանց ըն­թաց­քը, իսկ երբ վրա էր հաս­նում սար­սա­փի կուլ­մի­նա­ցիան, ինք­նա­բավ մի կեց­վածք էի ըն­դու­նում և հայ­տա­րա­րում. «Ի վեր­ջո, սա ի՛մ ե­րազն է, ես էլ կարթ­նա­նամ»: Ա­մեն գի­շեր քուն էի մտնում այն ա­պա­հով հույ­սով, որ ոչ մի վատ ե­րազ էլ չի ի­րա­կա­նա­նա, ո­րով­հետև ես թույլ չեմ տա, որ այն ա­վարտ­վի: Հո­գե­բան ըն­կե­րոջս ջան­քով զրկվե­ցի այդ «շնոր­հից». փաս­տո­րեն, վտան­գա­վոր խաղ էր, սպառ­նա­լիք՝ ա­ռող­ջութ­յանս:
Հի­մա՝ ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի, ես այդ սար­սափ-ե­րազ­նե­րը տես­նում եմ արթմ­նի… Ինչ­պե՞ս վե­րագտ­նեմ եր­բեմ­նի «շնորհս»:
Բա­ռե­րով չբա­ցատր­վող զգա­յութ­յուն­ներս գլուխ են բարձ­րաց­նում, երբ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով ե­րի­տա­սարդ եմ տես­նում կամ զի­նա­պար­տութ­յան շե­մին մո­տե­ցող որ­ևէ տղե­կի: Մի՞­թե ա­ռաջ էլ էի այս­քան սի­րում նրանց: Ար­դեն երկ­րորդ տա­րին է, որ ինձ հա­մար տար­վա մար­դը հայ զին­վորն է: Հե­տա­գա տա­րի­նե­րին ևս, վստահ եմ, ընտ­րութ­յունս չեմ փո­խի: Միայն թե շատ եմ խնդրում, Աստ­վա՛ծ, Երկ­նա­վո՛ր, թող ընտ­րութ­յունս այս եր­կու տա­րի­նե­րի տո­ղա­տա­կով չլի­նի:
Երբ մեր տա­նը պա­տե­րազմ էր, որ հի­մա էլ չի ա­վարտ­վել ինձ հա­մար, ես սկսե­ցի մեկ մոմ ա­վե­լի վա­ռել ե­կե­ղե­ցում՝ Հա­յաս­տա­նի՛ս, զին­վո­րի՛ս հա­մար: Գի­տեմ, որ այդ մո­մը վա­ռե­լու եմ այ­սու­հետ ընդ­միշտ: Բայց խնդրում եմ, Բա­րե­գո՛ւթ Տեր, թող փոխ­վի այն վա­ռե­լու տո­ղա­տա­կը ևս: Ես փա­փա­գում եմ ե­րախ­տա­գի­տութ­յան, փա­ռա­բա­նութ­յան ա­ղոթ­քով վա­ռել այն մեր բազ­մա­դար­յա ու նո­րօր­յա սրբատ­նե­րում… Շու­շիի ճեր­մա­կա­թույրն էլ թող եր­կար չսպա­սի:
Շ­նոր­հա­վոր Ա­մա­նոր և Սուրբ Ծ­նունդ: Աստ­ծու հո­վա­նու ներ­քո լի­նես, Հա­յաս­տա՛նս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.