Ի հեճուկս եմ ապրելու ԵՎ ապրելու եմ հանուն
Ավարտվում է 2021 թվականը:
Ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս գնաց: Թերևս մի քանի տարի առաջ կասեի՝ թռավ….
Չէ՛, այս մեկն էլ նախորդ հոկտեմբերից չավարտվող մղձավանջի նման սողաց, քերեց, պատռեց ու քրքրեց մաշկս, հոգիս խաչի վրա հանեց ու թքեց երեսիս:
Ապրեցի՞ կյանքիս այդ ժամանակը… Գուցե ոմանք ապրեցին, ես՝ մեռա և դեռ մեռնում եմ:
Հիշում եմ՝ մի օր արթնացա, և տարօրինակ տեսիլքի պես մի բան կանգնեց առջևս. Չարենցին տեսա: Հարբած էր՝ անտանելի հարբած: Ինչ-որ բան էր գրում: Պտտվում էր սենյակում, հայհոյում էր՝ պատերին բռունցքով հարվածելով, ու արտասվում, արտասվում, արտասվում… Հետո նորից էր նստում և գոռալով գրում.
– Ես իմ անուշ Հայաստանի….
Նրա լացն անտանելի էր, գժվեցնող…
Չգիտեի՝ ի՞նչ անել, և ինչո՞ւ համար էր այդ ամենը, և վերջապես՝ ինչո՞ւ ես….
Պատկերն իր ողջ դաժանությամբ ինչպես հայտնվեց, նույնքան անսպասելի էլ անհետացավ:
Իմացա. այդ օրը թուրքը երկրիս սահմանն էր տրորել: Նրա ամենակուլ երախն արդեն Սև լճի ջրերն է լակում՝ ջրերը ջինջ, լիճը լուսե:
Չէ՛, ես չեմ սիրում մեր հին սազի ողբանվագ ու լացակումած լարը:
Ողբաձայն երգերը մեր չեմ սիրում: Չեմ սիրում: Չեմ սիրելու, և վերջ:
Ես հիմա ապրում եմ՝ ապրում եմ որպես կենսաբանական տեսակ` Homo Sapines, որ Sapines էլ չէ, որովհետև բանականությունս հրաժարվում է ընկալել չավարտվող պատերազմն ու դավաճանությունը, մեր լույս զավակների սպանդն ու ողջ մնացածների հաշմված ապագան, տանջամահ արվող իմ գերի զինվորի անկար աղերսն առ ինձ՝ առ անկարս, առ ոչինչս:
Ուրեմն՝ ինչո՞ւ եմ ապրում: Ունե՞մ, արդյոք, դրա իրավունքը:
ԲԱՅՑ ես՝ պնդաճակատս, ի հեճուկս եմ ապրելու և ապրելու եմ հանուն…
ՈՐՈՎՀԵՏԵՎ
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում…
Նարինե ԿՌՈՅԱՆ / Ի հեճուկս եմ ապրելու և ապրելու եմ հանուն
