Ստեղծագործական առումով՝ անցնող տարին գրեթե աննախադեպ բարենպաստ էր ինձ համար. տպագրության եմ պատրաստել տարբեր տարիների հրապարակած իմ խոհագրությունների և ուղեգրությունների ծավալուն ժողովածուն, Թեհրանում տպագրության փուլում է պարսկերեն թարգմանված իմ պատմվածքների «Վարդագույն թթենին» ժողովածուն, ավարտել եմ նյույորքաբնակ ռուսագիր գրող Իվետ Ալեքսանդերի «Երջանկության օազիսը» արցախապատում-վիպակի թարգմանությունը, իսկ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է «Հյուսիսային Գողթնի միջբարբառը» մենագրությունս: Կար ժամանակ, երբ նման արդյունքներով շատերս կարող էինք մեզ լիովին գնահատված զգալ և շնորհավորանքներ ընդունել: Սակայն համաշխարհային կորոնավիրուսային աղետը, մեր երկրին և ժողովրդին պատուհասած պատերազմն ու նրա դաժան հետևանքները, մեր սահմաններում տիրող անորոշությունները, բնականաբար, թույլ չեն տալիս նման դրական զգացողություններ ապրել:
Ամանորը հայերիս հնագույն հավատալիքներում խավարի դեմ լույսի, չարի դեմ բարու հաղթանակի տոնն էր, իսկ 2022-ի (Հայկյան օրացույցի՝ 4515-ի) տարվա տանուտերը խոյն է՝ գարնանային արեգակի պայծառ խորհրդանիշը: Հույսով և լավատեսությամբ զինված՝ հավատանք, որ եկող տարին իսկապես կլինի լույսի և բարու հաղթանակի տարի, և կապրենք այնպիսի ժամանակներ, երբ միայն միմյանց հաջողություններով ուրախանալու և շնորհավորելու առիթներ կլինեն:
Բարի Ամանոր, սիրելի՛ գրչակից եղբայրներ և քույրեր, սիրելի՛ հայրենակիցներ:
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
