Այս տարվա մեջ ինչե՞ր տեղի ունեցան, որ չպիտի լինեին և ինչե՛ր չեղան, որ կարող էին լինել: Մեր երկրի ամեն բնակիչ անդիպլոմ քաղաքագետ է, և ցանկացած մարդ ինձանից ավելի լավ կարող է շարադրել՝ մատները ծալելով: Բայց անցածը անցած է, և այն հնարավոր չէ ետ բերել: Եվ անցածը ոչ միայն իմ, այլև շատ-շատերի համար հիմա բաժանվում է՝ նախքան պատերազմը և պատերազմից հետո… Պատերազմը… Ամեն անգամ պատերազմին դառնալիս հասկանում ենք, որ շատ բացթողումներ ու բազմաթիվ սխալներ ենք ունեցել, որից օգտվել է թշնամին ու մեզ պատժել է դաժանորեն: Մեծը կասեր. «Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է»: Ո՞րն է սխալը: Ո՞վ է մեր սխալը գտնելու, ո՞վ է մեր սխալը սրբագրելու, եթե ոչ մենք: Գիտեմ, վերևներում հանձնաժողովներ կստեղծվեն, կքննեն, իրար կմեղադրեն, իրար կամբաստանեն, ոչինչ չի պարզվի, և նորից ու դարձյալ ավելի կկեղտոտվենք բոլորս… Բայց ցավն այդ չէ, այլ այն, որ այդ անմիաբան գզվռտոցի մեջ ավելի կթուլանա մեր պետությունը:
Ես շատ բան չգիտեմ, շատ բաներ էլ չեմ հասկանում, բայց մի բանում համոզված եմ. այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք անհատների հավաքածու կմնանք: Մինչև «ես»-երը «չմենքանան», մեզ ո՛չ հաղթանակ կսպասվի, ո՛չ բարվոք ու ապահով հայրենիք: Մեր պարտությունը դառն է եղել, ո՞վ չգիտի, բայց պարտությունը նույնպես արժանապատվորեն տանել պիտի կարողանալ, մանավանդ, վստահ եմ, որ մեզ դեռ հաղթանակներ են սպասվում: Եվ այդ է պատճառը, որ Ամանորի ու Սուրբ Ծննդյան նախօրյակին ես առաջին հերթին ու գլխավորապես դիմում եմ հայ զինվորին: Չէ՛, չեմ ուզում ասել՝ քաջ եղիր, չեմ ուզում համոզել, թե թշնամին նույն թշնամին է, և դու նույն «դուխովն» ես ու նույն քաջը: Չեմ ուզում համոզել, թե որքան էլ որ թշնամին լավ զինված լինի, բոլոր դեպքերում հաղթողը մարդն է: Չեմ ուզում իմ սահմանապահին հիշեցնել տանը սպասող ծնողների, հարազատների, օրվա մեջ աչքը հազար անգամ հեռախոսին գցող սիրած աղջկա մասին: Վստահ եմ, այդ ամենը նա ինձանից լավ գիտի: Ես պարզկա երկնքին եմ նայում ու, չգիտես ինչու, հավատում եմ, որ երկինքն էլ է մտածում իմ զինվորի մասին: Մտածում է մոր հոգատարությամբ, հոր վստահությամբ, սիրածի քնքշությամբ և ինձ հետ շշնջում է գոռալու նման.
– Դու էլ ես երկնքի փեշի մեջ: Մի՜ վհատվիր, ընկե՞լ ես, ոտքի կանգնիր: Քեզ դեռ շատ հաղթանակներ են սպասվում: Գիտես՝ պարտության դառնությունը ճաշակածն ավելի լավ է զգում ապագա հաղթանակների քաղցրությունը:
Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԸՆԿԵ՞Լ ԵՍ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻՐ
