Առաջին անգամ է, երբ տարին՝ թե՛ գնացողը, թե՛ գալիքը, որպես տարի չեմ կարողանում ընկալել։ Իրադարձությունների շղթայական ռեակցիան կուլ է տվել ժամանակահատվածների սահմազատման և սահմանագծման քարտեզները, և դրանք լղոզվելով տարածվել են, կորցրել իրենց ստվերագիրն ու վերածվել են դարաշրջանի։
Ժամանակին «Նորքի» յուրաքանչյուր համարին որոշել էի կոնկրետ ուղղվածություն տալ. այս մեկը միայն սիրո մասին է լինելու, մյուսը՝ հայրենասիրական, երրորդը՝ դաստիարակչական բնույթի, տարվա վերջում մի քիչ կփիլիսոփայենք, և այդպես շարունակ։ Որոշեցի ու միանգամից ծիծաղս եկավ, երբ պատկերացրի, թե ինչ անբնական ու որբ համարներ են ծնվելու՝ պայմաններով և պայմանականություններով սահմանափակված։
Ես չգիտեմ, թե երեք հարյուր տարի հետո (հուսով եմ, մարդկության խիղճը, այնուամենայնիվ, կհերիքի մի քիչ էլ ապրելու համար) մեր դարաշրջանը պատմության գրքերում ինչպես է կոչվելու. քովիդի, ինֆորմացիոն և քաղաքական պատերազմների դարաշրջան, անվերջ և առօրեական դարձած մահերի դարաշրջան… Չգիտեմ, բայց եթե ինձ հարցնեք, կասեմ. ես այն կանվանեի հասունացման դարաշրջան։ Որքան էլ որ չհամընկնի համատարած տգիտության հետ, որովհետև հասունացումը դեռ իմաստնանալը չի, բայց դու արդեն գոնե ինքդ քեզ ճանաչում ես և ուրեմն՝ պատրաստ ես ճանաչել աշխարհը, ուր Սանտա Կլաուսի կամ Ձմեռ պապի պարկի մեջ ինչ գցես՝ դա էլ կստանաս։
Ես արդեն թաքուն գցել եմ՝ բոլոր դարաշրջանակիցներիս համար։