«Արքան հրապարակում» թատերախաղը հայաստանյան բեմին մերօրյա իրականության արտացոլումն է՝ «ծուռ հայելիների» մեջ, որում սյուժետային զարգացումն ակնառու կերպով հիշեցնում է հանրային մտածողությունը և տրամադրությունները՝ ժամանակային կարճ կտրվածքում կտրուկ փոփոխություններով, գրոտեսկային, միաժամանակ, դրամատիկ կերպարները՝ հանրային գործիչներին և երկրի ճակատագիրը տնօրինողներին։ Աբսուրդի ժանրին, թերևս, դասվող այս բեմադրությունն արտացոլումն է հայ հանրության մեծամասնության՝ պատրանքներից դեպի իրականություն ցավալի ընթացքը, որ հավատի կորուստ է բերում և կյանքեր արժենում։ Ստեղծագործության հեղինակը ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Բլոկն է, որ, իբրև արձագանք Ռուսիայում 1905 թ. հեղափոխության փորձի և դրան հաջորդած արյունահեղության, իր ժամանակներն արտացոլել է խորհրդապատկերներով և հավաքական ցցուն կերպարներով՝ որպես նախազգուշացում, խրատ, վերջում արդեն՝ որպես իրողություններին սառն գնահատական հնչեցնելով դատապարտող ողջամտության ձայն, որը ևս բեմադրության մեջ կերպավորված է։ Բլոկի ստեղծագործության մեջ խորին թափանցումով և բարձրավեստ հայերենով՝ գործը թարգմանել է բանաստեղծ Գագիկ Դավթյանը։ Մինչ այս «Արքան հրապարակում» թատերախաղը մեկ-երկու բեմադրություն է ունեցել, բայց այսօրվա ներկայացումն ուղիղ գնահատական է մեր ապրածի, մեր զգացածի, և երկի վերջում հնչեցրած ուղիղ հարցադրումը, որ արվել է մեկ դար առաջ, չի կորցրել իր արդիականությունը։
Հակոբ Ղազանչյանի բեմադրած երաժշտա-դրամատիկական ֆանտազիայի պրեմիերան կայացավ 2021 թ. դեկտեմբերի 7-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոքր թատերասրահում։ Այս սրահը նախատեսում է սակավաթիվ հանդիսականի ներկայություն և անմիջական, թեկուզ պայմանականորեն, խոսակցություն՝ ներկաների և դերակատարների միջև, քանի որ չկա սովորական բեմ ու բեմեզր։ Խամաճիկների զգեստավորմամբ անհատները սպասում են փրկության նավերին։ Նավերը՝ հեռավոր, պատրանքային, լավագույն կյանքի երազներն են, որոնք ոչ մի կերպ չեն ժամանում և պատճառ են բերում վատ եղանակը, հողմերը և այլն։ Միմոսների հագուկապով և սև-սպիտակ շպարով դիմակավորված մի քանի դերասան՝ օդապարուկները (որ խաբկանքների խորհրդանիշն են) ձեռքներին, կերպավորում են հանրային վայրերը լցրած ամբոխներին. նրանց մտածումները պարզունակ են, նրանք հույսը դրել են գոյություն չունեցող ծովից գոյություն չունեցող նավերի ժամանելու վրա։ Այս ամենի Ճարտարապետը (որ հավաքական կերպար է)՝ սև զգեստավորված և դիմակավոր, հանդիսավոր, դանդաղ քայլով անցնում է ոգևորված մարդկանց առջևով և վերին հարկ բարձրանալով՝ այնտեղից մինչ վերջ դիտում է ամբոխի այլակերպումը, հուսաբեկումը, գնդակահարումը։ Թունդ շպարով դիմակավորվածների դեմքերին անընդհատ ժպիտն ու հիացումի դիֆերամբային արտահայտությունը, արձակած ձայնարկությունների չափազանցված պաթոսը հանդիսականի մոտ գնալով աճող հակակրանքի զգացում են առաջացնում, և սա, ենթադրում եմ, հենց ռեժիսորի դիտավորության ազդեցությունն է։ Դիմակների տակ քողարկված կերպարների էությունը բացահայտվում է՝ անհատի ապրումի ողբերգականությունն ընդգծելով, և այդ անհատն արվեստագետն է, որ սեր, երջանկություն և ներդաշնակություն է փնտրում հեղափոխության փոթորիկներում։ Ազատության տենչով ու սիրահարի ոգորումներով պոետ-մտավորականը (դարձյալ մի հավաքական կերպար) հընթացս իր դրամատիկ ուղին է անցնում՝ ի վերջո համաձայնելով իր անձն ու արվեստը ծառայեցնելու Ճարտարապետին՝ իբրև պարգև ստանալով կապանքներ, որոնցով գամվում է աթոռին, գլխին պալատական ծաղրածուի զանգուլակով գլխարկը, կամազուրկ և դավաճանված… Իսկ ամբոխը սարսափահար երկնչանքով փոխում է դեմքի անշարժ ժպիտը նույնքան անշարժ տխրությամբ և հուսահատության արտահայտությամբ, երբ հասկանում է, որ նավերը երբեք չեն ժամանելու, որ պատրանքների օդապարուկները պայթել են, և որ փողոցից իրենք են ստիպված հավաքելու և սեփական ուսերին կրելու իրենց գնդակահար ընկերների դիակները։ 1905 թվականի ռուսական հեղաշրջման փորձի մասին պատմության դասագրքերում գրվում է. «Գնդակահարվեց հավատը բարի ցարի նկատմամբ»։ Մեկ դար առաջ հեղինակի հնչեցրած ողջամտության ձայնը բոլոր ժամանակների համար է և առավել լայն լսարանի, քան Երվանդ Ղազանչյան փոքր դիտարանն է կարող տեղավորել։
Բանականության և ողջամտության ձայնը, որին ականջալուր չեն եղել, չարագույժ հիշեցնում է իր նախազգուշացումները. այն ներկայացման մեջ, որպես առանձին կերպար, հանդես է գալիս իբրև նախաբան և ապա՝ իբրև վերջաբան։ Թատերախաղի ավարտական ֆրազն այսօր մեր իրականության ամենահաճախ հնչող հարցն է՝ իսկ գուցե ճիշտն արտագա՞ղթն է։ Ռեժիսորի պատասխանն այս հարցին միանշանակ է՝ դերակատարների կողմից հրապարակավ, ցասմամբ դեն նետված ճամպրուկները, որ մարտահրավեր է իրականությանը, պարտվողականության մերժում և մեր օրերի հրամայականը։
Ներկայացման ավարտին այն զգացումն ունեցա, որ իմ ապրած իրականության խիտ մթնոլորտից շնչահեղձ եմ։ Գրական երկի բովանդակության խորքը ներկայացնելուն ծառայում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտությունը։