Թե ի՞նչ եղավ, երբ Ադամը արտաքսվեց դրախտից: Գրվեց առաջին բանաստեղծությունը: Հետո, ավելի ուշ, վեպը: Որովհետև մենք ոչ մի տեղեկություն չունենք առ այն, որ Եդեմում ստեղծագործել է Նարեկացու պես մեկը: Կամ գրվել է «Լիր արքա»: Կամ էլ՝ «Շագրենի կաշին»:
Չես գրի, քանի դեռ չի անցել մանկությունդ՝ յուրաքանչյուրիս անհատական դրախտը, թեկուզև՝ ոչ լավագույն ժամանակներում: Ի վերջո, նա, ով գրիչ է վերցնում, ցանկանում է ինչ-որ բան վերադարձնել: Ետ բերել կորուսյալը, ու նախ՝ ենթագիտակցաբար: Եվ կամ վերականգնել ներդաշնակություն: Ուզածդ պոետ այս հանգույցի մեջ է: Վարուժանի «Հացին երգը» հենց ա՛յս հանգույցի ծնունդ է,- ընդամենը մեկ օրինակ: Իսկ Չարենցը՝ սահմանագծին, երբ ոտքիդ տակի կամուրջը՝ կախովի, ճոճվում է ահռելի վիհի գլխին:
Այո՛, թե ինչ եղավ, երբ պակասեց: Երբ փոխվեց մի ամբողջ դար: Երբ թանկ մարդիկ հեռացան:
Գրականությունը «երեկն» է: Նույնիսկ եթե շարադրված է ներկա ժամանակով: Մեծ մասամբ՝ «Իսկ հետո եղանակը փչացավ»,- Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» գրքի առաջին նախադասությունը…
Ուրիշ գին չկա: Ուզում ես սրտեր հուզող գիրք՝ կլինի կորուստներիդ հաշվին:
***
Հայաստանն այսօր… զինվորն է: Որովհետև ոչ մեկիս խոսքը չի կարող հավասար լինել նրա տիտանական ջանքին ու տառապանքին: Նաև հոգեկան ուժին, նվիրումին ու արյանը:
Իզուր չեն ասել, որ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են: Ի վերջո, նախ պատերազմ, հետո Տոլստոյ: Հակառակը, մեծավ մասամբ, չի լինում: Կամ նույնիսկ եթե պատահում է, ապա ամենևին էլ ո՛չ Տոլստոյ:
Սակայն ո՞վ չգիտի, որ Հայաստանը նաև Թումանյանն է: Ինչպես և Հայոց երգը, եկեղեցիների անլռելի զանգահարությունը՝ Սարդարապատի ճակատագրական կռվի օրերին, Սարյանը, Քոչարի «Սասունցի Դավիթն» ու Փելեշյանի «Մենքը»: Այո՛, ազգային խտացված կենսափորձի ժայթքումներ: Այո՛, նաև թիկունքի անդուլ ու համառ աշխատանք: Այո՛, ոգևորող բառեր:
Բայց Խոսքն ավելին է բառերից, նույնիսկ ամենաազնիվ ու անկեղծ: Խոսքը երկիր է կառուցում: Կերպար տալիս Ժամանակին:
Այդ օրը դեռ կգա: Բայց դրա հետ մեկտեղ, ավելի ճիշտ՝ դրանից առաջ, պետք է որ բյուրեղանա այդպիսի խոսքի գիտակցությունը: Խոսք, որը չի մանրվում առօրյա կրքերի ու փրփուրների մեջ: Որովհետև Հայրենիքի աղ դարձած զինվորը չափելու է այդ խոսքը իր ծանր փորձառությամբ: Ի վերջո, նա դրել է իր միակ կյանքը Հայոց Տանը տեր կանգնելու նժարներին:
Հայոց տուն: Գուցե այս տեսլակա՞նը դառնա սպասվող ժամանակի մեջ ինքնակազմակերպվելու կողմնացույց:
***
Դոստոևսկին ասել է, որ վեպի մասին երազելն ավելի հաճելի զբաղմունք է, քան վեպ գրելը: Իսկ մոսկովյան մի դերասանուհի՝ նշանավոր ծովակալի դուստր, ով Դոստոևսկու «Дядушкин сон» պատմվածքի բեմականացման մեջ խաղում էր հերոսուհու դերը, երբեմն սիրում էր կրկնել,- ով երազում է՝ չի ապրում:
Այսինքն՝ ապրելը համարձակություն է պահանջում, իսկ երազելը՝ ոչ այնքան: Բայց ի՞նչ անենք այն համարձակ երազանքների հետ, որոնք աշխարհ են փոխել: Կոլումբոսի երազանքը, օրինակ: Ու հետո նշանավոր Ամերիկյան երազանքը, որը երկիր կառուցեց:
Իսկ ես հայկականն եմ փնտրում: Փոքր Մհերի հիասթափությունից հետո՝ այդ երազանքը տվել է Կիլիկիա, որը դիմացավ մի երեք դար, բայց ի ցավ սրտի՝ կորսվեց, ու մեր մեղավորությունն էլ հաստատ կար: Շատ հետո՝ Դավիթ Բեկի կարճատև ժամանակը: Ավելի հետո՝ ջուղայական կապիտալ, պետություն վերստեղծելու ծրագիր, «Որոգայթ փառաց», Հովսեփ Էմին, Իսրայել Օրի…
Հա՛, կղզի: Մխիթարյաններինը: Բայց փոքրիկ: Բայց մեծ հոգեգիտակցության և Հայոց երկիր գաղափարի նախապատրաստությամբ, որը մենք էլ էինք կարծես մոռացել՝ առօրյա գոյատևությանը կառչած: Մինչդեռ կղզին ձգտում էր մեր մասին նաև Եվրոպային հիշեցնել: Բայրո՞ն… Օպերաներ Տիգրան Մեծի մասի՞ն: Նապոլեո՞ն: Ով Սուրբ Ղազար այցելելուց հետո հայագիտական ամբիո՞ն բացեց Սորբոնում: Երևի վատ չէր, հա՞:
Հետո Աբովյան, Նալբանդյան, Րաֆֆի, թափ առնող գրականություն, Տերյանի Հոգևոր Հայաստանը՝ ուսյալ երիտասարդների միտքը արթնացնող:
Ու պատմական արդարության երազանքը, որ ուղեկցեց հետստալինյան սերնդին՝ արդեն սովետական ժամանակներում:
Ի վերջո՝ 88:
Ինքնուրույն պետականությունն ու Արցախը, որպես ազգային երազանքի իրականացում: Թանկ գնով, անշուշտ: Ինչն էլ կրկնակի թանկ էր դարձնում ձեռքբերումը…
Լավ, պատմաքաղաքականը քիչ թե շատ հասկացանք: Իսկ մարդկայի՞նը: Ի՛ր հողի վրա: Ժամանակի ու տարածության մեջ: Գուցե ամենազորեղը դա՞ է: Գուցե ա՞յդ հավաքական ուժից է շարժվում ու ձևավորվում պատմություն:
Դրա փնտրտուքի մեջ տագնապ կա: Ձեռքդ ուզում է գրիչը կոտրել, բայց նույնիսկ կոտրվող գրիչը հարցնում է,- ուրիշ և ավելի բարեկեցիկ երկրում ամեն գնով, նույնիսկ՝ հազար ու մի խորամանկություններով տեղավորվելու երազա՞նք: Հեռվից հեռու սիրելով, խրատելով Հայաստանը, ռեստորաններում «Հեյ ջան Երևան» երգելով և այդ Երևանում ու Հայաստանում ապրել չցանկանալով, իրենց որդոց ապագան միայն դրսերում պատկերացնելո՞վ:
Մեղադրելն ամենահեշտն է: Մենք դեռ դրախտավայր չենք: Բայց դրախտը վաղուց պատրաստի չեն ստանում: Այգի մշակելն է դժվար: Իհարկե, մարդու երկիր կառուցելու հրամայականը արդեն քանի տասնամյակ մնում է օրակարգի պահանջ: Բայց դա միակողմանի պատասխանատվություն չէ՝ միայն պետության վրա բարդելով:
Հայկական երազանքի բանաձևն եմ որոնում սովորական հայ մարդու համար,- այս դժվար ու վտանգավոր դարում, ինչպես ունեցան Կուպերից մինչև Ջեկ Լոնդոն ժամանակների ամերիկացիք՝ իրենց անհատական Ամերիկան հազար ու մի փորձությունների ու վայրիվերումների հանդիման կառուցելով, որն էլ հետո դարձավ Ամերիկա բոլորի համար:
***
Քարի վրա գրելը դժվար էր, մագաղաթի վրա գրելը՝ թանկ, ու հին ժամանակների լակոնիզմը,- մինչ այժմ այդպես էլ չգերազանցված,- իր նյութի դիմադրությանն է պարտական:
Իսկ հիմա «պատերին» ենք գրում՝ անշոշափելի, աննյութեղեն ու դյուրընկալ, ինչն էլ առաջ է մղում մեր բառերը՝ անհեծյալ երիվարների պես: Տեքստը դառնում է անհամբեր: Ցանում ենք՝ առանց հերկելո՞ւ…
Վախենամ, որ խոհն այլևս ավելի կարճ է, քան նախադասությունը, օրը նկարագրվում է՝ չապրված, կարծիքը փոխարինում է եղելությանը, եղելությունը՝ մոլորվում կարծիքների մեջ, քանի որ չի հասցնում մարսվել:
Մեր խոսքի առատությունը չի՞ դառնում արդյոք միգամածություն, որի մեջ անհետանում են առարկաների պարագծերը, կամ նույնիսկ ժամ առ ժամ ընդարձակվող լաբիրինթոս, որին չի բավականացնելու անգամ Արիադնայի ուղենշող կծիկը, քանի որ Արիադնան… ամենքիս համար չէ:
Մինչդեռ վերջին մեծ վեպը գրվել է համարյա կես դար առաջ: Վերնագիրը՝ «Մենության հարյուր տարին»: Իսկ հետո, իհարկե՝ լավ վեպեր կամ հետաքրքիր, նկատելի կամ նույնիսկ՝ տաղանդավոր, բայց մեծը, դարակազմիկը, կեցության առեղծվածների հետ մերձեցողը, որ կյանքն առասպելի չափով է վիպերգում և գաղտնազերծում է իրականությունը՝ երևակայությամբ, դեռևս ոչ:
***
Երկիրը ծնվում է իր մշակույթից: Պատմությունը հակառակ օրինակներ չունի: Կասեք՝ Սինգապո՞ւր: Բարեկեցիկ, ուժեղ, դարից առաջ անցած: Բայց Սինգապուրը պետություն է: Գուցե հետո դառնա երկիր: Չմոռանանք, որ նրա ամենահին պատմամշակութային հուշարձանը հայկական է:
Իսկ մշակույթ՝ չի նշանակում միայն արվեստներ: Որովհետև մշակույթը ամբողջությունն է մարդու և ազգի կենսագոյության: Ասում ենք, չէ՞,- «հող մշակել»: Ասում ենք, չէ՞,- «հողի մշակ»: Հենց այստեղից է սկսվում: Նաև քաղաքներ ու ճանապարհներ ու ջրանցքներ կառուցելը: Նաև օրենքներն ու հասարակական կյանքի կարգավորումը: Արժեհամակարգ ու կրոն: Եվ քաղաքակա՛ն մշակույթ,- այս հասկացությունն էլ չմոռանանք:
Իսկ գիտությո՞ւնը: Այն ամենևին էլ առանձին չէ մշակույթից, այլ՝ երկվորյակը ի սկզբանե, ինչը ցույց է տվել սըր Չարլզ Սնոուն իր հայտնի տրակտատում՝ վիպասան և… բրիտանական միջուկային պրոյեկտի մասնակից – ֆիզիկոս:
Երբ հին հույները ցանկանում էին բնորոշել անկիրթ – անուսում մարդուն, ասում էին,- նա ո՛չ կարդալ գիտե, ո՛չ՝ լողալ: Տեսեք, որ մարմնակրթությունն էլ է մշակույթ, դեռևս անտիկ գիտակցության մեջ: Եվ կրթությունն ամբողջությամբ՝ հատկապես:
Իսկ տարանջատումները մասնատում են օրգանիզմը: Իսկ մասնատված օրգանիզմն արդեն չի շնչում:
Նախահյուսվածք: Օտար բառով ասում են՝ «մատրիցա»: Այգեպանից մինչև գիտնական ու փիլիսոփա՝ ստեղծեցիր մշակույթ,- կյանքի կոչեցիր երկիր: Թեպետ ամեն ինչի հիմքում լեզուն է: Քո՛նը, անկրկնելին, ամենքիս իրար բերող և աշխարհի խորքն ու լայնությունը վերցնող: Իր չափով է մնացյալը: Երգից ու հեքիաթից մինչև բովանդակ մարդկություն, որովհետև եթե լեզուդ ունակ է իրենով անել Արիստոտել ու Կանտ, Շեքսպիր ու Ֆիրդուսի, ուրեմն՝ տեղանքից ավելին է:
Բայց հիմա գուցե հա՞րց կա. որքա՞ն ենք շարունակում հավասար մնալ մեր իսկ մշակույթին: Եվ հաջորդ հարցը. իսկ ի՞նչ անել այս վտանգավոր ժամանակների դաժան մրցակցության պարագաներում:
Անգլիան հաղթահարել է հազար ու մի վտանգավոր ժամանակ, շնորհիվ իր «լուսավորյալ պահպանողականության», որն էլ մի յուրատեսակ ազգային համաձայնություն է: Լուսավորյալ,- ասել է թե՝ նորանալու և առաջընթացի պատրաստ: Պահպանողականություն՝ նշանակում է հիմնարժեքների հենարան:
***
Իրականության աչքերի մեջ նայելը Մեդուզայի աչքերի մեջ նայելու պես բան է: Հելլենական առասպելը հիշենք,- ով նայեց՝ մոխրանում էր անմիջապես: Ուստի և Պերսևսը, այդ հրեշի հետ մենամարտելիս հայացքը հառել էր միայն արտացոլանքին, այսինքն՝ իր վահանին, ինչի շնորհիվ էլ կարողացավ հաղթել:
Հիմա մի հարց. արդյո՞ք գեղարվեստը մի այդպիսի պերսևսյան վահան չէ, որը դրված է մարդու և իրականության միջև: Մի դեպքում այն թույլ է տալիս հաղթահարել իրականությունը՝ առանց իսկությունը քողարկելու, մեկ այլ դեպքում՝ իմաստավորել հոգեպես, մյուս դեպքում՝ ունենալ և առաջարկել բարոյական այլընտրանք, կամ էլ բոլորիս հայտնի «մեծ պատրանքը» – առանց ինքնախաբեության:
Իհարկե, Նիցշեն ասում է, որ արվեստը հաշտեցնում է մարդուն իր դժբախտությունների հետ, և ինքն էլ իր չափով է ճշմարիտ, քանի որ գեղեցիկը նաև մխիթարում է՝ Մոցարտի երաժշտությունից մինչև Չապլինի կինո, բայց չմոռանանք, որ պերսևսյան վահանի պարագայում մենք ունենք մենամարտ ու պայքար:
Դարերն անցան: Մեր կյանքի ժամանակները շատ բան փոխեցին, թեպետ նախանշանները գալիս էին ավելի վաղ: Ուղիղ հայացքի փիլիսոփայությունը սկսեց մոխրացնել մարդուն: Եվ քայքայել մշակույթի կենարար, ապրեցնող առաքելությունը: Դա երևաց դեռևս նատուրալիստների, իսկ հետո, զորօրինակ, Կաֆկայի վեպերից, եկավ հասավ Քերուակի կամ Բուկովսկու ստեղծագործություններին,- վերջինիս ցինիզմը, չգիտես ինչու, պաշտամունքային է դարձել շատերի համար, մինչդեռ մեզ հայտնի են Դոստոևսկու «նզովյալ ճշմարտությունները», որոնց մեջ տառապանք ու հոգեփրկության ճիգ կա,- իսկ կինոյում՝ «սինեմա վերիտեի» պարզունակացված ընկալումից մինչև Տարանտինո ու նույնիսկ… Լարս ֆոն Թրիեր:
Այս ամենն իր ընդլայնվող շարունակությունը գտավ նախորդ դարավերջի և այս դարասկզբի ճահճածաղիկների տեսքով՝ «չեռնուխա»-ից մինչև լեզվի լյումպենացում, ու հայերիս էլ հասավ: Մինչդեռ ճահճածաղիկները, այո՛, կարող են նաև հմայիչ լինել, բայց գտնվում են մահաբեր մակերեսին:
Իսկ ի՞նչ է հուշում պերսևսյան վահանից հրաժարվելը: Մարդը կամովին լքում է այն աշխարհը, որտեղ կառուցում էր Սան Մարկոյի տաճար կամ Նորավա՞նք: Նկարում որպես Գոգեն կամ Մինա՞ս: Ազնվացնում մեր բաժին կյանքը որպես Տերյան կամ Պաստեռնա՞կ: Ընդ որում՝ լքում մի զարմանալի հրճվանքով, հանձնելով իր տեղը… արհեստական ինտելեկտին:
***
Երբ քաղաքը համեմատաբար լուռ է, իսկ կիրակի օրերին՝ հատկապես, վաղ առավոտյան ելնում ես պատշգամբ, ու թեթև քամին բերում է հրապարակի ժամացույցի զանգերը: Երբեմն նաև՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու: Մինչդեռ իմ պատշգամբը հեռու է: Ժամացույցի գործարանից քիչ վեր, Երևանն էլ՝ աչքիս առաջ: Երբեմն տեսնում եմ Նուբարաշենի կողմերի սև ծուխը՝ աղբանոցն են այրում: Երեկոյան էլ՝ Սայաթ-Նովա փողոցի լույսերը, շողշողուն քանոնի պես: Իհարկե, Օպերան: Եվ Արարա՛տը, ձյուները՝ լուսաբացին թեթևակի շառագունած,- հայոց ու համաշխարհային Լեռ, որը նայում է մեզ ակնդետ և առանց բառեր ծախսելու թելադրում, որ լինենք հենց այդպիսին՝ ամբողջովին հայ, բայց տեսողությամբ՝ աշխարհագիրկ:
Գիտեմ, որ այս տեսարանը շատ երկար չի մնա: Արագ – արագ կփակեն շենքերով, հետն էլ՝ կտրելով անթիվ ծառեր, համակված մի անխորտակելի վստահությամբ, որ այդ թթվածինը հարկավոր չէ իրենց երեխաներին: Կարևորը՝ սարը միայն իրենք տեսնեն:
Բայց առայժմ քաղաքս է: Տանն եմ և այդ պատշգամբում նստած՝ շրջում եմ փողոց առ փողոց: Հազար բան փոխվել է անշուշտ, բայց կան անփոփոխ նշաններ: Դիմակների մասին ասե՞լ եմ,- Օպերայի ճաղաշարի: Թատերական սիմվոլներ էին, բայց ահա՝ դարձան մեր առօրյան: Ակամայից մտածում ես՝ դարը դեմք չի ուզում և ստեղծել է շարժառիթ, բայց նաև հեռու ես քշում այդ միտքը, որովհետև որևէ «ֆաստ ֆուդ», մանավանդ մտավորը, կարող է և վնասակար լինել:
Բայց ես, Պուշկինով, արդեն հասա Պրոսպեկտ: Ծնվել եմ, երբ այն Ստալինի անունն էր կրում: Այժմ համարյա մոռացված գրող Վալտեր Արամյանը, ում երևանյան պատմվածքները հիանալի են, արդեն խրուշչովյան «ձնհալին» վերադառնում է աքսորից՝ Կոլիմա, ամենադաժան տեղերից մեկը, և նրան, ի մխիթարություն, բնակարան են առաջարկում հենց Ստալինյան պողոտայում: «Ո՛չ,- ասում է նա քաղսովետի բարձրաստիճան պաշտոնյային,- այդպիսի անունով փողոցում չեմ ապրի»: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ պաշտոնյայի գունատված դեմքն ու արյան ճնշումը: Չէ՞ որ բեղավորի արձանը դեռ քաղաքիս գլխին էր… Վալտեր Արամյան, ինձ՝ առաջին գիրք հրատարակած երիտասարդ հեղինակիս, Գրողների միության անդամ դառնալու երաշխավորողը… Իսկ երևանցիք պարզապես ասում էին Պրոսպեկտ: Որ Ստալին կամ Լենին անունները չտան:
Մութն արդեն ընկավ: Պատշգամբային հաջորդ զբոսանքը՝ մեկ այլ անգամ:
