ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ
Կամ՝ երկիր, որ անցյալը որպես նվիրական դի կրում է շալակին
Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության և գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը։
Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները։ Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ ու աճապարանոք զբոսնող գժերի նման հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածներ։
Այդ ուրվական-քաղաքների ուրվական-կվարտալների բնակիչները ապրում են որպես ուրվական-քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի և չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը։ Չեն հավատում, սպասում են հրաշքի և հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն։ Եվ ամեն մի քաղաքականացված ստահակ՝ ասպարեզ գալով իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այդ մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն։
Մարդիկ հավատում են։ Հետո դադարում են հավատալ։ Հետո էլի հավատում են։ Հետո դադարում են հավատալ… Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով։ Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել։ Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի։ Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում և թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին։ Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետև հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաև թարմ սպանություն։
Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ։ Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է և էլի արյուն է ուզում, որովհետև ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ։ Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է։ Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետև ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից։ Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին։
Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից։ Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին և դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին։
ՄԻ՛ ՄՏԵՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏԱՃԱՐԸ, ԿՈՎԵ՛Ր
Մարկեսը ասում է. «Բազմացե՛ք, կովե՛ր, կյանքը կարճ է»։ Հետևեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։
Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեն կապած, քարշ եկեք արևելյան քաղաքների բազարներում և հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։ Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետև ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։ Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ո՛չ պատասխանատվություն է պետք, ո՛չ հոդաբաշխ լեզու, ո՛չ առավել ևս՝ ուղեղ, որովհետև ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահման յոնջայի դաշտ և կախգլուխ արածելով՝ գնացեք, մինչև ռաստ կգաք անդունդի։ Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետև ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։
Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները և մի՛ մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետև եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք և բառաչեք անկաշկանդ, որովհետև ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի և, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին: Կովի ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը՝ մինչև տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք՝ ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի՛ մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ։
…Աֆրիկայի զուլուսները մի սահմռկելի սովորություն ունեն, քանի որ «ադաթ» է, որ հյուրին «պատվեն» տան կնոջ անկողնով (հյուրը, սակայն, այնքան ճարպիկ պիտի լինի, որ անակնկալ հայտնվի վրանի շեմին-հյուրընկալելու պայմանն այդ է), քանի որ այդպիսի սովորություն ունեն, որպեսզի ջոկեն, թե երեխաներից ով է իրենցը, ով՝ ոչ, նորածնին դնում են իրիկունը հանդից վերադարձող նախրի ոտքերի տակ, փարախի շեմին։ Ենթադրվում է, որ կովը հոտից, թե ինչից պիտի հարազատին տարբերի օտարից։ Այսպես էլ մենք (այդ հնարամիտ զուլուսների նման) մեր «ազգային իդենտիֆիկացիայի» համար մեր ձեռքով մեր մանուկ Հանրապետությունը, մեր փոքր երկիրը դրինք փորձության՝ հանդից դարձող տավարի ոտքերի տակ… Եվ, այդուհանդերձ, մի՛ մտեք մեր լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես։