Նոյեմբերի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի «Անկորնչելի Հայաստան» գրքի (6-րդ) հատորը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ռուզան Ասատրյանին բնութագրելով իբրև անհանգիստ գրողի, մտածող մարդու, նշեց. «Լինելով հրաշալի հրապարակախոս՝ ձեռքը դրել է մեր կյանքի զարկերակին և սրտի ամեն զարկ վերածել է վերլուծության, քննարկման, պատմական որոշակի էքսկուրսների, ժամանակի քննախոսության, որոնք հրապարակախոսի հոգու թրթիռներն են, արձագանքները, նրա մտածողության ելևէջները»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, գիրքը համարելով տարեգրություն, հավաստիացրեց, որ թե՛ այս, թե՛ հեղինակի մյուս՝ «Օրերի դեմքը», ժողովածուներով կարելի է հստակ պատկերացում ունենալ, թե մեր ժողովրդի, մեր հասարակության հետ ինչ է տեղի ունեցել 1913-1921 թթ. ընթացքում: Նա պատահական չհամարեց այն, որ գրքում հավաքված տարբեր տիպի ֆեյսբուքյան գրառումներից հետո դրված է պիես Տիգրան Մեծի մասին, քանի որ ֆեյսբուքյան այդ գրառումների մեջ բազմիցս հանդիպում ենք Տիգրան Մեծի ժամանակներին ու կերպարին: Ապա անդրադառնալով պիեսին՝ Պ. Դեմիրճյանը նկատեց, որ հրապարակախոսությունը գերակշռում է գեղարվեստականությանը, որովհետև Ռ. Ասատրյանը ցանկանում է շատ ավելի հեղինակային խոսք ասել իրավիճակների, մարդկանց, պատմության մասին, քան հերոսների երկխոսություններից պիտի ընկալվեր: «Գրքի արժանիքը հենց այն է, որ սա կենդանի, անմիջական, ապրված զգացողությունների, տպավորությունների ժողովածու է, որը կարող է իսկապես շատ օգնել հետագա ուսումնասիրողներին մեր այս բավական բարդ ժամանակահատվածը քննության ենթարկելու ժամանակ»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:
Ըստ դրամատուրգ, «ԳԹ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի` «Մեր դաժան օրերի, մեր ապրումների քրոնիկոն է սա: Ռուզանը հետևողականորեն ու սկզբունքայնությամբ այս և նախորդ գրքերում շարունակում է ամեն օր գրառել և՛ իր մտքերը, և՛ իր զգացմունքերը, և այդ օրերի հարահոսում երբեմն նաև այնպիսի հետևություններ է անում, որ հասկանում ես՝ անգամ էմոցիոնալ դժվար դաշտի մեջ, իսկապես, սթափ միտք պետք է ունենաս, որ սթափության կոչ անես,- ասաց Կ. Խոդիկյանը և հավելեց,- գրողի գրիչը հավատի տաճարն է փորձում կանգուն պահել»:
Արևշատ Ավագյանը, նշելով, որ Ռ. Ասատրյանը անուղղակի ձևով դարձել է մեր ժամանակի տարեգիրը և պատմիչի նման ներկայացնում է Հայաստանում կատարված իրադարձությունները, վստահեցրեց, որ այս գրառումները ժամանակի համար կարևոր նյութ են պարունակում գաղափարական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և ազգագրական առումով:
Ելույթ ունեցան նաև պատմաբան Անժելա Տերյանը, Վան Արյանը և ուրիշներ՝ հավաստիացնելով, որ Ռ. Ասատրյանի «Անկորնչելի Հայաստան» գիրքը նաև հույսի, լավատեսության, ապագայի հանդեպ հավատով լցված գիրք է:
Շնորհակալական խոսքում Ռուզան Ասատրյանը, նշելով, որ գրքի գաղափարախոսությունը Նժդեհի խոսքերն են՝ «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում հայրենասիրության պակասից», որ կարմիր թելի պես անցնում են գրքի էջերով, ասաց. «Վերնագրեցի «Անկորնչելի Հայաստան» և կարծես թե կնիք խփեցի այն բոլոր օրերի վրա, որ միևնույն է, Հայաստանը անկորնչելի է: Ինչ էլ պատահի, մենք նորից կծաղկեցնենք մեր երկիրը»: