Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը 2021 թվականին հրատարակել է չորս նոր գիրք, իսկ երկու գիրք վերահրատարակվել է («Հայ գրականության դասագիրք (միջնադարի շրջան) 10-րդ դասարան» և Բոդլեր, «Էսթետիկա, քննադատություն»)։
Հենրիկ Բախչինյանի «Ֆրիկի բանաստեղծական ժառանգությունը. Բնագրեր և քննությունը» (Երևան, հրատարակություն Թեքեյան մշակութային Միության, «ՎՄՎ պրինտ», 444 էջ) բովանդակում է 13-րդ դարի մեծ բանաստեղծ Ֆրիկի ժառանգությունն ու նրա բանասիրական-գրականագիտական քննությունը: Ներկայացված են բանաստեղծի հեղինակած բոլոր բանքերի և հայրենների հնարավորինս ճշտված բնագրերը, դրանց արձակ աշխարհաբար վերածումները, ծանոթագրություններն ու մեկնությունները: Քննված են Ֆրիկի կյանքը և նրա ստեղծագործության գաղափարական բովանդակությունն ու գեղարվեստական արժանիքները:
Ինչպես նշել է հեղինակը նախաբանում. «Վաղուց արդեն հասունացել է մեծ բանաստեղծի բանքերի նոր՝ լիակատար հրատարակության և նրա կյանքի ու գործի համակողմանի քննության պահանջը: Այդ պահանջի արդյունք է մեր այս աշխատությունը, որ ստեղծված է ֆրիկագիտության բավական հարուստ փորձի հիման վրա: Գրքի ներածական բաժնում շարադրել ենք Ֆրիկի կենսագրությունը և կատարել նրա բանաստեղծական ժառանգության ընդհանուր տեսությունը, որտեղ քննել ենք ստեղծագործությունների ժամանակագրությունը, ժանրային պատկերն ու հարակից խնդիրները: Այնուհետև ներկայացրել ենք բանքերի և հայրենների բնագրերը, դրանց արձակ աշխարհաբար վերածումները և տարաբնույթ ծանոթագրություններն ու մեկնությունները: Աշխատության վերջին բաժնում մանրամասն քննել ենք Ֆրիկի ստեղծագործության գաղափարական բովանդակությունն ու գեղարվեստական արժանիքները, որոնց շնորհիվ նա իր նշանակալից ու յուրահատուկ տեղն է գրավել միջնադարյան հայ քերթության մեջ՝ որպես կրոնական և աշխարհիկ երգիչ, որպես մեծ աստվածասեր և աստվածամարտ բանաստեղծ»:
Բախչինյանի երկրորդ գիրքը՝ «Հայ միջնադարյան բանաստեղծությունը» հնգահատոր աշխատության առաջին հատորն է՝ «Ոսկեդարից Նարեկացի» (Երևան, «ՎՄՎ պրինտ», 391 էջ)։ Հատորում քննվում է 5-10-րդ դարերի հայ բանաստեղծության գրապատմական ուղին՝ երեք փուլերով. Ոսկեդար, 7-8-րդ դարեր, 10-րդ դար:
Առաջին փուլն ընդգրկող բաժնի ներածականում քննված է հայ անհատական բանաստեղծության սկզբնավորումը, որպես օրհներգություն, ապա ստեղծագործությունների գաղափարական և գեղարվեստական վերլուծությամբ ներկայացված են ոսկեդարյան օրհներգուները (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Գյուտ Արահեզացի, Մովսես Խորենացի, Հովհան Մանդակունի, Ստեփանոս Սյունեցի Ասողնիկ): Երկրորդ փուլն ընդգրկող բաժնում առկա է ժամանակի պատմամշակութային հարցերին նվիրված ներածական, և ներկայացված են այդ շրջանի բանաստեղծության խոշոր ներկայացուցիչները (Կոմիտաս Աղցեցի, Դավթակ Քերթող, Սահակ Ձորոփորեցի, Հովհան Օձնեցի)՝ առանձնակի և երկրորդական կարգի հեղինակները՝ միասնաբար: Երրորդ փուլն ամբողջությամբ վերաբերում է միջնադարյան հայ քերթության հանճարի՝ Գրիգոր Նարեկացու ստեղծագործության քննությանը:
2021-ին Բախչինյանի աշխատասիրությամբ հրատարակվել է նաև «Շարականներ. 12-14-րդ դարեր. գրաբար և աշխարհաբար» (Երևան, Սարգիս Խաչենց – ՓՐԻՆԹԻՆՖՈ, 431 էջ) հատորը։ Այն բովանդակում է 12-14-րդ դարերում ստեղծված կանոնական և պարականոն շարականները՝ ըստ հեղինակների, որոնց ինքնությունը որոշակի է կամ որոշակիորեն ճշտված (բացառությամբ երեք անանուն կանոնների): Բնագրերին զուգահեռ ներկայացված են դրանց տողացի արևելահայ աշխարհաբար վերածումները: Գիրքն ունի ծանոթագրություններ և տվյալ ժամանակաշրջանի շարականագրությանը նվիրված քննական ակնարկ: Հատորից բացակայում են 12-րդ դարի խոշորագույն բանաստեղծի՝ Ներսես Շնորհալու շարականները, որոնք Բախչինյանը լույս է ընծայել առանձին հատորով՝ օրհներգ-շարականների նույն այս մատենաշարով: Կանոնական բնագրերը հրատարակության են պատրաստել Շարակնոցի Կ. Պոլսի 1853 թվականի տպագրության, իսկ պարականոնները՝ Ս. Ամատունու «Հին եւ նոր պարականոն կամ անվավեր շարականներ» (Վաղարշապատ, 1911) հատորի հիման վրա: Բնագրերին զուգահեռ տրված են դրանց տողացի արևելահայ աշխարհաբար վերածումները: Աշխատասիրողը կատարել է բնագրերի անհրաժեշտ ծ անոթագրություններ: Հեղինակների և գործերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունները տեղ են գտել «Շարականագրությունը 12-14-րդ դարերում» քննական ակնարկում:
Եվ վերջապես Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովայի կյանքը» (Երևան, «ՎՄՎ պրինտ», 248 էջ) հատորը բովանդակում է Սայաթ-Նովայի կյանքի և գործունեության հանգամանալի քննությունը, որն ամենից համապարփակն է եղած բոլոր կենսագրականների մեջ: Աշխատությունը խարսխված է երգչի եռալեզու ողջ ժառանգության, բանասիրությանը հայտնի բոլոր տվյալների և սայաթնովագիտության բազմամյա փորձի ու ձեռքբերումների վրա: Ունի Հավելված, որտեղ ներկայացված է սայաթնովյան ծածկագրերի վերծանությունը: Բախչինյանը սայաթնովագիտությամբ զբաղվում է ողջ կյանքում. դեռևս 1984 թվականին նա իրագործել է Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ակադեմիական հրատարակությունը, այնուհետև կատարել բոլոր վրացերեն և թուրքերեն երգերի տողացի թարգմանությունները: Այդ հիմքի վրա գրել է «Սայաթ-Նովա. կյանքը և գործը» (Երևան, 1988) և «Սայաթ-Նովայի բանաստեղծական ժառանգությունը» աշխատությունները (Երևան, 2016), որտեղ ներկայացրել է երգչի երեք լեզուներով գրված բոլոր խաղերի մեկնությունները: «Դա էլ մեզ մղել է առավել հանգամանորեն շարադրելու Սայաթ-Նովայի սույն կենսագրականը, որն ամենից համապարփակն է եղած բոլոր կենսագրականների մեջ, քանի որ ներառում է դրանց փորձը և խարսխված է բոլոր հայտնի տվյալների քննության վրա»,- նշում է սայաթնովագետը:
«Գրական թերթ»
ՉՈՐՍ ՆՈՐ ՀԱՏՈՐ ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԻՑ
