Այո՛, էս դժնդակ ու խառնակ օրերի համար ուզածս շա՜տ մեծ բան էր։
Ճառագելու, արևելու ունակ մարդկանց ուզում էի Երևան մայրաքաղաքից հեռու մի տեղ ժողովել, որ թանձր խավարում նրանց ցրած լույսը միատեղ ճառագի, որ կուպրի պես գարշահոտ ու խտացած խավարի համասեռ պատը համատեղ ջանքերով գոնե մի տեղում ճեղքենք։ Ով կարող էր՝ եկավ, ով ուզում էր գալ, բայց չեկավ՝ ափսոսեց։ Եկան իրար կարոտած, թագախտասարսափը հաղթահարած, իրար կարոտած գրի մարդիկ՝ Գագիկը, Կարինեն, Էդվարդը, Աշոտը, Գևորգը, Գրիգորը, Արմինեն, Արուսյակը, երիտասարդ ֆիզիկոսները, նկարչուհին, Հռփսիմեն, Էջմիածնի պատանի ասումքողները… Կներեք, որ ձեր հնչեղ ազգանունները չեմ գրում, չեմ ուզում երախտիքիս խոսքը վերածել չոր լրատվական հաշվետվության։
Այո՛, ուզածս այն էր, որ իմ փոքրիկ քաղաքը, որ ժամանակին նույնպես մայրաքաղաք է եղել, աշնան արևից շիկնելով՝ հոժարակամ զիջի իր անվան «վ» տառն ու «ԱրմաԳիր» անվամբ փառատոնատեղ դառնա, որ հիշելով իր վաղնջական սոսյաց անտառը, նոր սկզբի համար սոսյաց նոր պուրակ հիմնի (ի դեպ, փառատոնի առաջին սոսին տնկելուց հետո, այդ տարածքում մոտ 50 սոսի էլ հաջորդ շաբաթ-կիրակի է տնկվել), որ այցելուներին կարոտ, բայց Էրեբունուց ավելի հարուստ Մեծամոր հնավայր-թանգարանի անտիկ փոշին մեր կոշիկներից թափ տալիս կիսակատակ փաստենք, որ միգուցե այս եզակի թանգարանի գոյության համար նաև Վարպետ Հրանտ Մաթևոսյանին ու իր «Մեծամոր»-ին ենք պարտական, ու հերթը միգուցե «Արմավիր» հնավայրինն է…
Ուզածս այն էր, որ գրական փորձեր անելու մասին անգամ ծնողներին ոչինչ չասած արվեստի դպրոցի պատանի սանը հանդիպումից ոգևորվի և այդ մասին ասի հանդիպման եկած գրողներին։ Որ գրական կյանքը ոչ միայն քաղաքի գունագեղ շատրվանի պես ցայտի, այլև այգի ջրող առվակի նման քչքչա։
Ուզածս էն էր, որ Թումանյան Գևորգի ընթերցելու ժամանակ դասական գրականության ջատագով գրադարանավարուհին դահլիճից ցուցադրաբար հեռանա, իսկ նրա ասմունքող սանին մրցանակ տալու որոշումը հենց Թումանյան Գևորգն ու Սարոյան Գագիկը կայացնեն, և որ հաջորդ օրը նույն գրադարանավարուհին իր այդ վերաբերմունքը կարողանա բարձրաձայնել և հակառակ կարծիքի հանդիպելով՝ հնարավորություն ունենա բանավիճելու, քննարկելու… Եվ ուզածս այն է լինելու, որ այդ գրադարանը համալրվի նոր գրականությամբ, նոր ընթերցողին հարիր դասական և արդի գրականության նոր հատորներով… Սա ոչ թե ակնարկ է, այլ ուղիղ խնդրանք է քաղաքիս երիտասարդ ու պատվախնդիր ղեկավարությանը, որ ամեն ինչ արեց…
Ուզածս ամբողջական ստանալուն միայն էս նորօրյա թագախտը խանգարեց, բայց ինչպես Մեծն է ասել՝ «Էս էլ կանցնի՝ հանց երազում…», գի՛րդ բեր։
Գիրդ բեր, Արմավի՛ր, որ իրար հյուսելով ստանանք ԱրմաԳիր։
***
Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Էն, ինչ որ որոշել էի մի քանի տարի առաջ կազմակերպել և անցկացնել Գյումրիում, գրական փառատոնի պես մի բան, ավելի շուտ բանաստեղծներին և բանաստեղծությանը առնչվող, նույնիսկ փառատոնի խորագիրն էի որոշել՝ «Շոգեգալուստ», նախաձեռնեց և փայլուն, առաջին անգամվա համար, կազմակերպեց բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը։ Ենթադրելի է, որ փառատոնը Գյումրիում չէր, այլ՝ Արմավիրում, քանզի Գիլանցը բնակվում է Արմավիրում։
Թեպետև ԱրմաԳիր LIT-FEST փառատոնը նախաձեռնել էր Գևորգ Գիլանցը, բայց այն ուներ նաև աջակիցներ։ Գլխավոր աջակիցը Արմավիրի քաղաքապետարանն էր, ամենակարևոր աջակիցը Գիլանցի եղբայր Ատոմն էր, ով անսպառորեն ապահովել էր իր թորած թունդ ծիրանի և խաղողի օղիները, նաև իր ավտոմեքենայով տեղափոխում էր մասնակիցներիս։
Առաջին օրը, Գիլանցին էլ հաշված, չորս մասնակիցներով էինք։ Արփի Ոսկանյանը չեկավ, քանզի վախենում էր կորոնավիրուսից, Հովհաննես Ազնավուրյանը չեկավ, քանզի արդեն վարակվել էր, Նշան Աբասյանը չեկավ, քանզի նրան ոչ մի պատճառ պետք չէ, այդպես ուզեց, և վերջ, Վաչագան Պապոյանը չեկավ, քանզի մոռացել էր, որ Արմավիրում պետք է իջնի և հասել էր Գյումրի, Համբարձում Համբարձումյանն էլ չեկավ, քանզի տեղյակ էր, որ Արփին չի գալու։
Գիլանցին էլ հաշված, Արուսյակ Օհանյանը, Գագիկ Սարոյանը, ես և մեր հրաշալի գիդ Արզուն Գևորգյանը առաջին օրը այցելեցինք Արմավիր մայրաքաղաքի հնավայր, զառիթափի ոլոր-մոլոր արահետներով հասանք միջնաբերդ։
Մի քանի տարի հետո այս հնավայրն էլ կկորցնենք՝ ոչ մի քայլ չի նախաձեռնվել այն փրկելու և պատմամշակութային հուշարձան դարձնելու համար։
Այնուհետև մեր ստեղծագործություններով ելույթ ունեցանք Արմավիրի մշակույթի տանը։ Գիլանցը բացման խոսքում նշեց, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը կնպաստի մշակութային կյանքի աշխուժացմանը մարզերում, կապահովի մշակութային ապակենտրոնացումը մայրաքաղաքից։
Երկրորդ օրը մեզ միացան Կարինե Խոդիկյանը, Աշոտ Գաբրիելյանը, Էդուարդ Հարենցը, Արմինե Անդան և Գրիգոր Գրիգորյանը։
Մեծ ոգևորությամբ պտտվեցինք Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի սրահներով և անցած հազարամյակների ողջ ստեղծագործական էներգիան մեր մեջ կուտակած՝ դպրոցականների և երիտասարդների հետ հանդիպելու նպատակով՝ այցելեցինք արվեստի կրթօջախներ և ակումբներ։
Փառատոնը եզրափակվեց Նոր Սոսյաց պուրակի հիմնարկեքով՝ Արմավիրի հրապարակամերձ օղակաձև այգում տնկվեց նորաստեղծ փառատոնի առաջին սոսին։