ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱԳԱՂԱԹԸ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ / Գ­րի­գոր ՋԱՆԻԿՅԱՆ

Սա այն դեպ­քը չէ, որ հա­մեստ ձևա­նամ: Ես հայ­կա­կան բա­նա­կի զին­վոր եմ ու իս­կույն ևեթ հա­վե­լեմ՝ հաղ­թա­նա­կա՛ծ բա­նա­կի զին­վոր:  Հայ­րե­նի­քի զին­վո­րը, ան­կախ տա­րի­քից, զին­վոր է մնում, հատ­կա­պես, ե­թե սպա­յի ու­սա­դիր­ներ է կրում: Չեմ թաքց­նում, եր­ջան­կա­հի­շա­տակ Վազ­գեն Սարգս­յա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ ստեղծ­ված ա­ռա­ջին ազ­գա­յին բա­նա­կա­յին պար­բե­րա­թեր­թի՝ «­Հայ զին­վո­րի» ծա­ռա­յո­ղա­կան տա­րի­նե­րիս ա­մե­նաեր­ջա­նիկ­ներն այն պա­հերն էին, երբ ար­ցախ­յան հեր­թա­կան գոր­ծու­ղու­մից վե­րա­դառ­նա­լիս բարձ­րա­նում էի Շու­շիի բեր­դա­պարս­պի ա­մե­նա­բարձր աշ­տա­րակն ու հո­րի­զո­նում տես­նում էի ա­զա­տագր­ված Նա­խիջ­ևա­նը: Արևմտ­յան Հա­յաս­տա­նը: Արևմտ­յան Հա­յաս­տա­նի իմ գողտ­րիկ բնօր­րա­նը՝ Ակ­նը: Ինձ ինք­նա­պարծ մի՛ հա­մա­րեք: Ֆ­րան­սա­հայ հո­գե­վեր­լու­ծա­բան Հե­լեն Փի­րալ­յա­նը, ով զբաղ­վում էր հե­տա­գա սե­րունդ­նե­րի վրա ցե­ղաս­պա­նութ­յան գոր­ծած ազ­դե­ցութ­յամբ, իր գի­տա­կան աշ­խա­տութ­յուն­նե­րում հա­վաս­տում էր, որ ցե­ղաս­պա­նութ­յան, այ­սինքն՝ զո­հի բար­դույ­թը  կրում է ան­գամ այն սե­րուն­դը, ո­րը հա­մազ­գա­յին սպան­դի մա­սին ո­չինչ չգի­տի, գա­ղա­փար էլ չու­նի…
Ա­զա­տա­մար­տի ա­մե­նա­լար­ված օ­րե­րին ես նրան Ար­ցախ տա­րա: Տի­կին Փի­րալ­յա­նը ե­ղավ խրա­մատ­նե­րում ու խրա­մու­ղի­նե­րում, զրու­ցեց ջա­հել զին­վոր­նե­րի, ա­լե­հեր կա­մա­վո­րա­կան­նե­րի հետ, այ­լա­փոխ­վեց:
– Հայ ժո­ղո­վուր­դը թո­թա­փել է զո­հի բար­դույ­թը,- ա­սաց,- հի­մա դուք հա­վա­տում եք, որ հաղ­թե­լու եք, դուք ան­պայ­ման կհաղ­թեք:
Ու մենք հաղ­թե­ցինք, ո­րով­հետև, ա­յո՛, մեր հաղ­թա­նա­կին հա­վա­տում էինք:
Ան­շուշտ, աշ­խար­հում ոչ մի ժո­ղովր­դի տրված չէ միշտ հաղ­թել, բայց տրված չէ նաև պար­տութ­յան հետ հա­մա­կերպ­վել: Պար­տութ­յու­նը անձ­նա­տվութ­յուն չէ, պարտ­վել չի նշա­նա­կում վճռել, որ այս բնա­կա­վայրն այլևս մեզ պետք չէ, այդ լե­ռը պետք չէ, այն լի­ճը պետք չէ: Օ­դում նույ­նիսկ ա­նո­րոշ, բայց չա­րա­գույժ լու­րեր են պտտվում, որ ընդ­հան­րա­պես Ար­ցա­խը մեզ պետք չէ, որ ա­ռանց Ար­ցա­խի մենք՝ հա­յաս­տա­նա­հա­յերս,  իբր ա­վե­լի բար­վոք ենք ապ­րե­լու: Ու զար­մա­նա­լին այն է, որ ա­մե­նա­բարձր ամ­բիոն­նե­րից ա­սես խրա­խու­սում են այդ ազ­գա­կոր­ծան մտայ­նութ­յու­նը՝ խոս­տա­նում են  հան­րա­պե­տութ­յան  ճա­նա­պարհ­նե­րը  կպրա­պա­տել,  ու­սու­ցիչ­նե­րի  աշ­խա­տա­վար­ձե­րը  բարձ­րաց­նել,  ծե­րու­նի­նե­րի  թո­շակ­նե­րը  հա­վե­լել… Ճիշտ է, այս բո­լոր խոս­տում­նե­րը դեռևս  ա­պառ­նի  ժա­մա­նա­կով  են  տրվում, բայց հի­շեց­նում են Վազ­գեն Սարգս­յա­նի խոս­քե­րը, ո­րոն­ցով նա Ա­զա­տութ­յան հրա­պա­րա­կում  ա­լե­կոծ­վող հան­րութ­յա­նը դի­մեց.
– Ժո­ղո­վո՛ւրդ, դե՛ ա­սեք, դուք ու­զում եք լա՞վ ապ­րել, թե՞ Ար­ցախն ա­զա­տագ­րել:
Ու ժո­ղո­վուր­դը միա­հա­մուռ ար­ձա­գան­քեց.
– Ար­ցա՜­խը…
Հա­յաս­տա­նա­հա­յը կի­սա­քաղց էր, ցրտից ու մթից սրթսրթում էր, բայց գնաց կռվե­լու, ո­րով­հետև նրան մար­տա­դաշտ տա­րան երկ­րի ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր ա­ռաջ­նորդ­նե­րը, ո­րոնց վստա­հում ու հա­վա­տում էր:
Մենք մեր պատ­մութ­յու­նը վաղն­ջա­կան դա­րե­րից գրում ենք մա­գա­ղա­թի վրա, իսկ մա­գա­ղա­թը դպրո­ցա­կան գրա­տախ­տակ չէ, որ այ­սօր­վա գրածդ վա­ղը ջնջես, ինքդ քեզ սրբագ­րես ու խմբագ­րես: Մա­գա­ղա­թը ազ­գա­յին պատ­մութ­յուն,  ու­զում եմ ա­սել՝ մեզ հա­մար սրբութ­յուն է: Թող նե­րի ինձ մեր մեծ բա­նաս­տեղ­ծը, ե­թե փոքր-ինչ այ­լա­փո­խեմ իր թևա­վոր ա­սույ­թը՝  «Այ­սօր մենք օ­դից, ջրից ա­ռա­վել կա­րիք ու­նենք հպար­տութ­յան՝ ար­ժա­նա­պա­տի՛վ հպար­տութ­յան»:
Գի­տե՞ք այս պա­տե­րազ­մում հա­կա­ռա­կորդ­ներն  ին­չո՞ւ հաղ­թե­ցին: Մի շատ պարզ պատ­ճա­ռով:  Ն­րանք  ի­րենց  ստա­հա­կին,  քնած  հայ  սպա­յին  կաց­նա­հա­րո­ղին     ա­մե­նա­բարձր  մա­կար­դա­կով, ազ­գա­յին  հե­րո­սի  պես  դի­մա­վո­րե­ցին, փա­ռա­բա­նե­ցին ու մե­ծա­րե­ցին, իսկ մենք  ձևաց­նում  ենք,  թե  չենք  նկա­տում  հա­նուն  հա­մա­հայ­կա­կան  նվի­րա­կան  նպա­տակ­նե­րի  քա­ռա­սուն  տա­րի  օ­տար  բան­տում  հե­ծած  ար­դա­րա­մար­տի­կի  վե­րա­դար­ձը  բնօր­րան…
Նո­րից կրկնեմ՝ Հայ­րե­նի­քի զին­վո­րը, ան­կախ տա­րի­քից, զին­վոր է մնում, ես հա­վա­տում եմ, որ երբ­ևէ է­լի՛ բարձ­րա­նա­լու եմ Շու­շիի բեր­դա­պարս­պի ա­մե­նա­բարձր աշ­տա­րակն ու հո­րի­զո­նում տես­նե­լու եմ ա­զա­տագր­ված Նա­խիջ­ևա­նը: Արևմտ­յան Հա­յաս­տա­նը: Արևմտ­յան Հա­յաս­տա­նի իմ գողտ­րիկ բնօր­րա­նը՝ Ակ­նը: Ինձ ինք­նա­պարծ մի՛ հա­մա­րեք, իմ վա­ղուց­վա մտե­րի­մը չա­րա­բաս­տիկ քա­ռա­սուն­չոր­սօր­յա պա­տե­րազ­մում կորց­րել էր միակ որ­դուն, ի­րար  հան­դի­պե­լիս, չգի­տեմ ին­չու, ինք­ներս մեզ մե­ղա­վոր էինք զգում, երկն­չում, հա­յացք­ներս խո­նար­հում էինք:
Բո­լո­րո­վին վեր­ջերս մտե­րիմս  տղա է ու­նե­ցել ու զոհ­ված տղա­յի ա­նունն է դրել, հի­մա հան­դի­պե­լիս մենք հա­մար­ձակ միմ­յանց աչ­քե­րի ենք նա­յում ու նույ­նիսկ ժպտում ենք:
Մենք հա­վա­տում ենք մեր վերջ­նա­կան հաղ­թա­նա­կին, ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ հայ ենք:
Հա­վա­տում ենք ար­դա­րութ­յա՛ն հաղ­թա­նա­կին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։