Երկիրն ու ազգը ճանաչելու լավագույն և ազնիվ ուղին նրա մշակույթը ճանաչելն է։ Եվ լեհ ժողովրդի հոգու նկարագիրը, ստեղծարար հանճարի զորությունն ընկալելի և գնահատելի դարձնելու կարևոր քայլ էր 19-րդ դարի փայլուն բանաստեղծ Ցիպրիան Կամիլ Նորվիդի ստեղծագործությունը հայ մշակութասեր հանրությանը թարգմանաբար ներկայացնելը։ Բազմատաղանդ այդ անհատն ունեցել է կյանքի դրամատիկ պատմություն. բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի, նկարչի և քանդակագործի բնատուր շնորհներին գումարվել է լավագույն կրթությունը, որը ստանալու նպատակով Նորվիդը դեգերել է եվրոպական մշակութային մայրաքաղաքներում՝ Դրեզդեն, Վենետիկ, Բրյուսել, Հռոմ։ Սակայն նրա կյանքը դառնացած էր այն ժամանակներում անբուժելի համարվող «հիվանդությամբ». չքավորությունը, հայրենիք վերադառնալու անկարողությունը, իր ապրած իրականության խոր ընկալումը, մոռացության մեջ՝ Փարիզի արվարձանում գտնվող Սբ. Կազիմիրի ապաստանում հայտնվելը նրա գրիչը գնալով դարձնում են զգայուն-ամբարիշտ, որ աստվածային կամքից զատ չի ընդունում ոչինչ՝ մարդկային եղծված բարքերն ու անարդարությունը, կեղծության կանոններով առաջնորդվող աշխարհական կյանքի պարտադրանքները։ Գրում է ո՛չ մերկապարանոց, այլ պոետական բարձր ոճով և խորհրդապատկերների կատարյալ իմացությամբ. նրա բանաստեղծությունը որքան դասական, այնքան տարականոն է, ուստի՝ ցայսօր գրականագետների կարծիքները բախվում են նրա ստեղծագործությանը գնահատականներ տալիս։ Կենդանության տարիներին գրեթե ճանաչում չգտած և մոռացված՝ նրա խորախորհուրդ պոեզիան պիտի գնահատվեր շատ ավելի ուշ. լեհերը հիմա նրա մասունքներին խոնարհվելու համար պիտի հասնեն Փարիզ, Մորմորանսիի հանրային գերեզմանատուն. (տեսնես՝ քանի՞ մարդ է ներկա եղել նրա անշնչացած մարմինը հողին հանձնելիս)։ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ Ցիպրիան Կամիլ Նորվիդի գրքի հուշանվերային հրատարակության շնորհանդեսը՝ համադրված լեհ անվանի երաժիշտների մասնակցությամբ համերգով և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանի տպավորիչ ասմունքով, կայացավ հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի լեփ-լեցուն դահլիճում։ Թարգմանված գործերը Նորվիդի հսկայածավալ գրական ժառանգությունից քաղ ված հանրահայտ քերթվածքներ էին, որ առաջին անգամ էին հնչում հայերեն։ Եվ ինչպե՜ս էին հնչում. մեր լեզվի կանոնականությամբ, բառապաշարի հարստությամբ, բանաստեղծական միտքը և հույզը, խոկումը և փիլիսոփայությունը միահյուս, ներդաշնակ կառուցելու արվեստով։ Գեղարվեստական թարգմանության հիրավի անթերի նմուշներ։ Եվ հավուր պատշաճի էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի, այլ բանախոսների բարձր գնահատականները Գագիկ Դավթյանի աշխատանքին։ Մի օրինակ միայն, որտեղ մարդկային կյանքի դժոխքն ապրած բանաստեղծը իր հոգու լույսով տանում է մարդկանց դեպի ներքին մաքրագործման խորհուրդ։ Ահա տողեր՝ «Շոպենի դաշնամուրը» բազմամաս ստեղծագործությունից.
Ես այն օրերին եմ եղել քեզ մոտ, Շոպե՛ն,//Երբ աջը Քո,//Ամբողջովին ճերմակ – ալաբաստրե ասես –//Թվաց՝ ջայլամային շքեղ փետուրի պես//Հպվեց փղոսկրե ստեղնաշարին,//Եվ ցոլքի պես կորավ անդարձորեն։//Դու ի՜նչ նման էիր դյութիչ այն կերպարին,//Որ ընդերքի կարծր մարմարիոնից//Քանդակվել է – հղկվել նոր ու նորեն,//Մուրճով և հատիչով Պիգմալիոնի,//Եվ հանճարին ընդմիշտ զրկել բառից»։
Ցիպրիան Կամիլ Նորվիդի ծննդյան 200-ամյակին նվիրված երեկոյին հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի, Կարոլ Լիպինսկու, Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։ Գիրքը տպագրել է «Արմավ» հրատարակչությունը Հայաստանում Լեհաստանի դեսպանության պատվերով, Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործոց, Մշակույթի, ազգային ժառանգության և սպորտի նախարարությունների, Լեհական մշակութային հիմնադրամի աջակցությամբ։
Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ