Թվաբանության ոչ մի կանոնի մեջ չեք գտնի, որ 365-ը տեղավորվի 44-ի մեջ: Բայց դա այդպես է: Այդպես եղավ անցած 365 օրերի հետ, երբ ամբողջ մեկ տարին և մենք՝ ազգովի, այդ հրեշի մեջ ենք ու չենք կարողանում թոթափել նրա հասցրած մորմոքը: Չէ՛, սա պարտվածի անտերունչ մղկտոց չէ, և միայն ահռելի կորուստների ցավից չէ, որ տվյատում ենք: Գլխահակ, շփոթված, հուսահատության ու հուսախաբության մեջ ենք: Հուսախաբություն, որ ոչ թե հոխորտացող ակներև թշնամուց պարտվեցինք, այլ հայտնվեցինք հզորների ծավալապաշտական նկրտումների գրպանում այն մանրադրամի դերով, որը կորցնելուց ցավ չեն զգում: Հուսախաբություն՝ բարեկամ ձևացող ու շողոմ բարեկամություն անողներից, հուսախաբություն՝ մտատանջող և կարծես ոչ անհիմն այն կասկածներից, որ մեր մատաղ շիվերը կտրող կացնի կոթը մեր անտառիցն է: Եվ էլի շատ ու շատ բաներ… Որտե՞ղ սխալվեցինք, որտե՞ղ ծռվեց մեր ակոսը: Ի՞նչ դաս եղավ սա մեզ համար և արդյո՞ք եղավ:
Մենք երբեք հեռատես ու դիվանագետ չենք եղել: Ո՛չ ներսի հարցերում, ո՛չ դրսի: Մեզ սիրով, սուրբ երդումով հյուր են կանչել, հլու գնացել ենք, ու սրով ստիպել են դավանափոխ լինել, հլու գնացել ենք, ու ցմահ բանտարկել են, գնացել ենք, ու սպանել են հենց էն պահին, երբ գինու թասը բարձրացրած՝ իրենց կենացն ենք խմել: Մենք ցանկացել ենք մայրաքաղաք կառուցել հանցագործներով ու տիրադավերով, մենք մեր պարտությունը բարոյական ենք համարել ու դար ու դարերով պարծեցել ենք դրանով, մենք մեր թագավորին սպանողի զարմին սուրբ ենք կոչել, ու էդ սուրբը հիմնահատակ կործանել է մեր հազարամյակների մշակույթը… Էս չե՞նք: Դառն է հաբը, բան չունեմ ասելու, բայց մեր ստեղծած դառնությունն է, մի օր կուլ ենք տալո՞ւ, թե՞ չէ, որ աչքներս բացվի ու ասենք՝ բա՛-վա՛-կա՛ն է:
Հետո՞: Ո՞րն է այն դասը, որը ճիշտ կողմնացույց ունի մեզ համար:
Այս հարցն իրենք իրենց պետք է տան՝ ղեկավարը, զինվորականը, գիտնականը, ճարտարագետը, մանկավարժը, բժիշկը, բոլորս:
Իմ կարծիքով, նախ, ինքնամաքրվել է պետք: Վերջին 30 տարում շատ ենք այլասերվել: Ինքնամաքրվել է պետք ամեն ոքից և այն ամեն ինչից, որոնք ջլատում են մեր ուժերը, սկսած՝ նվնվոցից ու աննպատակ գզվռտուքից մինչև պաշտոնամոլ ու իրենց կուսակցական բախչի սահմանից ուրիշ բան չտեսնող քաղգործիչները:
Կենսականորեն հրամայական է ազգային և պետական գիտակցությանը նպաստող գաղափարախոսություն ունենալը: Ազգի ոգին անպարտելի պետք է պահել: Մտավորականներս, առաջին հերթին արվեստի, մշակույթի գործիչները, որքան էլ սոցիալապես թե հոգեբանորեն ծանր լինի նրանց համար, պետք է լծվեն այդ գործին: Առանց մշակույթի միայն անապատն է լինում: Հոգու և ինքնության երաշտ չպետք է թույլ տալ՝ ինչ պայմաններ էլ որ լինեն, քանզի մշակույթն ու արվեստն ինքնին այն կենսատու ակունքներն են, որոնք սնում են Հայրենիք կոչվող անդաստանի այգիներն ու դաշտերը: Իսկ հասունացման ամառն ու բերքառատ աշունը հաջորդում են դրան: Սա, գոնե ինձ համար, ականջի օղ է: