Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում կայացավ շիրակցի բանաստեղծ Սամվել Մարգարյանի վերջին մեկուկես տարում հրատարակած «Տիեզերական սեր», «Մեր ժամանակների մարդը», «Մեծ Հայք» և «Հին Հռոմի հայ հերոսը» գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսքում ասմունքող Գայանե Սամվելյանը նշեց, որ բանաստեղծությունների «Մեծ Հայք» ժողովածուն նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված և հերոսացած հայ ռազմիկների հիշատակին, «Տիեզերական սեր» գրքում զետեղված են հեղինակի սիրային լավագույն ստեղծագործությունները, «Հին Հռոմի հայ հերոսը» հայերեն և ռուսերեն հրատարակված պոեմը 6-րդ դարում հերոսացած առասպելական զորավար Սմբատ Բագրատունու սխրանքների, իսկ «Մեր ժամանակների մարդը» գիրքը (արձակ, ակնարկաշար) անվանի գյումրեցի, «Սողոմոն Թեհլերյան» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, գործարար ու բարեգործ Ռազմիկ Դարբինյանի, Հայոց ցեղասպանությունը տեսած, հրաշքով փրկված նրա ծնողների մասին է:
«Սամվել Մարգարյանի բանաստեղծությունների թագն ու պսակը «Տիեզերական սեր» գիրքն է, ուր հայոց լեզուն ծավալվում է շքեղ գեղեցկությամբ»,- իր ելույթում ասաց բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը:
Արժևորելով հրատարակած գրքերի բովանդակությունը, գեղարվեստական առանձնահատկությունները՝ բանաստեղծ Շանթ Մկրտչյանը նշեց, որ Սամվել Մարգարյանը հաջողությամբ է տիրապետում ստեղծագործելու արվեստին, հարուստ, հետաքրքիր ու գեղեցիկ է նրա բանաստեղծական ներաշխարհը:
Գնահատանքի, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան արձակագիր, գրահրատարակիչ Վան Արյանը, գեղանկարիչ Վալմարը, բանաստեղծներ Ստեփան Միքայելյանը, Նարինե Ավագյանը, պատմաբան, բանաստեղծ և լրագրող Արմեն Կարապետյանը, իրավաբան Մարտին Թադևոսյանը, «Անիտուր» տուրիստական կազմակերպության տնօրեն Վոլոդյա Առուշանյանը, բանաստեղծ, վրացագետ Նինո Սպենդարաշվիլին, ՀՀ նորարարության և ձեռներեցության Ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը և ուրիշներ:
Ներկաներին իր երաժշտական ողջույնը մատուցեց Մոսկվայից ժամանած շնորհաշատ երգչուհի Էլվիրա Մարգարյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ և իր ստեղծագործական նոր ծրագրերի մասին պատմեց Սամվել Մարգարյանը:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ