Ըստ Հովհաննու Ավետարանի. «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն»: «Նրանով էր, որ Աստուած ստեղծեց ամեն ինչ, առանց նրա ոչ մի բան չստեղծեց: Կյանքը նրանով սկիզբ առավ և կյանքը մարդկանց համար Լույսն է»: Այս Բան բառի գործածությունը որքան վերացական է ընդհանրական, նույնքան որոշակի է կոնկրետ միջավայրում, ի զորու հանդես գալու գոյականական և բայական բազմիմաստությամբ, որն իր գրավչությամբ չի զիջում բուն իմաստը պարունակող արտահայտություններին: Այդուհանդերձ, բովանդակային այդ շռայլ ճոխության մեջ՝ իմաստ, միտք, գաղափար, երգ ու տաղ, իր ու առարկա և այլն, առաջնայնությունը պատկանում է Խոսքին, որն իր հերթին ունի տարատեսակ արտահայտչաձևեր: Հենց Բան-Խոսքն էր աշխարհարարման սկիզբը, որի զորությամբ ձևավորվեց ԲԱՆականությունը՝ իմաստը, միտքը, գաղափարը, այսինքն՝ կյանքն իր ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր-մտավոր Լույսի, ասել է թե՝ գեղագիտական և մշակութային շերտերի ամբողջության մեջ: Բան-խոսքի ծնունդը աշխարհարարման հոգևոր-մշակութային հայտնությունների բազմապատկեր հրավառություն է, որոնցից ամենաազդեցիկը չափածո խոսքը՝ բանաստեղծությունն է, որի Ասելիքը կարևորվում է գեղեցիկը նկատելու և գնահատելու, նրբազգացության և բարձրաճաշակ մտածողության չափորոշիչներով, մարդեղության և կատարելության ձգտման կարողություններով: Սա Մարդու բնույթին հարիր մշակութային մի տարածք է, որի բացակայության պարագայում նա դադարում է լիարժեք կամ ընդհանրապես Մարդ կոչվելու պատվից: Այդ փիլիսոփայությունն առարկայանում է մտահղացումի և դրա գեղարվեստական արարմանն անհրաժեշտ հոգևոր ու գործնական կոփմամբ, որի համար անբավարար է միայն անձնական կենսափորձը, այլև ժամանակների և ժամանակակիցների հոգևոր պատմության և անհատի ներաշխարհի զննությունը, նախնյաց հասարակական գիտակցական ժառանգության իմացությունը, և էական է գալիքի կանխատեսումն ու պատկերացումը՝ նրան սպասվող մշակութային մարտահրավերների տեսլականով:
Պարույր Սևակը «Ավագ գրողի ողջույնի խոսքով» հրապարակման մեջ («Գարուն», 1970, N5) գրում է, որ «լոկ մի՛ մղումով է մարդը խոսում՝ բա՛ն ասելու նպատակով, իսկ եթե գրում է՝ առավել ևս,- ապա, մի քանի նախադասություն հետո, նկատում:- Գրականության մեջ էլ կա՛մ այսպես պիտի լինի, կա՛մ ոչինչ էլ չպիտի լինի: Գ. Դավթյանի մեջ, ահա՛, ինձ դուր է գալիս նրա այն ձգտումը, որ ուզում է բան ասել, և ասել այնպես, որ բան հասկացվի»: Իսկ ի՞նչ ակնկալություն ուներ մեծ բանաստեղծը իր սկսնակ գրչակցին հորդորելիս, թե գրիչը ձեռդ առնելիս կարևոր է ասելիք Բան ունենալ և այն մատուցելու եղանակներին տիրապետել:
Երբ ասելիքն է կարևորվում իր պարունակությամբ և բովանդակությամբ, երբ ասելիք ունես, երբ աշխարհընկալման դիտակետդ գյուտ է ու հայտնություն, ուրեմն ասա խոսքդ ընթերցողին՝ եթե ոչ այսօր, ապա վաղը նա կըմբռնի դրա արժեքը՝ Խոսքի արժեքը։ Ի ցույց դիր և ուսուցանիր: Պոեզիան հաճույք ու գեղեցկություն չէ միայն, այլև խրատ ու դաս, այլև ուղղորդում դեպի լույսն ու կատարյալը, անհատի ու հանրության ինքնադաստիարակման հուշագիր: Ով կկարդա և կհասկանա խորհուրդը նրա, կապրի գեղեցկության որոնումների տեսիլներով ու պատրանքներով, կընդվզի ու կապստամբի՝ տեսնելով իր դավանած պոետական երևակայության կուռքերի և նշանագրերի ոտնահարումները իրականության մեջ: Եվ հարց կտա իրեն, թե ինչ գին ունեն հանգստությունն ու անդորրը, երբ արթնանում ես տագնապով ու հոգսով, թե քանի գրոշ արժե մարդու կյանքը, երբ անանձնականության տարր չի պարունակում, և ինչ է կյանքը, մարդը, ապրելը, և ինչ է աշխարհի ներքին բովանդակությունն ու իմաստը: Պոեզիայի մեջ չկա անցյալ ու ապագա, դրանք ներկայի ընկալումներում են՝ պարփակված որպես միասնական ամբողջություն:
Իր ծննդավայր Սյունյաց երկրից է բացվում Գ. Դավթյան բանաստեղծի հոգու և մտքի անհուն հայացքը և տեսահորիզոնը մեծ աշխարհի վրա՝ Լեռնահայաստանի երկինք միտող ու ամպերի թանձրույթի մեջ խրոխտ մխրճվող Խուստուփ լեռան գագաթից մինչև Հալիձորի բազմադարյա անտառի ծմակները, մինչև երկրի ընդերքը ճեղքող կիրճերը, Դավիթ բեկի անմռունչ հայրենապաշտությունից մինչև նժդեհյան ուխտի կածաններ, մինչև Տաթևի խորագետ սյուն, մինչև Տիեզերական սահմանադրությունը համակարգող Քարահունջի աստղագիտության խորհուրդը…
Նախախնամության ինչպիսի՜ բարեհաճություն, երբ ապագադ կանխորոշում և ինչ որ չափով ուղղորդում է ժամանակի մեծագույն բանաստեղծներից մեկը՝ նշմարում է քո մեջ ստեղծագործողին և առնելով իր ափի մեջ՝ հայրաբար հուշում է, որ քո կոչումը գրականության մայրուղով է անցնում, և դու՝ հեռավոր մի շրջանում ապրող դպրոցականդ, հնազանդորեն հետևում ես նրա խորհրդին, որովհետև այդպես է կամեցել քո ճակատագիրը: Դու, որ սիրահարված ես նրա տողին ու բառին, անձամբ նրան, ով երևութանում է քեզ որպես Աստվածային մի լույս ու տիեզերական էություն, որին լսելն ու տեսնելն անգամ բարեբախտություն է. ո՜ւր մնաց նրա հետ հաղորդակցվելը, մտքեր փոխանակելն ու հավանությանն արժանանալը, առավել ևս՝ բարեկամանալը, ենթարկվում ես քո ներքին զգացողությանն ու նրա հորդորին:
Պարույր Սևակն է եղել Գագիկ Դավթյանի գրական կնքահայրը, նրա մուտքը բանաստեղծական հեռաստաններ խրախուսողն ու ոգեշնչողը:
Երբ ակնհայտ է, որ «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հուղարկավորությունն ավելի կարևոր է, քան հանգուցյալը, որտեղ հարսանիքն ավելի կարևոր է, քան սերը, որտեղ արտաքինն ավելի կարևոր է, քան խելքը: Մենք ապրում ենք փաթեթավորված մշակույթի մեջ, որին ատելի է բովանդակությունը»,- ինչպես Էդուարդո Գալեանոն է նկատում, ապա առավել քան ազդեցության և ներգործումի որևէ այլ միջոց իր ուսերին է վերցնում Բան Ասելու պատասխանատվությունը կրողը, ասել է թե՝ Բանաստեղծը, որի քննախույզ մտքի և անհանգստությունների ծիրում են դարի խելակորույս տագնապները, մարդկային բարոյական որակների վերուվարումները, և նա անկեղծ համարձակությամբ մատը դնում է ժողովրդի մտատանջությունների և հոգսերի մայր երակի վրա՝ բազմաբնույթ հարցադրումների և դիտարկումների էպիկենտրոն դարձնելով աղավաղվող և աղճատվող ճշմարտությունների վերհանումը: Հայտնի բարոյական առաքինություններ են. ունենալ հավատ, որը քեզ ճանաչել կտա Աստծուն, Հույսը կառաջնորդի առ Աստված, Սերը կմիավորի Աստծո հետ: Իսկ Աստված հենց ինքը կատարելությունն է, Աստվածապաշտությունը՝ հոգևոր-բարոյական հարստություն: Իսկ եթե առաջնորդվենք փիլիսոփայական այն ըմբռնմամբ, որ Մուսան Տիեզերքի խիղճն ու պատկերն է, ապա պոետն Աստծո ընտրյալն է երկրի վրա, որը մարդկանց մեջ սերմանում է հոգևոր-բարոյական արժեքներ, որը և վարպետորեն իրոգործում է Գագիկ Դավթյանը՝ հաղորդագրություններ ուղարկելով ընթերցողին, թե դու մենակ չես, մարդ արարած, դու մատնված չես անտարբերության,- ընթերցողին է սատարում բանաստեղծը՝ փորձելով թեթևացնել նրա հոգսը, Լույս արթնացնել խավարի մեջ, որպես հուսո կանթեղ, որ եղիցի լույս… Չէ՞ որ նյութականացած կենցաղն ու առօրյա պահանջմունքը հեռացնում են մարդուն հոգևոր-մշակութային իրականությունից, իսկ այդ ունայնության ու դատարկի սպառնալիքը ցուցանելու, հոգևոր արժեհամակարգը փայփայելուն և այդ տիրույթը լցնելուն ի զորու է պոեզիան, առանց որի մարդը կհեռանա բարոյական առաքինություններից: Ձայն բարբառո հանապատի չէ բանաստեղծի խոսքը, այլ հասցեական սպեղանի, համոզիչ ու պատկերավոր՝ դաշն կազմած Խղճի ու խղճմտանքի հետ: Դա նաև մարդու կատարելությանն անմնացորդ նվիրումով ծառայելու սրբազան երդում է…
Բանաստեղծի էությունն իր խորքերում բազմաթիվ և տարատեսակ ընկալումներ և իղձեր է պարունակում, որի մանկաբարձն ու ծննդկանը կյանքի բոլոր մտավոր ու զգայական հիմերը պրպտող իմաստասերն է՝ խոհեմ, բարեգութ, անհանգիստ, հանուրի ներկայով ու ապագայով մտահոգ, իր բարձր դիրքից մարդ արարածի ընկրկումներին ականջալուր, առաջընթացի տրամաբանությանն անսած, միևնույն ժամանակ այդ ընթացքի հարվածների դեմ ծառացող, զարգացման խելահեղ ինքնանվիրումի մեջ զգոնության կոչող, որի բուն նպատակը ոչ թե կյանքի հարմարավետության անբնական շրջանցումներն են իրականությունից, ոչ թե տեխնոլոգիական ու մեդիա անակնկալները, այլ կյանքը գեղեցկացնելու և հոգևոր կատարելության հասցնելու կամքը՝ հընթացս մերժելով ու ժխտելով ամենայն արատ և շեղում, ամենայն բացասականն ու չարը, երբ հակադրվելով ատելությանը՝ վերահաստատում է սերը, սիրո գերակայությունը կյանքում, առաջնորդվում սիրով առ մարդն ու բնությունը:
Ճշմարիտ պոեզիան ճանաչելի է դարձնում աշխարհը և քեզ, երբ պոետը բացում է հոգու և իրականության փակագծերը, բացում աշխարհընկալման վարագույրը կյանքի բեմահարթակի, որտեղ քեզ հրավիրում է հանդիսատեսից դերակատար դառնալու և իր ուղեկիցը դառնալու սկզբի և վերջի անվերջանալի որոնումներում՝ սկիզբն եմ գտնում՝ վերջը կորցնում, վերջն եմ գտնում՝ սկիզբն է կորչում… Գեղարվեստական խոսքը շքեղ է, երբ բացառիկ ասելիք ունի, և այն արտահայտում է պատկերավոր՝ բացահայտելով քո հոգևոր և մտավոր ներաշխարհը նախ քեզ համար, ապա հուշելով, որ այդ մտավոր և հուզական աշխարհում դու միայնակ չես, այլ գոյություն ունի մի ամբողջ հանրույթ, որը կարոտ է ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, իր սկզբունքների և մոտեցումների ինքնահամոզման ու հաստատման՝ աշխարհի և կյանքի համապատկերում` հնագետի պեղածոյի հանգույն քո առջև է դրվում վերին գերազանցություն Ճշմարտությունը, որը ոչ միայն բացահայտում է այս կամ այն երևույթը, միտքն ու զգացմունքը, այլև հուշում խղճիդ, հոգուդ ու մտքիդ ապրելու դավանաբանություն ու վարդապետություն: Սերն է հովանավորն ու ջահակիրը ամենի, այն կանացի մարմին է արուի մտապատկերում սոսկ որպես շփում, շարժում ու կիրք, իսկ իրականում՝ հոգու և մտքի միաձույլ մարմին: Այդ իմաստությունը հասանելի է լոկ բանաստեղծի հոգեմտավոր ամբարի հարստությամբ, որտեղ համատեղ են բնագետն ու մարդաբանը, գեղագետն ու քաղաքագետը, հասարակական-քաղաքական միտքն ու նրբանկատ զգացմունքայինը: Այդպիսին է Գագիկ Դավթյանի բանաստեղծական հերոսի քնարական-քաղաքացիական կերպարը, նրա դավանանքի նկարագիրը, որը և է կամ ենթադրելի է, որ պոետական հորինվածքի հեղինակի ներաշխարհում փոթորկվող հույզերի և մտորումների հայելային նմանությունն է՝ գեղարվեստական թիրախների առավել շեշտված արտահայտչականությամբ:
Բանաստեղծն ուղղորդում է քեզ դեպի իմացության սահմանը, որտեղ հատվում են իմանալին և անճանաչելին, և այդ կետերի միջև տարածությունն է լցնում նրա պոեզիան: Այդ տեսակը պոեզիայի չեն ընթերցում, այլ կարդում են, քանզի հույզ ու ապրում չէ միայն արտահայտում, այլ մղում է թափանցելու խոսքի մտքի ու իմաստի խորքը, պեղելու բովանդակությունն ու քեզ մասնակից դարձնում իր խոհերին: Այն ափի մեջ է դնում մարդուն, պատկերում ոչ միայն քնարական հերոսին, որի մեջ նաև դու կաս. ծանոթանում է ընթերցողին, նաև ճանաչելի դարձնում նրան իր իսկ համար: Այդպիսին է հոգու և մտքի պատկերային թարգմանն իր իմաստասիրությամբ և կյանքի բանաստեղծական վերարտադրության հոլովույթներում:
Բարու և չարի, հրեշտակի ու հրեշի, լույսի և մթան հարատև հակասության և բախումների տիրույթում, ինչպես ըմբոստության մարտակոչ է հնչում ինքնամաքրման և սրբագործման վերջնանպատակը: Նա զրուցում է ինքն իր հետ, մենախոսում՝ ինքնախոստովանությունների հանգույն, սակայն դրանք ոչ միայն անձնական են, այլև հասցեագրված են համայնին և վերաբերում են յուրաքանչյուրին: Դրանց գաղտնազերծման բանալին անկեղծությունն ու սրտացավությունն են, Խղճի հետ հաշտ լինելու և Կյանքը լույսով ողողելու միտումը…
Բառերով նկարել կտավներ նրբագեղ՝ և՛ գույներ-երանգներ, և՛ մեղեդին՝ ձայն- հնչյուններ, և՛ պատկերել մտքի արծվաթռիչք սլացք, նկարագրել հոգու տառապանք-տվայտանք ու նաև կամք ու ոգեղեն ամրություն, ու նաև մկանի ջղային պրկումներ, պեղումներ հոգու և մտքի, ու անթիվ-անհամար գյուտ-հայտնություններ… Բանաստեղծն իր կտավն է երկնում, բանաստեղծն իր երգն է լսելի դարձնում, որի մեղեդին առինքնող է ու խենթ, որի տեքստը գեղեցիկ է ու վեհ, և կտավն իր չունի ներկապնակ, այլ հորդում է անհայտ ու անվերծանելի ստեղծագործական երկունքի ակունքներից… Դու հող ես տեսնում, պոետը լսում է նրա շնչառությունը: Դու ժայռ ես տեսնում, պոետը զգում է նրա արևահար ջերմությունը: Դու ծառ ու ծաղիկ ես տեսնում, պոետը մտորում է բնության զարմանահրաշ բազմազանության մասին: Դու ժամանակը տարիներով ես չափում, նա՝ երևույթների տրամաբանության հոգեբանությամբ: Դու քայլում ես գետնի վրա, նա պատմության ոտնահետքերի հերթականությունն է վերականգնում՝ ժամանակների պատճառահետևանքային կապերի մեջ: Դու նայում ես, նա տեսնում ու դիտում է… Պոետը միայն ասացող-պատմող ու նկարագրող չէ, նա արձանագրում է երևույթի խորքը և այն կանթեղն է վառում ու հսկում, որ ոտքդ-խոփդ քարին դեմ չառնի, որ գոյությունդ առաքելության վերաճի և կոչվի կյանք՝ Աստվածատուր, բովանդակալի, իմաստավորված…
Տեր,//լույսը խափանված,//լույսը վիրավոր ու սմբակահար,//լույսը որպես գիր//ու որպես աղոթք,//ու որպես ցորյան,//լույսը սրպես սեր,//լույսը որպես խիղճ//ու որպես մանուկ.//և ուզում ենք, որ անվրդով լինի//առավոտը մեր հանապազօրյա:
Քնարական հերոսի մեջ անհանգստությունների և մտահոգությունների ալեկոծություն է, որովհետև անսահման սեր է տածում ոչ միայն իր անձնական կյանքի հանդեպ, այլև սիրահարված է աշխարհին, կյանքին, տիեզերքին ու բնությանը, սակայն ինքնին անթերի չէ մարդ արարածը, որը մեղքեր է գործում, մինչդեռ պոետի երազանքների մեջ անրջվող աշխարհը գեղեցիկ և կատարյալ է, որին երբեմն հակադրվում է իրականությունը՝ ճղճիմ երևույթներով հագեցած և նյութականության արատներով լեցուն: Ուրեմն, բանաստեղծը կոչված է հանդիմանելու նրան և հուշելու իր երևակայած կյանքի և այն արարող մարդու կերպարի մասին, որն իմաստավորում է իր հավիտենական գոյությունը դեպի լույսն ու արարումը, հանուն գեղեցկության և կատարելության անտրտունջ և աննահանջ հարատև պայքարով…
Տեր, բերկրություն տուր մեզ այնքան տարի,//Որքան աշխարհում տեսել ենք չարիք://Տուր խաղաղություն մեզ այնքան դարեր,//Որքան աշխարհում լույս ենք արարել:
Գագիկ Դավթյանն ասելիք ունի նաև տողատակում, հետևաբար այդ բանասացությունը ընթերցանության ենթակա չէ, այլ կարդալու, քանզի ասելիքը խորք ունի, որն անհրաժեշտ է պեղել, ունի տարածական և ժամանակային լայն ընդգրկում, քանզի ենթատեքստն ամփոփում է հոգևոր պատկերի ընդհանրացումներ, որոնց խորհուրդը խորին շարունակ շարժման, հախուռն ու անհանգիստ ընթացքի մեջ է՝ նախ և առաջ անցյալի և գալիքի մեջ ապրող ու դրանք կամրջող ժամանակակցի հայացքով և ընկալումներով: Եվ ասելիքն անցնում է բանաստեղծական քուրայով ու հասցեագրվում հանուրին, քանզի մտահոգությունները հանուն նրա են, այլ ոչ քնարական հերոսի, որի միտքը պրպտում է ընթերցողին բան ասելու նպատակով…
Բանաստեղծը շիտակ ու ազնիվ է, նա արդարություն է տենչում, նա որոնում է գեղեցիկն ամենուր և ընդվզում արատներ ու տգեղություն հանդիպելիս, նա կատարելության և լույսի է ձգտում ու մերժում խավարը, չարը, անընդունելի չարի կենսունակությունը, երբեմն նաև անցնում ինքնադատափետման՝ կշեռքի նժարներին դնելով ապրածի բացթողումները, վրիպումները՝ ապրելով ափսոսանք և անդառնալի ցավ…
«Դու և գիրքդ շատ նման եք իրար… Գիտե՞ս, ինչ մեծ բան է, երբ մարդը նման է իր գրածին, նշանակում է չի ստում, նշանակում է կեցվածք չի ընդունում: Իսկ սուտն ու կեցվածքը պոեզիայի ոխերիմներ են»,- Վահագն Դավթյանի հորդոր-դիտարկումն է:
Գագիկ Դավթյան բանաստեղծն արմատներ ունի խորը ձգված պատմության, հայրենի եզերքի հողում, որը պեղում է անտրտունջ՝ ձգտելով հայտնաբերել նրա ծալքերից այն, ինչ անտես է եղել ցայսօր, և հաղթահարում է նորանոր շերտեր: Դա է նրա ինքնաբուխ խոսքի ազդեցիկության գրավականներից մեկը: Դրանք հանձնարարական և պատվեր չեն, այլ հոգու և մտքի անկեղծ արտահայտություններ: Այդպիսիք են նաև նրա թարգմանությունները, քանզի առաջնորդվում է հոգեհարազատության սկզբունքով ու նաև այն համոզումով, որ պարտավոր է համամարդկային գաղափարներ կրող բարձրարժեք պոեզիային հաղորդակից դարձնել իր հայրենակիցներին: Ասել է թե՝ նա նաև արդի հայ բանաստեղծության դեսպանն է արտերկրում… Գագիկ Դավթյանի ստեղծագործությունները թարգմանվում են աշխարհի տարբեր լեզուներով՝ օտար ընթերցողներին պատկերացում տալով արդի հայ բանաստեղծության մասին:
Կարդալով և վերընթերցելով նրա «Որպես լույս ու խիղճ» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, որտեղ ընդգրկված են նաև ուղեգրություններ, նամակներ, գնահատանքի խոսքեր և գրախոսություններ, արձանագրենք, որ սա նրա հիսունամյա գրական վաստակի ամփոփումն է, գրողի գեղարվեստական խոհափիլիսոփայությունը, որը գերհագեցած է Բան ասելու լիցքերով: Նորանոր մտահղացումներ մաղթենք տաղանդավոր գրողին և մտավորականին գրական գործունեության հաջորդ տարիներին՝ ի շահ և ի փառս ժամանակակից հայ բանաստեղծական արվեստի…