Նախկին գյուղացի, իսկ այժմ քաղաքաբնակ Ծատուրի տունը մի թեթև կռիվ էր ընկել՝ կարծես բոլորին քաջ հայտնի վաղնջական պատմվածքի ազդեցությամբ, վկայություն այն բանի, որ հինը չի մեռնում, այլ շարունակվում է նոր ձև ու խաղերով։ Կինը՝ հմայիչ Արփին, ուզում էր գնալ Թուրքիա՝ աշխատանք անելու, որպեսզի իրենց երիտասարդ ընտանիքը վերջապես դուրս գար ծանր աղքատությունից։ Ամուսինը հոժար չէր։
– Նանարը գնաց, Սիրուշն ու Ֆլորը գնացին, տես, ինչ տուն-տեղ են դրել, ես ինչո՞ւ չգնամ, նրանցից պակա՞ս եմ,– օրեր շարունակ համառում էր կինը։
– Ես քեզ թուրքին չեմ տա, մեր թշնամին է ու վայրենի,– ասաց Ծատուրը։
Ամուսնու այդ պատճառաբանությունը Արփիի խելքին եկավ, և նա նույնիսկ վախ զգաց։
– Բա ո՞ւր գնամ։
– Աշխարհը մեծ, կլոր ու սիրուն։
Գյուղն ամայանում էր։ Հողը չբեր էր դարձել։ Գարունը մահացու կարկտահարում էր ծաղկած ծառերն ու ծլարձակ բանջարանոցները՝ մարդկանց զրկելով բար ու բարիք ստանալու վերջին հույսից։ Կով, ոչխար, հավ ու կականող բադերը մորթվեցին և օրաբաժին կերակուր եղան։ Տխուր էր ու ձանձրալի։ Եվրոպացի ճանապարհորդը եթե ոտք դներ այդտեղ, պիտի հիանար, կարծելով` գտնվում է նախնադարյան ժամանակներում։ Երիտասարդությունը գցվում էր քաղաքներ՝ որևէ աշխատանք ճարելու։ Անցած դարավերջին գյուղում մնացին ձեռքից ընկած ծերեր միայն և նրանց նվազ, պոչատ մողեսի նման թոռները, որոնք ոռբաց խաղում էին գաղջ ու հոտած ցեխաջրերի մեջ՝ երջանիկ և աշխարհի չար ու բարուն կատարելապես անհաղորդ։
Նրանց զուգությունը տեղի ունեցավ հակառակ տակավին նահապետական գյուղի բոլոր օրենքների, բնության կանչով, ինչպես անասունների ու թռչունների մոտ, ո՛չ Ծատուրի որբևայրի մայրը գնաց հարևան Մկոյենց տուն հարսնախոսության և ո՛չ իսկ Արփիի ծնողների մտքում կար իրենց դստերն ամուսնացնել, մանավանդ նա, ինչպես և Ծատուրը, դեռ ավելի երեխա էր, քան կնության շեմին գտնվող պարմանուհի, ջանգյուլում էր խաղում, Ծատուրի հետ ոչխար տանում սար, գյուղի միակ աղբյուրից կժով ջուր էին կրում տուն, երբեմն կրծում չոր-ցամաք հացի նույն պատառը։ Բայց, ով գիտե, ջանգյուլումը սեր չէ՞, սիրո ենթագիտակցական քաղցր տառապանք։ Արփին իր խաղընկերոջից առավել հասուն էր, երեխա էր, սակայն արդեն երեխա չէր, մութ գիշերներին նա սենյակի իր անկյունից ծածուկ լսում էր, տեսնում, ինչպես է երկու քայլ այն կողմ, հատակին փռված չորխոտ ներքնակի վրա հայրը սիրում մորը, անխղճորեն տիրանում։ Մայրը տնքում էր ցավ ու հաճույքից։ Աստիճանաբար, օր օրի, ամիս ամսվա վրա, հավերժություն թվացող ժամանակի մեջ Արփիի հոգում ու մարմնի ծալքերում բողբոջեց իր մոր տեղը լինելու ցանկությունը, ապրեր մոր ցավն ու բավականությունը և նրա պես տնքտնքար։ Արփին սրտի խորքում, որը ձախ թե աջ կրծքի տակ էր, մորը խանդեց, բայց չիմացավ՝ դա խանդ է։ Նա գիշերն ավելի սիրեց, քան ցերեկվա երկար ժամերը, և անհամբեր սպասում էր երազելի գիշերվա գալստյան։
Առաջինը Արփին համարձակվեց նայել սիրո աչքերին՝ լեռան ծաղկավետ ու բուրյան ձորակում, որտեղ երգում էր գետակը։ Հանեց շրջազգեստը և եղավ գրեթե մերկ՝ մի կարճ վարտիքով, բայց ջուրը չմտավ։ Մինչ այդ Ծատուրը տկլոր կին չէր տեսել, սատանա՞ է, թե՞ հրեշտակ, երբ հասկացավ՝ Արփին է իր առջև, արյունը քիչ մնաց սառչեր։ Ուզեց փախչել, չիմանալով` ուր, սակայն ոտքերը չշարժվեցին, լեզուն պապանձվեց, կարծես քար էր կտրել։ Գանգուր ոչխարը մկկաց և եկավ, քսվեց աղջկա ոտքերին։
– Փըշտ,– արեց Ծատուրը՝ կարծելով կատու է և ցավոտ աքացի տալով՝ քշեց նրան։– Արփի…
– Ինձ մի՛ նայիր էդպես,– ասաց Արփին և շրջազգեստով շտապ ծածկեց կրծքերն ու փորը, սակայն հաջորդ թե մյուս օրը երբ նույնը եղավ՝ երգեց գետակը, ոչխարը քաղցր բղղաց, արևի շողն ընկավ մերկ մարմնին, նա շրջազգեստով չվարագուրվեց, այլ, դողացող ափերը կրծքերի վրա, հուզված ասաց: – Սիրիր ինձ։
Արփին այնքան նուրբ էր ու գեղեցիկ, ասես այս աշխարհից չլիներ, Ծատուրը կարծեց՝ երկնքից է իջել աղավնու փետուրի տեսքով, որ դարձյալ երկինք կգնա՝ դեպի արևը, աստղերն ու լուսինը, և նրան ամուր, թռչնակի պես կողպեց իր ձեռքերի վանդակում։
Անցավ մի քանի տարի ժամանակ, որ հեքիաթային վայրկյան թվաց։ Արփին սիրազեղ, գետակի նման պար եկող կին էր դարձել, Ծատուրի սիրտն ու հոգին շնչահեղձ էին լինում նրան սիրելիս։ Գուցե այս պատմության հետ կապ չկա, բայց թեկուզ և անտեղի ու սխալ թող ասվի, որ Արփին այդ հեքիաթի մեջ մոռացավ մոր հանդեպ ատելությունը և ամբողջ մարմնով սիրեց նրան։
Շոգ ամառ օր, երբ գոմում մայր ու աղջիկ իրար լողացնում էին, ամուսնական կյանքում կոփված ու փորձառու մոր խորաթափանց հայացքը կիսամթում նկատեց դստեր մարմնի կերպարանափոխությունը։
– Ախչի՞…
– Ի՞նչ,– շփոթվեց Արփին։
– Հղի՞ ես…
– Չգիտեմ,– ասաց Արփին։– Կարող է մի քիչ հղի եմ։
– Ո՞վ է…
– Ծատուրը,– խոստովանեց Արփին։
– Մեզ գյուղի առաջ խայտառակ ես անում։ Հերդ որ իմանա, երկուսիդ էլ կսպանի։
– Մենք իրար սիրում ենք,– ասաց Արփին։
– Ես ու հերդ էլ ենք սիրում իրար, աղջիկ ջան, բայց կյանքն էնքան ծանր է, որ ուզում ենք բաժանվել։
Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ,– ձայն եկավ անցյալ հեռուներից։ Ծատուրն ու Արփին սարերի անմարդ արահետներով ոտաբոբիկ հասան կայարան և առաջին անգամ նստեցին Երևանի գնացքը։ Հաջորդ կայարանում ուղեկցորդն ուզեց նրանց վագոնից իջեցնել՝ տոմս չունենալու պատճառով, բայց տեսավ՝ Ծատուրը որքան նիհար է, իսկ Արփին՝ չափազանց գեղեցիկ ու կանացի, և թույլ տվեց ճանապարհը շարունակել մինչև վերջ։ Ասաց. «Ինչո՞ւ եք գնում, ա՛յ էրեխեք, էդ անիրավ քաղաքը, ձեր լույս սարերը թողած, ախր, ինչի՞ե։ Հետո առանց բառերն իմանալու, մտմտաց. «Օ՜, ժամանակներ, օ՜, բարքերե։
Նրանք երկար դեգերեցին՝ գտնելու Արփիի մոր հեռավոր ազգականի տունը՝ զարմացած ու վախեցած քաղաքի աղմկոտ մեծությունից։ Գալուստը շատ տարիներ առաջ էր գյուղից տեղափոխվել քաղաք, երբ Արփին ու Ծատուրը դեռ ծնված չէին, և հաջողությամբ փականագործի արհեստ էր բանեցնում։ Արփին նրան ու կնոջը, որի անունն էլ էր Արփի, գյուղում կանանց ու աղջիկների մեծ մասն Արփի էին, ըստ երևույթին գարնանը սարերից իջնող մեղմ ու ծաղկաբույր զեփյուռով պայմանավորված, անհամարձակ պատմեց իրենց սերը և ձեռքն ամոթխածորեն դրեց փորին՝ իզուր ցանկանալով իր հղիությունը նրանցից թաքցնել։
– Լավ եք արել,– ասաց Գալուստը և արժանացավ կնոջ ժպտուն հավանությանը,– Աստծո գործ եք արել։
Ամուսինները հարազատի նման, և դեռ մի բան էլ ավելի, սիրեցին նրանց, որովհետև ժամանակների խորքում իրենք էլ էին նույն բախտն ապրել և այժմ, մանրամասներ հիշելով, փայփայում էին իրենց սերը։
– Ծատո՛ւր տղա, ես քեզ կսովորեցնեմ իմ արհեստը, որ մի օր տան ու հացի տեր դառնաս,– ասաց Գալուստը՝ կնոջ կողմից դարձյալ արժանանալով ջերմ հավանության։
Շուտով Արփին տղա լույս աշխարհ բերեց՝ Ծատուրի համաձայնությամբ անվանակոչելով Մկո, Արփիի հոր անունով, որ նա իրենց ների։ Սակայն Մկոն չներեց, ամոթահար փակվեց խուլ կողպված դուռ ու լուսամուտի ետևում և վշտից ավանդեց նահապետական հոգին։ Արփին հոր մահվան լուրն առավ շատ ուշ, գնաց գյուղ, բայց ոչ ոք նրա բարևը չառավ, միայն մայրն ու կեսուրը, որոնք հարցին՝ «Ախչի, էլի հղի՞ եսե։ Արփին երկու անգամ էլ հղիացավ, բայց վիժեց, առաջինը՝ փողոցում, հաջորդը՝ վարձով տանը։
– Ախր, էդ ինչի՞ց է,– զարմանում էր Ծատուրը։
– Քո շաշությունից,– նյարդայնանում էր Արփին։
– Ես քեզ սիրում եմ,– ասում էր Ծատուրը։
– Դու ինձ չես սիրում այնքան շատ, որքան ես եմ սիրում քեզ,– դժգոհում էր Արփին Աննա Կարենինայի նման՝ առանց նրա մասին որևէ տեղեկություն իմանալու, բայց, դե, գոյություն ունեն կանացի համընդհանուր ենթագիտակցական զգացմունքներ, որոնք հատուկ են շատերին՝ մեկ էլ արթնանում են կամ մնում հավերժորեն քնած ու անվերծանելի։
Հեռուստացույց չունեին։ Ռադիո էլ։ Մութն ընկնելուն պես պառկում էին, բայց քունն աչքերին չէր գալիս, սիրուց ծփում էին գիշերային կապուտակ լճակի նման մինչև առավոտ։
– Պիտի գնամ։
– Ո՞ւր։
– Դուբայ։
Ծատուրը հոգու խորքում դեմ չէր, որ կինը գնար որևէ տեղ աշխատանք անելու, վերջապես սառնարան կունենան, հեռուստացույց, ֆուտբոլ ու կինո կնայեն, մարդ կապրեն, մարդ, սակայն երկար տարակուսում էր, իսկ եթե իրեն հարմար գործ չգտնի՞, միայն մի թեթև կով կթել գիտե, աշխարհն էլ, ասում են, գործազրկության մեջ։ Նա մտքում համեմատեց «Դուբայե և «Թուրքիաե բառերը և տեսավ՝ դրանք ոչ մի նմանություն չունեն, մեկը «դե-ով է սկսվում, մյուսը՝ «թե-ով։
– Էդ Դուբայում կով կա՞,– զգուշորեն հետաքրքրվեց Ծատուրը։
– Ամեն ինչ էլ կա, Ֆլորը նոր է եկել Դուբայից, մյուս ամիս էլի է գնալու։
Երևան-Դուբայ ինքնաթիռի տոմսը բարերար Գալուստը գնեց.
– Մի քիչ փող վաստակիր ու շուտ ետ արի։
– Երեք ամսից ավել չմնաս,– ասաց Գալուստի կինը,– մեզ կարոտ չթողնես։
– Ավելի շուտ կգամ,– խոստացավ Արփին։– Ծատուրիս համար վերարկու կառնեմ։ Քեզ ի՞նչ առնեմ, մորքուր։
– Մազի ներկ։
– Ինձ մուշտուկ առ,– ասաց Գալուստը։
Դուբայում Արփին որ կողմը շրջվեց՝ կով չտեսավ, ի վերջո բախտը բերեց և աշխատանք գտավ ռեստորաններից մեկում, որը պատկանում էր շեյխ Աբու Հասան Էլ Նոդարիին։ Խոհանոցում աման-չաման էր լվանում։ Եվ մի հայի ձեռքով նամակ ուղարկեց Ծատուրին. «Շաշ ջան, քեզ շատ եմ կարոտել, էս հիսուն դոլարով տելեվիզոր առ։ Փող եմ հավաքում մազի ներկի, մուշտուկի ու քո վերարկուի համար, քեզ մեր անմոռանալի «Ջանիկե կովի գույնը կսազի, իմ ճաշակին հավատաե։ Երկրորդ թե երրորդ նամակում ասում էր. «Շաշ ջան, ես ապրում եմ Դուբայում։ Դուբայը աշխարքի ամենամեծ քաղաքն է, էստեղ կով չկա, բայց շատ մարդ կա։ Գժվում եմ քո կարոտիցե։ Ծրարում էլի մի քանի դոլար էր դրված, որով Ծատուրը թիթեղե վառարան ու փայտ գնեց՝ ձմեռը տաքանալու։ Անվարժ ձեռագրով մյուս և հաջորդ նամակներում Արփին հետաքրքրվում էր Մկո որդուց և ավարտում միշտ նույն արտահայտությամբ. «Ջանին մեռնեմե։ Ծատուրն արդեն Մկոյին տարել էր գյուղ և հանձնել մոր խնամքին, կարծելով՝ երեխայի համար այդպես ավելի ապահով կլինի։
Շեյխ Աբու Հասան Էլ Նոդարին շուտով նկատեց Արփիի ջանասիրությունը և գեղեցկությունն ու կանացի հմայքները, որոնք պարզ երևում էին մինչև իսկ անշուք հագուստի տակից, և նրան ռեստորանից տեղափոխեց ծովեզրյա իր շքեղ ու ընդարձակ առանձնատունը՝ շուրջօրյա ծառայության։ Սենյակ հատկացրեց՝ հիանալի կահավորանքով, հայելի զարդասեղան էլ կար, լայնմեջք հեռուստացույց, որն ուշ գիշեր պորտապար էր ցուցադրում, պատճառելով զարմանք ու հիացմունք։ Ամեն ինչ ոնց որ երազում, միայն Ծատուրն էր պակաս։
Շեյխը վաթսունին մոտ, բարձրահասակ, սպորտսմենի կազմվածքով, ոչ Ծատուրի նման ճլորած, տղամարդ էր, մեղմաբարո ու բարեհոգի։ Չորս կին ուներ և յուրաքանչյուրից մի քանի երեխա, որոնք, տղա թե աղջիկ, հոր նման ձյունաճերմակ, մինչև սանդալները հասնող լայնկեկ շապիկ էին հագնում, ըստ լուսանկարի՝ միայն մեծ որդին, որը Սորբոն էր հաճախում, եվրոպական հագուստ-կապուստով էր ավելի, քան բնիկ եվրոպացիները։
Մի օր շեյխ Աբու Հասան Էլ Նոդարին մտավ Արփիի սենյակը և նստեց թավշապատ բազկաթոռին։ Արփին այնքան շփոթվեց, որ չհասկացավ՝ ցերե՞կ է, թե՞ գիշեր։
– Դարձիր իմ կինը,– ասաց շեյխը։
– Վա՜յ, չէ՛, ընկեր շեյխ,– ավելի շփոթվեց Արփին,– ես պսակված եմ, Ծատուրը։
– Ծատուրը Ծատուր է, իսկ ես շեյխ եմ։
Իհարկե, ոչ այդ օրը, այլ մի քանի գիշեր հետո Աբու Հասան Էլ Նոդարին իր ոսկեզօծ ննջարանում սիրեց Արփիին և հարբեց նրա մարմնի քաղցր գինուց։
Նա Արփիի հանդեպ ավելի ուշադիր էր ու հոգատար, քան՝ իր մյուս կանանց։
– Ջոկողություն մի՛ արա, ինձ կթշնամանան,– ասաց Արփին։
– Իմ կամքն է,– ասաց շեյխը։– Ես նրանց միջից հանել եմ ամեն նախանձ ու թշնամանք, հանգիստ եղիր։
– Խնդրում եմ։
– Դու ուրիշ ես, քո նմանը աշխարհում չկա, դու հայ ես։
Արփին ապրում էր թագուհու պես, ասես անգիր ու անպատմելի հեքիաթում, և շուտով յուրացրեց բարձրաճաշակ կնոջ խոսք ու շարժմունքի բոլոր հատկանիշները, քանզի, որքան էլ գյուղացի, այդ ճաշակությունը ի ծնե նրա մեջ լինելով՝ նոր պայմաններում արթնացել էր իր ամբողջ բնական հմայչությամբ։
Անցավ ձմեռը։ Գարուն էր։ Հայաստան աշխարհում վարդն ու յասամանը երգեցին։ Ծատուրը, սակայն, կնոջից ոչ մի լուր ու դոլար չստացավ։ Մտածեց՝ նեղն է։ Ամռան շոգին մի նամակ գրեց, մի քիչ դրամով ու խնայված մի քանի դոլարով տեղավորեց թքով սոսնձված ծրարում և վրան նկարեց. «Դուբայ Արփիինե։ Աշունն էլ անպատասխան մնաց։ «Ուրեմն շատ նեղն էե։ Ծատուրը վիրավորվեց աշխարհից։ Մտքում ասաց. «Աշխարհ, ես քո մերը…ե։
Ծատուրը կորցրեց տարվա եղանակների հաշվարկը և հաճախ կարդում էր ու կարդում Արփիի հին նամակներից տողեր. «Ես ապրում եմ Դուբայումե։ «Էստեղ կով չկաե։ Առանց կով ու ոչխարի ի՞նչ երկիր,– զարմանում էր Ծատուրը։ «Գժվում եմ կարոտիցե։ Բա ես ինչքան եմ գժվում,– տառապում էր Ծատուրը։ Բայց Ծատուրն ամենից շատ հուզվում էր հետևյալ արտահայտությունից. «Շաշ ջանե։
Ծատուրը ծանրամիտ աշակերտի նման, բայց ի վերջո յուրացրեց փականագործի արհեստը և որոշ ժամանակ Գալուստի հետ, իսկ հետո ինքնուրույն էր աշխատում՝ բանվորների սև շուկայում հաճախորդ փնտրելով։
Շուտ թե ուշ պիտի պարզվեր՝ այդ օրը ճակատագրական եղավ Ծատուրի համար։ Սև շուկայում մի Նադյա տվեց իր հասցեն՝ «Ծաղկի փողոց թիվ երկուե, որը գտնվում էր Սարի թաղում, ասաց՝ վաղն արի լոգարանիս ջրագծերը նորոգելու։ Ծատուրը, գործիքներով ու պահեստամասերով ծանր պայուսակը ձեռքին՝ երկար որոնում էր Նադյայի տունը. Սարի թաղում մի քանի ծաղկի փողոց կար և երկու համարի բազմաթիվ տներ։ Նա կրակ արևից խոտի պես խանձվեց։ Վերջապես մի քանի սարիթաղցիներ ճշտեցին. «Բոզ Նադյային ես ուզումե։ «Երևիե։ «Դե էդպես ասա, այ հեր օրհնած, ուղիղ բարձրացիր, հետո՝ աջ, հետո՝ ձախ, էլի ուղիղ վերևե։ (Սրանք էլ էին նախկին գյուղացի)։ «Հասկացաե, – թեև ոչինչ չէր հասկացել, դեռ շատ թափառեց և վերջապես հոգնած նստեց մի բլոտած տան պատի ստվերում։ Նադյայի տունն էր։
Ծատուրը վուշաթել փաթաթեց ծորակների բներին, ձգրտեց՝ որքան ուժ կար ձեռքերում և փոխեց ցնցուղի ժանգոտած գլուխը։ Այդ ժամին ջուր չէր գալիս։
– Վաղն առավոտ կստուգեմ,– ասաց Ծատուրը՝ գործիքները հավաքելով։
– Մնա ինձ մոտ։
– Չէ՛,– ասաց Ծատուրը։
Առավոտյան դարձյալ մոլորվեց, բայց ոչ նախորդ օրվա չափ։ Դուռը բաց էր։ Նա ջրի խշշոց լսեց և զգուշորեն մոտեցավ լոգարանին, որի դուռն էլ էր բաց, կարծես լոգարանը ո՛չ դուռ ուներ, ո՛չ էլ պատ ու առաստաղ։ Նադյան լողանում էր համաչափ ու առատորեն ջրհոսող ցնցուղի տակ։ Առաջին պահ Ծատուրը հպարտացավ իր լավ գործից՝ ցնցուղը հիանալի է աշխատում, հետո միայն անդրադարձավ մեջքով իրեն շրջված Նադյային։ Վաղուց մերկ կին չէր տեսել, և դատարկ մարմինը լցվեց հին ու մոռացված տռփանքով։ Նադյան մեջքով զգաց Ծատուրի ներկայությունը և քիսան մեկնեց նրան.
– Մեջքս…– հետո շրջվեց,– ծծերս էլ, փորս ու ոտքերս…
Երբ Ծատուրը անվարժ ու շփոթված քիսա էր անում Նադյայի կրծքերը, հիշեց ու տեսավ Ջանիկ կովին, որի կուրծը՝ բթաչափ պտուկներով, մեծ ու ծանր տարուբերվում էր ոտքերի արանքում, երբ նա արոտից երեկոյան տուն էր գալիս։ Պտուկներից կաթ էր կաթկթում։ Այդ օրը Ծատուրն իր ներքին ցանկությամբ ու Նադյայի խնդրանքով մնաց։ Սուրճ խմեցին և օղի, որից Ծատուրը հարբեց ավելի, քան Նադյան։
Նա գրեթե ամեն գիշեր էր այցելում Նադյային և երբ մի քանի օր չէր հանդիպում նրան, կարոտալից տխրում էր ու օղի խմում։ Մի օր Նադյան ասաց.
– Ծատուր, дорогой, գնանք Ռուսաստան, էնտեղ ես бабушка ունեմ, մեռել է ու խրճիթը թողել ինձ, դու շատ գործ կունենաս, լավ կապրենք։
Ծատուրը երկար մտածեց՝ գնա՞, թե՞ մնա, որովհետև դեռ Արփիից նամակ ստանալու հույս ուներ: Ի վերջո, գյուղին, մորը, որդի Մկոյին, ծանոթ ու անծանոթի գինովցած հրաժեշտ տալով՝ մեկնեց անծայրածիր Ռուսաստան և դարձավ դասական հարբեցող։ Նադյան վայրի հատապտուղներից օղի էր քաշում, խմում էին միասին և ռուս ու թաթար հարևանների հետ։ Ծատուրը կոտրատված ռուսերեն սովորեց ու մի քանի թաթարալեզու հայհոյանք՝ գրեթե մոռանալով իր մայրենին ու բարբառը։
Իսկ Դուբայը բարգավաճում էր։ Այստեղ կառուցվեց մարդկության ամենաբարձր շենքը, որի երկինք մխրճված գագաթից, ինչպես ափի վրա, երևում էր ամբողջ աշխարհը։ Արփին դարձել էր երևելի տիկին, և շեյխ Աբու Հասան Էլ Նոդարին հպարտորեն ցուցադրում էր նրան պաշտոնական թե ընկերային ճաշկերույթների ժամանակ որպես իր անբավ հարստության աստվածային մարգարիտ։
Տարիներ անցան, դար փոխվեց, աշխարհն այլասերվում էր ժամ առ ժամ։ Ձյուն իջավ շեյխ Աբու Հասան Էլ Նոդարիի ու նրա ամենասիրելի կնոջ մազերին։ Մի օր Արփին ասաց.
– Շեյխ, դու ինձ ոսկի ու ադամանադ հագցրիր, բայց ես դժբախտ եմ, թույլ տուր վերադառնամ իմ երկիր։ Կարոտել եմ մեր գյուղը, կարոտել եմ Ծատուրին, ուզում եմ հորս գերեզմանը համբուրել, կարոտել եմ մեր երկինքն ու սարերը, շատ եմ կարոտել Մկոյին, շա՜տ…
– Իմ մեռնելուց հետո,– մռայլվեց շեյխը։
Այս ճշմարտապատում պատմվածքի հեղինակին անհայտ մնաց Աբու Հասան Էլ Նոդարիի մահվան թվականը, ըստ երևույթին, նա մի քանի տարի էլ էր իր սերը վայելում հոգու երիտասարդ հուզմունքներով, չէ՞ որ երբեմն, գուցե հաճախ, սերն ու երիտասարդական զգացմունքը հոգու մեջ են և ոչ՝ ծեր մարմնի։
Շեյխի մեռնելուց շատ ժամանակ չէր անցել. մի օր նրա պառաված կանայք, խոսքները մեկ արած, հարձակվեցին Արփիի վրա, քաշքշեցին-փետրահան արեցին մազերը, պատառոտեցին շրջազգեստը, գրեթե մերկացրին և ոտքերի տակ առան՝ թափելով նրա հանդեպ տարիների ընթացքում կուտակված նախանձն ու թշնամանքը։ Արփին հղի չէր, բայց թվաց, թե այդ ծեծ ու ջարդից վիժեց։
…Երևանում նա Ծատուրին որքան էլ փնտրեց՝ չգտավ։ Բարերար Գալուստը մի քանի տարի առաջ մեռել էր։ Նրա կինն ու Արփին ավելի չճանաչեցին, քան ճանաչեցին միմյանց՝ այնքան էին կերպարանափոխվել։ Գալուստի կինը կորցրել էր հիշողությունը, բայց մի պահ պայծառացավ և ասաց. «Կարծեմ գնաց Ռուսաստանե։
Գյուղն ամայի էր։ Մի սև շուն տեսավ, կարծես ճակատագրի սև շունը լիներ։ Նայելով շան աչքերին՝ Արփին հասկացավ, որ մայրը վաղուց չկա, իսկ Մկոյին զորակոչել են բանակ, և նա սահմանամերձ ռազմաճակատում ընկել է թշնամո՞ւ, թե՞ բարեկամի գնդակից։
Արփիի հորենական տան դուռը ճռնչում էր քամուց։ Նա պառկեց հին թախտին և տեսավ՝ առաստաղից սարդեր են կախված։ Ամեն գիշեր շունը լուսնահաչ էր տալիս։
Անտաշ ձեռնափայտին հենված՝ մի մեռելահոտ կերպարանք ներս մտավ։ Արփին անմիջապես տեղը չբերեց նրան։ Կեսուրն էր, կարծես գերեզմանից էր ելել։
– Ախչի, հղի՞ ես։
Ամեն կեսօրի մոտենում էր և հարցնում.
– Հղի՞ ես, ախչի։
Արփին չէր պատասխանում։
Մարդ մահանալիս, վերջին շնչում սովորաբար մի քանի բառ է գիտակցաբար թե անգիտակից արտաբերում։ Արփիի բառերն էին.
– Դուբայ, վա՜յ, Դուբայ…
Գյուղում մարդ չէր մնացել, որ լսեր։ Միայն լսեց շունը և երկար կաղկանձեց։
Աշխարհը խուլ էր։
Հարբածության մեջ Ծատուրին թվաց՝ ինչ-որ ձայն քսվեց ականջին, և նա դառնաղի արցունք լաց եղավ։