Երկրագնդի 7.7 միլիարդ բնակչությունը զբաղված է, խիստ զբաղված է ոսկու, նավթի գների, արտարժույթի փոխարժեքները փոփոխելով, հայտարարելով, լսելով: Հայաստանի պատկերը նրանց առջև չի հառնում, ոչ էլ ձայնն է հասնում նրանց, նրանք լսում են միայն ոսկու, նավթի գներն ու արտարժույթի փոխարժեքները, նրանց հայացքները հառված են միայն ոսկուն, նավթին, արտարժույթին:
Մենք ենք ու մեր չոր գլուխը: Չոր, շատ չոր:
Պատմական բարեբախտություն ունեցանք հասնելու սերնդեսերունդ ժառանգվող մեր տեսլականին՝ անկախություն, ազգային պետականություն: Եվ սկսեցինք մսխել, չթողեցինք էլ, որ հասունանա՝ ցոկոլ առ ցոկոլ մսխեցինք ու հասանք ոստին, բնին, հիմա էլ արմատներինն է հերթը:
Պատերազմ ու ամոթալի պարտությո՞ւն էր պետք, որ դա հասկանայինք: Պատերազմն ու պարտությունը եղան: Էլի՛ չհասկացանք: Չենք սթափվում:
Էլի մենք ենք ու մեր չոր գլուխը:
Հազարավոր երիտասարդներ, մեր որդիները այսօր մեր կողքին, մեր մեջ շրջում են միայն լուսանկարներով: Մեկը մեկից սիրուն, կենսախինդ: Չկան… Քնեցինք, արթնացանք՝ չկան: Որդեկորույս մայրերը մղկտում են՝ «Մորդ աչքերը քոռանա՜ն»… Մայր Հայաստանն ի՞նչ է ասում… Քնեցինք: Արթնացա՞նք…
Թմբիր է՝ շողացող առիթմիայով:
Հնագույն պատմությունը, հերոսական անցքերը, մշակութային կոթողները գլուխգովանություն են դարձել և ոչ թե նոր սերնդին դաստիարակելու միջոց: Անգլիացի հնագետը գալիս է 5000 տարվա դամբարաններդ պեղելու՝ պատերին գռեհիկ մակագրություններ է տեսնում: Տեսա՞ր դու՝ Կոկա-Կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը… Դու այսօրվա մասին խոսիր, տոկա՛, ստեղծի՛ր, արարի՛ր, մի բան արա, որ Ադրբեջանին ետ թողնես այնքան, որքան քո քաղաքակրթությունն է մեծ Կոկա-Կոլայից: Թէ չէ՝ կենացաճառերով Մարսի վրա էլ կիջնենք:
Տխուր է: Տխուր է ոչ թե մենակ լինելուց, այլ ինքներս մեզ մենության, պարտվողականության, հաշտվողականության դատապարտելու անհասկանալի ցանկությունից ու գործելաոճից: Ո՞ւր ես, ես քեզ չեմ տեսնում, Հա՛յք:
Բերմուդյան եռանկյունում նավատորմեր ու օդանավեր են անհայտանում: Գաղտնիքը պարզված չէ: Գիտնականները պրպտում են:
Քաղաքակիրթ, հզոր երկրները կորցրել են Հայաստանին լսելու ունակությունը: Գաղտնիքը բոլորին է պարզ. ողորմություն է խնդրում և ոչ թե՝ օգնություն: Սրանք տարբեր բաներ են:
Տարին բոլորվեց, 365 օր՝ սգի, թմբիրի, մենության զնդանում:
Մեծ անցյալ ունես, այդ օրերդ էլ անցյալ համարիր, սև անցյալ, ու նորից նոր սկսիր: Ծռված պատի վրա ուղիղ և ամուր ամրոց չես կառուցի, այսօր՝ չէ, վաղն էլի փլվելու է…