Ինձ չի ոգեշնչում, որ քաղաքականությունը, տնտեսական հարցերը, սոցիալական բազմաբնույթ խնդիրները փորձում են գրավել գրողական ազատ տարածքը և դառնալ տեր-տիրական, անգամ հրապարախոսական սուր բորբոքումով գրողին դարձնել որևէ կուսակցական, պետական և հասարակական կազմակերպությունների ու խմբերի սպասարկու։
Գրականությունն այս ամենի երկինքն է։
Իսկ գրո՞ղը։
Հատկապես հայ գրողը չի կարող մի կողմ քաշվել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, Արցախի կարգավիճակի ու Հայաստանի շուրջ բացահայտ և աննշմարելի անցուդարձերից, խոսք ու հայտարարություններից։ Մանավանդ, երբ խոսում է Էրդողանը՝ միշտ բաց, ասելիքն ու անելիքը ծրագրված և դրանով սպառնալիք ու երկխոսության «անմեղ» հրավեր հնչեցնելով։ Ոչ միայն հարևանների նկատմամբ է կտրուկ, այլև իրենից հզորների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի…
Այսպիսի հարևանն ու նրա փոքր եղբայրը, ինչպես մեկ տարի առաջ համոզվեցինք՝ խոսքը քամուն չեն տալիս, հատկապես այս հարափոփոխ տարածաշրջանում, երբ արդեն Ամերիկան էլ զահլա չի դնում ո՛չ Աֆղանստանի, ո՛չ… ՄԱԿ-ի վերջին համաժողովն էլ ապացուցեց, որ աշխարհը գտնվում է անորոշության և անտերության վերուվարումներում։ Այդ կազմակերպությունն էլ վաստակած հանգստի է անցել։
Թուրքիան 44-օրյա պատերազմում շեշտեց, որ ձգտում է գլխավոր խաղացող դառնալ ու երբեմն տրորել հզորների ոտքերը՝ հաճախ նրանց իրար դեմ հանելով և երկակի խաղի հին ու փորձված ոճը թարմացնելով։
Դա նշանակում է աշխարհի այս շուկայական թոհուբոհում առևտուր առաջարկել, իրեն օգտագործելու ծրագրեր է հրամցնում՝ մե՛րթ ազգային թուրանական ընդլայնման հիմքով, մե՛րթ կրոնական՝ իսլամական։ Եվ այս միջոցում մենք հայտնվել ենք մեծ ծրագրի դիմաց, և նա՝ Էրդողանը, ի հակառակ ռուս և հայ պաշտոնական հայտարարությունների, բարձրաձայնում է «կարիդոր» պահանջը, այսինքն՝ Հայաստանից Նախիջևան և ապա Սյունիքով Ադրբեջան ու արևելք ու հյուսիս։ Չմանրամասնեմ, բոլորին հայտնի է։ Սա հնչել է որպես նախապայման, իսկ թե ինչ հետևանքներ է ունենալու այդ կարիդորը, նա չքմեղորեն լռում է, բայց դրա փոխարեն, վտանգի կանխազգացմամբ, պաշտոնական դեմքերը և՛ Հայաստանից, և՛ Իրանից, մասամբ Ռուսաստանից ճշգրտում են՝ ապաշրջափակում, ուղիների ապաշրջափակում, նոր ուղիների մշակում՝ վկայակոչելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
Բայց Էրդողանն ու նրա փոքրը իրենց նման չէին լինի, եթե անվերջ կարիդոր չասեին, և անգամ փոքրը ժամանակին սպառնում էր, թե եթե հայերը չհամաձայնվեն կարիդորի բացմանը, իրենք կստիպեն։ Ինձնից լավ գիտես, սիրելի՛ ընթերցող, հիմա ես որպես միամիտ գրող ո՞նց չըմբռնեմ այն հեռագնա նպատակներն ու խարդավանքները, որ փորձում են որպես բարի կամեցողություն փաթաթել մեր երկրի հարավային սահմանների շուրջ։ Գորիս-Կապան ճանապարհի թատրոնը մեզ բան չասե՞ց։
Պարո՛ն Էրդողան, այդ «կարիդոր» բառը մոռացեք, զրույցի հրավիրելով՝ առավել բարիդրացիական բառեր գտեք։
Մեզ, որպես ևս մի նախապայման, մի՛ հորդորեք մոռանալ Ցեղասպանությունը, մենք էլ Ձեզ հորդորում ենք առերեսվել ձեր պատմության հետ։ Ի՞նչ ամոթ է ճանաչել սեփական անցյալը։
Մենք էլ կարիք ունենք ճշմարիտ ինքնաճանաչման, մենք էլ երբեմն չենք գիտակցել բարեկամի և թշնամու, բարեկամության ու թշնամության սահմանները։
Եվ այլ բաներ ևս։
Մեզ հետ մի՛ խոսեք հաղթողի, ուժի դիրքերից, վերջապես ևս մի ոչ պատվաբեր արարք Թուրքիայի կողմից՝ բացահայտ օգնել փոքր եղբորը և միացյալ հարձակվել Արցախի Հանրապետության վրա։ Ֆոսֆորային ռումբերով, բայրաքթարներով, որոնց համար միջազգային դատարանների ուշք ու վճիռները պիտի սպասենք։ Քրիստոնյա Եվրոպայի և այլ երկրների հայացքը չենք ակնկալում, քանզի նրանք զբաղված են քրիստոնեական արժեհամակարգը վտարելով, վախենում են անգամ Նոր տարվա տոնածառ դնեն իրենց հրապարակներում։ Ձեր քաշային կատեգորիայի համապատասխան այլ երկիր փնտրեք, թեպետ հիմնական հարևաններին թշնամի եք դարձնում։
Դժգոհում եք, որ չեք կարողացել լեզու գտնել ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հետ, լավ չէ, չէ՞, որ նա ուժի դիրքերից է խոսում Ձեզ հետ։ Եթե զրուցելու եք դիվանագիտական ժպիտի հետ, մի քիչ էլ անկեղծ ժպտացեք ու մի՛ պնդեք չեղնելիք նախապայմաններ, որոնք հոգեբանական, տարածքային ու տարածաշրջանային հսկա հարվածներ են պարունակում մեր և հարևան երկրների համար։
Տարիներ առաջ, Մայնի Ֆրանկֆուրտում գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայկական տաղավարի առջև կանգնեց Օրհամ Փամուկը, ես նրան հրավիրեցի ծանոթանալ մեր գրքերի հետ, նրան սիրով նվիրեցի հայկական ալբոմ և հայ ժամանակակից բանաստեղծների անգլերեն անթոլոգիան, որի մեջ հայ ոգու բարության ու գեղարվեստի շառավիղները կան։ Ապա նա համաձայնվեց Կարսի մասին պատմող «Ձյունը» գիրքը հրատարակել Հայաստանում։ Հրատարակվեց։ Երանի այսպես՝ նրա բաց կանաչակապույտ ու մեր սևադարչնագույն աչքերի ջերմ հասկացողությամբ հասկանանք մեկմեկու, փոխանակենք Աստծո և մարդու ստեղծած լավագույնը այս արև տակ։
Մեկ-մեկ լսեք և կարդացեք գրողներին, պարոնա՛յք։