Վարչապետ Նիկոլ Փաշինյանի
ցավակցական ուղերձը ՀՀ վաստակավոր
արտիստ Անահիտ Թոփչյանի
մահվան կապակցությամբ.
«Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը: Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները: Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։
***
Կյանքից հեռացավ հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը։
Ա. Թոփչյանը 1967–1991 թթ. աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։
1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` որպես թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։
1990 թվականից նրա հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածները, գեղարվեստական արձակը, թատերգությունները, թարգմանությունները տպագրվել են հայ և արտերկրի մամուլում։ Ա. Թոփչյանի պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թ. նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի «Տեատր դը Գուվեռնայ» թատրոնում։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
***
***
Անահիտ Թոփչեանը իր նոր վեպով սփիւռքահայ և հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վեպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է:
Պողոս ԳՈՒԲԵԼԵԱՆ
* * *
Չգիտեմ, երևի կգրվի՞ մեր այս վերջին տարիների տարագրության պատմությունն ամբողջությամբ: Բայց եթե որևէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կուզեի, որ ծանոթ լիներ «Lady S.D.F.» գրքին: Ցավով գրված այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: Ու այսքան ճշմարիտ… Անահիտ Թոփչյանն ինչ արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ո՛չ իր, ո՛չ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփչյանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է:
Սերգեյ ԳԱԼՈՅԱՆ
* * *
Անահիտի պատմվածքները զարմանալիորեն կինեմատոգրաֆիկ են, զարմանալիորեն` բեմական: Դրանք ասես խաղացված են դերասանուհի-գրողի կողմից, ըստ որում նա ոչ միայն հորինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանե նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կյանքի դերը, այլև խաղում է ծեր, հիվանդ կանանց, նույնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Ավելին, նա հմտորեն բեմականացնում է այդ պատմությունները` դառնալով բեմադրիչը, կինոնկարիչը, կոմպոզիտորը, ձայնային օպերատորը և նույնիսկ լուսավորողը: Նա անում է ամեն ինչ և անում է գերազանց` նախանձելի երևակայությամբ և հնարամտությամբ, որովհետև ազատ է և տաղանդավոր:
Կարեն ՔԱԼԱՆԹԱՐ
* * *
Նման պատմվածքներ հազվադեպ կարելի է ընթերցել մեր օրերում՝ որտեղ սրամտության քողի տակ սրտակցություն կա` մարդկային չստացված ճակատագրերի հանդեպ, ճիշտ ընտրված կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիվ պատմությունը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների՝ Սարոյանին, Մարկեսին, Կորտասարին, Օեին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերավորություն:
Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ
* * *
Այս երկը («Անհետացում») բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրացող նման ստեղծագործություններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր անհատականությունը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտրված հունը:
Սուրեն ԴԱՆԻԵԼԵԱՆ