«ՑԱՎԻ ՄՐՄՈՒՆՋՆԵՐ» շարքից / Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

ԿԱ՞, ԹԵ՞ ՉԿԱ…
Հույսդ չկայից ես քամում, իմ երկի՛ր.
բյուր դարեր ապրած արևահողդ
չգիտի՝ ծաղկոտվի՞, թե՞ խռով մնա…
(Այսպես վշտոտված երբեք չի եղել):
Կիրճերն ի վար կախված ժայռերդ քռեճ
քարորեն ապշել ու քար են կտրել.
չգիտեն՝ դավին ինչպես դիմանան…
(Այսպես դավված երբեք չեն եղել):
Անհիշելի դարերի
գաղտնիքներ պահող
քարեղեն պատմությունդ է մոլոր շվարել.
չգիտի՝ ինքը կա՞,
թե՞ իր օրորոցն են
դատարկ, դափ-դատարկ
տանո՜ւմ ու բերում,
բերո՜ւմ ու տանում…
(Այսպես դատարկված երբեք չի եղել):

ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Տղաները գիշերամուտին
խաղաղվում են աննինջ…
Եռաբլուրում աստղալույսեր են
կայծում- կայծկլտում…
Սիրո երազներն են երկնքից իջնում,
ծաղկոտվում, փարվում լույս շիրիմներին…
Փարվում, ծաղկոտվում են
ու գիշերազրույց հովվերգում մեղմիկ.
ամեն խոսքի մեջ՝ մի սիրո մրմունջ,
ամեն տողի մեջ՝ մի սիրո մորմոք,
ամեն բառի մեջ՝ մի սիրո կարոտ…
Սիրո անմարմին երազներն այդ խենթ՝
բիրտ ձեռքով խլված, սպանված, խոշտանգված.
մութ գիշերներին են հարություն առնում,
հրեշտակների թևով տեսլանում, իջնում.
տեսլանում են, իջնում, որ աներազ չմնան
երազների կարոտ տղաները քնած…
Մթնշաղին նորից երազված երազները
ելնում են երկինք՝
տանելով բուռ-բուռ սիրո հառաչանք,
հառաչանքների մեջ՝ առնորեն զսպված,
չլացված լացեր,
անլաց լացի մեջ՝ անարցունք մրմունջ,
մրմունջների մեջ՝
չծնված մանկանց հեռավոր ճիչեր…

***
Եռաբլուր գնամ.
շիկնած սերերի,
չասված խոսքերի
մրմունջները բոլոր
մեկ-մեկ հավաքեմ,
Սուրբ Սարգիս տանեմ.
տեր հայրը օրհնի,
հրեշտակներին տամ,
թող երկինք տանեն…
Որ ամեն անգամ,
երբ նոր սեր ծնվի,
երկնքից մի մրմունջ
լուսաշող իջնի,
փարվի այդ սիրո
անուշ կարոտին,
նրա հետ հուզվի,
նրա հետ շիկնի…
Ապրի նրա հետ…

ԵՐԿՆԱՅԻՆ ՊՍԱԿ
Այս գիշեր նախշուն աստղաթելերից
նարոտներ եմ հյուսել
ու կենաց ծառի
ճյուղերից կախել.
հրեշտակներն իջել,
հիացել են թաքուն,
թևերին առել,
տարել երկնատուն…
Եռաբլրի խնկածուխ
մշուշից տխրած՝
ամբողջ գիշեր թևածել,
արտասվել են լուռ
ու մոմալույսի
ստվերախաղերի հետ
շիրիմներից խնկաբույր
երազներ տարել…
Շիրիմներին վառվող մոմացոլքերով
բազում թագեր են
հյուսել լուսազարդ
և աղոթերգերով,
ծիսական կարգով
երազների հետ տարել
երկնատան տաճար…
Լույս դառած տղաների
երկնային պսակ
պիտի կատարվի…
Տաճարը լի կլինի լուսաթագերով
ու հարսնաքողի տակ սպասող,
սիրտը դող առած
երազ հարսներով…
Այս գիշեր նախշուն
նարոտներ եմ հյուսել,
հարսնաքույր հրեշտակների հետ
երկինք ուղարկել…

ՄԵԾ ԽԱՐՈՒՅԿ ԼԻՆԵՐ
Աստծո դուռը հասնող մեծ խարույկ լիներ,
բոցերին տայինք չասվող, չսփոփող, չմխիթարող
բոլոր խոսքերը,
ցավը բարուրած սևսիրտ մայրերի
մոլոր հայացքներում
խեղդվող ճիչերը…

Մեծ խարույկ լիներ,
բոցերին տայինք
չլռող սգերգի մաշող տողերը,
թախիծը բարուրած սիրող հարսների
անարցունք լացի
հառաչանքները…

Մեծ խարույկ լիներ,
կրակի բոցերը
ելնեին երկինք,
հրի ճարակ դառնային
ու մոխրանային
բնկալած չարի
բոլոր որջերը…

Աստծո դուռը հասնող
մեծ խարույկ լիներ…

ՀՈՒՇԵՐՍ ԿԾԿԵՄ
Վեր կենամ, բռնեմ էս ճամփի փեշը
ու անցյալիս էջերը հուշիկ թերթելով՝
հուշերս կծկեմ.
հուշերս կծկեմ
ու գնամ-հասնեմ անտերունչ գյուղը,
որ մնացել է յոթ սարի հետև:
Ոտքերս ինձ տանեն
պապիս ծերացած, խեղճացած տունը,
մոլորված կանգնեմ փակ դռան առջև.
կանգնեմ մոլորված,
աղոթքի բառերը հիշեմ տունդարձի:
Հիշեմ, մրմնջամ՝
Տե՛ր, ընդունի՛ր աղերսանքս,
թող բացվի դուռը իմ խարսխատան,
բացվի՝
աղոթեմ լքված պատերի ներսում,
և տունը լցվի ճառագող լույսով…

***
Շարմա՛ղ աղջիկ,
հերոսդ չեկավ.
սերդ իր հետ նա երկինք տարավ,
ու հեքիաթդ կիսատ,
անավարտ մնաց:
Թևատվեցին երազներդ,
դանդաղ ու լուռ խամրեցին,
անրջածին սպասումներդ
անհույս, անլույս մարեցին:
Սրբի՛ր արցունքդ,
իմ մախմո՛ւր աղջիկ,
կարշալույսվեն կրկին
օրերդ ծաղկուն,

և աստղալույսի շողերով ցոլուն
սիրո նոր հեքիաթ
կմանվի նորից:
Ու հին հեքիաթիդ
ասպետը հեռվից
լուսեղեն սիրով երազդ կօրհնի,
արևաթև կդառնան
երազներդ նորից,
ու երկինքդ կրկին
կապույտ կհագնի:

***
Ես վերադարձի մոմեր եմ վառել.
Կարոտներ ունեմ կիսատ մնացած,
Մոմալույսի կարոտ խորաններ կան դեռ,
Սպասում են աղոթքիս՝ առ Աստված հղած:
Շառագույն հագած արշալույսներ եմ թողել,
Որ «Պարի լուս»-ով են դիմում աշխարհին,
Եվ արևամուտներ՝ շքեղ պճնանքով
Կարմիր հագցրած ճերմակ ամպերին:
Մոմալույս շողերից պսակ եմ հյուսել՝
Պսակլույսով հասնի աղոթքս Աստծուն,
Որ Աստծո օրհնանքով ու կամոք նրա
Հավատիս տունը դռնբաց մնա:

***
Կխճճվեն կածանները մեր դիմաց,
Նոր կածաններ մեզ կտանեն հեռուներ,
Եվ ճարակված երազների մոխրի տակ
Անթեղ կանենք ու կպահենք կարոտներ:
Նորից կապրենք կորցրածի կանչերով,
Թախիծ կըմպենք կարոտյալի մեր թասից,
Անո՜ւշ-անուշ տեսիլներով մտածին
Նոր երազներ մենք կհյուսենք հուշերով:
Ու կարոտը տեսիլոտված, երազուն
Հին անթեղը լուռ կխառնի նորի հետ,
Ու մենք նորից կմորմոքենք, կհիշենք,
Որ «Երազում երազեցինք ու անցանք…»:

***
Օգնի՛ր ինձ, Ամենակարո՛ղ,
օգնի՛ր՝ ազատվեմ այս դառնությունից
այս հոգեմաշ տառապանքից,
դժվար անցնող այս օրերի
անասելի ծանրությունից…
Օգնի՛ր՝ ազատվեմ ինքնամաշումից
ու նորից ժպտամ
և ժպտալու համար մեղավոր չզգամ,
մեղավոր չզգամ ու չտագնապեմ,
ծանրութեթև չանեմ անցյալն ու ներկան
և ներկայի մեջ անցյալով չապրեմ:
Օգնի՛ր՝ ազատվեմ ինքնադատումի
այս հոգեավեր կեղեքումներից, տո՛ւր ինձ վաղվա
ճշմարտանման մի տեսլական,
որ այսքան անօգ ու անկար չզգամ,
որ հայրենապիղծների
ամոթալի ապիկարության համար
ինքս ինձ ամեն օր չդատափետեմ,
ինքս ինձ ապաշխարողի սքեմ չհագցնեմ…
Օգնի՛ր ինձ, Ամենազո՛ր,
օգնի՛ր՝ ազատվեմ անկարությունից,
օր օրի թանձրացող հույսի խավարից…
Ընդունի՛ր խոսքս,
թող՝ ապաշխարեմ,
ապաշխարանքով ազգիս
մեղքերը քավեմ
և խավարը մերժող լույսիդ շողերով
հայրենիքիս վաղվա
տեսլականը հյուսեմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։