ՀԳՄ վարչությունը շնորհավորում է
արձակագիր,
թարգմանչուհի, լրագրող
ԱՆԱՀԻՏ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
***
Անահիտ Խարմանդարյանը մեր ռուսագիր այն գրողներից է, որն ունի գրական մեծ վաստակ և յուրօրինակ աշխարհայացք: Նրա երկերում հարուստ, գրավիչ և արտահայտիչ բառապաշարով ու գրելաոճով արտացոլված է սերը դեպի հայրենիքը, նրա պատմությունն ու մշակույթը:
Անահիտ Խարմանդարյանի ստեղծագործություններում զարմանալիորեն հավասարապես ներկայացված են մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան, որոնք կարմիր թելի նման անցնում են նրա ինչպես վաղ շրջանի, այնպես էլ վերջին տարիների երկերում:
Հայաստանի գրողների միության ռուսական բաժանմունքի անունից ջերմորեն շնորհավորում եմ Անահիտ Խարմանդարյանին՝ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում երկարակեցություն և նոր ու հետաքրքիր ստեղծագործական ձեռքբերումներ:
Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Գրականագետ, հրապարակագիր,
ՀԳՄ ռուսական բաժանմունքի նախագահ
***
Անահիտ Լևոնովնայի հետ մեր ծանոթության քառասունհինգ տարիների ընթացքում, ազնիվ խոսք, նա քիչ է փոխվել: Արտաքնապես: Բայց նրա ստեղծագործություններում փոփոխությունները շատ են նկատելի: Եվ լեզվի ինչպիսի՛ անկաշկանդվածություն… Ինչպիսի՛ ազատ, կուռ ոճ՝ խոսակցական, միաժամանակ գեղարվեստական: Այստեղ և՛ քնարերգություն կա, և՛ հումոր, և՛ մաքուր երևանյան արտահայտչականություն, և՛ քաղաքացիական վիշտ. և՛ ամեն ինչ արտահայտված է, և՛ կենդանի կերպարներ են ներկա: Տարբեր են թեմաները՝ փողոցային ուրվանկարներ, ընտանեկան պատմություններ, ճակատագրեր՝ առօրեական ու տարաշխարհիկ…
Իմ կարծիքով, նրա արձակի հմայքը վիպասքն է՝ հարգված ժանր, Լեսկովից և Բաժովից եկած-հասած մինչև 21-րդ դար և վերափոխված հայկական խառնվածքի և առոգանության ազդեցությամբ, որը հոգեհարազատ է նաև Գրականության ինստիտուտի շրջանավարտուհուն:
«Արձակագիր, հրապարակագիր և թարգմանչուհի»՝ այսպես է գրված նրա գրքի շապիկին: Ես մի քիչ այլ կարգով եմ հիշում. սկզբում Անահիտը թարգմանչուհի էր, հետո սկսեց արձակ գրել, իսկ հետո, հավանաբար, հրապարակագրություն: Բայց մի բան միանգամայն պարզ է և ինձ համար շատ ուրախալի՝ իմ ընկերուհին գրո՛ղ է:
Ես շնորհավորո՛ւմ եմ նրան և ակնկալում շարունակությո՛ւն:
Կարինա ԶՈՒՐԱԲՈՎԱ (Մոսկվա)
Գրող, հրապարակագիր, գրականագետ
***
Անահիտ Խարմանդարյանի հետ ավելի քան քառորդ դար աշխատել եմ ՀՀ Նախագահի աշխատակազմի արձանագրային բաժնում, այնուհետև մեր բարեկամությունը շարունակվել է գրականության ասպարեզում:
Ծնված լինելով նշանավոր մտավորականների ընտանիքում (մորական կողմից ականավոր մանկավարժ, թարգմանիչ, արձակագիր և պետական նշանավոր գործիչ Սիմակ Սահակյանի, հորական կողմից՝ Սարդարապատի հերոս, Գեորգիևյան շքանշանի կրկնակի ասպետ Խորեն Խարմանդարյանի թոռնուհին է և Կարսի վերջին քաղաքապետ Մարտին Չեբանովի ծոռնուհին), ժամանակին ստանալով հիմնավոր և որակյալ կրթություն, Անահիտ Խարմանդարյանը, վաղուց իր հաստատուն տեղն ունի մեր ռուսալեզու հրապարակագրության, արձակի և թարգմանչության ոլորտում:
Նա այն գրող-թարգմանիչներից է, ով կատարելապես տիրապետելով ռուսաց լեզվի ոճական նրբություններին և առանձնահատկություններին, օժտված լինելով թարգմանական բարձր ունակություններով և մասնագիտական երկարամյա փորձով, ստեղծագործական ուրույն շնորհով ու ճաշակով, իր նշանակալի նպաստն է բերում հայ գրողներին օտարներին ներկայացնելու և Հայաստանի ռուսալեզու գրականության զարգացման գործում: Նրա գրչին են պատկանում հարյուրավոր հրապարակագրություններ, էսսեներ, պատմվածքներ, որոնց մի մասը ամփոփված է ժողովածուներում, ինչպես նաև տասնյակ գրքերի բարձրորակ թարգմանություններ: Ինձ համար մեծ պատիվ է, որ նրա թարգմանությունների (Ավետիք Իսահակյան, Աբիգ Ավագյան, Խաժակ Գյուլնազարյան, Ազատ Շահինյան, Նորայր Ադալյան, Արթուր Արմին) պատկառելի շարքում են նաև իմ արձակ և չափածո ստեղծագործությունները, այդ թվում՝ հոդվածների, էսսեների և պատմվածքների «Վիշապասար» ժողովածուն:
Շնորհավոր հոբելյանդ, սիրելի՛ Անահիտ: Մաղթում եմ քեզ քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր անակնկալներ:
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գրող, հրապարակագիր, թարգմանիչ
Բան. գիտ. թեկնածու
Անահիտ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ
ԱՄՊԱՄԱԾ ՕՐ
Դա տեղի ունեցավ յոթանասունականների սկիզբին: Մի սովորական գարնանային առավոտ էր, բայց ամենևին էլ ոչ ջինջ ու արևոտ, այլ ընդհակառակը՝ մռայլ ու ամպամած: Հրանտ Սերոբովիչը՝ փոքր հզորության շարժիչների նախագծման բաժնի վարիչը, երթուղային ավտոբուսով աշխատանքի էր գնում: Ավտոբուսը, ինչպես միշտ, խցանման մեջ էր հայտնվել, ինչպես սարդոստայնում գերված ճանճը՝ անհույս ու երկարատև: Ուղևորները լուսամուտներից անտարբեր նայում էին, թե ինչպես են միջնադարյան արքայական շքադրոշի պես փողոցի լայնքով ձգվող պաստառի հսկա ալ բոսորագույն տառերի վրայից տխրորեն սահում հազվագյուտ անձրևի գորշաթափանցիկ վեհերոտ կաթիլները: Իսկ պաստառի թավ, խոնավությունից տռզած տառերը վստահեցնում էին, որ «ժողովուրդն ու կուսակցությունը միասնական են»:
Գորշ օր, գորշ փողոց, խցանում, պաստառ… Կարծես գարուն էլ չէր: Եվ ամեն օր՝ նույնը: Հիշեց Բլոկին. «Դեղատուն: Փողոց: Լապտեր»:
«Մեծերին ինչ կա,– մտածեց Հրանտ Սերոբովիչը,– ամեն ինչ ոտանավոր են դարձնում, ամենքից բանաստեղծություն է ճառագում: Ե՛վ իրենք են թեթևանում, և՛ գրական գործընթացն են առաջ տանում, և՛ մեզ՝ հասարակ մարդկանց են իրենց տողերը հավերժ թողնում»: Ճիշտ է, իրենք՝ մեծերը, այս բոլորի մասին ամենայն հավանականությամբ չէին մտածում, բայց Բլոկին առնչվելը ցրում էր ամպամած տրամադրությունը. ավտոբուսը հանկարծ կտրուկ ճոճվեց և դանդաղ շարժվեց նույնքան դժգոհ ու շտապող «Վոլգաների», «Ժիգուլիների» և «Զապորոժեցների» հոսքում:
Հասնելով աշխատավայր և միջանցքները տարօրինակորեն սակավամարդ տեսնելով՝ Հրանտ Սերոբովիչը նստեց իր գրասեղանի մոտ, հայացքով զննեց սենյակը և քար կտրեց. քսաներկու հոգուց աշխատանքի էր ներկայացել ընդամենը տասը: Դա չլսված բան էր. կարգապահությունը այդ տարիներին բոլոր գիտահետազոտական հիմնարկներում խստագույն էր, ոչ ոք չէր համարձակվի թեկուզ մեկ ժամով բացակայել աշխատանքից՝ առանց շատ հարգելի պատճառի, էլ չասած, որ ոչ մի պետ ոչ ոքի հենց այնպես թույլտվություն չէր տա, պահպանության ծառայությունն էլ չէր թողնի…
Հեռախոսազանգ հնչեց: Պարզվեց, Գևորգի՝ երիտասարդ մասնագետի ատամն է ցավում, և նա պետք է շտապ ատամնաբույժի մոտ գնա: Ուղիղ երկու րոպե անց մյուս երիտասարդ մասնագետը՝ Գառնիկը, ողբերգական ձայնով հայտնեց, որ իրենց պատշգամբի առաստաղն է փլվել: Լավ է, որ ոչ ոք չի տուժել: Եվ քանի որ վարպետ է կանչել, հիմա աշխատանքի գալ չի կարող, բայց ընդմիջումից հետո անպայման կգա:
Զանգերը հերթագայում էին միմյանց: Ավագ ճարտարագետ Ֆրիդրիխն ասաց, որ օդանավակայան է գնում՝ դիմավորելու Մոսկվայից անակնկալ ժամանող զոքանչին, մեկ ուրիշ ճարտարագետի՝ Ռազմիկի տանը պայթել էր ջրագծի խողովակը, ողողել բնակարանը, և նա փականագործին էր սպասում: Սակայն Հրանտ Սերոբովիչը արդեն հիշեց, որ այդ օրը ապրիլի 24-ն է, և յուրաքանչյուրին, հազիվ լսելով մինչև վերջ, կտրուկ ասաց. «Ընդմիջումից հետո տեղում կլինես»:
Ժամը տասից քիչ անց զանգահարեց առաջատար ճարտարագետ Մուշեղը և անհասկանալի արագախոսությամբ քրթմնջաց, որ հիվանդանոց է գնացել՝ ընկերոջ մոտ, որի կինը ծննդաբերել է. պատկերացնո՞ւմ եք ինչպիսի իրադարձություն է, և ինքը տուն է տարել նրանց, բայց կես ժամից տեղում կլինի:
Կոլյա Սեկոյանը՝ լաբորանտը, ուշացել էր, քանի որ մասնակցել էր շքամուտքի ապակիները ջարդող մի խումբ խուլիգանների տեղում բռնելու գործողությանը, իսկ նրա գործընկեր և հարևան Զավենը հենց հիմա ոստիկանությունում օգնում է արձանագրությունը կազմելուն: Մեքենագրուհի-գործավարուհի Ռոզա Կասյանը, հազիվ լացը զսպելով, ասաց, որ կորցրել է բնակարանի բանալիները և չի կարող դուռը փակել, սպասում է ամուսնու բանալիներին: Ծրագրավորող-ճարտարագետ Կարինե Պետրոսյանը ուշացել էր, քանի որ շտապօգնություն էր զանգել հարևանուհու համար, իսկ հաշվիչ տեխնիկայի երիտասարդ օպերատոր Բենիկը լամպը փոխելիս ցախանոցի տանիքից էր ընկել…
Հրանտ Սերոբովիչը արդեն բավական հոգնել էր այդ ստերից, բայց ի՞նչ կարող էր անել: Իսկ երբ ներկա տասը աշխատակիցներից երկուսը դավադրի կեցվածքով մոտեցան իրեն, նախքան կբացեին բերանները, նա ցածրաձայն, բայց կտրուկ և պարզորոշ ասաց. «Ընդմիջումից հետո: Երբ մյուսները կներկայանան»: Աշխատակիցները գլխով արեցին և, գոհունակությամբ հայացքներ փոխանակելով, նստեցին տեղերում՝ անգամ չփորձելով ձևացնել, թե աշխատում են:
Քանի որ օրը ոչ աշխատանքային ստացվեց, Հրանտ Սերոբովիչը որոշեց մտնել հարևան բաժին՝ Շահենի մոտ, որը վերջերս էր բաժնի վարիչ նշանակվել. նա ավելի երիտասարդ էր, իրեն վերաբերվում էր որպես ավագ ընկերոջ և դժվարին պահերին խորհրդի համար իրեն էր դիմում: Լավ ճարտարագետ էր, իսկ ղեկավարել դեռ նոր էր սովորում:
Հարևան բաժնում նստած էին ընդամենը երկու հոգի, այն էլ օտարոտի հերթապահ տեսքով: Տեսնելով Հրանտ Սերոբովիչին՝ Շահենը, ձեռքերը տարածելով, մոտեցավ և կամացուկ ասաց.
– Դեռ երեկվանից բոլորը թույլտվություն խնդրեցին: Չէի կարող չթողնել:
– Իսկ եթե ղեկավարությունից մեկը ներս մտնի՞: Ես մերոնց պարզ ասել եմ՝ երբ առավոտյան գնացողները վերադառնան, կգնաք…
– Ոչ ոք չի մտնի: Ղեկավարությունից ոչ ոք չկա:
– Ինչպե՞ս թե:
– Հենց այդպես: Ե՛վ տնօրենը, և՛ տեղակալը առավոտից ինչ-որ խորհրդակցության են, հետո էլ մոսկվացի հյուրերի հետ տեղ են գնալու:
– Միտումնավո՞ր:
– Սատանան գիտի… Իսկ ի՞նչ է եղել: Այս ամպամած օրը հո չե՞ն զբոսնում մարդիկ… Բայց, ասում են, ժողովուրդը ուղղակի հեղեղի նման է գնում, ասեղ գցելու տեղ չկա… Մենք էլ ենք աշխատանքից հետո տղաների հետ գնալու, հենց այստեղից էլ կշարժվենք: Կարապետ Սերգեևիչը իր մեքենայով կտանի:
– Ես էլ ձեզ հետ կգամ: Կտեղավորվե՞նք:
– Իհարկե: Դե, այսօր ոստիկանությունը չի էլ նայում, թե քանի մարդ է խցկվել մեքենայի մեջ: Ի՞նչ է, նրանք հա՞յ չեն:
Երբ մեքենան արդեն թեքվել էր դեպի Կիևյան կամուրջը, Շահենը հարցրեց.
– Կարապե՛տ Սերգեևիչ, ի՞նչ եք կարծում, եթե վերևից թույլտվություն չլիներ, ժողովուրդը էլի այսպես հոսքով կգնա՞ր:
Կարապետ Սերգեևիչը՝ այդ շատ բան տեսած մա՛րդը, նախկին ճակատայի՛նը, ժպտաց.
– Կարծում եմ՝ այո՛: Ե՛վ գետի նման, և՛ հոսքով, և՛ հեղեղի նման: Իսկ ինչ վերաբերում է թույլտվությանը, ոչ ոք, իհարկե, ոչինչ չի թույլատրել: Բայց և չի արգելել… Դե, այստեղ իջնում ենք, ավելի հեռու գնալ չենք կարող:
Ապրիլի 25-ի առավոտը ուրախ օր էր՝ գարնանային և արևոտ: Հրանտ Սերոբովիչը, ինչպես միշտ, աշխատանքի էր գնում երթուղային ավտոբուսով: Եվ երբ ավտոբուսը, ինչպես միշտ, խցանման մեջ հայտնվեց և միակ մատչելի զբաղմունքը ծանոթ պաստառի ուսումնասիրությունը դարձավ, որի տառերը, հասցնելով չորանալ, բաց շագանակագույն էին, Հրանտ Սերոբովիչը մտածեց, որ տարվա մեջ գոնե մի հատիկ օր լինում է, երբ այս տաղտկալի գունաթափ պաստառը չի խաբում:
2001 թ.
Ռուսերենից թարգմանեց
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ