Հրազդանի մարզային կենտրոնական գրադարանում Արտեմ Հարությունյանի ուշադրությունից չվրիպեց Աշոտ Սարգսյանը: Հարցրեց՝ ով է, ասացինք՝ թատրոնի ռեժիսոր: Զննող հայացքը չկտրելով նրանից` ծոր տվեց` պոետ է: Զարմանալին այն էր, որ չասաց՝ արտիստ կամ ռեժիսոր, այլ խորհրդավոր հնչերանգով ասաց` պոետ, ու երբ իմացավ, որ նա էլ է Արցախից, հրճվեց, «Էս չոլում հինչը՞ս անում»: Կատակը՝ կատակ, բայց այս պատմությունում վաստակաշատ բանաստեղծի ճշմարիտ դիտողականությունը լրջագույնս դիպուկ էր ու իրատեսական: Այսօր Հրազդանի երբեմնի Դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը կա, բայց թատրոնը չկա, այն լուծարվել է Հրազդանի ավագանու 2020 թվականի փետրվարի 25-ի N 16 («Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոն» հիմնարկը լուծարելու մասին) որոշմամբ: Համայնքի ընտրյալները որոշել են, որ շուրջ յոթ տասնամյա կենսագրությամբ թատրոնը քաղաքին պետք չէ: Մարզային ևս մեկ բարձր մշակութային կառույց էլ դադարել է գոյություն ունենալուց այն դեպքում, երբ ամենուր փողահարվում է, թե պետք է զարկ տալ մարզային մշակույթին: Թատրոնը չկա, հոգսերն էլ չկան, նրա առաքելության հերն էլ անիծած. Երևանը հեռու չէ Հրազդանից: Ինչևիցե, ինչ որ եղել է, ցավալի է, բայց եղել է, խոսքս շարունակեմ` կենտրոնանալով Աշոտ Սարգսյան արվեստագետի կերպարին: Ինչպես Արտեմ Հարությունյանը, ես էլ նրան չեմ ասում արտիստ, ռեժիսոր կամ պարզապես թատրոնի մարդ, քանի որ նա բազմաբովանդակ է և Հրազդանի մշակութային միջավայրի կոլորիտի ազդեցիկ գույներից մեկն է: Աշոտ Սարգսյանի ռեժիսորական արվեստը ձևավորվել է Հրազդանի թատրոնի շենքում, որը երկարուձիգ տարիներ պահպանվել է նրա իսկ համառ ջանքերի շնորհիվ: Նրա համար թատրոնն օջախ է. շատ ու շատ գիշերներ, փորձերից հոգնած, քնել է հենց բեմին ու առավոտյան արթնանալով` աշխարհին ասել՝ բարև՛: Մտքերիս տրամաբանության ծիրում հիշատակեմ կինոռեժիսոր Արման Մանարյանի խոսքը 2003 թվականին Հրազդանի դրամատիկական թատրոնի ներկայացրած «Մինաս» բեմադրության մասին, որը նվիրված էր մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանին. «Տպավորություններս շատ բարձր են… երբեք չէինք սպասում, որ այստեղ այսպիսի բեմադրություն կարող է լինել: Մի ցանկություն ունեմ, որ անպայման Երևանը տեսնի այս ներկայացումը, որպեսզի Երևանի բեմադրիչներից շատերը որոշակիորեն իմանան` ինչով պիտի զբաղվեն, ինչ բեմադրություններ պիտի անեն: Շատ ուրախ եմ, որ այսքան պայծառ, այսպիսի դիպուկ հարցադրումներին պատասխան տվող ներկայացում է «Մինասը»:
Կիևի Ի.Կարպենկո Կարիի անվան թատերական ինստիտուտի կինոռեժիսորական բաժնի շրջանավարտ Աշոտ Սարգսյանը սիրում է կրկնել. «Փոքր եկեղեցում էլ կարելի է մեծ պատարագ մատուցել»: Այս վերնագրով 2012 թվականին նրա հետ հարցազրույցս տպագրել եմ «Ոգու կանչ» թերթում, որից հատված մեջբերելը, կարծում եմ, տեղին կլինի. «Մտնում ես Հրազդանի քաղաքային թատրոնի շենքը, անհարմար աստիճաններով բարձրանում ես երկրորդ հարկ, անցնում ես երկար միջանցքով, որի վերջին ճակատային դուռը Հրազդանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատասենյակն է, ու այդ ընթացքում քեզնից չի բաժանվում խորհրդավորությունը: Ձգված ուղղանկյունաձև աշխատասենյակի պատերին համատարած նկարներ են փակցված, որոնք տարբեր չափսերի են` մեծ, փոքր, ավելի մեծ, ավելի փոքր, դժգույն ու գունավոր, բայց բոլորն էլ կարծես հայացք ունեն դեպի քեզ ուղղված: Եվ մի պահ շփոթվում ես այդ նայվածքների բազմազանությունից: Իհարկե, ամենափառավորն ու իշխողը Փափազյանինն է, որի ներքո գտնվում է ռեժիսորի թիկնաթոռը, առջևում էլ աշխատասեղանը` գրքերով ու թերթերով ծանրաբեռնված: Սենյակի միջնամասում թիթեղյա ճողված վառարան է` անցյալ դարի իննսունականներից մնացած, ու քեզ թվում է, թե նա ուր որ է թոքախտավորի նման կհազա` լրացնելով այն բոհեմիկ վիճակը, որում հայտնվել ես: Վառարանի կամաց-կամաց հանգչող կրակին նայելով` խորհում էի Աշոտ Սարգսյանի բեմականացրած «Միրհավը» ներկայացման մասին, երբ նա ներս մտավ` մի գիրկ լիքը ցախով: Մի քանի կտոր ցախ նետեց վառարանը` թեժացնելով կրակը, մնացածը դրեց հատակին: Ես ցուրտումութ տարիների` ոսկորներիս մեջ սրթսրթացող արձագանքներով ափերս իրար շփեցի` բարձրաձայն մտածելով. «Ես էլ եկել եմ 21-րդ դարի ռեժիսորի հետ հարցազրույցի»:
– Մեկին երեսով են տալիս, թե սովի տարին հայրդ սովից մահացավ: Նա պատասխանում է` կար, չկերա՞վ:
– Դրա համար է քո մեջ գերիշխում ոգեղենը: Սարոյանի ասած` պզտիկ բանեն մեծ բան շինելու արվեստը:
– Հովհաննես Աբելյանն էլ գեղեցիկ է ասել. «Փոքրիկ եկեղեցում էլ կարելի է մեծ պատարագ մատուցել»:
– Սկզբունքորեն նույն բանն է:
– Արևի տակ ոչինչ չի փոխվում: Ժողովողը ասում է. «Ամեն ինչ եղել է արդեն»:
– Իսկ ինձ թվում է` Ձեր բեմականացումների ոճական ինքնատիպությունը նոր է:
– Իմ ընթացքը նախորդներովս է պայմանավորված:
– Անտարակույս, ցանկացած երեխա նախնիների արդյունք է, դրանով հանդերձ՝ նրանց բացասումը, որն ընկալվում է որպես նոր:
– Գուցե հավերժ արարվողն է նորը:
– Որպեսզի բառախաղ չստացվի, արի ու ասա` ի՞նչն է նորը Ձեր վերջին բեմականացրած «Միրհավ» ներկայացման մեջ:
– Հայ թատրոնում Բակունցի «Միրհավը» երբեք չի բեմականացվել: Այն զտարյուն գրական գործ է և առաջին անգամ է բեմ բարձրանում:
– Ու միանգամից Հրազդանո՞ւմ:
– Այո՛, Հրազդանում, բա էլ որտե՞ղ: Ես 37 տարի Հրազդանի թատրոնում եմ աշխատում:
– Փաստորեն, Հրազդանի թատրոնի լավն ու վատը Ձեր անվան հետ է առնչվում:
– Նշված ժամանակահատվածում ինչ-որ չափով՝ այո՛:
– Այդ դեպքում խոսենք Ձեր թերություններից:
– Ի՞նչ ասեմ, ես ինքս էլ կցանկանայի ավելի շատ տանելի ու դյուրամարս լինել:
– Ձեր ասածը թերություն չէ, ավելի շուտ գործի նկատմամբ պատասխանատվության հետևանք:
– Չգիտեմ: Ավելի լավ է կենդանի շուն լինել, քան սատկած առյուծ:
– Կարծես համեստորեն մեծամտանում եք:
– Քավ լիցի, ո՛չ դրա կարիքը կա, ո՛չ էլ միտում ունեմ: Պարզապես շատ անսովոր է, երբ կենդանի վիճակում դիահերձվում ես:
– Անսովորը հենց Ձեր բեմականացումներն են` սկսած «Մինաս»-ով, որը շարունակել եք «Խորհրդային էլեգիա»-ով և վերջապես «Միրհավ»-ով:
– Երեք ներկայացումներն էլ թեմատիկ առումով բևեռային բնույթ են կրում, երբ իրար կողքի ենք շարում: Նրանց միավորողը ոճականությունն է:
– Ըստ իս` զգայական դաշտի հորձանուտը:
– Ես ամենատարբեր բաների մասին խոսում եմ իմ սեփական լեզվով:
– Ինձ համար այդ լեզուն կոչվում է զգայական: Այն, ինչ ես տեսնում եմ բեմի վրա, այսինքն` բեմում ստեղծված աուրան ամբողջովին ոգեղեն է: Հավատացած եմ` ոչ մի տեխնիկա չի կարող այն վերարտադրել:
– Ընդհանրապես զտարյուն արվեստի ցանկացած տեսակ արվեստի մեկ այլ տեսակով մատուցվելիս կորցնում է իր դեմքը: Իմ բեմականացումները նկարահանումից կորցնում են անմիջականությունն ու հուզական թրթիռը:
– Դուք չէի՞ք մանրամասնի:
– Լուսախաղը, որ իմ ներկայացումներում մեծ տեղ է գրավում, ինչպես նաև զգեստների և ստենոգրաֆիայի գունային շեշտադրումները, մարսվելով նկարահանման տեխնիկայից, զգալիորեն աղոտանում և խամրում են երբեմն նույնիսկ անճանաչելիորեն:
– Ես կավելացնեի նաև տարածածավալային ընկալումը:
– Ճիշտ եք:
– Ես լսել եմ բազում արվեստագետներից, որ Հրազդանի թատրոնն իր տեսակի մեջ եզակի է հանրապետությունում: Դժվար չէ՞ այն պահել:
– Այդ եզակիությունը կեցվածք չէ, դա ուղղակի արդյունք է հնարավորությունների և եղածի օգտագործման ու ճիշտ մատուցման:
– Փաստորեն, մենք եկանք մեր ելման կետին` փոքր եկեղեցու խորհրդին:
– Մնձուրու փոքրիկ մրջյունը գնում էր հսկա սարի վրա, Դոն Քիշոտը հարձակվում էր հողմաղացների վրա: Երկու դեպքում էլ էությունը նույնն է:
– Ես կասեի` երեք դեպքում էլ: Ի դեպ, երրորդը Դուք եք:
– Երրորդն ավելորդ է:
Աշոտ Սարգսյանն այս հարցազրույցից հետո բեմադրեց «Լոռեցի Սաքոն» (արժանացել է Արտֆեստ միջազգային փառատոնի «Լավագույն մարզային ներկայացում» 2017 թվականի մրցանակին), «Աշնան արևը», «Մթնաձորը», ինչպես և նկարահանեց «Նամակ մորը» գեղարվեստավավերագրական ֆիլմը, որն արժանացավ «Հայակ 2014» մրցանակաբաշխության «Տարվա լավագուն վավերագրական ֆիլմ» մրցանակին: Նրա բոլոր բեմադրություններն ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն. բացակայում է ժամանակի ծանրությունը, քանի որ Սարգսյան բեմադիրի հայացքի դիտողականությունը նուրբ բանաստեղծական, ասել է թե՝ զգայական է: Ուստի նրա բեմադրությունները կառուցիկ են զգայահոսքային բեմախաղով, որն ի վերջո վերածվում է որոշակի ասոցացվող իմաստի՝ իրական կյանքը արտացոլող: Հատկանշական է նաև այն, որ Աշոտ Սարգսյանի բեմադրած գործերն ուրբաթախոս են, և սակավ խոսքը բեմում հնչելիս ասես կատարում է անծանոթ խաչմերուկում պատահող ծերունու ուղղորդող դերը: Աշոտ Սարգսյանի բեմը երբեք չի ունեցել նորագույն տեխնիկական զինվածություն, և ներկայացումները, կարելի է ասել, համարյա չեն ֆինանսավորվել, բայցևայնպես նա կարողացել է ավարտին հասցնել դրանք` հենվելով բնությունից իրեն շռայլված երևակայության ու եռանդի վրա, ինչը բեմում վերածվում է մի գունեղ, շարժուն պատկերի` ցավի ու մութուլույսի փոխանցումներում խնդությամբ տրոփող: Աշոտ Սարգսյանի բեմադրությունները տարբեր ժանրերի փոխներթափանցման արդյունք են, ուստի և հոգեբանական են, ունեն զգացմունքային լարվածություն, անսպասելի ինտրիգներ, էքսցենտրիկ են, երգիծական, գրոտեսկային, անշուշտ, նաև քնարական: Նման բեմադիրների մասին է կարծես գրում փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանը. «Յուրաքանչյուր ստեղծագործական գործունեության մեջ չափազանց ուժեղ է սուբյեկտիվ սկիզբը, այստեղ չափազանց շատ բան են նշանակում իռացիոնալ գործոնները, ներշնչումն ու տաղանդը, ներըմբռնողությունը, անձնական ճաշակն ու հակումները: Ահա թե ինչու, միայն ինչ-ինչ ընդհանուր սկզբունքներից ու «ժանրի կանոններից» ելնելով, արվեստի երկ «կառուցելու» ցանկացած փորձ, ըստ էության, միշտ դատապարտված է լավագույն դեպքում «արհեստածին մի բան», «հասարակ մի ապրանք» լինելու: Ամեն դեպքում, նման ձևով արվեստում դեռ ոչ մի արժեքավոր բան չի ստեղծվել ու դժվար թե երբևէ ստեղծվի»: Աշոտ Սարգսյանի ընդդիմանալն ընդունված կանոններին բնության գրված ու չգրված օրենքները իմանալուց է, նրա բեմադրությունները դուրս են գալիս իրականության սահմաններից` միևնույն ժամանակ չկտրվելով իրականությունից: Նրան հաջողվում է շոշափելիին շունչ տալ` դարձնելով եթերային, և հակառակը, այնպես, ինչպես ամպը ջրից է ծնվում, ջուրն էլ` ամպից: Արվեստագետը նման է ջրին՝ մթի մեջ անգամ իր ճամփան գտնում է, իսկ ճանապարհները միայն հեռանալու համար չեն, այլ՝ նաև վերադառնալու: