Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանն իր «Հայրենիքս, միակս, ուրիշս» բանաստեղծությունը բազմաշերտ մոտեցումներով է գրել: Պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում հատկապես՝ խորը և լուրջ պոեզիա է ծնվել, որ արժանի է գրաքննադատների հատուկ ուշադրությանը, որովհետև կան շատ ստեղծագործություններ, որոնք ոչ միայն իրականությունն են արտացոլում, այլ նաև հանդես են գալիս որպես մարտակոչ ու հայրենիքը սեփական անձից կարևորելու բանաձևումներով:
Հետպատերազմյան շրջանում նկատելով և ընթերցելով Անուշ Ասլիբեկյանի «Հայրենիքս, միակս, ուրիշս» բանաստեղծությունը՝ առաջին տողից պատկերավոր միջավայրում հայտնվեցի՝ չիմանալով հետագա զարգացումների մասին: Սակայն վերնագրից արդեն հասկանալի է, որ այն պետք է ունենա հայրենիքին լավագույնս ներկայացնող ու բարձրացնող ռիթմեր:
Երբ հիասթափությունը ոչ այնքան կարևոր իրողություն է, որքան հիասթափության մեջ ապրելն ու ցավից մորմոքվելը, այդժամ վերականգնվում է այն գործառույթը, որը պետք է իմաստավորի և՛ պահերը, և՛ ժամերը, և հասկացնի կարևորի ու երկրորդականի մասին: Գործ ունենք կուռ և ստացված բանաստեղծական օրինակի հետ, որն ընթերցողին կլանում է իր անկեղծ տողատակերով:
Շատ անգամ հուսահատության խտացումների մեջ պոռթկում է համարձակությունն ու սերը, որը միևնույն ժամանակ այնքան շոշափելի է, բայց և մի տեսակ իդեալականացված: Անուշ Ասլիբեկյանը բազմահայաց ռեալիստականություն ու բառագործածական ինքնատիպություն է ցուցաբերում: Գրում է հոգեթով, բուռն հուզականությամբ՝ ամեն կերպ նախընտրելով այն, ինչը կսփոփի, հույզ ու հիշողություն կարթնացնի, բայց… Հեղինակը տագնապում է երջանկության կորստի վախից, որն առաջին հերթին հայրենիքն է իր համար, և որի սահմաններն իր աչքի առջև հանկարծ տարրալուծվում են:
Այսօր ես վաստակած (խաբուսիկ) ծերություն վայելելու ցանկություն ունեմ՝//տաք շալով փաթաթվելու,//թեյ խմելու, ինձ թույլ տալու լուրեր չլսել,//եվրոյի բարձրացող գնի ու նավթի արժեզրկվող գույնի մասին ոչինչ չիմանալու,//մի քիչ ապրելու ու ոչինչ չանելու հրամայական, պահանջ.//այսօր ակնոցս կորցնելու, կուրանալու,//հոդացավերից ցնորվելու ցանկություն ունեմ,//որ չտեսնեմ մառախուղի պես արագորեն տարրալուծվող Հայրենիքիս սահմանները://Այսօր ես ունեցածիս մասին մոռանալու,//ու սրտխփոցով ընդհատված քնից վեր թռչելով՝//այն սարսափահար փնտրելու ու դարձյալ գտնելու ցանկություն ունեմ,//զավակներիս ո՛չ թե խնամելու, ո՛չ թե խրատելու,//այլ կողքի պատուհանից անվերջ դիտելու, հեռակա գրկելու, աչքերով նկարահանելու, ընդմիշտ հոգումս պահելու ցանկություն ունեմ նրանց մանկությունը,//որ Ուրախությունն են հենց:
Այս տողերը ցավի ծանրությունից կքած հեղինակի փախուստի փորձ են դեպի սեփական ներաշխարհ, սակայն նա համարձակվում է և այնտեղից դուրս է գալիս հզորացած, անկասելի որոշումով: Գրականության մեջ ընդունված է հայրենիքին դիմել որպես զավակ, սակայն Ա. Ասլիբեկյանի այս ստեղծագործությունը կարելի է ասել արդի հայ գրականության մեջ եզակի է, որտեղ հեղինակը հայրենիքը սիրում է ոչ թե որդիաբար, այլ որպես ծնող, և նրանից թույլտվություն է խնդրում մայրության «սրբազան իրավունքի»: Սա բոլորովին նոր, թարմ ու անսպասելի փոխաբերություն է:
Խոսուն է տողը, երբ անկեղծանում ես գրչի հետ: Անուշ Ասլիբեկյանին հաջողվել է անկեղծանալ և շարադրել այն ամենը, ինչը կարևոր ասելիքով է հարուստ, որը շառավիղներ ունի տարբեր ծիրերում, որը միատարր չէ: Նաև անպայման պետք է կարևորենք տողի հակիրճությունն ու սեղմվածությունը՝ ընդգծելով տողատակի ասելիքի ահռելի տարողունակությունը, որը որպես գրական վարպետության օրինակ կարող ենք առանձնացնել:
Ա՛խ, Հայրենիք,//դու, որ հիմա բոլորովին անօգնական, խռով մի բլրում ես կուչ եկել՝//արտասվաթոր մեխակներով ծածկված,//անթիվ ուղղանկյունաձև սառը սալիկների ծնկներին ծվարել,//օգնություն ես հայցում հավերժորեն դաջված հերոսական լռությունից,//ինչպե՞ս կարողացար այսքան մեր սիրտը մխրճվել՝ ցավոտ ու կաթոգին,//այսքան տրտում, բայց վճռական,//այսքան արնոտ, բայց սիրուն:
Ինչպես նշեցի, հուսահատություն կա, որն ավելի հնչեղ է դառնում այն ժամանակ, երբ հայրենիք-մարդ կապն ամեն կերպ միաձուլվում և դառնում է անբաժանելի, քանզի հայրենիքի համար ապրողը մեռնում է նաև հանուն նրա: Ձևականությունից զերծ է մնացել գրողը, նա չի թաքցնում իր ցավը, բայց և անշառավիղ է նրա սերը: Պատկերավոր են իրավիճակները, բառը և վերջիվերջո՝ տողը: Բանաստեղծությունը բնական, բաբախող շնչառություն ունի, և գնալով ապագայի հույսը գլուխ է բարձրացնում վշտի ու տառապանքի հանդեպ:
Հիմա ես ամեն օր ծերանալու, փախչելու, թաքնվելու ցանկություն ունեմ քո՝//մանկան պես անպաշտպան հայացքից, բայց այսօր, հենց հիմա, առավել, քան երբևէ,//քեզ կրծքով կերակրելու ու բարուրելու պարտք ունեմ։//Թո՛ղ տղաներին իրենց Եռաբլրում՝ շահած խաղաղության հետ, անուշս,//թո՛ղ նրանց ետևից Ծիր կաթինի պես ծորացող նրանց մայրերի միլիոնավոր բեկորների վերածված սրտերը,//որբերի արցունքները, որ պետերբուրգյան ու լոնդոնյան դժգույն անձրևներից էլ հորդառատ են։//Դո՛ւրս եկ ապագայի համար տենդագին մաքառող հայրերի անտակ խորշոմներից, թող ու եկ ինձ մոտ, ձագո՜ւկ,//ես զավակներ խնամելու մեծ փորձ ունեմ,//նրանք իմ քնքշանքի ներքո մոգեր ու մարգարեներ են դառնում,//նախշուն հավքեր ու եդեմական ծաղիկներ,//նրանք իմ համբույրներից//հսկաներ ու աստվածներ են դառնում,//օվկիանոսներ ու աստղեր, տաճարներ ու վանքեր:
Ա. Ասլիբեկյանի տողը բովանդակության խորության հետ նաև մեծ գրավչություն ունի: Մարդը հաճախ իր ներսում գաղտնի աղոթք-նվիրումի որոնումների, նրանց միջև կապեր հաստատելու ճանապարհն է փնտրում: Հերթական աղոթք-մենախոսությունում գրողը համբուրում է հայրենիքին մայրաբար և բանաստեղծական գեղեցիկ պատկերներով րոպե առ րոպե հզորացնում նրա տկարացած ու խոցված մարմինն ու ոգին:
Ա՜խ… Հայրենիք,//տո՛ւր ինձ քո մայրը լինելու սուրբ իրավունքը,//և ես քեզ կհամբուրեմ հենց այնպես,//ինչպես իմ զավակներին,//որ սիրել գիտեն,//որ գիտեն Երկնային Ապարանքը կառուցելու բոլոր գաղտնիքները,//որ ներել ու երգել գիտեն, այսօր օրը պոեզիա է բուրում:
Պոեզիան խեղդում է (իհարկե, լավ առումով նկատի ունեմ) օրվա ժամանակագրությունը, որովհետև այս ամենը ոչ թե պարզապես տողեր են, այլ հայրենիքի ամբողջական պատկերը կառուցելու օրհասական ժամի մասին են զգուշացնում: Այո՛, հեղինակը կոչ է անում յուրաքանչյուրին անձնապես սիրելով, փայփայելով, վերքերը շոյելով ու սնելով օգնել ոտքի կանգնել ծնկի եկած, բայց մտքում աղոթքի պես Պայքար մրմնջացող հայրենիքին:
Ու ես, որ սիրում եմ բեմի վարագույրի հետևում դիմակների հետ պար բռնել,//այսօր ներծծված եմ պոեզիայով,//այն մեկո՛վ, որ քո մասին շատ բան գիտի,//նա տեսել է, շոյել է քո բոլոր վերքերը՝ 88-ին, 92-ին, 16-ին, 20,20-ին բացված://Նա գիտի դրանից առաջ էլ բացված քո վերքերի մասին,//բայց չի տեսել, այլ շոշափել է դրանց սպիները՝//լացելով, մտքում մահանալով, աղոթելով, ոտքի կանգնելով, մայր դառնալով://Նա գիտի հողի, Տիեզերքի, ջրի ու արյան կանչի մասին շատ բաներ://Այսօր հեռավոր Կրեֆելդում փոքրիկ մի աղջիկ անտրտունջ հեռացավ երկինք, ու նրա խեղճ հայ ծնողները շփոթված են,//նրանք չգիտեն՝ մոխրացնել ու օվկիանոսի՞ն հանձնել,//թե փայտյա արկղիկով օտար հողին պահ տալ այն հայուկի մարմինը, որին կտրել էին իր արմատից,//քեզնից, քո սպիներով ու վերքերով պատված հողից, Հայրենիք,//որ ամենատաքն ես:
Գրողի բնագրում արտացոլվել է ժամանակի շունչը: Այդ ժամանակը նաև ժամանակագրություն է որոշ տողերում: Գաղափարական կենսունակ ու հաստատուն միջուկ, ընթացք և ավարտ է պարունակում տվյալ ստեղծագործությունը:
Պոետական ճակատագիրը հաճախ միախառնվում է հայրենիքի ցավի հետ, որը տարբեր պահերի կարող է ցնցումներ առաջացնել՝ հոգեբանորեն խախտելով կապը աշխարհի ու մարդու ներաշխարհի միջև:
Երեկ հայր ու որդի՝//անհասկանալի, անսպասելի, անըմբռնելի հանգամանքներում՝
գազանի ձեռքն ընկան,//զենքի ուժով գետնին տապալված՝ հանկարծ հողից բարձրացող տաք ու գիրգ՝ իրենց Հայրենիքի հոտն առան, որտեղի՞ց, ինչպե՞ս, նրանք չիմացան,//բայց երբ նայեցին միմյանց, նույն բանն ասացին ու իրար հասկացան,//ի՞նչ լեզվով, ինչպե՞ս, ինչո՞ւ, չգիտեմ,//բայց դանդաղ ու վստահ հպվեցին իրար մարմիններով://Ո՜չ թե մահվան վախից,//այլ քո բույրի մեջ պարուրվելու երանությունն իրար հետ կիսելու խենթացնող երջանկությամբ՝//հաշտված մահվան հետ, և//հենց այդ պահին եղավ աններելին,//ու հենց այդ պահին Տիեզերքը զգաց քո հրամայականը, Հայրենիք,//Նա հասկացավ, որ զենքն անզոր է,//երբ մարմինդ հավիտենականին է հպվում:
Բանաստեղծության վերջում գրողը խնդրանքով է դիմում հայրենիքին: Այն հայրենիքին, որի մարմինը հավիտենականին է հպվում: Նա հասկացնում է, որ զենքով ոգին չե՜ս կարող սպանել, ինչքան էլ ջանաս: Իսկ մեր հայրենիքն այդպիսին է՝ ոգով ուժեղ, կամքով՝ անգերազանցելի, իսկական որդիներով՝ անպարտելի:
Տո՛ւր ինձ քո մայրը լինելու սրբազան իրավունքը,//Հզորս,//ու ես քո ոտքերի առաջ մարգարիտներ ու հակինթներ կդառնամ,//մայրական կենարար կաթի պես քեզ ամեն րոպե կաթիլ առ կաթիլ սնելով՝//դարձյալ Հսկա կդարձնեմ,//Հայրենիքս,//Միակս,//Ուրիշս:
Անուշ Ասլիբեկյանի «Հայրենիքս, միակս, ուրիշս» բանաստեղծությունը վերլիբրի՝ ազատ բանաստեղծության օրինակ է, որն առաջին անգամ հայտնվելով համացանցում այս հունվարին՝ գրավեց ընթերցողների և մասնագիտական շրջանակների ուշադրությունը. տպագրվեց «Գրական թերթում» և կանադական «Գեղարդ» ամսագրում, թարգմանվեց անգլերեն՝ Արծվի Բախչինյանի և Նորա Արմանիի համատեղ աշխատանքի արդյունքում: Քչերին է հայտնի, որ Անուշ Ասլիբեկյանը 1990-ականների վերջին գրականություն է մտել որպես բանաստեղծուհի: Նրա առաջին բանաստեղծությունները Գուրգեն Խանջյանի, Արտաշես Արամի և այլ գրողների հավանությանն են արժանացել, տպագրվել «Գրեթերթում» և «Արվեստ» ամսագրում: Բանաստեղծություններից մի քանիսը թարգմանվել են գերմաներեն և ընդգրկվել Գերմանիայում լույս տեսած «Հայաստանի սիրտը… բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ» անթոլոգիայում (թարգմանիչներ Ագապի Մկրտչյան, Հելմուտ Մալոնեկ, 2017), ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի տպավորիչ, հուզական կատարմամբ հնչել են Հանրային ռադիոյի եթերում:
Վերջին տարիներին Անուշ Ասլիբեկյանն իր ընթերցողներին ներկայանում է արձակ ստեղծագործություններով և պիեսներով, բայց ահա «Հայրենիքս, միակս, ուրիշս» բանաստեղծությամբ տեսնում ենք, թե ինչպես է պատերազմի ցավը խտանում, դառնում հույզ ու պոեզիա և ստիպում է գրողին վերստին խոսել բանաստեղծական լեզվով: