ՆՎԵՐ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻՆ
Օգոստոսի 14-ին Վրաստանի Ախալցխայի տարածաշրջանի Ծղալթբիլա հայկական գյուղում բացվեց մշակույթի պալատը, որը բարեգործ, համագյուղացի Լեոնիդ Գոգորյանի նվերն էր իր հայրենի գյուղին: Հանդիսությանը ներկա էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը:
Էդ. Միլիտոնյանը նշեց, որ այս գյուղը մեր գրականագիտությանը նվիրել է այնպիսի մեծանուն գիտնականներ, ինչպիսիք են Պիոն Հակոբյանը, Պողոս Խաչատրյանը, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, երգիչ Էդվարդ Դարբինյանը և նրա հայրը՝ պատմաբան Մելիք Դարբինյանը: «Բազում տարիներ գյուղը նման մշակութային օջախների պահանջ ուներ, և հրաշալի է, որ բարերարի շնորհիվ գյուղը ձեռք բերեց դրանք,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց,- երանի բոլոր բարերարներն իրենց գյուղերում առանձնանան նման նախաձեռնություններով, բարի գործերով»: Այնուհետև նա ՀԳՄ-ի անունից նվիրեց ամսագրեր ու մանկական գրքեր՝ խոստանալով, որ դա շարունակական կլինի:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ
Օգոստոսի 17-ին Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մկրտչյանը հանդիպման էր հրավիրել ստեղծագործական միությունների նախագահներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցյալ տարվա համավարակի ժամանակ ստեղծագործական միությունների գույքահարկերի հետ կապված, նաև ստեղծագործական այլ խնդիրներ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հատկապես նշեց քաղաքապետարանի և ստեղծագործական միությունների համատեղ աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները՝ գրական, համերգային և այլ տիպի աշխատանքներ: Նրա հավաստմամբ՝ ցանկություն կա, որ ավելի սերտ հարաբերություններ հաստատվեն քաղաքապետարանի և ստեղծագործական միությունների միջև՝ լինեն դրանք մրցանակաբաշխությունների թե Երևանի հետ կապված այլ միջոցառումների ձևով: «Ստեղծագործական միությունները պատրաստ են սերտ համագործակցության՝ շարունակելու նաև այն բարի, լավ ավանդույթները, որոնք եղել են»,- ասաց Էդ. Միլիտոնյանը։
ՄԵՆ ՈՒ ՄԻԱԿ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔՈՎ
Օգոստոսի 19-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում տեղի ունեցավ Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Այս գիրքը Մ. Իսրայելյանի 4-րդ ժողովածուն է, որում ամփոփված են հիմնականում ժամանակակից թեմաներով, մանկության, կենսական փորձի հիման վրա գրված պատմվածքներ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մհեր Իսրայելյանին բնութագրելով որպես շնորհալի արձակագրի, առանձնահատուկ ընդգծեց գրողի լեզվամտածողությունը՝ հետաքրքիր, որոշ բարբառային խոսքերի, հատկապես Սասունի բարբառի ներմուծումով: «Հումորիկ հայացքը առկա է անընդհատ, կարելի է ասել՝ բոլոր նախադասություններում դիտարկումները հիմնականում հումորի տեսանկյունից են, իսկ ոճը արտաքո թեթև, առինքնող է, բայց այդ թեթևության տակ կյանքի նաև ցավալի, ողբերգական անցքեր են շարահյուսվում և դրվագներով ներկայանում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հույս հայտնեց, որ Մհեր Իսրայելյանը կշարունակի նոր գրքերով ուրախացնել ընթերցողներին:
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐՈՎ ՈՒ
ԱՐՏԱԳԱՂԹԻ ՑԱՎՈՎ
Օգոստոսի 25-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Իսպանիայում բնակվող արձակագիր Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն, անդրադառնալով գրքին, նշեց, որ այն հետաքրքիր սյուժեներ է պարունակում, մասնավորապես՝ Հայաստանից գնացած և Իսպանիայում մերվելու փորձեր անող մարդկանց կենսափորձից են հիմնականում պատառիկներ հայտնվում: Հավելելով, որ Աղավնի Գրիգորյանի ոճը նաև շատ բանաստեղծական է՝ համեմված մանկության հուշերով, Էդ. Միլիտոնյանը նկատեց. «Դրանք որոշ իմաստով նոր բնակության վայրի իրական տեսքի հետ շփումով, համադրումով ստեղծում են մի թախծոտ բանաստեղծական պատրանք»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ