***
Հուլիսի 16-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավ. Իսահակյանի «Երկերի լիակատար ժողովածու տասնչորս հատորով» ակադեմիական հրատարակության 13-րդ և 14-րդ հատորների շնորհանդեսը: Այդ հատորներում ընդգրկված են Վարպետի նամակները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ուշագրավ համարելով Ավետիք Իսահակյանի նամակների անձնական, կենսագրական, համազգային նշանակություն ունեցող բովանդակությունը, նկատեց. «Այդ նամակներն այսօր թող կարդան մեր քաղաքական գործիչները, կուսակցությունների առաջնորդները, մեր ժողովուրդը… կարդա ու տեսնի, թե Իսահակյանն ինչ խորությամբ է ներկայացնում մեր և այլ երկրների առնչությունները, Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրների վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ»։
Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը և ուրիշներ:
Ակադեմիական հրատարակության հատորների խմբագիր, Գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Ավ. Իսահակյանը, ով մեծ ներդրում ունի հատորների լույսընծայման գործում, նկատեց, որ ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը նորովի բացահայտեց թե՛ Վարպետին, թե՛ նամականին, և տեղեկացրեց, որ մնացել է տպագրելու Իսահակյանի հոդվածների և ելույթների ժողովածուն, որտեղ կընդգրկվեն նաև աֆորիզմները: