Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՎԵՐԺԱԿԱ ՄԵՂԵԴԻ
Որքան դյուրին է չափել տարածքներ,
Սահմաններ գծել իրերի միջև,
Ստույգ լույս զատել մութ ու խավարից՝
Աչքերիդ շնորհ լուսընկալությամբ…

Որքան հեշտին է ձայներ ունկնդրել՝
Թե՛ քամու շառաչ, թե՛ դայլայլ թռչնի,
Երբ հար տրոփող սիրտը քո անխոնջ
Արձագանքում է շարժ ու կասեցման:

Երկինքը հատող ծիտ ու ծիծառներ
Սույլ ու սլացքի թրատումներով,
Ճնճղախոսության թովիչ զուգերգով,
Թփերում անտես բազմացման խաղեր,

Բնավորման այն ջանասիրությամբ
Ստիպում են մեզ` անտրտունջ փնտրել
Իմաստն այս կյանքի և հարատևման.
Մինչ խունանում է փայլը աչքերիդ…

ՏԵՐ ՀՈՐ ԶՐՈՒՅՑԸ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ
Տեր հայր – Որտե՞ղ էիր, որդի՛ս:
Զինվոր – Կռվում էի, Տե՛ր հայր:
Տեր հայր – Կռիվն ո՞ւմ հետ էր, որդի՛ս:
Զինվոր – Թուրքութաթարի, Տե՛ր հայր:
Տեր հայր – Քո աչքով տեսա՞ր ոսոխիդ, որդի՛ս:
Զինվոր – Չե՛մ տեսել, Տե՛ր հայր, չհասցրեցի:
Տեր հայր – Բայց ինձ ասացիր, թե կռվում էի՞ր:
Զինվոր – Երկինքն էր կռվում իմ դեմ, օ՜, Տեր հայր:
Ես կռվում էի, սակայն շնչավոր ընդառաջ չեկավ,
ողջը երկաթե թռչուն էր ու արկ, ախոյան չկար:
Տեր հայր – Հենց այդպես` օդի՞ց վիրավորվեցիր,
թե՞ պատահական բեկորը խոցեց…
Զինվոր – Ո՛չ խելքի բան էր, ո՛չ էլ զորության,
Հանց վայրագ մորեխ` օդը լեցուն էր։
Զարկն իմ չարձակած` ընկա վիրավոր:
Տեր հայր – Այդ ձախողումից գուցե պարտվեցիք:
Զինվոր – Ես ռազմի դաշտում չեմ պարտվել, բնա՛վ:
Ես խարխափել եմ, տանուլ եմ տվել
իմ չճանաչած սարքերին այդ չար:
Զենքս սակավ էր ու անհամաչափ,
այդ բիրտ կրակի դեմն առնել չեղավ…
Տեր հայր – Ես քեզ հասկացա, Աստված պահապան:
Զինվոր – Բայց իմ սրտի մեջ միշտ էլ ապրում են
ընկեր տղերքը` հաղթությամբ վառված,
մարմինս խոցած բեկորի նման`
իրենց հավատն է մխրճվել հոգիս…
Թե ապաքինվեմ` ես ետ կգնամ,
կավարտեմ գործս, ուխտն իմ սրբազան…
Տեր հայր – Բարի վերադարձ, իմ հերո՛ս զավակ,
Քեզ ուժ ու կորով, օրհնյալ լինես հար…

ՊԱՏՈՒՀԱՆ
Այս առավոտը` անարև ու պաղ,
Ո՛չ ներս է գալիս, ո՛չ էլ` հեռանում:
Նոթերը կիտել, լցվել է հոգիս`
Գամել ինձ դատարկ, անսեր անկողնուն…
Մեկն արտասվել է պատուհանիս թաքուն
Եվ խազեր թողել անհայտ մեղեդու:
Նա հեռացել է` առանց թակելու,
Ինչպես չքվեցին կարոտներն անտուն…

Նայի՛ր, եղևնին իր գիրկն է բացել,
Ջերմ ու մտերմիկ թևերը պարզել:
Փշատերևից քո բույրն է հորդում,
Որ գտել էի ես ամենքից թաքուն։

ԻՆՁ ՄԻ՛ ՀԱՐՑՐԵՔ
Ում էլ հարցնեք, թե ի՞նչ է սերը,
կասի՝ ես գիտեմ`
տառապանք է այն…
Անվրդով կասեն` հիվանդություն է,
հոգու տվայտանք
կամ եթերային ծաղիկ երազի,
գոյազանցություն…
Ոմանք էլ կասեն՝ ստրկություն է,
անդուռ ու անել մի անհույս թակարդ…
Լինելության տո՞ւրք,
ոգևորությո՞ւն,
գուցե` նվիրո՞ւմ,
ե՛կ ավելացնենք,
նաև` անձկություն…
Այդ հոգեհանը զրահներ ունի,
խոցող զենք ու սուր
և շուրթեր՝ պապակ արյան ծարավի:
Այն շունչ է, շշուկ, նաև` հնչեղ խոսք,
այնպես թոթով է լեզուն, քաղցրահունչ:
Անբառ խաղիկ է, անշեղ հավատամք
և հայտնություն է սրտի ծովերում`
իբրև կազդուրակ կամ կենաց-մահու
հեռահար խոցում դավադիր նետի…
Կառափնարան է սերը՝ ես կասեի,
ուր դահճին ինքդ ես ընտրում կամովի,
նրան, ում կամոք ու հոժարությամբ,
գլուխդ ես դնում զոհասեղանին
կամ թե նստուքդ ճոճում կախոցին:

* * *
Անցնում է օրը՝
անհաս երազի հովերի ծիրում:
Անցնում են մարդիկ` առանց ասելու,
որ էլ ետ չեն գա հաջորդ առավոտ:
Անցնում է օրը՝ ետ չնայելով,
չխնայելով ո՛չ առավոտին,
ո՛չ տվայտանքին կեսգիշերային:
Անցնում է օրը՝
ունկնդիր չեղած քո աղերսներին
ու չձայնակցած վիշտ ու թախիծին։
Անցնում է օրը…

Մինչդեռ, այն երփնիկ թիթեռի խաղը,
սիրտդ նվաճած այն հոգեհանը՝
չի արձագանքում, մնում է հեռու:
Ո՛չ նզովում է դարպասումներն իմ,
ո՛չ մասնակիցն է դառնում սպանդի,
ո՛չ էլ ողորմի տալիս մեռնողիս…

ՏԱԹԵՎԻՑ` ԹՌՉԿԱՆ
Դու մի՛ կարծիր, թե չեմ եղել ես քո հողում:
Դու մի՛ կարծիր, թե երկինքն այս սադափե՝
Վրան դաջված թեժ արեգակը ոսկեփառ,
Նոր եմ խառնել իմ աչքերի կապույտին:
Դու չկարծե՛ս, թե մատուռներ ու տաճար
Եվ ջրվեժներն, որ հորդում են երկնքից,
Գունեղ պատրանք ու միրաժը հոգեցունց,
Նոր եմ գտել դեգերումներիս ճամփին…
Պարզապես, ես Հայաստանում եմ հավետ՝
Իմ տիրական բարձր ու վսեմ լեռներում,
Եվ ամենն այս՝ կախարդանք ու զմայլում,
Քեզ ձոնեցի, ո՜վ, երկրաթո՛ղ իմ ընկեր …

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ
Դեռ քայլում եմ փողոցներում ուշաթափ՝
Բեկվող լույսի ապակեծամ տեսլական:
Դղրդում է ողջ ընդերքը ոտքիս տակ,
Աջ ու ահյակ՝ վերամբարձներ ու շչակ:
Ես փնտրում եմ կառույցներդ հնամյա,
Որ կեցած են հոգուս խորքում անխաթար:
Մանեկենն այս՝ լուռ, կիսամերկ, հիշեցրեց
Վաղուց անցած սիրո մի հին պատմություն…
Ներմուծում են, մոդայիկն ու ցանկալին:
Ծաղկավաճառ Կարա-Բալան բրոնզե
Ենթարկվել է պարտադրանքի քմայքին
Ու ծխում է սիգարեթն իր «Մարլբորո»:
Հյուսիսային պողոտայում շիկադեմ`
Խափշիկ կանայք, գլխանոցներ ու դիմակ,
Պարուրել են կաֆե, անցում ու պուրակ,
Հյուր են եկել Թամանյանին իր տան մեջ…
Ո՞ւր կտանի քեզ շփոթն այս, հի՛ն քաղաք:
Դու միշտ մնա անտես քողիդ ծալքերում,
Մերթ-մերթ ցայտիր հիշողության ջրերում,
Ուր հառնում են ոգիները նվիրական մեծերի:

ԿԱՐՈՏՆԵՐԻ ՏԵՍԱԽՑԻԿ
Պատկեր /ա
Շյուղը` ճյուղին, ծեղը` ծեղին,
Ճամփի գաճաճ թփի քուղին,
Ծիտն իր կտցով բույն է հյուսել`
Այնպես բոլոր, այնքան թեթև,
Ասես բույնն այդ ինքն է որ կա`
Հյուսված երկնի ամպ ու զամպից,
Էն գիժ սիրո, ծլվլոց ու տվայտանքից:

Պատկեր /բ
Վերին լեռան ստորոտին
Թե ծաղկազարդ գորգը տեսնես,
Գլուխդ դիր լերկ քարերին
Ու բարևիր արտույտներին:
Ունկերիդ մեջ կղողանջեն
Սիրակարոտ մեղեդիներ…

Պատկեր /գ
Մինչև կելնես, մինչ կհասնես
Սարի ծերին, էն գագաթին,
Պիտի անցնես մեծ անտառի
Մութ ու խոնավ կածաններով,
Ուր կանգնած են ծառերը մառ`
Ծածկած երկինք ու արեգակ…

Պատկեր /դ
Մութ անտառի էն խոր վիհում,
Դու կլսես խլահավի գույժ-կռինչը
Կամ` փայտփորի թակը հատու:
Կհանդիպեն խիստ կռվազան կաչաղակներ,
Որոնք` թողած երկինք ու որս, վիճաբանում,
Ծղրտում են` վարուժնակի հայտին ի տես:

Պատկեր /ե
Քիչ էլ գնաս, ճամփիդ դժվար`
Ցախերի տակ ու խաշամի,
Հատած կոճղին կամ ծերացած
Ու թեք ընկած հաճարենուն
Կհայտնվեն ճերմակաոտ սնկաշարեր`
Պիրկ գլխարկներ շուքով ծածկած…
Դրանց բույրը կհիշեցնի սնկապուրը`
Նեղ օրերին մորդ եփած…

Պատկեր /զ
Իսկ շամբուտի հովտում` ծմակ,
Կկորցնես մեկեն ճամփադ,
Թե թփերի մեջ չլսես քչքչոցը
Սարից իջնող պաղ առվակի,
Որ փախչում է ինքն իրենից,
Ու քչքչում, ինչպես դյութիչ մի մեղեդի,
Ինչպես մանկան անզարդ ծիծաղ…

Պատկեր /է
Կթավալվի առվակը պաղ,
Կթաքնվի խաշամի տակ,
Ու կխաղա պահմտոցի,
Լույս ժպիտով կծիկրակի`
Թավուտներում ձարխոտերի…

Պատկեր /ը
Թե ետ տանես խաշամ-քողն իր,
Կհայտնվի հայելավորը պաղ աղբյուրի,
Եվ հայելու մեջ անապակ դու կտեսնես
Դեմքդ հոգնած` ծփանքի մեջ կոհակների:

Պատկեր /թ
Դու կունկնդրես մեղմ խոխոջը լույս առվակի
Ու կծնկես նրա ափին` իբրև գերված ուրու,
Կախարդվածի զմայլանքով կհամբուրվես
Ամենահաս ու տիրական առվակի հետ,
Որ շուտափույթ մեղմես ծարավդ անհագ…

Պատկեր /ժ
Եվ այդ պահին, քո թիկունքին մի՞թե…
Կզգաս թեթև սոսափն այն ձարխոտի,
Մի՞թե քո ուսերին կիջնի վարսե շղարշ,
Ջրերի մեջ այտդ կզգա ջերմը նրա մարմնի,
Երբ ճերմակը բոբիկ սիլուետդ խաթարի…
Օ՜, չես կարող զսպել ճիչդ բերկրանքի..

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։