«Երևանյան էսքիզ» նորաբաց գրախանութում (ուրախանանք, որ մեզանում գրախանութ է բացվում) տեղի ունեցավ Վլադիմիր Զադայանի «Լույսի սերմեր» գրքի շնորհանդեսը: Ես, որ շնորհանդեսների մասնակցելու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, ողջ ընթացքում առանձնահատուկ հուզված էի, որովհետև նշում էինք ինձ համար թանկ ու սիրելի մարդու, իմ հին ընկերոջ գրքի ծնունդը ու, ավաղ, իր բացակայությամբ: Արժանին պիտի մատուցել կնոջը՝ Սուսաննա Խաչատրյանին, ավագ դստերը՝ Լիլիթ Զադայանին, նման նախաձեռնություն հանդես բերելու, խնամքով կազմված այս հրատարակությամբ Վլադիմիր Զադայանի յուրահատուկ վերադարձը «կազմակերպելու» համար…
Գրեթե վստահ եմ՝ այս գիրքը, որ լրագրող, խմբագիր ու հրատարակիչ, ժամանակին Հայաստանի ազգային ռադիոյի գլխավոր տնօրեն Վլադիմիր Զադայանի բանաստեղծությունների, ավաղ, հետմահու ժողովածուն է, հաճելի անակնկալ է լինելու նրան ճանաչողներից շատերի, նույնիսկ ամենամտերիմների համար: Իսկ պոեզիայի սիրահար ընթերցողներին՝ գեղեցիկ նվեր: Ես ինքս, որ ավելի քան քառասուն տարի վայելել եմ նրա ընկերությունը (ի դեպ, սկսած այն ժամանակներից, երբ հայկական կրթությամբ աշխատում էր «Կոմսոմոլեց» երիտասարդական թերթում ու հրաշալի հոդվածներ, ակնարկներ գրում փայլուն ռուսերենով), նրա հետ շատ ճամփաներ անցել, ամենատարբեր թեմաների շուրջ անթիվ-անհամար զրույցներ ունեցել, իրենից կամ ուրիշ մեկից ո՛չ մի անգամ չեմ լսել, որ նա նաև բանաստեղծություններ է գրում: Իմ բազմամյա ընկեր Վլադիկը իր գրած մի քառատողն անգամ չի կարդացել ինձ համար, կարծիք չի հարցրել (երբ ինքս իրեն նման «նեղություն» քիչ չէի տալիս), առավել ևս որպես բանաստեղծ ներկայանալու, ժողովածու տպագրելու որևէ հավակնություն չի դրսևորել: Բայց խոսել պոեզիայի, ընդհանրապես գրականության մասին, իր սիրած հեղինակների վերաբերյալ հետաքրքիր դիտարկոումներ անել շատ էր սիրում: Ընկերական հանդիպումների ժամանակ, բոհեմական մեր բուռն տարիներին, մանավանդ, երբ ներկա էր լինում նույն հակումով ակնհայտորեն առանձնացող մեր տաղանդավոր ընկեր Սասունիկ Թորոսյանը, հաճախ ինքն էր խոսակցություն բացում ու զրույցը տանում իր ուզած ուղղությամբ: Հիմա, երբ արդեն ծանոթ եմ ոճ ու մտածողությամբ այնքան հետաքրքիր, խորունկ նրա բանաստեղծություններին, այդ յուրահատուկ հետաքրքրության պատճառը հասկանալի է դառնում կարծես: Ասեմ, որ քիչ չեմ լսել գրաբարից Նարեկացու Մատյանը թարգմանելու նրա փորձերի մասին: Ա՛յ, Մատյանից հաճույքով ու ոգևորված էր հատվածներ ներկայացնում, և ակնհայտ էր, որ ապրում է այդ, անշուշտ, բարդ ու դժվարին, տարիներ ձգվող աշխատանքով: Լավ է, որ գոնե այդ առիթով նրան անձամբ շնորհավորելու, ոգևորելու առիթներ քիչ չեմ ունեցել, մանավանդ, երբ որոշ բավականին հաջողված կտորներ տպագրվեցին մամուլում: Ուզում եմ հուսալ, որ կգա նրա՝ հոգով, սիրով ու նվիրումով կատարած այդ աշխատանքը ևս ընթերցողին ներկայացնելու ժամանակը:
Վլադիմիր Զադայանի՝ ձևով, հակիրճությամբ, խտացված ասելիքով ճապոնական հոքոներին ու թանկաներին հարող այս բանաստեղծություններում ես անմիջապես ճանաչեցի տասնամյակների բազում շփումների ընթացքում ինձ համար շատ կողմերով բացահայտված, հարազատացած ընկերոջս՝ կենսասեր, հետաքրքրասեր, սկզբունքային, մշակույթով, հոգևորով ապրող, աշխարհին ու կյանքին փիլիսոփայական հայացքով նայող, և սակայն միաժամանակ գտա նաև ոչ այնքան ծանոթ մեկին, ավելի նուրբ ու խորը ու միաժամանակ՝ բարդ, պատկերավոր իր մտածողությամբ, նուրբ դիտողականությամբ զարմացնող, ում՝ կյանքի ու աշխարհի, մեր իրականության շուրջ մտորումները, մի քանի տողի մեջ պարփակված հոգեկան ալեկոծումները վարակում, գրավում են թարմությամբ, անսպասելիությամբ, որոշ դեպքերում մինչև վերջ չընկալվելով, չբացվելով անգամ, միևնույն է, ընթերցողին մղում ինքնաճանաչման, կյանքը նորովի բացահայտող մտածումների.
Թռչունները չվում են,//որ երկրից կորուսյալ//հիշողության երգեր//նոտագրեն գարնան երգացանկի համար:
Իսկ «Անձրև» բանաստեղծության մեջ ընդամենը ասում է. «Աստված Տերյան է կարդում», ու մեկ հատիկ այս տողը զարմանալի ներգործություն է ունենում:
«Աշխարհագրորեն դու մարմին ես,//պատմությամբ՝ հոգի,//որ չի տեղավորվում//անդամալույծ ու բոլորովին հյուծված// մարմնի մեջ,- «Հայրենիք» բանաստեղծությունից է, տողեր, որ կարդալով զգում-հասկանում ես, որ հայրենիքի մասին բազում ծանր մտածումների խտացում են պարզապես:
Վաղուց է, ինչ մենք//նամակ չենք գրում իրար,//և փոստատար թռչունները// գործազրկությունից//փոխել են իրենց երկինքը,- կարդում ես մի այլ բանաստեղծության մեջ ու նորից ու կրկին համոզվում, որ կարճ տարածության մեջ շատ ու կարևոր բան ասելու, գեղեցի՛կ ասելու յուրահատուկ շնորհով է օժտված հեղինակը…
Բանաստեղծություններից զատ նաև դիպուկ, տպավորիչ շատ ասույթներ, աֆորիստիկ տողեր ունի Վլադիմիր Զադայանը, որոնցից մի քանիսը մեջբերելու գայթակղությանը ևս դժվար է դիմանալ: Ահա որքան գեղեցիկ, բանաստեղծական են հնչում նրա անակնկալ գյուտերը. «Լուսինը սիրո լուսամփոփն է», «Ծաղիկներն արևի դուստրերն են», «Չասված բառը չամուսնացած աղջիկ է», «Հարենիքի մշտական բնակիչը հիշողությունն է»։
Ընկերոջս լավ իմանալով՝ ես իհարկե կզարմանայի, եթե ասույթների մի զգալի մասը մեր լեզվին, գրականությանը, պատմությանն ու ազգային նկարագրին չվերաբերեին: «Բոլոր բառերը սիրո համար են, եթե ասվում են ճիշտ ժամանակին և անսխալ կապակցված են»։ Այդ շարքից էլ խոսուն մեջբերումներ շատ կարելի է անել, բայց հատկապես սա հիշեցի, որպեսզի ավելի վստահ ասեմ, որ ամբողջության մեջ Վլադիմիր Զադայանի այս ժողովածուն սիրո ու նվիրումի, հավատարմության համար է ու մասին, իմաստուն, խոր ու զգայուն մի հոգու պատմություն:
Ավարտել է աշունը//դասերը տերյանական,//որ մենք ընկալեցինք//սիրո բարբառի //նախնական անաղարտությամբ՝//թե՛ հնչյունները գունեղ//և թե՛ գույները հնչեղ:
Վստահ կարելի է ասել, որ փոքրիկ այս ժողովածուն իրականում թե՛ ասելիքով, թե՛ հույզ ու տրամադրությունների բազմազանությամբ շատ ավելի տարողունակ է, որովհետև նրանում, առաջին հայացքից ժլատ, զուսպ տողերի մեջ, իրար հրաշալիորեն լրացնում ու հարստացնում են «թե՛ հնչյունները գունեղ, թե՛ գույները հնչեղ»:
Բարի երթ գրքին ու խորին խոնարհում հրաշալի մտավորական, լրագրող, խմբագիր ու անպայմա՛ն նաև բանաստեղծ Վլադիմիր Զադայանի՝ իմ պայծառ ընկերոջ ու գրչեղբոր հիշատակին:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ