Նարե ՎԱՐՈՒԺԱՆԻ
Թթենի
Մանկությունս ու տատիս ծերությունը համընկան։ Երկուսս էլ քայլել էինք սովորում, իսկ երբ ես սկսեցի վազել, տատս անկողին ընկավ։ Հասնող ու մեռնող կյանքերի ինչպիսի՛ բախում։
Տատս մեռավ սովորական մի օր, և նրան թաղեցին սովորական փոսի մեջ. անսովոր էր…
Անսովոր էր պատի անկյունի մահճակալի դատարկությունը։ Այդ դատարկությունից կոկորդս լցվում էր ամեն անգամ, բայց վախենում էի լաց լինել։
Մորս մխիթարելու էին գալիս տասնյակ կեղծ ու շիտակ բարեկամներ, ես ուրախանում էի, երբ նրանք ինձ համար կոնֆետ էին բերում, և տխրում, որ դրանք համով չէին այնքան, որքան տատիս տված մարմելադները։
Մայրս ասում էր` մեծ աղջիկ ես, չլացես, հայրս ասում էր` փոքր ես, որ գաս գերեզմաններ։ Եվ փոքրի ու մեծի արանքում ինձ միջակ անպետքություն էի զգում։
Երբ անցավ մեկ տարի, ես ինձ ավելի անպետք էի զգում, որովհետև այլևս ամեն օր չէի հիշում տատիս, ու լացս չէր գալիս։
«Ուրեմն անշնորհք թոռ եմ»։
Տատիս նկարն ինձ ճնշում էր.
– Մա՛մ, հանե՛ք։
– Տատը կնեղանա։
Իսկ երբ անցավ ևս երեք տարի, մայրս ինքը հանեց նկարն ու դրեց դարակը։
Մի՞թե տատս մոռացվեց։
Մեր բակում մի չոր թթենի կար։ Ամեն օր կռիվ էր։ Հայրս ասում էր.
– Կտրենք, մի օր ընկնելու է տանիքին։
Մայրս`
– Ամառը լավ ստվեր է գցում։
Եթե անկեղծ, ինձ համար մեկ էր՝ թթենին կլինի, թե ոչ, բայց մորս ու հորս վեճից առաջացող աղմուկը խանգարում էր դաս սովորելուս։ Եվ ակամայից ինձ համար նույնպես կարևոր էր թթենին, այնքան կարևոր, որ հակվեցի հորս մտքին.
«Կտրեք պրծնենք էլի»։
Երբեմն հիշում էի տատիս։ Սիրում էր աշխատել։ Երբ ոտքի վրա էր, այգում ինձ համար անհասկանալի գործերով էր միշտ զբաղված, մեկ էլ կտեսնեի` մի թասի մեջ թութ լցրած բերում էր մոտս։ Երբ դեռ աչքերը տեսնում էին, գուլպաներ էր գործում, իսկ ես մտքումս երազում էի, որ դրանք ինձ համար չլինեին, որովհետև դուրս չէին գալիս, բայց գուլպաները միշտ ինձ համար էին, որովհետև ես միակ թոռն էի, իսկ ձմռան ցուրտ օրերին միակ բանը, որ ուրախություն էր բերում մրսկան մարմնիս, գուլպաներն էին։
Ես արդեն բավականին փոքր էի. Ազատ լացում էի, և բավականին մեծ էի. Գնում էի գերեզմաններ։
Սովորական մի օր այցի գնացի իմ մեռած ու գուցե մոռացված տատին, և նա ինձ հեքիաթանման մի բան պատմեց։
Պատմեց, որ երբ փոքր էր, փոքրիկ մի երեխա, սիրում էր ծառեր տնկել և մեր տան բակում մի փոքրիկ թթենի տնկեց։ Պատմեց, որ նրա տակ սավաններ է փռել ու ինձ նստեցրել ճյուղերի հովի տակ՝ արևից պաշտպանելու համար։ Հետս խաղացել է այդտեղ, մատների վրա հաշվել է սովորեցրել և թութ քաղել ինձ համար։ Իսկ հետո տարիներ են անցել, ինքը ընկել է անկողին, ինձ հաշվել սովորեցրել են ուսուցիչներն առանց մատների, ինձ համար թութ գնել է մայրս շուկայից, և արևից պաշտպանվել եմ անձրևանոցով։ Եվ տատս իրեն ավելորդ է զգացել…
Մթնշաղին վերադարձա տուն ու տեսա, որ հայրս թթենին կտրել է։
– Ավելորդ էր,- կոճղին նայելով ասաց հայրս։
Նայեցի կոճղի երկարած ու հողի սիրտը մխրճված արմատներին. չէ՛, տատս չի մեռել ու չի մոռացվել, տատս արմատ է, տատս ե՛ս եմ…
***
Եվ մի անփույթ վայրկյանի
Վեճի բոցում տաքացած`
Առագաստը մեր նավի
Մենք պոկեցինք բարկացած։
Կապույտ օվկիանի
Լաջվարդ ծոցում թողնված`
Դեռ լողում է մեր նավի
Վերջին բեկորն օրհնված։
Կարինե ՄԱՆԱՍՅԱՆ
Ուզում եմ բառ դառնալ,
որ քեզ ավելի մոտ լինեմ։
Ուզում եմ խոսք դառնալ,
որ քեզ ավելի հարազատ լինեմ,
որ ջերմությունդ զգամ,
որ հասկանամ՝ կարոտդ որ լեզվով ես երգում։
Ուզում եմ այն բառը դառնալ,
որը երբեք չես արտասանի,
միշտ կմնա սրտումդ ու դուրս չի գա,
չի կպնի ինչ-որ օտար մեկին
ու հավերժ քոնը կմնա։
Ուզում եմ բառ դառնալ,
որ խոսքիդ կարոտ չմնամ,
որ ձայնիդ անուն դնեմ,
ասեմ՝ անուշ էր,
ոչ թե ասեմ, որ ձայնդ լռությունն է։
Ուզում եմ բառ դառնալ,
որ ձայնդ սիրեմ ավելի շատ,
քան երաժշտությունը։
Ուզում եմ բոլոր երաժշտական գործիքներում
ձայնիդ նոտան փնտրել ու ոչ մի տեղ չգտնել։
Ուզում եմ բառ լինել,
որ քոնը լինեմ,
որ քեզնից սկսվեմ
ու քեզնով ավարտվեմ…
***
Հողից ծաղիկ ծլեց.
Իմ ու Քո սիրո պտուղն էր,
որը հետո պիտի ծաղիկ տար ու ծաղկեցներ։
Թերթիկների քանակի չափ իրար սեր ենք ասել…
Թերթիկներն օրեցօր ավելանում են։
Քամին որոշեց, որ սերմս Քո՛ մշակած հողի վրա պիտի ծաղիկ տա,
ու ես խոստացա ծաղկի թերթիկները Քո՛ սիրելի գույնով ներկել։
Տերևների վրա մեր ժպտացող դիմագծերը կնկարվի։
Արևի հետ խաղ կտանք ու շող կառնենք։
Արմատներով հողի մեջ սեր կլցնենք.
մյուս ծաղիկների ջրին սեր կավելացնենք,
ու դաշտի համար սիրո նշանաբանը մեր
անունները կլինեն։
Ծաղկից իմ ու Քո սիրո բույրն է գա
լու, որը հետո արբեցնելու է բոլորին։
Մենք՝ արդեն արբածներս, ջերմանում ենք արևի այն շողով,
որը ՍԵՐ է կոչվում,
ու Մենք էլ սիրո ծաղիկն ենք երկրում։
***
Մենք արևն էինք,
այն կետը, որը հեռվից գրկում է բոլորին։
Մենք ձեռք ձեռքի տված պարում էինք,
ու մեր ոտքերը շրջան գծեցին,
շողերն էլ զգեստս էին,
որ պարելուց շրջանից դուրս էր գալիս։
Մեր նոտաները անվերջ էին,
քանի որ մեր սրտերը չէին դադարում բաբախել։
Մի օր դու ուղղակի ավելին դարձար։
Քայլերդ ավելի մեծ դարձան, ու մենք պոկվեցինք իրարից։
Դու մի նոր համաստեղություն դարձար,
քայլերով անսահմանություն գծեցիր,
հայացդ որ կետին նայում էր,
նույն տեղը մոլորակ էր հայտնվում…
Մնացի ես
ու ես լուսին դարձա,
արցունքներս սառեցին օդում՝
աստղ դարձան, որ մենակ չմնամ…
Իրմա ՀԱԿՈԲՅԱՆ
Այս մթին աշխարհում քեզ հարմար լուսավորություն չեմ գտնում։ Այս աղմկոտ քաղաքում քեզ համար խաղաղություն չեմ որսում։ Եթե կարողանայի, լույս կխմորեի քեզ համար, եթե ի զորու լինեի, հոգուս լույսը քարքարոտ ճամփաներիդ կփռեի։ Այստեղ՝ քեզնից հեռու, այնքան պակաս ես դու, որ եթե մի պահ շունչս պահել սովորեմ, քեզ այլևս չեմ գտնի։ Այնքան շատ ես դու ու որքա՜ն ես պակասում ինձ։
Եթե «սիրում եմ»-ը քիչ չլիներ, ապա ես կասեի, որ սիրում եմ։ Եթե քեզ ունենալը այսքան քիչ չլիներ, մենք աստղերից երկինք կհյուսեինք։ Ես անքեզ երկնքում աստղեր չունեմ։ Ես վախենում եմ քեզ չունենալուց։
Իմ կիսակարմիր շուրթերին չորացել է համբույրիդ համը, և մատներս դադարել են աղմկել ուսերիդ։ Իմ նուրբ, բաց վարդագույն շուրթերին չորացել է անվանդ դողը։
Հոգի՜ս, որքան շատ կաս, այնքան դողում եմ չլինելուդ վախից։ Իմ բաց կապույտ երազ, կուզենայի քեզ այնքան ունենալ, որ դու տեղ չունենայիր քեզ ուրիշին տալու։
Իմ խռովք, ես չեմ դադարի մեզ պատեպատ տալուց, բայց և չեմ դադարի համբուրել վիրավոր ձեռքերդ։
Երկինքը մեզ իրար հետ գիշերելու թույլտվություն չտվեց, և մեր սերը այդպես էլ մնաց՝ անավարտ։ Որքա՜ն սիրուն են իրար չհասած ձեռքերը, և որքա՜ն կարոտ կա իրար չդիպած շուրթերին։
Սե՛ր իմ, ես կասեի, որ սիրում եմ քեզ, բայց եթե իմանայիր, թե որքա՜ն քիչ է դա….
Քիչ են բոլոր ասված և չասված խոսքերը, քիչ են բոլոր կիսատ թողած մտքերը. ես ամեն օր քեզ վերապրում եմ։
****
Իմ ժպիտը քո անունն ունի։ Ես պաշտելու չափ սիրում եմ ինձ, երբ դու կողքիս ես։ Ինձ բոլորից խլել ես դու, նվիրել քեզ առանց թույլտվության, բայց արի ու տես, որ աշխարհում ոչ ոք չի ճաշակել ինչ-որ բան ունենալու թույլտվություն այնքան, որքան դու ես ճաշակել։
Իմ աչքերում քո ժպիտի փայլը կա։ Իմ շուրթերին չի հասցնում չորանալ քո սերը։ Իմ կիսակարմիր շուրթերին քո կապույտ երազներն են ծնվում։
Իմ մատներով ես ուսերիդ նկարում եմ իմ երազած թևերը, որոնք մեզ թռչել են սովորեցնելու։
Միգուցե դու եկել ես, որպեսզի ես հասկանամ, որ աշխարհում քո սիրուց մեծ սեր չկա՞։ Եկել ես, որ գրողի ծոցն ուղարկես իմ բոլոր սիրո պատկերացումները, ապացուցես, որ մի մարդու միայն մեկը կարող է այսպես ուժգին սիրել։ Քո սիրուց վեր սեր չկա իմ պատկերացրած, հաճախ՝ ինձ պատկանած սերերում։ Դու եկել ես, որ զրոյացնես բոլոր այն մտքերը, որոնք գործողություն չեն դառնում։
Եթե ծնվել, միայն մեկին, հատկապես՝ մեկին սիրելու համար։
Վիոլետա ԼԱՊՏԵՎԱ
***
Հիմա քնած ես, փոքրի՛կս
Նինջը կրկին հաղթել է քեզ.
Կարծես նա գիրք է կլանող,
Իսկ դու նրան կառչած մի տող։
Մեղմ երազն այն` կաթե ցոլքով,
Օրոր-օրոր է շշնջում,
Մեղմ ժպտացող հայացքիդ դաշտում
Ծաղկանինջ է արդեն վաղուց։
Սիրտը իմ՝ ծով, սերդ՝ մակույկ,
Օրոր-օրոր, փոքրի՛կ նավազ,
Թո՛ղ դստրիկս ննջի խաղաղ
Քո գրկի մեջ ամռան գիշեր։
***
Թա՜նկ ես ինձ համար,
Եվ քո արժեքը բախտի բերումում
Գրկումս փարված՝ մա՜յր է ինձ կոչում։
Թանկ լինելդ չշփոթես հանկարծ
Այն թանկության հետ,
Որի արժեքը միշտ նույնն է մնում,
Գինն է ուղղակի օրեցօր աճում,
Այն ծառի նման,
Որ աճելով հանդերձ պտուղ չի տալիս։
Թա՜նկ ես ինձ համար,
Եվ թո՛ղ աշխարհը գլխիվայր շրջվի,
Օվկիանների տեղ երկինքը հոսի,
Երկիրն ամպերից վերմակներ կարի,
Աստղերով նախշի։
Դու ինձ մոտ արի,
Որ արժեզրկվեն խոսքերը բոլոր
(Աչքերն էլ վաղուց աղոթել գիտեն,
Մոմի փոխարեն` արցունքներ հոսեն)։
Ու արժևորվի աչքերի լեզուն։
***
Հուսահատությունը ձեռքիցս բռնել,
Ընկերակիցն է իր դարձրել։
Արդեն խեղդվում եմ ծով մեղկությունից,
Իմ կողմ շպրտվող բախտաապտակից։
Եվ ինձ թվում է՝ երկրի արգանդում
Ես չձևավորված մանուկ մնացի։
Խեղդվում եմ արդեն այս անճարության
Բանվորը լինելուց
(Երջանկությանը տրվելու համար
փորձ են պահանջում)։
Ես հուսավորված ջահ եմ պահանջում,
Որ ջահավորեմ սրահը կյանքիս։
Սուգը այնտեղից թող գահավիժի,
Թող փառավորվի ապագան գալիք։
Գալիքի համար ինձ կմատաղեմ
Իմ չապրած կյանքի կանաչաարտում,
Միայն թե Վաղը ամուլ չմնա.
Համբույրաձոնով լցնի ապագան։
***
Քո բացակայությամբ ոչինչ չի փոխվի,
Պարզապես հոգիս մի քիչ կանձրևի։
Թախիծը կթռչի կարոտի դաշտով
Եվ կանհետանա ստվերիդ մեգում։
Ոտնատակերդ մայթին քսվելով
Չեն նվագելու թավջութակի պես,
Դուռն էլ ինձ ծանոթ ձևով չի ճռռա,
Այլ կփակվի մի խուլ համրությամբ։
Քո բացակայությամբ ոչինչ չի փոխվի,
Մեզ էլ չի գրկի Սերը պատվական,
Այլ կտողադարձի՝
Քեզ թողնելով այսօրվան կառչած,
Ինձ՝ վաղվան թևանցուկ։
Հրաչուհի ԼՈՌԵՑՅԱՆ
ՈՐ ՉԳՆԱՍ
Սև քաղաքի անկյունները
օծանելիքիդ բույրով պարուրեցիր,
Որ սիրտս չխառնի անքեզ օրերից:
Ինչ-որ կապույտ թախիծ,
Անգույն պահի աղմուկ,
Անբեմ ինչ-որ թատրոն, անշունչ մարդիկ բազում.
Ու շնչավոր մարմին,
Ու դու չկաս նորից,
Չես լինելու վաղը,
Չորս փայտերից անդին,
Արևների վերից,
Քո աղոթքի կողքից դու գալու ես կրկին,
Քայլելու ես հեռվից,
Ժպտալու ես երկնից
Ու գալու ես նորից,
Տառերը չեն հերիքի,
Բառերը սուտ կլինեն,
Բայց եկել ես հիմա,
Որ չգնաս…
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ
Հայրենիքը մարդիկ են:
Կորցրո՛ւ նրանցից մեկին և կհասկանաս,
Որ այլևս չկաս:
Հողը պոկվում է ոտքերիդ տակից,
Ձեռքերդ օտարանում են,
Մարմինդ հուղարկավորված է մնում
Հեռացող քարերի տակ:
Դու անցյալ չդարձող,
Ի՛մ հայրենիքն ես:
Գրետա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՎԱՐԴԵՆԻ
Թափառում եմ աշխարհի պատերի տակ՝
Պատմելով բոլորին,
Որ չեն եղել առանց քեզ գիշերներ,
Եվ ցերեկներ էլ չեն լինելու։
Պարզապես
Իմ երևակայական կայարաններից
Անհասցե սլացող հարյուրավոր
Արագընթաց գնացքների մեջ
Նստեցնում եմ
Իրականության հետ անհաշտ հուշերիս
Եվ ուղարկում դեպի քեզ.
Զարմանալիորեն ետ են վերադառնում բոլորը՝
Պատառոտված օրավարտը
Լցնելով քո բույրով,
Որ չեմ հիշում,
Բայց գիտեմ՝ չեմ էլ մոռանա,
Այլ կփնտրեմ
Աշխարհի պատերի տակ,
Մինչ գտնեմ այն վարդենին,
Որի ծաղկաթերթերին
Հավերժական բույնս կհյուսեմ՝
Երևակայելով, թե դու ես՝
Քո անուշահոտ գիրկը՝
Խաբելով ինքս ինձ,
Որ չեն եղել առանց քեզ ցերեկներ,
Եվ գիշերներ էլ չեն լինելու՝
Գիտակցաբար թե առանց դրա՝
Նմանվելով բակունցյան բզեզին…
***
Թվում է՝ բոլորն են անցնում,
Այլ ոչ թե ես,
Իմ փոխարեն կայացնում որոշումներ՝
Արագացնելով ռիթմը
Ժամանակ առ ժամանակ
Սենտիմենտալ դարձող բնավորությանս
Եվ ասում՝
Նորից, չգիտեմ էլ որերորդ անգամ,
Դուրս արի փողոց,
Արդուկիր ճանապարհը ոտնահետքերովդ
Հենց այն ժամանակ,
Երբ մոլորակը կհագնի
Աստղիկներով գիշերազգեստ
Հենց քեզ համար,
Որ պատուհանների ապակիների մեջ
Ավելի լավ նշմարվեն
Կանոնավոր շարժվող ձեռքերդ անօգտակար,
Որոնցով բաց թողեցիր
Քո մի կտոր ժամանակը խաղաղվելու։
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
Եթե ես քոնը լինեի այնքան,
Որքան դու ես իմը,
Աշխարհը կդառնար օրինաչափ,
Եվ ես վաղաժամ կկորցնեի
Իմ հարավը,
Քո հյուսիսն էլ կկորցնեի՝
Անպատասխան թողնելով
Զգացմունքներիս հարցաշատ
Ու մոլորված երամին։
Կդադարեի ինձ Աննա Կարենինա
Երևակայել
Եվ իմ Վռոնսկու պարգևած
Ծանր սիրո քաղցրությունը չզգալով՝
Կխեղդվեի
Էլի ու էլի քո ափերում,
Ուր երբեք նավահանգիստ չգտա։
Վախենում եմ քոնը լինել.
Ես իմն եմ։