Երբ որևէ մեկը մեզ անհաճո խոսք է ասում, մեր պարտքն ենք համարում ընդվզել դրա դեմ: Երբ որևէ մեկը մեզ կոպիտ խոսք է ասում, շտապում ենք փոխադարձաբար ավելի կոպիտ խոսք շպրտել կամ ճառ արտասանել՝ ի պաշտպանություն սեփական արժանապատվության և ի լուր ամենքի՝ ձգտելով ավելի տպավորիչ լինել և անպայման հաղթող դուրս գալ: Ամեն կերպ աշխատում ենք ապացուցել, որ մեզ անիրավորեն անարգել են, և մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում:
Իսկ երբ նույնը կատարվում է մեր ազգի ու պետականության հանդե՞պ…
Լռո՞ւմ ենք: Ինչո՞ւ… Վախենո՞ւմ ենք: Գուցե: Բայց ումի՞ց…
Այսինքն՝ երբ մեզնից ուժեղն է կոպտում, նվաստացնում, հասցնում կործանման եզրին, մենք էլ վախենում ենք և ստրկանում, ի վերջո, ոչնչանում: Բայց չէ՞ որ խլելով մեր ունեցվածքը, մեր գործն ու բիզնեսը, մեր տունը, մեր հողը, մեր կյանքը, սպանում են մեր կյանքը, կոտորելով՝ բնաջնջում են ազգը:
Իհարկե, պատահում են և երջանիկ պատահականություններ ու փրկարար պահեր, երբ քեզ վրա հարձակված շանը քշում է մի պատահական անցորդ, երբ քեզ անմեղ տեղը վիրավորողին տեղին ու արժանի պատասխան է տալիս կողքից որևէ մեկը, մի ավելի համարձակ ու ճարպիկ մեկը: Այն պահին, երբ քեզ որևէ մեկը պաշտպանում է, դու, իհարկե, քեզ լավ ես զգում, հպարտանում, որ քեզ նկատել են ու ճիշտ են գնահատում, ավելին, պաշտպանում են: Եվ արդարությունը վերականգնվում է: Իսկ եթե դա կատարվում է ազգիդ ու պետությանդ մակարդակո՞վ… Մի՞թե հնարավոր է այլ բան զգալ կամ այլ կերպ արձագանքել…
Կյանքում, թե՛ մարդու, թե՛ ազգերի, մշտապես լինում է օրվա հրամայական: Այսօրվա հրամայականն է ձգտել անկախության ու ազատության, լինել Ազատության հրապարակում: Թեկուզև միայն ի հակակշիռ բոլոր տեսակի ճնշումների: Եվ, քանակ ապահովելով, ցույց տալ, որ կամք, ինքնասիրություն, պատիվ, արժանապատվություն, ազգ ու երկիր ունենք:
Գոնե հավաքվենք ու մեզ թույլ տանք ուրախանալ, որ ապրիլի 24-ից սկսած, մեզ հաստատ պաշտպանող հզոր երկրներ կան, ու ինքներս մեզ մարդ ու ազգ զգալու իրավունք ունենք: Իսկ ով իրեն մարդ է զգում, շնորհակալություն ասելու շնորհ է ունենում և պատեհ առիթի դեպքում հայտնում է: Իսկ մնացյալը տեսակի և էության հարց է. ստրուկը ստրուկ էլ կմնա, իսկ ազատատենչը, շնորհակալ լինելով հանդերձ, կձգտի գործընկերության:
Եվ վախն ու ծուլությունը միայն պատրվակ են ակնհայտն անտեսողների համար, ու հնարավորն անհնար համարողներն են դարեր ի վեր դառնում ազգի ու պետականության կործանման պատճառ: Վախը վատ խորհրդատու է, անհավատությունը՝ պարտության մատնող, մինչդեռ ռիսկը գործի կեսն է, ռիսկի դեպքում անգամ վտանգն է ետ քաշվում, իսկ վախեցողի վրա բոլորն են հարձակվում: Մեր ազգն էլ, ազգին կրակը գցած ժողովուրդն էլ արդեն կուշտ են ստերից, կեղծիքից ու ոխերիմ դաշնակցությունից: Ուստի այսօր մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է չկրկնել ուրիշի նետածը, նայել սեփական հոգու խորքն ու շարժվել սեփական տվայտանքների շաղախով հունցված գիտակցությամբ ու սեփական սրտի թելադրանքով: Չխեղդել սեփական հոգու ճիչը, չթաքցնել սեփական դեմքը և ընտրել ինքնիշխան ազատությունն ու անկախությունը՝ «անձնագիր ցույց տալու պես», սեփական կամքի հրամանը կատարելու նման, մարդ լինելու չափ կարևորված:
Բարի մաղթանքների ու կենացի խոսքերի ժամանակ չէ, այո՛, գործն է անմահ, ոչ թե դատարկ խոսքերը՝ որքան էլ դրանք հուզիչ հնչեն: Խոսքը եթե գործ չի դառնում, մոռացվում է: Ուրեմն, հա՛յ մարդ, նայիր սրտիդ խորքն ու զգա, թե որտեղ պիտի լինես ազատությանդ հրամայականի պահանջով, երբ ազգիդ անկախության ջահակիր է պետք, որովհետև մարդն ազատությունից թանկ բան չունի: Մարդ ծնվում և ազատության մեջ հայտնվելով՝ անմիջապես ճչում է: Այո՛, երեխան մինչև լաց չի լինում, մայրը… Բայց նորածինը նախ ազատության մեջ է հայտնվում, ապա նոր պահանջում, որ իրեն կերակրեն: Իսկ ա՞զգը… Ազգն էլ, ժողովուրդն էլ նախևառաջ ազատություն են ուզում:
Անհրաժեշտ է գիտակցել սեփական ուղեղի արգասիք հասկացածը և գնալ սեփական արյան ու ազգի կանչի, երազանքի, նպատակի ու հայրենիք-տեսլականի ետևից: Անհրաժեշտ է ազնիվ մարտ մղել և, ռինգում թե ռինգի շուրջ, լինել սեփական դեմքով ու մտքով, սեփական հասկացողությամբ ու կամքով, ոչ թե փողով կամ ուրիշի թելադրանքով: Պետք է հավատալ, նպատակ դնել ու առաջ գնալ՝ արդարություն պահանջելով, ոչ թե հերթական անգամ վերևիններից կամայական հրամցվածն անքննելի ընդունելով, ինչպես մեր երկրում լինում է տարիներ շարունակ, և հիմա էլ հերթական կեղծարարությամբ անցկացվելիք արտահերթ ընտրություններն են: