ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ – Ներքաղաքական ներկա ճգնաժամն արդյո՞ք նրա հետևանքը չէ, որ անկախության և պետականության գաղափարը մեր գիտակցության մեջ այդպես էլ չհասցրեց արմատներ ձգել և գոյության բանաձև դառնալ:
ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ – Սա ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ՝ ապոկալիպսիս։ Բա էնքան հեռուներից գա՜ս, գա՜ս, ոտքով գաս, էշով, սայլով, ավտոյով, տանկով, ինքնաթիռո´վ գաս, բա «Բյուրականով» գաս հասնես էս մոտիկները ու տեղ չհասնե՞ս, բա սա մենք ո՞նց ենք մեզ ներում։
Հզոր ու ազդեցիկ մեր պետությունը ժամանակներ առաջ կորցնելուց հետո, երբ դարեր շարունակ զրկված էինք պետականությունից, ուստի և անկախությունից, մեր ազգային երազանքն ու նպատակը, վստահաբար, եղել է պետություն կառուցելը, պետականություն ստեղծելը, որի առիթն ու հնարավորությունը, թեպետ մեծ կորուստների ու զոհողությունների գնով մեզ տրվեց, բայց միևնույն է, տրվեց, և թվում էր, թե եկել է մեր աստեղային ժամը, բայց արի ու տես, որ պետության ղեկը պահողները չհասկացան, թե ինչ առաքելություն է իրենց բաժին ընկել, կամ գուցե հասկացան, բայց չզորեցին իրականացնել մեր իղձերի իղձը, գուցե, նույնիսկ, զորեցին, բայց մարդկային թուլություններն ու պակասությունները խանգարեցին, որ անձնական շահը ստորադասվեր պետության՝ բոլորիս միասնական շահին, գուցե այս ամենին գումարվեցին արտաքին ուժերի անհամաչափ պարտադրանքն ու մեր դիվանագիտության ամլությունը, չգիտեմ, միայն գիտեմ, որ այսօր խոշոր հաշվով տանուլ ենք տվել. զոհասեղանին շատ մեծ, շատ թանկ գին ենք դրել ու ազգովի տանուլ ենք տվել մեր պետականությունն ու անկախությունը։
Ս. Կ. – Արտահերթ ընտրությունները, ըստ Ձեզ, ի վիճակի՞ են մեղմելու հետպատերազմյան ընկճախտի ազդեցությունը, թե՞…
Դ. Հ. – Որ այսօրվա իշխանավորները, անարժանապատիվ ու խայտառակ «թղթի» ստորագրությունից հետո, պետք է անհապաղ հեռանային, պետք է ներողություն խնդրեին ժողովրդից ու հեռանային, աներկբա է, քանի որ այս անչափելի արհավիրքը հենց նրանց իշխանության օրոք է չոքել մեր դռանը. չարեցին, չուզեցի՞ն, թե՞ չհամարձակվեցին, թե՞ ներքին ու արտաքին որոշ ուժեր թույլ չտվեցին, մեծ հաշվով հիմա արդեն կարևոր չէ, թե որն է այս հարցերի ճշմարիտ պատասխանը, հիմա մեր վզին փաթաթված այս ամոթալի պարտության պատճառները փորփրելու, մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, քանի որ դա շատ նման կլիներ այն զարհուրելի պատկերին, երբ տեսնում ես՝ տունդ ավերվում է աչքիդ առաջ, փոխանակ զավակներիդ և ունեցվածքդ կարելվույն չափ փրկես փլատակներից, ձեռքերդ ծալած մի կողմ ես կանգնում ու դատաստանի կոչ անում, մեղավորին պատժելու պահանջ դնում ու մատ թափ տալիս, մինչդեռ պահը ճակատագրական է, ողջերին ու մնացյալը փրկելու առաջնային՝ գոյաբանական խնդիրը լուծելու պահանջն է օրվա հրամայականը, և գլխավորն ու կենսականը այստեղ ու այսօր անսխալ կողմնորոշվելն է, թե ում վստահես փրկարարական աշխատանքները, ավելին, թե ով պետք է անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալ կարողություններով ստանձնի վերականգնման և վերակառուցման պարտականությունը, թե ով կարող է և ով կուզի թագավորել «ավերակաց»։ Անշուշտ, ուզողներ շատ կլինեն, չէ՞ որ թագավորելը գայթակղիչ է, անգամ «ավերակաց» թագավորելն է գայթակղիչ, քանի որ բոլոր «անհարմարություններով» հանդերձ՝ թագավորելը, նախ և առաջ, ծիրանի հագնելն է, և ապա այդպես զգեստավորված՝ քո ժողովրդին ու այլոց ապացուցելը, որ դո´ւ, հենց դո´ւ ես այն արժանավորը, ում ուսերին նետված ծիրանին ոչ թե անձդ կարևորելու, մեծարելու նշանակությունն ունի, այլ բախտորոշ առիթ է՝ ծառայելու ժողովրդիդ, երկրիդ, հայրենիքիդ, ու երախտագետ զավակի պարտականությունդ է հուշում։
Եթե ընտրություն լինի, եթե իրապես ընտրելու իրավունք տրվի մեր ժողովրդին, ապա հենց ա´յդ արժանավորին գտնելու և մատնացույց անելու գերագույն նպատակով պիտի համախմբվենք, պիտի միակամորեն ու անվրեպ մեր կամքը թելադրենք, որ գոնե ա´յս անգամ արժանի լինենք մեր նախնիների փառքին, ու եկող սերունդներին փոխանցենք ուժեղ, արժանապատիվ, ժամանակների մեջ խաղաղ հարատևող հայրենիք։ Մարդկության պատմությունը, նաև հայերիս պատմությունը, բազմիցս վկայել են, որ բոլոր ընկճախտերն էլ մի օր հաղթահարվում են, միայն թե այդ օրը ճակատագրորեն ուշ չլինի։
Ս. Կ. – Հրանտ Մաթևոսյանի կարծիքով. «Գրողը գաղափարների և ժամանակների ձևավորողն է»։ Մեր օրերում գրողներն ունե՞ն այդ առաքելությունը:
Դ. Հ. – Այո´, ունեն։ Խոսքը մեծ ուժ ունի. խոսքով բանակներ են հանել մարտի, խոսքով կայսրություններ են կործանել ու նոր կայսրություններ ստեղծել, արյունահեղ պատերազմներ են վարել ու անհավասար կռվում հաղթել են թշնամուն, հեղափոխություններ, հեղաշրջումներ են կազմակերպել ու հաջողել են, երբ թվում էր, թե հին բաստիոններն անխորտակելի էին։ Խոսքով մոլորեցնում են ու բռնանում մարդկանց կամքին, խոսքով վարկաբեկում են ու գովաբանում, ապրեցնում են ու սպանում, ի վերջո, խոսքն է, որ նախորդում է գործին, ուրեմն, գրողի գործն էլ դարեր շարունակ գոտեպնդել է մարդուն, ապրելու և արարելու հույս է ներշնչել, իսկ ավելի զորեղ ներքնատեսությամբ օժտվածները անգամ կանխատեսել են գալիքը, խորհուրդ ու պատգամ թողել սերունդներին, ինչպես և է´ Հրանտ Մաթևոսյանի դեպքում։ Ես անձամբ զգում եմ, որ այդ ոչ այնքան դյուրին, բայց պատասխանատու գործը՝ իմ ժամանակը վավերագրելու և ընթերցողի հետ ազնիվ զրույցի բռնվելու կամքն ու կարողությունն ինձ տրված են այնքան, որ գրվում է, որ գրում եմ։
Ս. Կ. – Հիշողությունները որքանո՞վ են իրենց ներկայությունը պարտադրում կամ միջամտում Ձեր ստեղծագործությունների ընթացքին:
Դ. Հ. – Մարդը ծնվում է՝ հիշողությունն իր արյանը, բջիջին, ուղեղի գորշանյութին պահ տված։ Հիշողությունը պահպանում է ոչ միայն եղածը, այլև լինելին, քանի որ ֆոլքներյան ճշմարիտ ձևակերպումը, թե «ամեն ներկա պահ արդեն անցյալ է», գալիս է վկայելու, որ ամեն եկող պահ ակնթարթորեն հիշողություն է դառնում, իսկ հեռվից ծիկրակող ժամանակները մեր երեկվա ու այսօրվա կանչերի արձագանքն են տիեզերական անսահմանության մեջ, ուրեմն ինչ էլ գրես, ինչպես էլ գրես, երբ էլ գրես, հիշողությունը գալիս՝ քեզ պատվում է իր ներկայությամբ, գալիս է քեզ վերադարձնելու քեզ, գալիս է հսկելու խոսքդ, որ սուտ մարգարեանալու գայթակղությանը չտրվես, որ մեղքի քո բաժինը եղբորդ վրա չգցես, ներսիդ տվայտանքը, ամոթն ու վախը չկոծկես ու հրեշտակի թևեր սոսնձելով թիկունքիդ՝ չչքմեղանաս։ Հիշողությունը, թե´ մարդու անհատական, թե´ ժողովրդի, ազգի, էթնոսի հավաքական հիշողությունը փոթորիկներին դեմ հանդիման բարձրացող այն փարոսն է, որ ուղի, ճամփա է լուսավորում, խավարը ցրում ու ափ է հանում։ Իմ «Աստծո բնակեցրած երկրում» (2010) վեպում իշխողը հայի հավաքական հիշողությունն է, «Դուռը թակում են» (2014) և «Փեակների տարաբախտություն» (2017) վեպերում՝ մարդու և երկրի հիշողությունն է, իսկ «Կանաչ մարգագետնի հմայքը» (2020) վեպում իշխողը մարդկության, Երկիր մոլորակի, տիեզերքի ապոկալիպտիկ հիշողությունն է։ Առանց հիշողության չես ապրի, անգամ չես մեռնի, էլ ուր մնաց թե՝ գրես, որն ապրելու և մեռնելու արանքում հազար անգամ ծնվել-մեռնելու ծես է ։
Ս. Կ. – Դուք նաև գրական երկեր եք թարգմանում: Թարգմանությունը արվե՞ստ է, թե՞ մասնագիտություն:
Դ. Հ. – Թարգմանությունը, հատկապես գրական երկերի թարգմանությունը, նախ և առաջ, ստեղծագործական միտք է, իհարկե, արվեստ է, բայց և գիտություն է, բանասիրական համապարփակ գիտելիք է, որն իր մեջ է ներառում թե՛ թարգմանաբանությունը, լեզվաբանությունն ու գրականագիտությունը, թե՛ հարակից այլ գիտակարգեր, ինչպես ասենք՝ նշանագիտությունը, որոնց իմացությունը նպաստում է կատարելու բարձրարժեք թարգմանություններ և ստեղծելու համարժեք թարգմանվածք, որը պրոֆեսիոնալիզմից բացի մեծ ջանք ու պատասխանատվություն է պահանջում, քանի որ ոչ միայն ընդլայնում է ազգային գրականության հունը, այլև փոխադարձաբար հարստացնում է մշակութային ճանաչողության, առնչությունների և ազդեցությունների ասպարեզը։ Ու. Ֆոլքների, Կ. Վոնեգուտի, Հր.Մաթևոսյանի, Լ. Խեչոյանի և այլ մեծանուն գրողների երկերի թարգմանությունն ինձ հուշում է, որ գրելը նախ և առաջ աշխարհին նայելու ընդգրկուն հայացք է, ապրելու կերպ է և մարդկանց հետ մերկ նյարդերով խոսելու կարողություն ու կամք է։ Իմ դեպքում թարգմանությունն ու թարգմանաբանությունը նաև մասնագիտություն են, քանի որ ունեցածս գիտելիքն ու փորձը տասնյակ տարիներ շարունակ համբերատար փոխանցում եմ ուսանողներիս։ Օտար գրականության թարգմանությունը թարմ արյուն է ներարկում ազգային գրականությանը, իսկ մեր գրականության թարգմանությունը օտար լեզուներով մեր տեղը նկատելի է դարձնում համաշխարհային գրականության խիտ բնակեցված տարածքում։ Հուսով եմ՝ մեր երկրի անվտանգությունն ու հետագա զարգացումը ապահովելուց հետո կհասնենք նաև հայ դասական ու ժամանակակից գրողների արժանավոր երկերի թարգմանության ծրագրի իրականացմանը, որը տարիներ առաջ նախաձեռնել էր Մշակույթի նախարարությունը և մի կարճ ընթացք շարունակել էր մերօրյա ԿԳՄՍ նախարարությունը՝ կիսատ-պռատ, ծանոթ-բարեկամներին խցկելով խիստ կողմնապահ և հույժ գաղտնի ցանկերում, ապա լիովին փակել ու զմռսել է ծրագիրը՝ պետական միջոցները մսխելով չինովնիկների աստղաբաշխական պարգևավճարների վրա։ Հովհաննես Թումանյանը 111 տարի առաջ է մեզ գլխի գցել, որ «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։ Տեսնես ե՞րբ կհասկանանք։ Լավ է ուշ, քան՝ ավելի ուշ։