Այն, ինչ կատարվում է այսօր մեր սահմանամերձ տարածքներում, և դեռ նախատեսված է նույն ոգով, կերպով ու բովանդակությամբ միջպետական համաձայնագրով գլուխ բերել թշնամի երկրի հետ սահմանազատման-սահմանագծման գործը, անհեթեթություն է և Հեյդար-Նիկոլ հայակործան գործակցության հերթական քայլ:
Անհեթեթություն է, քանի որ միջազգայնորեն ընդունված և պրակտիկայում բազմիցս կիրառված նորմ է, որ պետական սահմանը սահմանում է պետության պետական տարածքի՝ ցամաքային, ջրային, ընդերքային և օդային տարածության սահմանները, այսինքն՝ պետության ինքնիշխանության տարածական սահմանը, և դրա որոշման գործընթացում հաշվի են առնվում և իրականացվում են՝ պատմամշակութային, օրոգրաֆիական (լեռնագրական), երկրաչափական և աշխարհագրական բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ, և ոչ թե մատիտը վերցրած՝ քարտեզի վրա նշում են, թե անարգել քայլելով որտեղ է ոտք կոխել թշնամու զինվորը, կամ՝ էլի որտե՞ղ է ցանկանում շիրին չայ խմել թշնամի երկրի ղեկավարը: Աննախադեպ աբսուրդ է:
Մյուս կողմից, Սահմանադրությամբ պետական սահմանները չեն կարող փոփոխության ենթարկվել ինքնակամ ու միանձնյա՝ վարչապետի ցանկությամբ, ի լրումն դրա՝ վարչապետի ժամանակավո՛ր պաշտոնակատարի կողմից, ի լրումն դրա՝ այն վարչապետի, որի վարած քաղաքականության նկատմամբ ժողովրդի վստահությունը խորապես երերացել է, և այդ վստահությունը հաստատելու կամ մերժելու հրամայականով, հաշված օրեր անց, արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Անտերություն է: Իսկ անտեր ոչխարին, գիտենք, գայլն է ուտում: Տվյալ դեպքում՝ հոտի պաշտպան գելխեղդ ձևացող Գորշ Գայլը: