1920-ին ֆրանսերենից անգլերեն թարգմանությամբ Նյու Յորքում լույս է տեսել Շառլ Հ. Շնապսի «Արշակը՝ փոքրիկ հայը» վեպը։ Հեղինակը նպատակ է ունեցել մանուկներին ներկայացնել Փոքր Ասիայի հայերի կյանքը և Հայոց ցեղասպանությունը հայ երեխայի կերպարի միջոցով։ Հեղինակը, հայության մասին հեռվից հեռու գրող շատերի պես, հաճախ կատարյալ չիմացություն է դրսևորել հայությանն առնչվող շատ իրողությունների վերաբերյալ։ Որոշ հայ հերոսների անունները մահմեդական են կամ հրեական (Նիզամ, Ջուսիֆ հոջա, Հաննա), ուսուցիչը երեխաներին պատմում է Վարդան Մամիկոնյանի մասին և նշում, որ Ավարայրում կռվում էին նաև քրդերը, որոնց հրամանատարն էր Խան Մուստաֆան և այլն…
Այդուհանդերձ, որոշակի ճաշակ տալու համար ստեղծագործության վերաբերյալ, թարգմանաբար ներկայացնում ենք վեպի առաջին մի քանի էջը։
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
Տղաները նոր էին ավարտել քերականության դասը, և որպես պարգևատրում նրանց ուշադրության համար, ուսուցիչը նրանց համար մի քիչ պատմություն էր կարդում: Ջուսիֆ հոջան (ուսուցիչը) մի բարձրահասակ երիտասարդ մարդ էր, արտաքնապես շատ թույլ և փխրուն, երազկոտ սև աչքերով: Կատարյալ լռություն էր տիրում ծխով լցված հին դասասենյակում, երբ նա կարդում էր ուժեղ, հստակ ձայնով.
- Վերջապես հասավ ճակատամարտի օրը: Մերոնք, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, իրենց վրանները խփեցին Ավարայրի դաշտում: Արարատի ձյունե գագաթը նոր էր սկսել երևալ առավոտյան վաղ լույսի ներքո, երբ ժամապահը ներխուժեց Վարդանի վրանը՝ գոռալով. «Պարսիկնե՜րը, պարսիկները գալի՜ս են»։ Հրամանատարը դուրս եկավ վրանից ու բարձրացավ մի բլուր, որի շուրջ մենք կառուցել էինք մեր ճամբարը: Նրա ծակող հայացքն արագ նշմարեց դանդաղ շարժվող սև զանգվածը, որ ծփացող ալիքների պես ձգվել էին Թավրիզի ճանապարհի երկայնքով:
Ժամանակ առ ժամանակ դաշտի լռությունը խախտվում էր խուլ սպառնագին ձայնով՝ նման ամպրոպի հեռավոր թնդյունի: …Վարդանը կռվում էր մարտի կենտրոնում. նա կարծես չէր զգում իր վերքերը և դրանցից հոսող արյունը. հուսահատության մեջ նա տեսավ, որ թվով գերազանցող իր զինվորներն արագ նահանջում են: Գետինը ծածկված էր հայերի դիակներով, վիրավորների աղաղակները խառնվել էին պարսիկների գոչյուններին: Վարդանը, իր մի քանի խիզախ հետնորդների հետ, հասավ գրեթե մինչև Խան Մուստաֆային՝ թշնամու ուժերի հրամանատարին, երբ մի քուրդ շտապեց նրա մոտ և ուժեղ հարված հասցրեց իր յաթաղանով նրա պարանոցին: Հարվածից ցնցված Մամիկոնյանը վայր ընկավ և անմիջապես շրջապատվեց տասնյակ սատանաներով. մեկը կտրեց ոտքերը, մյուսը, ծամածռվելով կռանալով նրա վրա՝ խրեց իր սուրը տարաբախտ հերոսի կրծքի մեջ»։
- Բայց ես չեմ ուզում, որ նա մահանա,- տխրեց տասներկուամյա մի տղա: – Օ՜, ուսուցի՛չ, ինչո՞ւ Աստված թույլ տվեց դա:
Մեծահասակներից մի քանիսը սկսեցին ծիծաղել, բայց Ջուսիֆ հոջան խստորեն լռեցրեց նրանց և դիմելով երեխային՝ ասաց.
- Դե՛, Արշա՛կ, հանգստացի՛ր։ Նախանձի՛ր մեր Վարդանին, եթե ուզում ես, հիացի՛ր նրանով, բայց մի՛ խղճա: Նրա նահատակությունը պահպանեց և ամրապնդեց հազարավոր հայերի, նույնիսկ մինչև այսօր, այսքան դարերի ճնշումից և վշտից հետո. ո՞ւմ վրա պիտի հառենք մեր աչքերը, եթե ոչ՝ մեր ազգային հերոսի: Մենք բոլորս սիրում ենք նրան և վտանգի պահին կռվելու ու մեռնելու ենք որպես Վարդանի արժանավոր զավակներ:
Այս խոսքերից երեխան աստիճանաբար հանգստացավ, սրբեց արցունքներն ու ասաց.
– Ես ուզում եմ հետևել նրա օրինակին:
Վարպետը շոյեց Արշակի սև գանգուրները։ Զանգն արդեն հնչել էր, և նա օրհնությամբ ազատ արձակեց աշակերտներին: Մի ակնթարթում տղաները հագան իրենց գեղեցիկ կարմիր հողաթափերը, հավաքեցին իրենց գրքերը և վազում էին Վանի փողոցներով՝ գոռալով ու ճռվողելով ճնճղուկների երամի նման: Արշակն առաջիններից էր վազում. նա կրակոցի պես սուրաց մինչև եկեղեցի, այնուհետև թեքվելով եպիսկոպոսի տան հետևը՝ սկսեց քայլել մի նրբանցքով, որը տանում էր դեպի լճի ափը:
Նրա ծնողներն ապրում էին քաղաքից դուրս, Փոքր Ասիայում այնքան տարածված տափակ կտուր ունեցող բնակավայրերից մե կում: Նրա հայրն ուներ մեծ թվով անասուններ, ոչխարների և այծերի հոտեր, ինչպես նաև ձիերի երամակներ և ուղտերի հոտեր։ Արշակը գոհունակությամբ շունչ քաշեց, երբ տեսավ հոր տունը ճանապարհի ոլորանի վրա: Մի երիտասարդ տասնվեցամյա աղջիկ գալիս էր նրան դիմավորելու. նրա քույր Նիզամն էր, որը նրան շատ էր երես տալիս: Նա թևերը գցեց քրոջ վզով ու հարցրեց ծոր տվող ձայնով.
– Ասա՛, ի՞նչ համով բան ես սարքել իմ ընթրիքի համար:
- Թո՛ւ, բկլի՛կ տղա,- պատասխանեց երիտասարդ աղջիկը։- Դու ուտելուց բացի ուրիշ բանի մասին չես մտածում: Փոխարենն ասա՛, ի՞նչ եք արել այսօր դպրոցում:
Այս խոսքերից երեխայի դեմքին ստվեր ընկավ:
– Ահ, Նիզա՛մ, այսօր Վարդանի օրն է, դրա համար էլ Ջուսիֆ հոջան մեզ կարդաց Ավարայրի ճակատամարտի նկարագրությունը։ Մտքովդ կանցնե՞ր: Երեք հազար պարսիկ հարձակվել են հայերի վրա, որոնք ընդամենը հինգ հարյուր զինվոր էին, ու սպանել են Վարդանին ու նրա բոլոր մարդկանց: Չես կարծո՞ւմ, որ մեր հերոսը պիտի Ջուսիֆ հոջայի նման եղած լիներ:
Նիզամը կարմրեց՝ ուսուցչի անունը լսելով, քանի որ երկու երիտասարդները, ճիշտն ասած, գաղտնի սիրում էին իրար:
- Հիմա, Արշա՛կ, սո՛ւս մնա, ի՞նչ ես դուրս տալիս։ Գնա՛նք ընթրենք: Մայրիկը մեզ համար լոլիկով փլավ է պատրաստել:
– Փլաաա՜վ, ի՜նչ լավ է,- և Արշակն աշխույժ տուն վազեց, քամու պես ներխուժեց խոհանոց, գնաց հոր՝ Պողոս էֆենդիի մոտ ու համբուրեց ձեռքը, գրքերը մի անկյուն նետեց, հանեց հողաթափերն ու նստեց հատակին՝ մոր և իր փոքր եղբայր Լևոնի միջև:
Վանում, ինչպես Փոքր Ասիայի այլ հեռավոր քաղաքներում, աթոռներն ու սեղանները դեռևս շքեղության առարկաներ էին և հազվադեպ էին երևում: Մարդիկ պարզապես նստում էին հատակին:
Պողոս էֆենդին քառասուն տարեկան բարձրահասակ մարդ էր: Որդիների պես նա հագել էր զուբուն՝ երկար խալաթ ֆլանելե գոտիով, որ բացվում էր սպիտակ բամբակյա շալվարների վրա. գլխին կրում էր դեղին մետաքսե տյուրբան: Կինը՝ Հաննա բաջին, մեր փոքրիկ բարեկամների մայրը, հագել էր եվրոպական ոճի շագանակագույն մետաքսե զգեստ: Երկու երկար սև ծամերը փռված էին ուսերին: Մենք արդեն ծանոթացել ենք գեղեցիկ Նիզամի և Լևոնի հետ: Երկու սպասավորները՝ Պետրոսն ու Գրիգորը, և Գյուլենիա անունով տարիքոտ աղախինը, լրացնում էին նրանց ընտանեկան շրջանակը:
Կավահողե սկուտեղի շուրջ նստած, յուրաքանչյուրը զինված մեծ գդալով, խրում էին փլավի մեջ: Իրենց ծնկների վրա նրանք ունեին մի-մի կտոր մեծ հաց՝ լցված ձիթապտուղներով, բայց այս հացը բոլորովին այլ է մերինից. այն բարակ և հարթ է, ավելի շուտ փափուկ նրբաբլիթ է, քան հաց: Տասը րոպեի ընթացքում ոչ մի ձայն չէր հնչում, միայն ծնոտների ճռճռոցը և գդալների չխկչխկոցը, ապա, մինչև ոտքի կանգնելը, յուրաքանչյուրը կրկին ողողեցին բերանը և մատները ամանի ջրի մեջ:
Ընթրիքից հետո Արշակն ու Լևոնը միասին վազեցին փարախ՝ բարի գիշեր ասելու իրենց սիրելի այծիկին: Քանի որ Փոքր Ասիայում տարվա մի քանի ամիսներին գերակշռում է սարսափելի ցուրտը, փարախները կառուցված են գետնի տակ. այս առումով նրանք ունեն ձմռանը տաք և ամռանը շատ զով մնալու առավելությունը: Պողոս էֆենդին ուներ ձիանոց, մի փարախ ոչխարների, մեկն էլ՝ այծերի համար: Մեր երկու երեխաները խոհանոցից մի բուռ աղ են բերում, ու սիրունիկ Բելետը կարծես թե այն համարում է հյուրասիրություն: Լևոնը զվարճանում էր՝ քաշելով փոքրիկ կենդանու՝ հիանալի անգորական այծի երկար մետաքսյա մազերը: Նրանք, իհարկե, ամբողջ գիշեր կմնային իրենց եղջերավոր ընկերների մոտ, եթե իրենց մայրը չկանչեր, որ գան քնեն: Եվ նույնիսկ երբ կանչեցին, նրանք անմիջապես չհնազանդվեցին. այնքան հիանալի էր փարախում:
Երբ նրանք վերադարձան տուն, վերցրին մի մեծ ներքնակ ու մի հաստ բամբակե ծածկոց ու տարածեցին դրանք հատակին: Սենյակի մի անկյունում կանգնած էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերով մի փոքրիկ խորան, որը թույլ լուսավորված էր գիշերային լամպի լույսով: Երկու երեխաները ծնկի իջան իրենց հովանավոր սրբի պատկերի առջև՝ արտասանելով իրենց աղոթքները: Այնուհետև հանեցին իրենց զուբունները և գուլպաները, փաթաթվեցին ծածկոցի մեջ ու շուտով արագ քուն մտան՝ չնայած իրենց անկողնի կոշտությանը: Արևելքի ժողովուրդները սովոր չեն մեզ պես պառկել երկաթե և փայտե մահճակալներին:
Ընթրիքից հետո Նիզամն իր սովորության համաձայն գնացել, նստել էր տան վերևում գտնվող մեծ քարին: Նրա ոտքերի տակ տարածվել էր լիճը՝ բարձր լեռների հրաշալի շրջանակով, որոնց ձյունապսակ գագաթները, որ հիմա կարմիր էին ներկվել մայր մտնող արևի շողերից, կարծես գտնվելիս լինեին մի հսկա հրդեհի սրտում: Սակայն երիտասարդ հայ աղջիկը չէր նկատում բնանկարի գեղեցկությունը. նա մտածում էր իր մոր մասին, որի թույլ առողջությունը մեծ անհանգստություն է պատճառում նրան:
Մթնշաղն արագորեն ընկնում էր Արևելքի վրա, ու հիմա շնագայլերն են ոռնում, իսկ շները կլանչում էին ի պատասխան, և լուսնի աղոտ դեղին մահիկն արտացոլվում էր լճի մութ ջրերում: Նիզամը շտապեց տուն, որտեղ ծնողները սպասում էին նրան, որ փակեն դռները: Արևելքցիները վաղ են պառկում քնելու, արևամուտից հետո, մինչև որ երկարատև կատարյալ լռությունն է թագավորում միայնակ տանը:
Ապրիլյան անձրևներին հետևեց հրաշալի եղանակ, և Պողոս էֆենդին, իր սովորույթի համաձայն, պատրաստվում էր այցելել Արարատ լեռան ստորոտում, պարսկական սահմանի վրա գտնվող իր ագարակը: Այս անգամ Արշակը պիտի գնար հոր հետ, և փոքրիկ տղան ուրախությամբ նստեց նրա կողքին: Նա պիտի մի քանի ամիս բացակայեր՝ ողջ օրն ընթանալով իր գեղեցիկ Մուստանգի վրա, և լեռնաշխարհի ագարակն իր ձիերի հրաշալի երամակների և ոչխարների հոտի հետ իր երևակայության մեջ թվում էր երկրային։ Իսկապես որ՝ դրախտ: Ամեն առավոտ, երբ նա արթնանում էր, առաջին հարցն էր. «Օ, հայրի՛կ, վաղն ե՞նք գնում»: Նա այս կարևոր ուղևորությունից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէր խոսում և տեսնում էր երազում։ Վերջապես երկար սպասված օրը եկավ: Դեռ մութ էր, երբ Հաննա բաջին գնաց արթնացնելու Արշակին, նրան մի քիչ թափահարեց. «Շուտ վե՛ր կաց, տղա՛ս, հայրիկն արդեն ձիերն է թամբում»:
Տղան մի ակնթարթում ոտքի ելավ, վազեց բակ՝ լվացվելու համար սառը ջրով, ապա տուն եկավ՝ նախաճաշելու: Մի բաժակ այծի կաթ, դեռևս տաք, երկու կտոր տափակ հաց ու մի քանի վարունգ, որոնք Նիզամը հավաքել էր երեկոյան՝ սպասելով նրան խոհանոցում: Արշակն ախորժակով էր ուտում: Նրա մայրը նստած նայում էր տխուր դեմքով և ժամանակ առ ժամանակ թաքուն արցունք էր թափում: Նրա տղան առաջին անգամ հեռանում էր իրենից, և նրա սիրտը նվաղում էր, երբ մտածում էր ուղևորության վտանգների մասին: Պարսկական սահմանին վխտում էին քրդերի ավազակախմբերը, որոնք ապրում էին կողոպուտով ու թալանով, ու քանի որ Վանի և Արարատի գյուղերի միջև չկա փոստային ծառայություն, նա իր սիրելիների մասին լուրեր չի ունենա ու կլինի մշտական անհանգստության ու լարվածության մեջ:
Գնալու ժամանակը եկավ:
Երկու զափթյե (ոստիկան) ուղեկցում էին Պողոս էֆենդիին։ Իսկապես, Փոքր Ասիայում ճամփորդելու միակ ապահով ձևը ոստիկանների ուղեկցությամբ ուղևորությունն է. այդպիսով, ճանապարհորդները գտնվում են կառավարության պաշտպանության ներքո, և ավազակախմբերը չեն համարձակվում նրանց վրա հարձակվել:
- Հա՛յդե, Արշա՛կ, շտապի՛ր,- ձայն տվեց հայրը,- էլ չենք կարող քեզ սպասել:
Կանայք և փոքրիկ Լևոնը դուրս եկան ճանապարհորդներին վերջին հրաժեշտը տալու: Արշակը լաց եղավ, երբ գրկեց նրանց, և մայրը նրա վզին կախեց մի մեդալ, օրհնված Էջմիածնի կաթողիկոսի կողմից՝ որպես պաշտպանություն բոլոր վտանգներից: «Թող մեր սուրբ Տիրամայրը պահպանի քեզ, իմ սիրելի տղա,- ասաց նա։- Չմոռանա՛ս նրան այդ խնդրել ամեն գիշեր»:
Մուստանգը՝ Արշակի գեղեցիկ թաթարական նժույգը, անհամբեր սպասում էր, ուստիև նրա տերը նետվեց ձիու մեջքին: Ձիերը, առավոտյան թարմ օդից աշխուժացած, քառատրոփ արշավեցին, Պողոս էֆենդին ու նրա տղան թափահարեցին իրենց թաշկինակները. մի վերջին հայացք, և տունն անհետացավ ծառերի հետևում:
Արևը նոր էր ծագել, և նրա առաջին ճառագայթները ոսկեզօծել էին լճի կապույտ ջրերը: Երկու ժամ լճափի երկայնքով ընթանալուց հետո մեր ճանապարհորդները սկսեցին բարձրանալ բարձր լեռնաշղթաներ: Արշակն առաջին անգամ էր հեռանում Վանից, և նրա աչքերը հիացած էին բնապատկերի գեղեցկությամբ։ Այս շրջանում բուսականությունը հիանալիորեն շքեղ էր. ձիերը հիմա սլանում են հակինթների և վայրի վարդակակաչների գորգերի վրայով, կամ նորից նրանց ճանապարհը սեղմվում էր դեղին մասրենիների ցանկապատերի միջև։ Մեծ կապույտ-կանաչ թիթեռները հետևում էին միմյանց՝ թռչելով ծաղկից ծաղիկ:
Հիմա ուղևորները մտան սոճու անտառների հսկայական տարածության մեջ, և ձիերը գոհունակությամբ խրխնջացին, քանի որ նրանք հոտոտեցին խեժի հաճելի բույրը: Երբեմն նրանց ճանապարհը խոչընդոտում էին առուները, որ առաջացել էին գարնանային ձյուների հեղեղի հետևանքով: Ջուրն անցնում էր խոշոր գլաքարերի միջով՝ խելագար ընթացքի մեջ տանելով ծերացած սոճիների բները, հոգնած՝ բնության տարրերի դեմ կռիվ տալուց: Տարվա այս ժամանակաշրջանում հաճախ դժվար էր գտնել ծանծաղուտ, և երբ ձին խիզախորեն մխրճվեց հոսանքի մեջ, Արշակը, շփոթված ջրի խլացնող աղմուկից, գլխապտույտ ունեցավ, փակեց աչքերը և կառչեց իր Մուստանգին: Բայց ի՜նչ ուրախություն է ողջ-առողջ տեղ հասնելը…