Շուշեցի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը մեկն է այն արցախցիներից, որը մշակույթի ու արվեստի քաղաք Շուշի վերադառնալու հույսը չի կորցնում։ Եսայանն իր ընտանիքով հիմա ապրում է Գյումրիում: Շուշիում, մինչև պատերազմը, հասցրել էր ավարտել ու տպագրել իր 34-րդ ժողովածուն՝ «Արամորդու գիրը»: Գրքի շնորհանդեսը մարտի 16-ին տեղի ունեցավ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում, և արժանացավ շիրակցի գրողների բարձր գնահատանքին:
«Արամորդու գիրը» գրքում բանաստեղծը նկարագրել է Արցախ աշխարհի տիեզերական գեղեցկությունն ու մարդկային ներաշխարհի աներևույթ կողմերը։
Ռմբակոծվող Շուշիից կնոջ հետ հեռացել է նոյեմբերի 1-ին՝ տնից վերցնելով միայն գրվածքների բնօրինակները, սակայն մեծ գրադարանը տեղափոխել չի կարողացել:
«1992-94 թվականներին մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին և այս պատերազմին էլ ձգտում էի իմ ուժերի ներածին չափով օգնել թիկունքից։ Ազատ ժամերին ձգտում էի բանաստեղծական տողերով վերարտադրել իրականությունը։ Այդ բանաստեղծությունները գրում էի փոքր թղթերի վրա: Երբ Ստեփանակերտից հասնում էի Շուշի, ապաստարանում դրանք արտագրում էի նոթատետրիս մեջ ու խմբագրում: Այդ օրերի մղձավանջը մոռանալուն օգնում էր ստեղծագործելը։
…Վերջին օրերին արդեն զգում էի, որ իրավիճակը ավելի է սրվում. Շուշին ավելի հաճախակի էին արկակոծում։ Որոշեցի ձեռագիր ստեղծագործություններս ապահովության համար քաղաքից դուրս բերել։ Հիմա դրանք Գյումրիում են և փրկվել են ոչնչացումից»,- ասում է Ռոբերտ Եսայանը։
«Արամորդու գիրը» արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության մրցանակի։
Վարդուհի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ