Ապրիլի 2-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մարտի 29-ին մեկնարկած Մանկապատանեկան գրքի շաբաթի փակումը։
Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է՝ ամենասիրված, սպասված և կարևոր տոներից մեկը, որ նշվում է ամբողջ աշխարհում: «Մանկագրությունն ամենաբարդ, կարևոր ու պատասխանատու ժանրերից է, որովհետև դատավորները փոքրիկ ընթերցողներն են, որոնք խստապահանջ են ու նրբաճաշակ, և բավարարել նրանց պահանջները քչերին է հաջողվում»,- նկատեց նա և հավելեց, որ նշելով Մանկական գրքի միջազգային օրը՝ մեկ անգամ ևս հիշում ու արժևորում են այն մանկագիրներին, որոնք իրապես ստեղծում են արժեքավոր գործեր երեխաների համար՝ դաջվելով նրանց հիշողության մեջ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը վստահեցրեց, որ մանկագիրների նպատակը երեխաների համար լավ բանաստեղծություններ ու պատմվածքներ գրելն է, որպեսզի նրանք կարդան և ուժեղանան: «Մարդուն հոգեպես ուժեղացնում են առաջին հերթին աշխարհի լավագույն գրքերը։ Եվ պատահական չէ, որ ամենահայտնի մարդիկ հպարտանում են իրենց կարդացած գրքերով»,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը՝ շեշտելով, որ առանց գիրք կարդալու աշխարհում լավ մարդ լինելն անհնար է, և միայն կիրթ ու գրագետ մարդիկ են, որ ժողովուրդների, բնության ու աշխարհի բախտն են որոշում:
Ըստ Անուշ Վարդանյանի՝ յուրաքանչյուր հանդիպում երեխաների հետ տոն է: «Ձեզնից ամեն մեկը կարող է դառնալ և՛ հեքիաթի հերոս, և՛ ինքն էլ հեքիաթ ստեղծել»,- ասաց նա՝ խոստովանելով, որ յուրաքանչյուր մանկագիր ամեն ինչի մեջ հեքիաթային տարր է տեսնում, և հեքիաթը կարող է ծնվել ամեն պահ:
«Հայրենիքի սերը ամրացրեք ձեր սրտերում: Սիրեք հայրենիքը, հայոց բնությունը, հայ մարդուն»,- հորդորեց Ռոլանդ Շառոյանը: Սաթենիկ Ղազարյանը երեխաներին մաղթեց ապրել խաղաղ երկնքի տակ, շատ կարդալ և սիրել միմյանց ու մեր երկիրը: Օլգա Դարյանի կարծիքով էլ՝ անկախ տոնից, ամեն օր պետք է ժամանակ հատկացնել լավագույն բարեկամին՝ գրքին: Ելույթ ունեցան նաև Կորյուն Առաքելյանը, Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանը: Հանդիսությանը ներկա մանկագիրներն ընթերցեցին իրենց բանաստեղծությունները՝ կարևորելով գրքի և ընթերցանության նշանակությունը:
Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին երաժշտական կատարումներ և գրական կոմպոզիցիա՝ մանկագիրներ Անուշ Վարդանյանի, Ղուկաս Սիրունյանի, Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Արմեն Շեկոյանի, Սաթենիկ Ղազարյանի, Ռոլանդ Շառոյանի, Օլգա Դարյանի և այլոց ստեղծագործություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ