Ցանկացած քայլ, միջոցառում, որ սպեղանի է լինելու մեր Հայրենիքի թարմ, արնահոսող վերքին, իմ կողմից միանշանակ ընդունելի է լինելու։ Արտահերթ ընտրություններով մեր թանկ կորուստներն այլևս ետ չենք կարող բերել. հերթական քաղաքական ներկայացումն է լինելու՝ ինքներս մեզ կրկին անիմաստ բաներով ենք զբաղեցնելու։ Ծախսվելիք գումարով կարելի է զենք գնել և ամրացնել մեր սահմանները։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմը դեռ չի վերջացել, ընդամենը հետաձգվել է հերթական բախումը։
Որ այս իշխանությունները միանշանակ պետք է հեռանան, սա ևս պարզ է։ Բայց ինչպե՞ս… Եթե ընտրությունները երաշխիք են լինելու, որ այսուհետ ընտրակեղծիքներ չեն լինելու և մի քանի կլան վերջնականապես վարի չեն տալու մեր Հայրենիքը, այլընտրանք չկա՝ թող լինեն։
Ահա, ընդամենը երկու միտք ասացի, բայց մեկը մյուսին հակասող մտքեր…
Եթե մի ազգի լինելու գրավականը կախված է արտահերթ ընտրություններից, թող լինեն, սակայն, կարծում եմ, մենք ազգովի այլ առաջնահերթություններ ունենք լուծելու, իսկ դրանք կլինեն, թե ոչ՝ գաղափար իսկ չունեմ։