ՃԱՆԱՊԱՐՀ ՏԱՆՈՂ ՔԱՅԼ
Իննսունականների սկզբներում ԱՄՆ-ից կամավորականներ էին գալիս «հետամնացներիս լուսավորելու», մեկն էլ Ալավերդուն էր բաժին հասել: Սանահինի Միկոյանների տուն-թանգարանում հարցրեց, թե էդ նկարում, հասկացանք, մեկը ձեր Միկոյանն է, իսկ Քենեդին ո՞վ է… Ապշելու բան էր, չգիտեր իր երկրի նախագահին, այն էլ ողբերգական Քենեդուն: Էն ժամանակ դա ծիծաղ առաջացրեց, նոր է հասու՝ երջանիկ է այն երկիրը, որտեղ կյանքն այնքան կանոնակարգված է, ժողովրդին քաղաքականությունը հետաքրքիր չի, ամեն ոք՝ իր գործին:
Հիմա դա առավել ակնառու է մեզանում, մերօրյա հրամայականը պառակտված հասարակության գերքաղաքականացված մթնոլորտի լիցքաթափումն է, ինչին և միտված են առաջիկա արտահերթ ընտրությունները: Ինչ խոսք, բոլոր խնդիրները չեն լուծվի, ազգի երկփեղկվելը գաղափարական հենք չունի, ունեզրկվածին ու թալանը կորցնելու վտանգն զգացողին բավարարող հանգուցալուծումներն անհամատեղելի են՝ կամ-կամ: Բայց: Նախ, կվերանա սահմանադրությամբ չնախատեսված «անկախ պատգամավոր» երևույթը՝ գաղափարակիրները կթիմավորվեն, պահավիճակ «թռնողները»… ԱԺ-ից էլ կթռնեն: Ակնհայտ է, ներկա կառավարության «հենարանը» մերկապարանոց փողոցախոս, ծրագրազուրկ հավակնոտներն են: Իրենց անցած ծիրը դեռ մի կողմ: Այլընտրանք լիներ՝ ներկա «թավշաբերան» անվճռականները վաղուց պահանջարկ չէին ունենա: Սպասվող ընտրությունները նախկինների միտումնավոր ամայացրած քաղաքական դաշտում նոր ծիլեր գուցե տան, կործանիչ է տևական ընտրությունը վատի ու վատագույնի միջև: Կհավասարակշռվի գուցե ԱԺ ներկայացուցչական կազմը, անբնական գերակշող ուժը միշտ ենթակա է իրասածի կամակորվելու գայթակղությանը: Ըստ իմ «սուրճի բաժակի»՝ ԱԺ կանցնեն Փաշինյանի (նախկինից անհամեմատ ցածր %-ով), Արամ Սարգսյանի, Արման Բաբաջանյանի թիմերը, նաև Շիրինյանը թերևս… (երևի թվարկածները կոալիցիա կազմեն), Տեր-Պետրոսյանի Կոնգրեսը, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն (տակավին ինվենտարիզացման խնդիր կա), թերևս «Ծռերը»… Դաշինքների հայտ դեռ չկա՝ չեղածի մասին նույնիսկ «սուրճի բաժակը» բան չի ասում:
Արտահերթ ընտրությունները պահանջարկված են, ու եթե արտակարգ իրավիճակներ չստեղծվեն (սատանի ականջը խուլ), հորիզոնը կհստակեցվի՝ ոմանք խոսքից գործի կգան, ոմանց էլ փուչ-փուչիկ մեծախոս բերաններին կգան: Ոտ-ոտ՝ արդեն քայլ է: