Սամվել ԿՈՍՅԱՆ – 24 բանաստեղծական ժողովածու եք հրատարակել, որը Ձեր կյանքի 24 տարբեր գույն և ապրումներ պարունակող շերտեր է ենթադրում: Հետադարձ հայացքով, ո՞ր հատվածն է առավել հիշարժան, և որից կուզենայիք հրաժարվել:
Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ – Վերջերս հրատարակվեց «Տիեզերական սեր» վերնագրով բանաստեղծությունների նոր ժողովածուն: Իմ հրատարակած գրքերի թիվը հասավ 33-ի: Ի դեպ, բանաստեղծական ժողովածուներից երկուսը՝ «Օրհնություն դաշտերին» և «Երազգավորս», հրատարակվել են Խորհրդային Միության տարիներին: Մնացած գրքերը լույս աշխարհ են եկել, ընթերցողներին մատուցվել պետական և բարեգործների աջակցությամբ: Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալության, երախտիքի խոսք եմ հղում իմ մեծ բարեկամին՝ անվանի գյումրեցի, բարեգործ ու բարերար Ռազմիկ Դարբինյանին, ում աջակցությամբ հրատարակվել են իմ 10 գրքերը: Գրքերիցս երկուսը՝ «Աշխարհի սիրահարներին» և «Սրբազան լեռնաշխարհ», հրատարակվել են ռուսերեն: Վրացերեն է հրատարակվել «Աստղի նման ու խաչքարի» ժողովածուն: 2019-ին հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, չինարեն տպագրվեց «Մարգարեի ուղերձը» գիրքս:
Խաղաղությանը, ժողովուրդների բարեկամությանը նվիրված այս ժողովածուն հասցեագրված է աշխարհի բոլոր ժողովուրդներին, պետությունների ղեկավարներին և հոգևոր առաջնորդներին: Կարողացանք շուրջ 20 երկրների ղեկավարների և հոգևոր առաջնորդների գրքեր ուղարկել: Այդ գրքերի շնորհանդեսներ, խաղաղության երթեր կազմակերպեցինք Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում: Այս տարվա մարտի 3-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում ինձ շնորհվեց «Իվերիա» միջազգային գրական մրցանակ: Կորոնավիրուս կոչվող համաշխարհային համաճարակի պայմաններում չկարողացա խաղաղության, ժողովուրդների բարեկամության երթեր անցկացնել Թուրքիայում և Իրանում: Հուսով եմ, որ առաջիկա տարում կկարողանամ իմ ծրագիրը ամբողջովին իրականացնել:
Իմ գրքերում ամփոփված են իմ կյանքի գույներն ու բույրերը, իմ հույսերն ու երազանքները, ցավերն ու տագնապները: Բանաստեղծական ժողովածուներս արտացոլում են իմ ներաշխարհը: Այդ գրքերը ոգեղեն զավակներ են, բոլորն էլ հոգեհարազատ են ինձ, ինչպես մորը հոգեհարազատ են իր բոլոր զավակները, և նա չի հրաժարվում ոչ մեկից: Կա լավը, ավելի լավը և ամենալավը, թող այդ մասին իրենց խոսքն ասեն ընթերցողներն ու գրականագետները:
Ս. Կ. – Որքանո՞վ է Ձեր խմբագրած «Շիրակ» թերթը նպաստում Շիրակի մարզի մշակութային միջավայրի աշխուժացմանը:
Ս. Մ. – «Շիրակը» 80 տարեկան է: 2001-ին Ախուրյանի նախկին շրջանային թերթին երկրորդ կյանք պարգևեցինք՝ վերագրանցվելով ՀՀ արդարադատության նախարարությունում, «Շիրակը» վերահրատարակվեց որպես մարզային գրական, կրթամշակութային անկախ, ժողովրդավարական երկշաբաթաթերթ: Հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, լրագիրը լուսաբանում է մարզի գրական, կրթամշակութային կյանքը և զգալիորեն նպաստում մշակութային միջավայրի աշխուժացմանը: Թերթում իրենց ստեղծագործություններով, հրապարակումներով պարբերաբար հանդես են գալիս շիրակցի գրողներ, սկսնակ և երիտասարդ ստեղծագործողներ, նաև՝ թատերական, երաժշտական, նկարչական և արվեստի այլ բնագավառների վարպետներ ու նվիրյալներ:
Մեր հիմնադրած «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական – հասարակական կազմակերպության հետ համատեղ, «Շիրակը» աշակերտների, ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է հայ գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը նվիրված բաց դասեր, հետաքրքիր ասուլիսներ, հանդիպումներ Հայոց բանակի մարտիկների հետ, մշակութային այլ միջոցառումներ: Մեր խմբագրության դռները բաց են հանրապետության բոլոր գրողների, մշակույթի գործիչների առջև:
Ս. Կ. – Ձեր պոեզիայի անկյունաքարերից են հայրենասիրությունն ու քաղաքացիական հստակ դիրքորոշումը: Այս թեմաները որքանո՞վ են փոխազդեցության մեջ Ձեր հոգեկերտվածքի և հասարակական գործունեության հետ:
Ս. Մ. – Հայրենասիրությունն ու հայրենապաշտությունը, բնասիրությունն ու բնապաշտությունն առկա են իմ բոլոր ժողովածուներում: Հայրենասիրությունն ինձ համար վերացական հասկացողություն չէ, այն առարկայական է, շոշափելի, նյութ է և հոգի, կենսահորդ ավիշ, գոյության խորհրդանիշ: Ես բնակվում են հայոց 9-րդ մայրաքաղաք Երազգավորս-Շիրակավանի մատույցներում, ոտք եմ դնում այն հողի վրա, որի վրա ոտք են դրել Անանիա Շիրակացին, հայոց անձնազոհ թագավոր Սմբատ Առաջին Բագրատունին, նրա հերոս որդիներ Մուշեղը, Աշոտ Երկաթը, լեգենդար սպարապետ, այնուհետև՝ Կարսի թագավոր Աբասը, տաղանդաշատ գեղանկարիչներ Մարիամ, Երանուհի Ասլամազյան քույրերը, Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը… Ոգեշնչված մեր հերոս նախնիների սխրանքներով, անթառամ հուշերով ու հիշատակներով՝ հրատարակել եմ իմ «Երազգավորս» գիրքը, «Սմբատ Առաջին» չափածո վեպ-վիպերգությունը, Զորավար Անդրանիկին և Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված «Հայդուկապետն հայոց» և «Դափնեպսակ՝ սպարապետին» գրքերը: Բացի այդ, իմ գրքերի վաճառքից գոյացած միջոցներով, Ռուսաստանում բնակվող եղբայրներիս և ընկերներիս աջակցությամբ Գյումրիում կանգնեցրել ենք Վազգեն Սարգսյանի մարմարից կիսանդրին, Երազգավորս գյուղում՝ Զորավար Անդրանիկի փառքի հուշակոթողը, Մեծ հայրենականում զոհված իմ 64 համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Իմ այգում, որ կրում է «Բագրատունյաց փառքի հուշապուրակ» անունը, կանգնեցրել ենք խաչքար և հուշակոթողներ Աշոտ Առաջինի, Սմբատ Առաջինի, Աշոտ Երկրորդի (Երկաթի), Աշոտ Երրորդի (Ողորմածի) հիշատակին:
Մեր սերն ու նվիրումը առ Աստված անսահման է: Կարողացանք Երազգավորսում կառուցել բազիլիկե եկեղեցու հիմքը, ցավոք, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով եկեղեցու շինարարությունը դադարեցվել է: Հայրենասիրական, մշակութային բեղուն գործունեություն է ծավալում մեր «Բագրատունյաց ասպետներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը:
Ս. Կ. – Թեկուզ պայմանականորեն, Մշակույթի նախարար լինելու պարագայում ո՞րը կլիներ Ձեր առաջին գործողությունը:
Ս. Մ. – Գնալով ավելի է ծանրանում մեր գրողների սոցիալական վիճակը, շատերը, ստեղծագործելուց զատ, այլ աշխատանք, գոյատևելու անհրաժեշտ պայմաններ չունեն, կասեցվել է պետական աջակցությամբ գրքերի հրատարակումը, գնալով նվազում է պետական հոգածությունը… Մշակույթի նախարար լինելու պարագայում իմ առաջին գործողությունը կլիներ՝ վերականգնել պետական աջակցությամբ գրքերի հրատարակման գործը, ստեղծել հատուկ հիմնադրամ, որ կաջակցի սոցիալական ծանր պայմաններում ստեղծագործող գրողներին և մշակույթի նվիրյալներին:
Ս. Կ. – Բնության հետ ինչպե՞ս եք հարաբերվում՝ դուք-ով, թե՞ դու-ով:
Ս. Մ. – Ձեր հարցին պատասխանեմ հարցով՝ զավակը ծնողի հետ, հարազատը հարազատի հետ դուք-ով է հարաբերվում, թե՞ դու-ով, իհարկե՝ դու-ով: Բնությունը իմ երկրորդ մայրն է, իմ գոյության, լինելիության, ներշնչանքի մայր ակունքը: Ինձ համար իմ բնօրրան Երազգավորսը, Ախուրյան գետն ու գետահովիտը աշխարհի ու տիեզերքի կենտրոն են: Ահա ինչու իմ բոլոր ժողովածուներում երգեր եմ ձոնել իմ մայր բնությանը, բնության հրաշալիքներին: Ծառ տնկելը, ջրելն ու խնամելը ինձ համար սրբազան պարտականություն է: Վերջին 30 տարիներին, իմ զավակների հետ, Բագրատունյաց փառքի հուշապուրակում, Ախուրյանի գետահովտում, գյուղի հերոսների պուրակում տնկել ենք հազարավոր ծառեր ու թփեր: Բնության գեղեցկությունները ինձ պարգևում են ներշնչանքի, երևակայության նոր թևեր ու թռիչքներ, և ես ապրում ու ստեղծագործում եմ՝ հետամուտ բարուն ու գեղեցիկին, ճշմարիտ ու կատարյալ երգին:
«Հետամուտ՝ բարուն ու գեղեցիկին, ճշմարիտ ու կատարյալ երգին» / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ
