ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

…Առո՛ւ իմ՝ ջինջ ու մաքուր,
Առո՛ւ իմ, եղիր ինձ քույր,
Թախիծս սրբիր թաքուն,
Թախիծս լվա ու տար
Մի հեռո՜ւ, հեռո՜ւ աշխարհ…

Աշոցք աշխարհը տաղերգուների պակաս բնավ չի ունեցել ու չունի: Նորայր Բաղդասարյան, Վռամ Հովհաննիսյան, Վահան Սևան ու էլի ուրիշ անուններ, որոնք կասեղնագործվեն հավերժի թաշկինակին՝ որպես մաս-մաքուր բանաստեղծության Ոսկե ընտրյալների խորհուրդ… Բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող Վահան Սևանը ոչ միայն նվիրական Աշոցքի, այլև Հայրենյաց հող ու ջրով, թանկ արժեքներով զորացող, մի ուրի՜շ աշխարհ ստեղծող գրող է:
Ծնվել է 1942 թ. դեկտեմբերի 9-ին, Ղուկասյանի շրջանի Թավշուտ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Աշխատել է Աշոցքի շրջանային «Գարուն» թերթում: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հանրապետության գրական մամուլում: Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն: Հեղինակ է 7 գրքի:
«Իմ դրախտը հորինած» (2013), «Թևավոր սերեր» (2010), «Ցավի շատրվաններ» (2004), «Ուրիշ մի աշխարհ» (1989), «Կանաչ գույնը» (1980): 2016 թ. ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ արժանացել է «Երախտագիտություն» մեդալի: 2013 թ. արժանացել է ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի: 2012 թ.՝ «Նարցիս» ամսագրի գրական մրցանակի: 2009 թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: «Ապրենք մինչև գարուն» ակնարկի համար արժանացել է «Ավանգարդի» «Ոսկե գրիչ» մրցանակի: Իր ստեղծագործություններում (բանաստեղծություններ, խոհագրություններ, լրագրային արձակի տարբեր ժանրեր) նա զգաց, խորհեց ու խոսեց հային հայ պահող արժեքների` արմատների մասին: Եվ ինչի մասին որ գրեց, դրանով զորացավ ու զորացրեց, քանի որ նրա հիշողությունները հողոտ են, ինչպես ինքն է ասում՝ «Իմ հիշողությունները գույն ունեն, հեքիաթի գույն: Հազարան հավքի շողշողուն փետուրը ծիածան էր կապում իմ երևակայության աշխարհում»:
Եվ այս ամենը տանելու է նրան դեռ մանկուց երազած Զմրուխտ հավքի թագավորություն…

Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ

 

ԽՈՍՔ՝ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ասում էր՝ Լևո՛ն, քեզ հետ զրույցը հաճելի է շատ, ու խոսում էինք երկա՜ր-երկար ամեն ինչի մասին ու ոչնչի…
Ասում էր՝ մի փայփայած երազանք ունեմ, մի օր պիտի գնամ Սիսիանի Լոր գյուղ, Համո Սահյանի պապական տան մոտ եղած մի մամռապատ քարի վրա նստեմ ու երանությամբ Սահյան արտասանեմ: Բանաստեղծը պիտի նրա պես լինի, ես ի՞նչ բանաստեղծ…
Ասում էր՝ Լևո՛ն, էս ի՞նչ է կատարվում մեր աշխարհի հետ, էս ինչքա՜ն տականքներ ունենք ու հաշիվը չգիտենք: Ու մահը փրկություն է, դրանցից պրծնելու միակ ձևը: Բայց դու իմ ուզածը մի՛ ուզիր, դու դեռ ջահել ես, պայքարեք, նոր Հայաստան կերտեք, հուսահատությունը ոչ մի կառուցողական բան չունի իր մեջ…
Վահա՛ն եղբայր, ես քեզ ուշ գտա ու ցավալիորեն շուտ կորցրի: Այս կարճ ժամանակահատվածում դու մտար իմ հոգեաշխարհը որպես հարազատ մարդ ու բանաստեղծ, ու հիմա ես քեզ մնաս բարով չեմ ասում, առջևում, հավատացած եմ, հանդիպում է նախատեսված մեզ համար…
Ասում է՝

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԻՄ ԲՈՒՌ

-1-
Հավատը խորք է, հավատը՝ քարե,
Գաղափարներն են
խեղճ ու տնաբույս,
Շատերը հիմա դառան մարգարե՝
Արդարություն են բաժանում ու լույս.

Բզկտվա՛ծ երկիր,
ժողովո՛ւրդ իմ բուռ,
Քանի՞ անգղ է քեզ կտցահարում,
Գաղափարները՝
բորբոսնած մամուռ,
Քեզ հունից հանել և
ո՞ւր են տանում.

Հավատը խորք է, հավատը՝ քարե,
Գաղափարները շղարշ են մուժի,
Մեզ էլ չի փրկի ոչ մի մարգարե,
Թե չապավինենք սեփական ուժին:

-2-
Ապրում էիր, ի՞նչ պատահեց,
Ո՞վ ծուռ նայեց քո հացին,
Իշխանավորդ՝ գահընկեց,
Թշնամի է դրացիդ.
Ի՞նչ դրացի, մի խառնացեղ
Թափոր, կլան ու տոտեմ –
Թշնամիներ են ամեն տեղ,
Բարեկամիդ չգիտեմ:

Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

 

ՎԱՀԱՆ ՍԵՎԱՆ

ՈՒՐԻՇ ՄԻ ՏԵՂ
Այսօր այստեղ եմ, վաղն, ով գիտի,
Թե ոտքերս ինձ ուր կտանեն,
Սովորություն է՝ գնամ պիտի
Ուրիշ մի տեղ սրտիս փուշը հանեմ:
Ուրիշ մի տեղ, ուր սիրտ չեն այրում,
Հոգի չեն հանում երբևիցե.
Հեռավոր մի տեղ, մի այլ վայրում
Խաղաղությունս գտնեմ գուցե:

***
Ժամանակի հետ, ժամանակից ներս
Ոմանք գալիս են և ոմանք` գնում
Եվ, վերջիվերջո, պարզ է լույսի պես,
Ապրողներին է աշխարհը մնում:

Ապրողներին է խինդ, թախիծ ու ցավ,
Ապրողներին է լույսը զվարթուն,
Ափսո՜ս, մի բանում Աստված զլացավ –
Անմահությունը չտվեց մարդուն:

Ամեն ինչ դրեց ժամանակի մեջ,
Ամեն ինչ չափեց իր սանդղակով,
Որպեսզի մի օր մարդկությունը խեղճ
Փորձ չանի անցնել ասեղի ծակով…

Ոմանք գալիս են և ոմանք գնում`
Իրար բոթելով և իրարամերժ,
Մահկանացուի կարգավիճակում
Ողջ մարդկությունը կմնա հավերժ:

***
Հազար տարի արև կերած,
Որձաքարի հոտը ռունգերիս մեջ,
Համը՝ շուրթերիս վրա,
Շրջում եմ Հայաստանով:

Իմ երկիրն է –
Նրան հոտով ու համով գիտեմ,
Ոչ թե քարտեզով:

Բացեք սահմանները,
Որ փակ աչքերով գնամ
Ու գտնեմ հայրենիքս` իրական,
Աստվածատուր…

ԹԱԽԾԻ ԵՐԳ
Իջնեմ ցած` ձորերը խոր,
Իջնեմ ցած` ձորերը, որ
Մանկության բույրեր առնեմ,
Մրմունջին բարակ առվի,
Որ կարոտ ունի հեռվի,
Մի կտոր թախիծ խառնեմ…
Եվ ասեմ` այսքան տարի
Զարկվում ես ժայռ ու քարի
Եվ չունես հանգիստ ու քուն,
Առո՛ւ իմ` ջինջ ու մաքուր,
Առո՛ւ իմ, եղիր ինձ քույր,
Թախիծս սրբիր թաքուն,
Թախիծս լվա ու տար
Մի հեռո՜ւ, հեռո՜ւ աշխարհ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։